elektronayinՀայաստանում Բրիտանական խորհուրդը իր գործունեության 10 տարիների ընթացքում Բրիտանական դեսպանության հետ համատեղ արդեն 10-րդ անգամ կազմակերպում է Բրիտանական ֆիլմերի փառատոն: Այս տարին կազմակերպության համար կրկնակի հոբելյանական է, քանի որ  այն համընկել է Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության  և  Բրիտանական ֆիլմերի փառատոնի հիմնադրման 10-ամյակի հետ: Բրիտանական ֆիլմերի փառատոնի կարևորության, նպատակների ու զարգացումների մասին «Կինոաշխարհին» պատմում է   Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնը

Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող մշակութային ծրագրերի համապատկերում  բրիտանական ֆիլմերի հայաստանյան փառատոնն իր ուրույն տեղն ունի: Նարեկ Թովմասյանը համոզված է, որ բրիտանական ֆիլմերի ամենամյա ներկայությունը մեր երկրում չափազանց կարևոր և  անհրաժեշտ է  հենց երիտասարդների համար: Կազմակերպիչների գերխնդիրն է ժամանակակից բրիտանական կինոն հասանելի դարձնել մերօրյա  կինոսիրողին:  Արդեն 10 տարի շարունակ փետրվար-մարտ ամիսներին հայ հանդիսատեսը ծանոթանում է բրիտանական ժամանակակից բազմաժանր   կինոարվեստի լավագույն  նմուշներին` լիամետրաժից մինչև  վավերագրական ու կարճամետրաժ:  Դրանք  ներկայացնում են պատմություններ բրիտանացիների կյանքից, համամարդկային խնդիրների նրանց պատկերացումներն ու մարդկային ճակատագրերի տարբեր դրսևորումները ժամանակակից աշխարհում:

Այս տարին էլ այդ առումով չի առանձնանում և փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսին կներկայացվի 14 ֆիլմ, որոնցից  չորսը նվիրված են Դիքենսի 200-ամյակին, իսկ մնացած տասը կազմում են փառատոնի հիմնական ծրագիրը: Փառատոնը կմեկնարկի «Հրակառքեր» ֆիլմով, որը հիմնված է իրական պատմության վրա և ներկայացնում է 1924 թ. Օլիմպիական  խաղերի ընթացքում երկու մարզիկների պայքարը: Այս ֆիլմը Բրիտանական ֆիլմերի ինստիտուտը ընդգրկել է բրիտանական լավագույն  հարյուր ֆիլմերի շարքում: Բոլոր ցուցադրություններից առաջ կներկայացվեն նաև կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում նաև անիմացիոն: Այս տարի փառատոնի հյուրն է  ՙՄեծագույն սեր՚ վավերագրական ֆիլմի ռեժիսոր Մայք Ուայթը: Նա իր ֆիլմի ցուցադրությունից առաջ հանդես կգա ներածական խոսքով, ինչպես նաև վարպետության դասընթաց կանցկացնի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Այս տարի փառատոնն անցկացվելու է Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Բերդում` մարտի 1-4-ը` Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, մարտի 4-7-ը` Բերդի «Արևաբերդ» կինոթատրոնում, մարտի 8-11-ը` Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Երևանում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 10-19-ը «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը միացել է  Չարլզ Դիքենսի ծննդյան երկուհարյուրամյակին նվիրված տոնակատարություններին: Փետրվարի 27-ից  մինչև մարտի 1-ը Բրիտանական խորհուրդը ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց և անցկացրեց Դիքենսի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի դիտումներ և քննարկումներ:

Բրիտանական ֆիլմերի փառատոնը Հայաստանում տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը` ընդգրկելով ոչ միայն մայրաքաղաքը, այլև մարզերը:  «Առաջին տարին է, որ ֆիլմերը ցուցադրվում են չորս քաղաքում: Տարեցտարի ընդգրկվում են  Հայաստանի հեռավոր մարզերը: Անցյալ տարի, օրինակ, ֆիլմեր ցուցադրվեցին  հեռավոր Կապանում, և եղան  բավականին մեծ արձագանքներ: Մենք ստացանք բազմաթիվ շնորհակալական  նամակներ ու փառատոնային ծրագիրն ընդլայնելու և նորանոր բաղադրիչներ ավելացնելու առաջարկներ»,- ասում է Ն. Թովմասյանը:

Օրինակ` անցյալ տարվա փառատոնից հետո եղավ ֆոտոլրագրության դասընթացի կազմակերպման առաջարկ: Կան երիտասարդ լավ կադրեր, որոնք սովորելու մեծ ձգտում ունեն, և  անհրաժեշտ են միջազգային մակարդակի մասնագետների դասախոսություններ և թրեյնինգներ, որոնք Հայաստանում այս պահին քիչ են:  Ուստի Բրիտանական խորհուրդը ժամանակ առ ժամանակ Հայաստան է հրավիրում հայտնի կինոմասնագետների` վարպետության դասընթացներ անցկացնելու համար:

Արտափառատոնային ծրագրում ընդգրկված են Պատրիկ Սադրլենդի վավերագրական լուսանկարչության դասընթացները և ցուցահանդես, քննարկումներ դիքենսյան ֆիլմերի ցուցադրությունների շրջանակում, բրիտանացի նկարիչ Ռեեկ Ուայթհեդի` Հայաստանով ոգեշնչված կտավների ցուցադրություն, ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ:

Համագործակցության հաջողված օրինակներ

Փառատոնն էլ ավելի տարածելու և հանրությանը հասնելի դարձնելու նպատակով արդեն երեք տարի է  կազմակերպիչների նախաձեռնությամբ գործում է www.britfilms.am կայքը, որը  ևս մեկ  հնարավորություն է փառատոնային ամբողջ ծրագրին ծանոթանալու համար:

Բրիտանական խորհուրդը նաև ստեղծել է http://film.britishcouncil.org կայքը, որում զետեղված է անգլիական կինոինդուստրիայի մեծ շտեմարան, որը շատ լավ աղբյուր է մեր բոլոր կինոգործիչների`  թեʹ երիտասարդների և թեʹ ավագների համար: Կայքը համակողմանի տեղեկություններ է տրամադրում բոլոր փառատոների մասին, դրանց ժամկետների, դիմումների ձևերի, անգլիական կինոարտադրության նորարարությունների, ռեժիսորների կենսագրությունների, ֆիլմերի, լուսանկարների մասին: «Այդ ամենը մի հսկայական բազա է` ներկայացնելով  ամբողջ բրիտանական կինոն մի տեղում, ինչը միջմշակութային hարաբերությունների և  համագործակցության համար գերազանց հարթակ  է»,- կարծում է Ն. Թովմասյանը:

Ակտիվորեն գործում է  Facebook-ի  բրիտանական խորհրդի էջը, որն արդեն  6700 օգտվող ունի.  դա փոքր թիվ չէ Հայաստանի համար` համեմատած մյուս երկրների:

Ըստ Ն. Թովմասյանի, դեռևս հայ-բրիտանական համատեղ արտադրությամբ ամբողջական ֆիլմ չի նկարվել, բայց իրենք  աջակցել են «Պատմություններ պատերազմի ու խաղաղության մասին» ֆիլմի   ցուցադրությունը Անգլիայում  կազմակերպելուն: Իսկ այս տարի ֆիլմերի փառատոնում ցուցադրվելիք «Կյանքը մեկ օրում» ֆիլմի համառեժիսորն է մեր հայրենակից Լիլիթ Մովսիսյանը:

Երկու տարի է արդեն Բրիտանական խորհուրդը համագործակցում է  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ: Բրիտանական խորհուրդն ունի իր հատուկ մրցանակը այդ փառատոնում, որը շնորհվում է  «Հայկական համայնապատկեր» մրցութային  ծրագրին մասնակցող հայ ռեժիսորներին: 2010 թ. այդ մրցանակին արժանացել է Մարատ Սարգսյանը «Լեռնավան»  և 2011 թ. Հարութ Շատյանը «Բեռնելով կյանքս» ֆիլմերի համար: Երկու մրցանակակիրներին էլ հնարավորություն ընձեռվեց իրենց ֆիլմերը ներկայացնելու Բրիստոլի  (Անգլիա) ENCOUNTERS միջազգային կինոփառատոնում: «Սա համագործակցության շատ լավ օրինակ է,- ասում է Թովմասյանը:- Նպատակը ոչ միայն բրիտանական կինոն ցույց տալն է Հայաստանում, այլև հայկականը` Միացյալ Թագավորությունում` դրանով իսկ ստեղծելով երկկողմանի համագործակցության նախադրյալներ»:

Բացի այդ 2011թ. Բրիտանական խորհուրդը համագործակցել է «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի հետ, որի արդյունքում փառատոնի մասնակից Լևոն Պետրոսյանը Բրիտանական խորհրդի աջակցությամբ շուտով կմեկնի երկշաբաթյա աշխատանքային պրակտիկայի AARDMAN Animation Studio-ում:

«Ես կարծում եմ, որ կյանքը շղթա է, և այս փոքրիկ քայլերը դրա բաղկացուցիչներն են, որոնք քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ տանում են դեպի ավելի մեծ համագործակցություն. դա կարող է լինել մի տարի հետո կամ հինգ, բայց հաստատ համոզված եմ, որ ինչ-որ ժամանակ կլինի»,- ասում Ն. Թովմասյանը:

Բրիտանական կինոն

Կինոյի ծննդյան օրը համարվում է 1895 թ. դեկտեմբերի 28-ը, երբ  Փարիզում առաջին անգամ ցուցադրվեցին Լյումեր եղբայրների ֆիլմերը: Բրիտանացի Բերտ Էյքրեզն ուշացավ մի քանի շաբաթով. նրա նախագծած կինոխցիկը և Լյումերներից  ավելի վաղ` դեռևս 1895 թ. մարտին Օքսֆորդի և Քեմբրիջի ուսանողների միջև անցկացված թիավարության կինոնկարահանումները ցուցադրվեցին 1896 թ. հունվարին Թագավորական լուսանկարչական միությունում:

Բրիտանական կինոյի ոսկե դար է համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածը, երբ հակապատերազմական ոգին թափանցեց նաև մշակութային կյանք, և կառավարության կողմից կինոարվեստին և առհասարակ արվեստին ֆինանսական աջակցություն ցույց տրվեց:

Այդ նույն ժամանակահատվածում բրիտանական ֆիլմերը գրավեցին և Ամերիկան. 1948 թ. «Համլետը», որի բեմադրիչն ու գլխավոր դերակատարը թատրոնի հռչակավոր դերասան Լոուրենս Օլիվիեն էր, դարձավ պատմության մեջ առաջին օսկարակիր ոչ ամերիկյան ֆիլմը:

«Բրիտանացի կինեմատոգրաֆիստները, ի տարբերություն իտալացիների, ֆրանսիացիների և գերմանացիների, վերապահորեն են վերաբերվում չափազանցված ինտելեկտուալիզմին ու պարզ ավանգարդին,- ասում է Ն. Թովմասյանը:- Ինձ համար բրիտանական կինոն խորհրդանշվում է կադրի գեղագիտությամբ և գեղարվեստի դասական կտավների հետ զուգահեռներով,  կյանքի և մահվան մշտական պայքարով, քաոսի և կարգուկանոնի հակամարտությամբ` համեմված բրիտանական սուր և սարկաստիկ հումորով»:

Վերջին տարիների բրիտանական կինոն, ինչպես և երկիրը, դուրս է գալիս անգլիական, շոտլանդական, ուելսյան կամ իռլանդական կյանքի սահմաններից: Սթիվեն Ֆրիերսի «Կեղտոտ հաճույքները», Պավել Պավլիկովսկու «Վերջին առողջարանը» կամ զավեշտալի կատակերգական «Արևելքն Արևելք է» և «Խաղա ինչպես Բեքհեմը» ֆիլմերը բացահայտում են նոր Բրիտանիան` բազմամշակույթ և լի տարաբնույթ խնդիրներով:

«Այսօր բրիտանական կինոն բազմադեմ և բազմազան է` արքունական ողբերգություններ, Գայ Րիչիի գանգստերական հումորը, Մայք Լիի և Շեյն Մեդոուզի սոցռեալիզմը, Հարրի Փոթերի մասին ֆանտաստիկ հեքիաթները: Ի դեպ, Հարրի Փոթերի ֆիլմերը հրաշալի օրինակ են, թե ինչպես բրիտանական մտահղացումները, շաղախված բրիտանական հումքով, կյանքի կոչված բրիտանական դերասանների ուժերով` բրիտանական կինոստուդիաներում, սակայն ամերիկյան ֆինանսական միջոցներով, գրավում են աշխարհը՚»- ընդգծում է Նարեկ Թովմասյանը:

Հայկական կինոյի հեռանկարները

«Ես կարծում եմ, որ հայկական կինոն ունի արժանահիշատակ անցյալ, և ի տարբերություն շատերի,  համոզված եմ, որ  թեև մեր կինոն ունեցավ չափազանց ծանր ժամանակներ, այսօր դանդաղորեն վերագտնում է իրեն: Ինձ համար շատ հետաքրքիր էր այն աշխատանքը, որ ես` որպես Ազգային կինոմրցանակաբաշխության ժյուրիի անդամ, կատարեցի վերջերս: Երբեք այդ քանակությամբ հայկական ֆիլմեր չէի տեսել ու հատկապես ցնցված եմ «Որտե±ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմից: Այն շատ նուրբ էր նկարահանված, շատ բարի էմոցիաներով, դա ինձ համար բացահայտում էր»,- ասում է Նարեկ Թովմասյանը:

Ինչ վերաբերում է այսօր հեռուստատեսությամբ  ցուցադրվող ցածրաճաշակ սերիալներին և արտադրվող  անորակ ֆիլմերին, Ն. Թովմասյանը համաձայն չէ այն արդարացումներին, թե  «ժողովուրդը դա է ուզում»: «Այն, ինչ ցուցադրվում է, մեզ պարտադրվում է, թե ում կողմից, թող  յուրաքանչյուրն իր համար պարզի, բայց սուտ է, որ ժողովուրդը դա է ուզում: Ժամանակին ինչպե՞ս էր, որ Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը կերպարներ էին ստեղծում, և ժողովուրդն ընդօրինակում էր նրանց: Այո, մարդկանց նշաձողն  այդ կերպարներն էին: Այն ժամանակ էլ կար կրիմինալ, բայց դա չէին դարձնում «խոսակցության առարկա»:

Ըստ նրա` այսօր հայկական կինոյին պակասում են գեղեցիկ ու զգացմունքային նրբերանգները: Կինոն պետք է հասարակությանը տա այն, ինչն առօրյայում դժվար է տեսնել. «Այսօր ֆիլմերում հիմնականում գերիշխում է բռնությունն ու վիշտը, բայց չէ՞ որ մենք ունենք կյանքի պայծառ կողմեր: Կինոն` որպես ամենաներգործող արվեստ, պետք է նպաստի ու բացահայտի այդ գեղեցիկը»:

Նարեկ Թովմասյանի համոզմամբ, մեր երիտասարդները շատ տաղանդավոր են, նորարար, հետաքրքիր մտքեր ունեն.«Օրինակ`  Հարություն Շատյանի  ֆիլմը բոլորի համար բացահայտում էր: Անկախ այն հանգամանքից, թե ինչ տեխնիկական միջոցներով  է նկարահանված ֆիլմը, այն կարող է մի կադրի միջոցով ցույց տալ կյանքը, հասարակության թեʹ դրական, թեʹ բացասական կողմերը: Երիտասարդները մեր ապագան են»:

Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ