Տատւ«Երբեք չեմ սիրել իմ տատիկին: Նա ինձ երբեք չէր գրկում, երբեք չէր համբուրում, երբեք  չէր ժպտում: Եվ երբ նա ամեն առավոտ իջնում էր աստիճաններով, ժամեր շարունակ նստում էր մի անկյունում, բոլորս վատ էինք զգում նրա շնչահեղձ անող ներկայությունից: Ես վախենում էի տատիկից: Նա տարօրինակ էր: Խորշում էի նրա ձեռքերի և  դեմքի կապույտ դաջվածքներից, այդ սատանայական նշաններից, որ գալիս էին ինչոր մութ աշխարհիցՈրպես երեխաես երբեք չէի համարձակվում նրան հարցնել իր դաջվածքների մասին: Միայն հիմա եմ  գիտակցում, թե ինչ էին այդ տարօրինակ նշանները: Միայն հիմա եմ հասկանում, որ դրանք արվել են բռնանալու և ստրկացնելու նպատակով»:

 

Սա շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» կամ «Մեծ մորս դաջվածքները» (Grandma’s Tattoos) վավերագրական  ժապավենի սինոպսիսն է, որը հունվարի 11-18-ը  ցուցադրվեց  Al Jazeera English արբանյակային հեռուստաալիքով  և հայտնվեց թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Սյուզան ԽարտալյանՍյուզան Խարտալյանը եղել է հետաքննող լրագրող և աշխատել է Փարիզում: Նաև դիվանագետի կրթություն ունի: 1985-ից փոխել է մասնագիտությունը` անցնելով վավերագրական կինոյի: 1988-ին նկարահանել է ցեղասպանության մասին առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը` «Վերադարձ դեպի Արարատ» (Back to Ararat), որը տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Շվեդիայում:  «Տատիկիս դաջվածքները» Սյուզանի երրորդ ֆիլմն է ցեղասպանության թեմայով և 37-րդը` նրա ֆիլմոգրաֆիայում: Սյուզանն աշխատում է հիմնականում Եվրոպայում, բայց նրա արծարծած նյութերը, թեմաները վերաբերում են Միջին Արևելքին  և Հարավ-Արևելյան Ասիային, մասնավորապես` Հնդկաստանին: Իր աշխատանքներում նա հիմնականում անդրադառնում է սոցիալական և քաղաքական թեմաներին:

«Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիային հերթական հարվածն արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հասցրեց` հեռարձակելով Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը»,- գրեցին թուրքական լրատվամիջոցները:  Նրանք ֆիլմը գնահատել են որպես Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված «քարոզչություն»:

«Սկզբում  ցանկանում էի ֆիլմ նկարել Ռուանդայի ցեղասպանության թեմաներով: Նպատակս գենդերային խնդիրները  բարձրաձայնելն էր, թե ինչպես են  կանայք կրում ցեղասպանության բեռը: Ինչ-որ  չափով ցանկանում էի զուգահեռներ տանել  Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի,  Գերմանիայի դեպքերի միջև,- ամիսներ առաջ խոստովանել է ռեժիսորը «Երկիր մեդիային» տված իր հարցազրույցում:-  Բայց երբ ուսումնասիրեցի  խնդիրը, նկատեցի որ բոլոր ժամանակների ցեղասպանություններն  իրար նման են»:

Վավերագրական նյութերն ուսումնասիրելիս Խարտալյանը Փարիզի Նուբարյան գրադարանում  գտնում է եզակի արխիվային նյութեր` կանանց նկարներ, բռնաբարված կանանց մասին վկայություններ` ահավոր մանրամասնություններով: «Երբ ուսումնասիրում էի դաջվածքներով աղջիկների նկարները, մի նկար տեսնելով` կարծես էլեկտրահարվեցի: Մեծ մորս դաջվածքներն էին: Ապշած էի: Չնայած երկար տարիներ աչքիս առաջ էր եղել, բայց երբեք մտքովս չէր անցել, որ նա նույնպես այդ ահավոր  ողբերգության միջով էր անցել: Հետո մանկությանս հիշողությունների բեկորներով սկսեցի աշխատել, որովհետև դրանք էին այն ամենը, ինչ ունեի»,- ասել է հեղինակը:

Վերապրողներ գրեթե չէին մնացել, որ հնարավոր լիներ հարցուփորձ անել, բացի  տատիկի քրոջից, որն ապրում էր Լոս Անջելեսում և նույն դաջվածքներն ուներ: Բայց նրանից էլ ոչինչ չի կարողացել քաղել. նա նույնիսկ չի ընդունել Սյուզանին և ասել է, որ չի ցանկանում այդ մասին խոսել, որ դաջվածքները ոչնչի հետ կապ չունեն…  Այնուամենայնիվ հեղինակին հաջողվում է բացահայտել ամոթի քողով  թաքնված ճշմարտությունը և ցույց տալ, որ մարդկության դեմ նյութված սոսկալի հանցագործությունը ոչ միայն դաջվածքներ է թողնում կանանց մարմնի վրա, այլև` խոր սպիներ նրանց ու նրանց հարազատների հոգիների վրա: «Այն, ինչ ինձ համար գրքերի մեջ էր, հանկարծ դարձավ իրականություն. 12 տարեկան հասակում առևանգված և բռնաբարված, 7 տարի այդ տղամարդու հետ ապրած, հավանաբար նաև նրան երեխաներ ծնած… Դա ուղղակի շոկ էր ինձ համար: Դրա մասին մեր տանը չէին խոսում: Ամոթի զգացում  կար հայ ընտանիքներում, դրա մասին խուսափում էին խոսել:  Նույնը նաև Ռուանդայում էր: Կանայք ամաչում են խոսել  մի բանի մասին, որի մեղավորն  իրենք չեն: … Ֆրեզնոյում հանդիպեցի կանանց, որոնք դաջված կանանց երեխաներ էին: Նրանք պատմեցին, որ 1919-ին մոտ 5000 հայ կանայք, որոնք փրկվել էին, և նրանցից շատերը դաջվածքներ ունեին, ուղարկվել են Ֆրեզնո, և այստեղ նրանք այնքան շատ են եղել, որ տեղական իշխանությունները նրանց անվանել են ՙկապույտ շրթունքներով կանայք»:

Պատասխանելով tert.am-ի հարցերին` հեղինակն ասել է, որ իր համար անսպասելի չէր թուրքական արձագանքը, նույնիսկ զարմացած է, որ այս իրարանցումը ցուցադրությունից հետո տևական լռությունից հետո է սկսվել: Չէ± որ ցեղասպանության թեմայով իր առաջին ֆիլմը` «Վերադարձ դեպի Արարատը», երկու տասնամյակ առաջ շատ ավելի ջղագրգիռ արձագանքի էր արժանացել: Թուրքերն ամեն կերպ փորձել են կանխել ֆիլմի ցուցադրությունը: Նրա կարծիքով` այս անգամ նրանց գրգռել է այն հանգամանքը, որ կինոնկարը հեռարձակվել է «Ալ-Ջազիրայով», որը 500 մլն դիտող ունի:

Ֆիլմի պաստառին հեղինակի տատիկից մնացած միակ հին լուսանկարն է:

Օգտագործված է Ալան Հովհաննեսի երաժշտությունը, իսկ ընթացքում հնչող «Յարիս բոյին մեռնեմ» երգի ընտրությունը ռեժիսորն այսպես է բացատրել. «Որպես նշան մեծ մորս և բոլոր այդ կանանց երազած, բայց չապրած սիրո»: