img_2454070415_222222Փետրվարի կեսերին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Նարինե Մալյանի «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» ֆիլմը, որը կարելի է որոշ իմաստով դեբյուտ համարել, եթե նկատի ունենանք, որ կինոյում նա աշխատել է, երբ պատրաստում էր իր դիպլոմային աշխատանքը, և ավելի ուշ նկարահանել է մեկ վավերագրական ֆիլմ` «Առանց խոսքի», որի համար 2004-ին արժանացել է «Կին» փառատոնի գլխավոր մրցանակին: Իր այս առաջին խաղարկային ֆիլմը ռեժիսորը նկարել է Աղասի Այվազյանի «Դանիել մշտաբնակը» ստեղծագործության հիման վրա: «Ինչո՞ւ Այվազյան» հարցն այս դեպքում անգամ չի ծագում, քանի որ Այվազյանի ստեղծագործության հետ հոգևոր ուժեղ կապն արդեն հրաշալի արդյունք է տվել թատրոնում. հիմա Նարինե Մալյանը շարունակում է ՄալյանԱյվազյան ստեղծագործական տանդեմի կենսագրությունը:

Հայկական կինոարտադրության դժվարությունների մասին անգամ նվազագույն պատկերացում ունեցող մարդն այլ կերպ չէր հարցնի. Ինչպե՞ս խիզախեցիք Ֆիլմի նկարահանումներ սկսել մեր օրերում:

– Նախաձեռնությունն իմը չէր. գաղափարն ինձ հուշեց Արտյոմ Մելքումյանը` մեր լավագույն կինոօպերատորներից մեկը, որ երկար տարիներ աշխատել է Մոսկվայում հայտնի ռեժիսորների հետ: Արտյոմը վերջին շրջանում սկսել է նաև սցենարներ գրել. դրանցից մեկը Անդրեյ Զվյագինցևի «Արտաքսում» ֆիլմն է, որում նա սցենարի է վերածել Սարոյանի գործը: Նա զանգեց  ինձ ու ասաց, որ Աղասի Այվազյանի մի պատմվածք է հիշել` «Դանիել մշտաբնակը», ու խորհուրդ տվեց կարդալ այն: Դա մի քանի տարի առաջ էր, կարդացի ու ցնցվեցի:  Հետո զանգեցի պրն. Այվազյանին. նա շատ բուռն արձագանքեց. «Վայ, իսկապես հավանե±լ ես»: Ասացի` ոչ թե հավանել եմ, այլ ցնցվել եմ, որ կարելի է այդ փոքր` երկու էջանոց պատմվածքում այդքան մեծ գաղափար դնել` պարզ ու համեստ ձևով: Շատ ուրախացավ, ասաց` կուզենար, որ դա ես անեի: Այսինքն` հեղինակի համաձայնությունը ստացա, առաջին քայլն արված էր: Հետո Արտյոմը սցենարը գրեց, ուղարկեց ինձ, դա ներկայացրինք Ազգային կինոկենտրոնին, մշակույթի նախարարությանը, բայց ինչ-ինչ պատճառներով մի քանի տարի պատասխան չկար: Վերջապես դրական պատասխան ստացանք անցյալ տարվա հունվարին:

img_2454070418_22Եվ անմիջապես սկսեցիք նախապատրաստական աշխատանքները:

 – Պետք է ասեմ, որ նախանկարահանման շրջանը շատ հետաքրքիր էր: Կարծում էինք, որ շատ բարդ ընթացք կունենա, քանի որ պատմական ֆիլմ է, վերաբերում է Քրիստոսի շրջանին: Ընդհանրապես ինձ համար չափազանց կարևոր է այն խումբը, որի հետ պետք է աշխատեմ, որ իրար հասկանանք և չխանգարենք միմյանց: Եվ պիտի ասեմ, որ հրաշալի խումբ հավաքվեց` Արտյոմը Մելքումյան, օպերատորը` Վահագն Տեր-Հակոբյան, նկարիչը` Վարդան Սեդրակյան: Ֆիլմի երաժշտական խորհրդատուն Տիգրան Մանսուրյանն է, երաժշտության հեղինակը` Սամվել Սարյանը: Եվ բոլորը մի մարդու պես աշխատում էին: Ֆիլմի մոնտաժողը` Միհրան Ստեփանյանը, բացի մոնտաժից զբաղվել է նաև հետ-արտադրական խնդիրներով: Անչափ շնորհակալ եմ խմբի տնօրեն Հայկանուշ Ներսիսյանին, որը բացառիկ նվիրվածությամբ է աշխատել` ազատելով ինձ ոչ ստեղծագործական խնդիրներից: Ինձ շատ է օգնել նաև ռեժիսորի օգնական Տաթև Մելքումյանը:

Ոչ ստեղծագործական խնդիրներից լրջագույնը ֆինանսական միջոցների հայթայթումն է: Վերջին տարիներին Ազգային կինոկենտրոնը հիմնականում աշխատում է համաֆինանսավորման սկզբունքով: Ինչպե՞ս լուծեցիք այդ խնդիրը:

– Համագործակցել ենք «Հենրիկ Մալյան» մշակութային հիմնադրամի հետ: Սա Ազգային կինոկենտրոնի և  «Հենրիկ Մալյան» հիմնադրամի համատեղ արտադրություն է, իսկ ստեղծագործական առումով բոլորս էլ շատ ոգևորված ենք աշխատել:

img_2454070420_1Ինչո՞վ Ձեզ հետաքրքրեց այդ պատմությունը, և ինչո՞վ է այն կապվում մեր օրերի հետ:

– Պատմություն է մեր ամեն օրվա ապրած րոպեների, արարքների, պատասխանատվության մասին. պատասխանատվություն քո ապրած օրվա և այդ օրվա ընթացքում քո արածների համար: Մենք երբեմն ինչ-որ բան ենք անում չգիտակցելով և ակամա դառնում ենք պատմական ինչ-որ իրավիճակի, շատ կարևոր մի երևույթի մասնակից: Տասնհինգ րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ է շատ կարևոր բաների մասին:

Ֆիլմի դերասանական կազմում մեծ մասը ոչ պրոֆեսիոնալներ են, կարծեմ ոչ պրոֆեսիոնալների հետ աշխատանքը ձեր նախասիրություններից չէ:

– Ես իսկապես չեմ սիրում աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, բայց սա երևի այն դեպքն էր,  երբ ինձ ավելի շատ հետաքրքրեց տիպաժը, և այն, որ այդ մարդն առաջին անգամ պետք է երևա էկրանին: Կային շատ լավ դերասաններ, բայց նրանք ավելին էին, քան պետք էր այս ֆիլմի համար: Այսինքն` դերասանություն անող դերասանն այս դեպքում մի քիչ շատ կլիներ այս ֆիլմի և այս կերպարի համար, որովհետև այն խրոնիկալ լինելու հավակնություն ունի: Առնոլդ Կազարյանն ուներ ամեն ինչ այդ կերպարը բացելու համար, և նա մեծ սիրով մասնակցեց ֆիլմին: Շատ պատահաբար, մի օր, մեքենա նստած, գալիս եմ Կինոյի տուն և ուշադիր նայում եմ տաքսու վարորդին: Երկար մտածելուց հետո համարձակվեցի նրան հարցնել. «Ի՞նչ կասեք, եթե ձեզ առաջարկենք նկարվել մեր ֆիլմում»: Ասաց. «Հա, ինչի չէ, մեծ հաճուքով»: Էդպես գտանք մեր Դանիելին: Դանիելի կնոջ դերը  սիրով առաջարկեցի մեր թատրոնի դերասանուհի Քրիստինա Հովակիմյանին: Գտանք նաև նրանց երեխաների դերակատարներին: Երկու աղջնակներին գտանք Գեղագիտական կենտրոնի թատրոնում, շատ հետաքրքիր աղջիկներ են` Աննա Խաչատրյան և Գիսանե դը Վարդավան: Կրտսեր աղջկան խաղում է Աննա Մկրտչյանը: Մի խոսքով, դերասանական կազմի ընտրությունը շատ հետաքրքիր ստացվեց: Ֆիլմն արդեն ավարտական փուլում է և փետրվարի կեսերին շատ համեստ մի պրեմիերա կունենանք, և եթե տեխնիկական հնարավորությունները թույլ տան, շատ կուզենայի, որ մեզ մոտ` թատրոնում լիներ:

img_2454070416_55552Այվազյանի արձակը մագնիսի պես ձգում է կինոռեժիսորներին, բայց ես եզակի դեպքեր գիտեմ, որ արդյունքը նույնքան հրաշալի է եղել, որքան, ասենք, «Եռանկյունի» ֆիլմը: Վախ չունեի՞ք Այվազյանին արժանի էկրանային պատմություն ստեղծելու հարցում:

– Պետք է ասեմ, որ էդ վախի ու պատասխանատվության առաջին զգացումը ապրեցի թատրոնում, ներկայացումը բեմադրելիս: Շատ բարդ էր պատկերացնել, որ հենց այդ պատմվածքները կարող են բեմի վրա ներկայացվել, և մեր նախնական զրույցի ժամանակ ինքը` Այվազյանն էլ զարմացավ, թե ոնց եմ բեմադրելու: Բայց ինձ համար ամենամեծ գովեստը հենց նրա խոսքերն էին, որ ներկայացումից հետո շատ հուզված ասաց. «Չեմ հասկանում, թե ոնց ես դա ստացել, բայց ստացել ես էն, ինչ ես ուզում էի ասել պատմվածքներում»: Իսկ ֆիլմի դեպքում շատ տարօրինակ էր. կարծես կինո չնկարահանեինք, ամեն ինչ կար` հրաշալի օպերատոր, սցենարիստ, նկարիչ, մնացած բոլորը, բայց մի տարօրինակ վիճակ էր ինձ համար. չէի հասկանում` ինչպես է էդ աշխատանքը կատարվում, ինքնըստինքյան ստացվում էր: Աշխատել ենք շատ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ: Ընդհանրապես ես շատ անհանգիստ մարդ եմ, բայց այստեղ իմ մեջ ինչ-որ անհասկանալի խաղաղություն կար, որ ինքս էլ չեմ կարող բացատրել: Չորս օրում ենք նկարահանել ֆիլմը, այդ չորս օրը հիմա երազի նման եմ հիշում: Մենք ամեն դետալի վրա աշխատել ենք, ոչ մի պատահական բան չկա ֆիլմում, գնացել, հեռավոր գյուղերից բերել ենք հին, էդ ժամանակաշրջանի գործիքներ, կավե իրերը պատրաստվել են հենց էդ դարաշրջանի էսքիզներով, այսինքն` մի մեծ գեղարվեստական ֆիլմի աշխատանք է արվել:

Գիտեմ, որ Մալյանը շատ էր երազում «Սինյոր Մարտիրոսը» նկարել, և այդպես էլ չնկարեց. ինչո՞ւ:

– Ես այդ ժամանակ դպրոցական էի, և ինձ համար հիմա դժվար է ասել, թե ինչու: Գուցե սա հենց այն դեպքն էր, որ ընկերները միմյանց չհասկացան: Դա, իհարկե, ստեղծագործական պահ էր, բայց մենք` հայերս, սիրում ենք մարդկանց խառնել` երբեմն ինքներս էլ չհասկանալով, թե ինչու ենք ուզում դա անել: Որոշ մարդիկ շատ են սիրում այդ գործով զբաղվել, դա նրանց լավ էլ հաջողվում է: Ե°վ Այվազյանը, և° Մալյանը էմոցիոնալ մարդիկ էին: Ցավոք սրտի, մի հրաշալի ֆիլմ չնկարահանվեց: Հենց այդ պատճառով երկար տարիներ Մալյանը և Այվազյանը չէին շփվում: Հետո արդեն, երբ հայրիկիս հայրն էր մահացել, Այվազյանը չէր կարող ներկա չգտնվել, և ես հիշում եմ նրանց միասին` պապիկիս Թիֆլիսի տան պատշգամբում:

 – Իսկ ցավագի՞ն էր այդ խզումը:

– Իհարկե, երկուսն էլ ցավագին էին տանում այդ խզումը. մանկության ընկերներ էին, նույն դասարանում էին սովորել, և երբ ներկայացման առիթով մենք հանդիպում էինք Այվազյանի հետ, նա անվերջ հայրիկի մասին էր խոսում, որովհետև ուներ այդ շփման կարոտը: Նրանք շատ տարբեր, բայց և շատ հոգեհարազատ մարդիկ էին և շատ լավ էին իրար հասկանում: Կարծում եմ, որ «Սինյոր Մարտիրոսը» միակ դեպքն էր, որ իրար չհասկացան: Հիշում եմ նախապատրաստական շրջանը, էդ մեծ ալբոմները: Կարծեմ Հենրի Էլիբեկյանը պիտի լիներ ֆիլմի նկարիչը: Շատ պայծառ ֆիլմ էինք ունենալու` գունեղ ու խորը ասելիքով: Անգամ հիշում եմ, որ հայրս ասում էր, թե ինչ լավ կլիներ, եթե սինյոր Մարտիրոսի դերը Շառլ Ազնավուրը խաղար: Երազանք էր,  հայրս հենց նրան էր տեսում այդ դերում:

Իր հուշագրության էջերում Մալյանը գրում է, որ մեծագույն ստեղծագործական վայելք է ապրել այն ժամանակ, երբ փոքրիկ բեմադրություններ էր անում 4 տարեկան դստեր` Նարինեի համար: Որևէ բան հիշո՞ւմ եք այդ ներկայացումներից:

– Շատ լավ եմ հիշում: Հիմա եմ հասկանում, որ նա այդ կերպ է ինձ դաստիարակել, որ նրա հետ անցկացրած ամեն մի օրը, ժամը հենց էնպես չի անցել: Ինչքան ջանք ու եռանդ է ներդրել իմ դաստիարակության համար: Բայց դա դաստիարակություն չէր ուղղակի իմաստով, նա դա էլ էր ստեղծագործաբար անում: Օրինակ` ինձ շատ հետաքրքիր ձևով ներկայացրել է Քրիստոսի պատմությունը, Շեքսպիրի դրամատուրգիան: Դա դարձնում էր հեքիաթ, պատմում էր հեքիաթի նման. ամեն օր նա էր ինձ հեքիաթ պատմում: Եվ, վերջապես, ես նկարահանման հրապարակում եմ մեծացել: Գիտեք, մոնտաժային արկղեր կային, որոնց մեջ լցվում էր էդ փափուկ պլյոնկան, «Հայֆիլմում» դրանց մեջ եմ քնել, պլյոնկայի հոտը քթիս եմ մեծացել:

Այսօր ազգային կինոյի մասին հակասական կարծիքներ են հնչում, բայց մի բան ակնհայտ է` կինոյի համար դժվար ժամանակներ են: Ո՞րն է մեր կինոյի վերածննդի ճանապարհը:

– Պատրաստի դեղատոմսեր չեմ կարող առաջարկել, կարծում եմ, որ բոլորս հեռացել ենք այն ճիշտ ուղուց, որով զարգացել է հայկական կինոն: Անկասկած, ունենք տաղանդավոր ռեժիսորներ, դերասաններ, կինոյի պրոֆեսիոնալներ, բայց երբեմն ինձ թվում է, որ արագ ու հապճեպ բաներ են նկարվում, որոնց անհրաժեշտությունը չկա: Կարծում եմ, որ հայկական կինոյի զարգացման հստակ ծրագիր է պետք: Եվ կինոյի զարգացման ռազմավարությունը պետք է շատ խելոք մարդիկ, գործի գիտակներ մշակեն:

Հարցազրույցը` Նունե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ