«Եեթեթե բոլորը…» ֆիլմը դիտել եմ երկու անգամ: Ընդհանրապես, վերջին տասնամյակում նկարահանված գրեթե բոլոր ֆիլմերը, առավել ևս այն ֆիլմերը, որոնց առիթով գրել եմ, մեկից ավելի անգամ եմ դիտել: Այս անձնական կենսափորձի վկայակոչումը գուցե առաջին հայացքից անհամեստ կամ անկարևոր թվա, բայց իրականում եզրակացության տեղիք է, որ կարող է և գնահատականի առիթ հանդիսանալ: Եզրակացությունն էլ պայմանավորված է ֆիլմերը երկրորդ անգամ դիտելու պատճառով: Իսկ պատճառը, ցավով եմ նշում, սովորաբար անգետ-անհասկացողի բարդույթից ձերբազատվելու, ինքնափրկման փորձ է, որին դիմում ես այդ չափազանց «հեղինակային» ֆիլմերը տեսնելիս և «հաʹ, իբր ի՞նչ» անարձագանք հարցադրմանը հանգելուց հետո: Ամեն կարգի կասկածներն ու մտավախությունները միանգամից չեզոքացնելու համար ասեմ, որ «Եթե բոլորը…» երկրորդ անգամ էլ դիտել եմ հաճույքով, իհարկե, ֆիլմի հավակնությունների հստակ պատկերացմամբ: «Եթե բոլորը…» հավասարապես տհաճ երկու հիմնական ծայրահեղությունների` մարմնի ամենաանհավանական մասից սեփական ականջը քորելու աճպարարական հմտության և ամենօրյա հեռուստաաղբն իր գարշահոտությամբ կինոթատրոն տեղափոխելու հակադրությունն է: Հուսով եմ` Միքայել Պողոսյանը, որը ֆիլմի գաղափարի հեղինակն է, գլխավոր դերակատարն ու պրոդյուսերը, նախապես է ծրագրել այդ շահեկան հակադրությունը` առաջարկելով մեյնսթրիմի գրագետ օրինակ, իսկ կապը մեյնսթրիմի` իբրև կինոտեսակի հետ, մեր կինեմատոգրաֆը կորցրել է անհիշելի ժամանակներից ի վեր:

Ֆիլմի հերոսուհին` մոր կողմից հայ Սաշա Մասլեննիկովան (Եկատերինա Շիտովա), Ռուսաստանից գալիս է Հայաստան` հոր շիրմին իր հետ բերած կեչու շիվը տնկելու: Սաշայի մայրը` Լիլիթը, զոհվել է Սումգայիթի ջարդերի ժամանակ: Նրա հայրը` Ալեքսանդր Մասլեննիկովը, իր պարտքն է համարել արցախյան ազատագրական պատերազմի օրերին գալ ու պաշտպանել իր կնոջ հայրենիքը և հերոսաբար զոհվել է: Աղջկա առաքելությունն իրագործելու համար նրան են միանում հոր երեք մարտական ընկերները` հրամանատար Գուգոյի (Միքայել Պողոսյան) գլխավորությամբ: Իսկ նպատակի իրագործումը թվում է առավել քան անհավանական, երբ պարզվում է, որ գերեզմանը սահմանի մյուս կողմում է…
Թեև «Եթե բոլորը…» ֆիլմի սյուժեն պտտվում է Արցախյան ազատամարտի շուրջը, բայց պատմական տարեգրությանը հավատարիմ պատկերային նյութ չէ: Հեղինակները զերծ են մնացել պատերազմական տեսարաններից, արյան ու մահվան ուղղագիծ պատկերումից: Նույնիսկ այն փաստը, որ կինոնկարը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին, չի խանգարել, որ պատերազմը չտեղայնացվի, և կարևորվել է դրա` իբրև երևույթի համատեքստը: Այսինքն` սա ընդհանրական հորինվածք է, որ կարող էր նկարահանվել ցանկացած երկրում, քանի որ ուղղված է առհասարակ պատերազմի անմարդկային էության դեմ:
Ֆիլմն իր ռիթմով ու սյուժետային շրջադարձերով շատ տպավորիչ է: Բեմադրող ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն և բեմադրող օպերատոր Իվան Բարխվարտը հրավիրվել են Ռուսաստանից: Միայն մեծ հիացմունքի է արժանի նրանց պատկերած հայկական բնաշխարհը: Օտարերկրացի ռեժիսորի ու օպերատորի և նրանց օտարերկրացի հերոսուհու զգացումների հարաբերակցությամբ խաչվում են կադրից դուրս գտնվողի և հորինվածքի սահմանները: Այդ զգացողությունը մեկ-մեկ այնքան է սրվում, որ նույնիսկ վերացարկվում ես այն մտքից, թե գործողությունները քեզ քաջ ծանոթ և մեր ֆիլմերից շատերում այնքան մռայլորեն պատկերված վայրերում են ծավալվում: Այս ուշագրավ ընթացքում նույնիսկ անկարևոր են դառնում երկրորդ պլանի դերասաններից ոմանց գերխաղը, մոնտաժային լուծումների անտրամաբանվածությունը որոշ դրվագներում, արհեստական լուսային աղբյուրների բացահայտ և չարդարացված տեղակայումը, հատկապես` գիշերային տեսարաններում: Իրոք, այդ ամենը շատ անկարևոր է, երբ էկրանին տեսնում ես ՄԱՐԴ, որին կարելի է կարեկցել, որի հետ կարելի է նույնանալ…
«Եթե բոլորը…» ֆիլմի պատումի կառուցման համար ընտրված «road movie»-ի ձևաչափն առանձնակի խորքայնություն ունի: Սա միայն երկրորդ հերթին է զբոսաշրջիկի արկածախնդիր ուղևորություն իրեն անծանոթ երկրում: Այստեղ, նախ և առաջ, իրարից չափազանց տարբեր հերոսների ճանապարհորդությունն է դեպի անցյալ, դեպի իրենց ընդհանրության ելակետը` պատերազմը, որի հետևանքները, թվում է, քսանամյա թանձրույթի մեջ պիտի տարրալուծված լինեին և չհետապնդեին «հերոսներին»: Հումորաշատ, գունագեղ ճանապարհորդությունն իսկական պարադոքս է և ծուղակ անուշադիր հանդիսատեսի համար` կերպարներից յուրաքանչյուրի վերապրած դառնության, ներաշխարհի խորքում կուտակված «ինչու»-ների և կորուստների իրական ֆոնին: Եվ միայն ֆիլմի վճռորոշ տեսարաններից մեկում, երբ միևնույն արհավիրքի զոհերը և ազգային պատկանելությամբ ու ճակատագրով ախոյան դարձածները հայտնվում են դեմ առ դեմ, առավել քան հասկանալի է դառնում «Եթե բոլորը…» կիսատ թողնված միտքը շարունակելու անպատեհությունը:
Րաֆֆի ՄՈՎՍԻՍՅԱՆ

Կինոքննադատ