Գայանե Մարտիրոսյան. Մանկան նման անկեղծ, մանկան նման բարի

– Երեխա ժամանակ չէի հասկանում, թե դա ինչ էր: Բայց չհասկանալով էլ կինոն ինձ ձգում էր, շատ էր ձգում: Արվեստը դաժան բան է, վարակելու հատկություն ունի… Իսկ երբ արդեն հիվանդ ես, կախվածությունը սկսում է խորանալ,- ասում է մուլտիպլիկատորը:
Բացի նկարահանման հրապարակից, հաճախ էր լինում նաև հիվանդանոցում:
– Տատիկս բժշկուհի էր, ու հաճախ ինձ իր հետ հիվանդանոց էր տանում: Դա էլ էր ինձ գրավում, հետաքրքիր էր:
Երկրորդին վաղ պատանեկության տարիներին ավելանում է նաև երրորդը` դառնալով կարծես “սուրբ երրորդություն”: Ինչպես կինոն ու բժշկությունը, հնէաբանությունն էլ ուղղակի ու անուղղակի կապված է մարդու հետ:
– Երկար-բարակ մտածելու ժամանակ չկար, դիմեցի Թատերական ինստիտուտ (ներկայումս` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ), ռեժիսուրայի բաժին:ՎԳԻԿ-Ը ՆՄԱՆ ԷՐ ԵՐԱԶԱՆՔԻ
Տիկին Գայանեին քիչ բան էր պետք հասկանալու համար, որ ընտրել է հենց սրտի ուզած մասնագիտությունը: Հիշում է, որ ուսանող տարիներին շատ ակտիվ էր, սիրում էր պրպտել, գտնել ու նկարել:
– Առաջին-երկրորդ կուրսում արդեն բեմադրություններ էինք անում: Իհարկե, դրանք փոքրիկ բեմադրություններ էին, բայց պարտադիր: Ներկայացվող աշխատանքներում ընդգրկում էինք նաև դերասանական կուրսի ուսանողներին:
Նա այդ ժամանակ թարգմանում է Սովաժոնի “Չաո” ստեղծագործությունն ու իր շուրջը մի ամբողջ թիմ համախմբում:
– Գլխավոր հերոսուհին Տաթևիկն էր` Հրաչյա Ղափլանյանի աղջիկը: Նա այդ ժամանակ երկրորդ կուրսի ուսանողուհի էր: Պատկերացրեք` չտեսնված դերասանուհի. երկրորդ կուրսում արդեն պատրաստ էր: Եվ այդ գործի առաջին գլխավոր գնահատողը եղավ Ղափլանյանը, նա եկավ ու ասաց` ապրես,- ժպտում է տիկին Գայանեն:
Առաջին աշխատանքից հետո ապագա հեռանկարները առավել ցայտուն էին ուրվագծվում, բայց…
– Երբ ավարտեցի ինստիտուտը (սովորել է Արտաշես Հովսեփյանի կուրսում), շատ էի ցանկանում ուսումս շարունակել ՎԳԻԿ-ում, որովհետև, ի վերջո, կինոն ինձ շատ էր հետաքրքրում: Նույնիսկ առանց ընդունելության քննությունների կարող էի ընդունվել, որովհետև ինստիտուտն ավարտել էի կարմիր դիպլոմով: Բայց հայրս դեմ էր, որ գնայի Մոսկվա, ես էլ լսող երեխա էի ու չգնացի… Մինչև հիմա ցավում եմ,- հառաչում է:
Հետաքրքրականն այն է, որ ընտանիքի գրեթե բոլոր անդամները կինոաշխարհից էին, բայց դեմ էին ավարտած ուսանողուհու ցանկությանը: Ասում է, որ Մոսկվայում էին ապրում նաև հոր մորաքույրները: Մերժման պատճառաբանությունը մեկն էր` մենակ աղջիկ` Մոսկվայում: Հայրը նաև մտավախություն ուներ. հնարավոր է` աղջիկը գնար Մոսկվա ու մնար այնտեղ:
ԿԻՆՈՆ` ԿԻՆՈ,
ԱՆՁՆԱԿԱՆՆ` ԱՆՁՆԱԿԱՆ
– Ինձ դաստիարակել են այն ոգով, որ հայ կնոջ առաջին պարտականությունը սերունդ տալն է, երեխա ունենալը: Ամուսնություն, երեխա, իսկ մնացածն արդեն երկրորդական է,- պատմում է տիկին Գայանեն:
Սակայն նա առաջնորդվում է այն փիլիսոփայությամբ, որ կինը, անշուշտ, պետք է ընտանիք կազմի, ամուսին ու երեխաներ ունենա, բայց և անպայման պետք է զբաղվի սիրած գործով:
– Ամուսնությունը միայն մի բան է փոխում` այլևս քեզ համար ազատ ժամանակ չես ունենում: Սկզբնական շրջանում դա, իհարկե, դժվար էր: Շատ բաներից ես հրաժարվում, օրինակ` փառատոներից և այլն… Հետո էլ ասում ես` հա, ոչինչ, ի՞նչ անենք:
Նա բոլոր աղջիկներին խորհուրդ է տալիս ամուսնանալ` հիշեցնելով տատի խոսքը.
– Տատիկս էր ասում` չամուսնացած աղջիկը նման է անհոտ ծաղկի: Տես, ծաղիկ է, բայց` անհոտ: Բոլոր ուսանողուհիներիս հենց առաջին դասին եմ ասում, որ պետք է ամուսնանան, իմ օրինակն եմ բերում, որ անձնական կյանքը երբեք չի խանգարում գործին:
Միայն մի բանի համար է ցավում, որ իր երեխաները չգնացին իր ճանապարհով:
ՄԻՄԻԱՅՆ
ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ
– Ինձ համար կարևորը ֆիլմի վրա աշխատելն է, ոչ թե ֆիլմի հետագա փառքը: Ֆիլմեր, որ պետք է երեխաներին գրավեն, դուր գան,- մեր զրուցակիցն այսպես է խոսում իր ստեղծած ֆիլմերի մասին:
Այն հարցին էլ, թե ինչու հենց մանկական, պարզաբանում է.
– Ասել, թե չէի ուզում մեծերի համար որևէ հետաքրքիր, խոհական թեմա վերցնել, չէ, դա սուտ կլինի: Ցանկանում էի “Աբու-Լալա Մահարին” անել: Բայց մի այսպիսի պահ եղավ մեր խմբում. մանկական ֆիլմեր անող չկար:
Նա հիշում է, որ խորհրդային ժամանակներում, օրինակ, բոլոր ստուդիաներն էլ մանկական ֆիլմեր անում էին: Հիմնականում բարի ֆիլմեր էին, որոնք երեխաներին լավ բաներ էին սովորեցնում: Այս սկզբունքով է հենց առաջնորդվում Գայանե Մարտիրոսյանը:
– Երեխային չպետք է ցույց տալ դաժանություն` մասնատված մարմին կամ այլ բան:
Դաժան խաղերն ու մուլտֆիլմերն ազդում են երեխայի հոգեբանության վրա:
Այն հարցին, թե դժվա՞ր է երեխաների համար ֆիլմ նկարահանելը, պատասխանում է.
– Իհարկե, ավելի դժվար է, քանի որ անհարմար ես զգում խաբել երեխային: Այսինքն` եթե սուտ-մուտ մի բան անես, ասես` կանցնի կգնա, չի կարելի, աններելի է: Երեխան դա զգում է, գուցե բան չասի, բայց դուրը չի գա, ու էլ երկրորդ անգամ հաստատ չի նայի: Պետք է մի բան լինի, որ նրան հետաքրքրի:
Սկզբնական շրջանում տիկին Գայանեն ուրիշների սցենարների վրա էր աշխատում, բայց ներքուստ զգում էր, որ մի բան այն չէ: Սկսում է ինքը գրել:
– Հենց առաջին գործս իմ սցենարով էր, հիմքը Թումանյանի “Անխելք մարդն” էր: Ու այդ ժամանակ հիշեցի պապիկիս խոսքը` եթե ռեժիսոր ես` կդառնաս, եթե ռեժիսոր չես` չես դառնա:
Իսկ ո՞վ եղավ մուլտֆիլմի առաջին գնահատողը:
– Սովորաբար ֆիլմերիս առաջին գնահատողը հենց ես եմ: Ինձնից լավ ոչ ոք չի կարող գնահատել, որովհետև հեղինակը շատ լավ էլ տեսնում է թե´ իր սխալները, թե´ ստացված հատվածները: Կարևորը նաև երեխաներիս գնահատականն էր, և բոլոր երեխաների:
Սկզբնական շրջանում տիկին Գայանեն իր աղջիկների հետ էր գրում սցենարները, նրանք օգնում էին:
– Երբ կարդում էի սցենարը, նրանք հաճախ հակադարձում էին, թե` չէ, մամ, նման բան չկա, սխալ է: Իսկ երբ հիմա եմ կարդում, ասում են` դու ինքդ գրիր. արդեն մեծ աղջիկներ են դարձել,- ժպտում է տիկին Գայանեն:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Երբ տիկին Գայանեին խնդրեցինք համեմատել իր սերնդին ու այսօրվա ուսանողությանը, ծիծաղեց:
– Վայ, չհամեմատեմ, որովհետև սար ու ձորի տարբերություն է: Այ, միայն առաջին կուրսս էի հավանում: Բոլոր երեխաները փայլուն էին: Եթե հանկարծ երկրորդ հավաքած կուրսս առաջինը լիներ, ես դուրս կգայի: Նրանք ոչ միայն գրականությունից, ոչ միայն մուլտիպլիկացիայից, այլև կինոյից հեռու մարդիկ էին:
Եթե ուսանողի մոտ ցանկություն չկա սովորելու, դու լավ արդյունքի չես կարող հասնել: Երբ հավաքեցի առաջին կուրսը, երեխաների արյունը եռում էր երակներում, ուզում էին էլի սովորել, ակտիվ էին, հարցեր էին տալիս, ի վերջո, ապրում էին իրենց մասնագիտությամբ` ռեժիսուրայով, ու սիրում էին կինոն, թատրոնը, մուլտիպլիկացիան: Նրանք աշխատում էին, մտքեր ունեին, գաղափարներ ունեին, ցանկություն ունեին: Իսկ այսօրվա սերունդը մի քիչ այլ է: Եթե անգամ գաղափարներ էլ ունեն, ապա ծուլանում են այդ գաղափարները իրականացնել: Ես զարմանում եմ ուղղակի: Այս կուրսս էլ է լավը, մի տղա ունեմ, որ մի քիչ ծույլ է, բայց աղջիկները շատ ոգևորված են աշխատում:
ԵՐԲ ԽՈՍՎՈՒՄ Է ԱՅՍՕՐՎԱ ԿԻՆՈՅԻ ՄԱՍԻՆ
– Կոնկրետ այսօրվա կինոյի մասին շատ բան ասել չեմ կարող, բայց այն, որ մենք գոյատևեցինք, պահպանեցինք կինոն, արդեն դա հնարավորություն է տալիս զարգացնելու այն: Եթե վերանայինք, նորից ստեղծելն անհնարին կլիներ: Այս փաստը շատ կարևոր է,- նշում է տիկին Գայանեն:
Նա բերում է հենց իր օրինակը.
– Տեսեք` երեք տարվա ընթացքում մենք արեցինք մեկ ֆիլմ, մենք գոյատևեցինք: 90-ականներն էին, մութ տարիներ… Առավոտյան ժամը 5.30-ին տնից դուրս էինք գալիս, որ ոտքով հասնենք ստուդիա: Առավոտյան ու երեկոյան երկու ժամ էին լույս տալիս:
8-10-ը նկարում էինք ու ամբողջ օրը սպասում էինք, որ էլի երեկոյան 8-10-ը նկարենք:
Գիշերը 10.30-ին էլ ոտքով տուն էինք գնում: Այդ ժամանակ մենք գումար չէինք էլ վաստակում, հա` ինչ-որ բան ստանում էինք, բայց այդ այն գումարը չէր, որ դրա համար էդպես տանջվեիր: Իսկ այսօր այդ ֆիլմը նայողը չի էլ կռահում, որ նկարահանվել է հենց մութ ու ցուրտ տարիներին: Խոսքը “Տարաշխարհիկների” մասին է:
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ