lilitԱԺ պատգամավոր, «Համազգային» հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը հայկական կինոյի մասին հպարտությամբ է խոսում, ասում է` համաշխարհային կինոյի ընթացքի մեջ դիտարկելով մեր կինոն` համոզվել է, որ այն ամենևին էլ լուսանցքում չէ: Սիրված ֆիլմեր ունի` Հենրիկ Մալյանի «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը»,  Դովլաթյանի «Սարոյան եղբայրները»,  «Երևանյան օրերի խրոնիկան», Փելեշյանի շարքերը, Միքայել Վարդանովի «Թթենին»…

«Մեր բեկնազարյանական սկիզբն եմ սիրում, արժանապատվությունս շոյվում է, որ նման կինո ենք ունեցել»,- ասում զրուցակիցս: Եվ հավելում, որ երբ դառնանում է մեր իրականությունից, օազիսներ մշակույթի մեջ է գտնում. «Դժվար է այսօրվա հայացքով հայ կինոյի մեծ ձեռքբերումների մասին խոսել, բայց նաև ունենք հզոր կինոբեռ, որը պարտավորեցնող է: Օրինակ` Դովլաթյանի «Բարև ես եմ»-ը գլուխգործոց է, մարդկայնության, գեղարվեստի բարձր չափանիշ, նշան է, այլ տերմինով` իկոն: Նույնը կարելի է ասել «Երևանյան օրերի խրոնիկայի» մասին: Վերջին հաշվով, Փարաջանովի ֆենոմենը կա:  Ինչքան էլ «Նռան գույնը» համաշխարհային համապատկերի  մեջ տեղավորենք, այնքան էլ իմն է, իմ արմատից է գալիս: Պետք է ակնածանք ունենանք մեր կինոբեռի նկատմամբ ու մեր շարունակությունը հենց դրա վրա կառուցենք»:

Խոսելով վերջին տարիներին ստեղծված ֆիլմերի մասին` ԱԺ պատգամավորը նշում է. «Կարծեմ վերջին շրջանում  500 ֆիլմ ենք արտադրել: Ինձ մշակութային մարդ համարելով` մշտապես հետևում եմ կինոյի զարկերակին, բայց երբեմն ինձ «բռնացնում» եմ այն մտքի վրա, որ արտադրված ֆիլմերի  երեք տոկոսին եմ ծանոթ: Եվ չեմ կարծում, թե մեղքն իմն է:  Մեր մշակութային մայրուղիներն այնքան են խցանված աղբով և միաժամանակ մարգարիտով, որ նույնիսկ ոչ թե պարզ ունկնդրի հայացք է պետք, որպեսզի կարողանաս թեփը ցորենից զանազանել, այլև` տաղանդ ու շնորհք: Պիտի  կինոքաղաքականության  և ընդհանրապես առողջ մշակութային քաղաքականության մասին մտածենք, այն քաղաքականության, որը պարտավոր է շեշտը դնել իրական արժեքների վրա, հմտություն ունենա բարձրացնելու համատարած խցանված հոսքերի միջից ապրողը, կենսունակը, վավերականը»:

Անդրադառնալով գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի վերջերս արտահայտած այն մտքին, թե Հոլիվուդը եկել-խցկվել է մեր տները, Լիլիթ Գալստյանն ասաց. «Ռուբեն Հովսեփյանի հետ, անշուշտ, պիտի համաձայնեմ, բայց ոչ միայն Հոլիվուդի նեղ սահմանի մեջ… Հոլիվուդն այսօր չափանիշ կամ ընդհանուր հավաքական պիտակ է, բրենդ է  ժամանակակից, ինչպես ֆաստֆուդը, իզիռիդինգը: Դրանք հանրամատչելի, մակերեսային, արագ կյանքի, ժամանակ չունենալու և կյանքին վատ իմաստով համընթաց գնալու պարտադրանք ու հետևանք են: Մի կողմից` կյանքը վազում է, ժամանակներն արագացել են, և դու չես կարող  չլինել Facebook-ում, Twitter-ում, լրահոսում, դրա հետ մեկտեղ էլ արդեն Մարկես, Տոլստոյ կամ Դոստոևսկի կարդալու հոգեվիճակ չես ունենում: Բայց, միևնույն է, կյանքում կան արմատական, խնկարկելի արժեքներ, որոնց հետ չես կարող հաշվի չնստել: Արդեն նշեցի, որ Համո Բեկ- Նազարյանի անվան  “Հայֆիլմ” կինոստուդիայում արտադրված ֆիլմերը, որոնք Սասունցի Դավթի արձանի կոչնակով էին, արժեքավոր էին ու չափանիշ, ինպես Չապլինն  ամերիկյան կինոյի համար, ինչպես խորհրդային կինոյի գլուխգործոցներից Սերգեյ Էյզենշտեյնի «Броненосец Потемкин»-ը… Այժմ նահանջներ ունենք, որոնք  չեն կարող իրենց հետագիծը չթողնել ֆիլմմտածողության և ֆիլմարվեստի վրա»:

Լիլիթ Գալստյանը փաստում է, որ աշխարհի հետ երկխոսության լավագույն ձևը մշակութայինն է, մասնավորապես` կինոերկխոսությունը. «Այն ամենաանկեղծն է, ամենաազդեցիկը, ամենապարտադրողը: Մի պարզ օրինակ. ես հրեաների ցեղասպանության  մասին բազմաթիվ գրքեր եմ կարդացել, բայց ինձ համար Սթիվեն Սփիլբերգի  «Շինդլերի ցուցակը» ֆիլմը Հոլոքոստի արժևորման վերջնակետն է` երաժշտությունից մինչև դերասանական խաղ ու օպերատորական աշխատանք: Մեզ համազգային հաղթանակներ են պետք, կինոյի լեզվով` նույնպես, ու դրա մեջ կարևոր է պետության հայացքը: Հինգերորդ տարին է, երբ բյուջեի քննարկումներ ենք ունենում, երբեմն հակված եմ լինում մտածելու, թե կինոյին տրվող գումարները փոշիացվում են: Պատճառներից մեկն այն է, որ Խորհրդային Միությունից մի ժառանգություն ենք բերել և համարձակություն չունենք  այնտեղ արժեքների ռեվիզիա անելու:  Կինոքաղաքականություն վարողները պետք է ամեն ինչ վերանայեն,  լինեն հավասարատես: Ցավոք, այլևս  ծաղրածուատեսակն է մտել մեր արվեստի չափանիշների մեջ, ու KBH-ականությունը` մշակութային դաշտ: Ժամանակն է նաև պայքարելու խորհրդանիշների էժանացման ու կարծրատիպերի դեմ, որի միակ ճանապարհը տաղանդավոր մարդկանց համար համապատասխան միջավայր ստեղծելն է: Չէ՞ որ ոչ մի գրանտով կամ նվիրատվությամբ տաղանդ չի ձևավորվի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ