-foto Surik 085Հայ նշանավոր կինոռեժիսոր Սուրեն Բաբայանն արածչարածի մասին առանձնապես խոսել չի սիրում: Առավել ևս` նկարահանման հրապարակում: Թեʹ դերասանները, թեʹ իր թիմի անդամները լավ գիտեն, որ Սուրեն Բաբայանին նկարահանումների ժամանակ ամեն հարցով դիմել չի կարելի… Եվ քանի որ իմացանք, որ նա նկարահանում է նոր գեղարվեստական ֆիլմ, փորձեցինք մենք էլ ներկա գտնվել հենց նկարահանման հրապարակումԱյնտեղ ամեն ինչ ավելի պարզ դարձավ

 

-Հիմա նկարահանում ենք «Փուշ» անվանումով գեղարվեստական ֆիլմի երևի վերջին հատվածները: Սցենարը Լևոն Խեչոյանի «Շաբաթ-կիրակի» պատմվածքն է: Անկեղծ ասած, շատ բան փոխել եմ: Այնուամենայնիվ, հիմնական ասելիքը չի տուժել,- մեզ հետ զրույցում ասում է Սուրեն Բաբայանն ու շարունակում:- Կինոն իմ կյանքն է: Ես մեծ պատրաստակամությամբ տվեցի կյանքս, նա էլ մեծ սիրով վերցրեց այն ինձնից:

-foto Surik 347Սուրեն Բաբայանը կինոաշխարհում է ավելի քան 30 տարի:  1978 թ. նկարահանված նրա առաջին` «Չեզոք դրություն» ֆիլմը լուրջ նշանակություն ունեցավ ռեժիսորի հետագա գործունեության համար: Առաջինին հաջորդեցին մի շարք ֆիլմեր` «Արարման ութերորդ օրը», «Սիրամարգի ճիչը», «Ռեժիսորի դիմանկարը. Ֆրունզե Դովլաթյան»,  «13-րդ առաքյալը», «Արյուն», «Խենթ հրեշտակը»,  «Ժանո», «Մի նայիր հայելուն»:

Սուրեն Բաբայանն ասում է, որ այս ֆիլմը տարբերվում է իր բոլոր ֆիլմերից, ինչպես իր բոլոր ֆիլմերը` մեկը մյուսից: Չնայած մի պարտադիր կանոն կա, որ հատուկ է գրեթե բոլորին. ֆիլմի հերոսները «բեմական» անուններ չեն ունենում:

Ֆիլմի սյուժեն բավական հետաքրքրական է: Ռեժիսորը երկար ժամանակ աշխատել է հենց սցենարի վրա:

-foto Surik 069Կարճ, շատ կարճ ընդմիջման ժամանակ Սուրեն Բաբայանը ասաց.

– Մի զինվոր երևի ղարաբաղյան պատերազմի, չգիտեմ, մի ճակատից գնում է մյուս ճակատ: Ճանապարհին կրակ են բացում իր ուղղությամբ: Ընդամենը 15 րոպեի ընթացքում նա պետք է մահանա ու մահանում է. միանգամից, շատ արագ բացահայտում եմ: Բայց ամբողջ ֆիլմի ընթացքում դեռ հստակ չէ` արդյոք նա մահացե՞լ է, թե՞ ոչ: Բնականաբար, դա բացահայտվում է ամենավերջում: Իսկ այդ ժամանակ իրեն թվում է, թե իր ետևից հրեշտակներ կամ այլմոլորակայիններ են եկել. տարել են հիվանդանոց, բուժել են: Չեք պատկերացնի, թե հերոսը ինչքան ուրախ է.  երգում, պարում, սեքսով է զբաղվում… Մի խոսքով, ինչ ասես չի անում: Բայց վերջում պարզվում է, որ, չէʹ, ինքը խփված էր նույն տեղում: …Եվ նրան քաշում-տանում ու թաղում են:

-foto Surik 373Սուրեն Բաբայանը ֆիլմի օպերատորական աշխատանքները վստահել է սիրիացի Թամմամ Համզային: Պարզվում է` նրանք մի քանի այլ ֆիլմեր էլ են միասին նկարահանել:

Կամաց-կամաց ծանոթացանք նաև դերասանական կազմի հետ: Ֆիլմի գլխավոր դերակատարը ժամանակակից լավագույն դերասաններից է` Ժան Պիեռ Նշանյանը: Ի դեպ, Սուրեն Բաբայանի շատ ֆիլմերի գլխավոր հերոսի դերը վստահված է հենց Նշանյանին:

Դերասանական կազմում ընդգրկված են նաև Լուսինե Հարությունյանը (ֆիլմում մարմնավորում է հրեշտակի), որ Դրամատիկական թատրոնի դերասանուհի է, Հրայր Սարգսյանը (ֆիլմում մարմնավորում է հրեշտակի), որ մասնագիտությամբ բժիշկ է, Ելենա Եսայանն ու պարուհի Թամարա Ժամհարյանը, որ կատարում է բուժքույրի դերը:

-foto 57Որքան հետաքրքիր, նույնքան էլ զարմանալի է, որ Սուրեն Բաբայանը ֆիլմի դերասանական կազմի մեջ ընդգրկել է նաև իր երկրորդ կուրսի ուսանողներին`  Հեյա Առաքելյանին (ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսի հիշողությունները) և Կարեն Ծատուրյանին:

– Ջահելներին ես լավ չեմ ճանաչում: Ընկերներ ունեմ, որոնք թատրոնում են, գիտեն: Հաճախ են ինձ ասում` մի հատ էս տղային նայիր, մի հատ մյուսին: Բայց հիմնականում չեմ հավանում: Հիմա մենք երիտասարդ դերասանների լուրջ կարիք ունենք, խոսքս, իհարկե, նոր սերնդի մասին է: Տաղանդավոր մարդիկ գուցե կան, բայց չկա այն դպրոցը, որտեղ պետք է ձևավորվեն ու հղկվեն, գործեն պրոֆեսիոնալ մակարդակով,- ասում է Սուրեն Բաբայանը:

«Փուշ» ֆիլմը նկարահանվել է բավական  մեծ արագությամբ ու ռիթմով: Նկարահանումները տևել են մոտ 30 օր: Իսկ աշխարհագրությունը սահմանափակվում է Երևան-Գյումրի «չվերթով»… Բայց, ռեժիսորը սա էլ է համարում հերոսություն, քանի որ այդ ամբողջ անձնակազմին տանել-բերելն արդեն իսկ լուրջ խնդիր է:

Ինչ վերաբերում է ֆիլմի բյուջեին, Սուրեն Բաբայանը չցանկացավ երկար-բարակ խոսել ֆինանսական միջոցներից: Ասաց, որ իրեն գումար է հատկացրել մշակույթի նախարարությունը` գուցե իր ունեցածի չափով:

–  Երևի դա ամենացածր գումարն էր, որ ինձ տվեցին. ևʹ հանրապետությունում, ևʹ աշխարհում,- նշում է ռեժիսորը:

Առաջիկայում Սուրեն Բաբայանը պատրաստվում է սկսել մոնտաժային աշխատանքները, ասում է` շատ բան իրենից կախված չէ, բայց ամենայն հավանականությամբ «Փուշը» մեծ էկրան կբարձրանա մինչև ամառ…

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ