UNKNOWN_PARAMETER_VALUE (22)Պատերազմը փոխեց բոլորիս կյանքը: Այսօրվա խախուտ, վտանգավոր, հուսառատ խաղաղության համար պարտական ենք ազնիվ, արդար, խիզախ  ու օրինավոր տղերքին: Պարտքի ու մեղավորության այս միտքը հնարավորինս վանում ենք մեր կյանքից ու առօրյայից,  սակայն երբեմն-երբեմն այն այցելում է «հուշիկ ու անզայրագին, անշշուկ, հանդիմանական» (Ջոյս): Ուզում ենք մոռանալ պատերազմն էլ, զինադադարն էլ, բարձունքը մերը դարձրած տղերքին էլ ու ապրել XXI դարի հորդուն, բարեկեցիկ ու քաղաքակիրթ կյանքով: Եվ այդ կյանքում անցյալի պատերազմների մասին իմանանք միայն դպրոցական դասագրքերից: Այս շռայլությունը մեզ տրված չէր, և հիմա ապրում ենք մի երկրում, որտեղ պատերազմը փոխեց բոլորիս կյանքը, որտեղ հրադադարը փխրուն հասկացություն է:

Վերհուշի առիթը  Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի ու խաղաղության օրերից»  կինոպատումն է, որով հեղինակը փորձում է ստանալ պատերազմի անպատասխան հարցերը, բացահայտել պատերազմի «հազար մոմենտները»:

Չորսամյա անմարդկային պատերազմի քաոսից վավերագրողը (այդ եղբայրության մի մասը)  առանձնացրել է հինգ օրվա կադրեր: Եվ ցույց է տալիս պատերազմն  առանց շպարի. հեռվում ուրվագծվում են թշնամիները, կրակոց է հնչում, զինվորների դեմքերն էլ անճանաչելի են:

Քաջիկը, Ճուտը, Ֆելոն, բուժքույր Անահիտը տեսախցիկի առաջ, մարտից առաջ կամ հետո, խոսում են, պատմում: «Անփորձանք, գլուլլից հեռու,-  մաղթում է բուժքույր Անահիտը հեռացող զինվորներին և խցիկի առջև պատմում ընկերուհիների մասին:-  Ջեմման վիրավորվեց, Գայանը մահացավ, Լյուսյան մահացավ»: Հետո նրան տեսնում ենք խաղաղ կյանքում, թոռանը գրկին, բայց կրկին զինվորական ծառայության մեջ. «Ում որ բուժում էի տալի, երանի էլ դրա կարիքը չլինի»:

Ֆելոն մարտի դաշտից երեխաներին խրատում է. «Մամային լսող կլինեք»:

Վեդեցի Ֆելոն` խիզախ մաղթանքների հեղինակը, խաղաղ կյանքում բաժանվել է կնոջից, և Վարդանի տեսախցիկը նրան գտնում է Տոնաշենի դիրքերում. «Ես հըլը որ կամ, մեր հասանելիք հողերի պայքարը շարունակում եմ: Ի՞նչ է պատերազմը… Միայն չարիք: Էն ժամանակ ես մի հավ էլ մորթել չէի կարա: Հետո եմ վառոդի հոտը զգացել: Թուրք հարևան ունեի, աշխատանքային ընկեր, խտրականություն չէինք դնում: Չէի հավատում, որ կարող ա իմ դեմ դուրս գա: էս դարում պատերազմ … անհնարին մի բան: Պատերազմը տեղափոխվել էր իմ հայրենիք»: Իր մասին չի ուզում խոսել. «Դարդերս մի քանդի»:

Խաղաղ կյանքում Քաջիկին առաջին անգամ տեսնում ենք  հոգեբուժարանում: Բժշկի բացատրությամբ` “դյուրագրգիռ է, ագրեսիվ, լսողական ցնորքներ ունի”: Քաջիկը բժշկական ախտորոշմանը համաձայն չէ. «Ես գիժ չեմ, պատերազմի հաշմանդամ եմ»:

«Պատմություններ…»  ֆիլմում զուգահեռ երկու հավաք ենք տեսնում` պատերազմի և խաղաղության օրերի:  Պատերազմի դադարներին բեռնատարից իջեցվող բուրող մատնաքաշերով, տուշոնկայով, պղնձե գավաթներով հացի նստած, մգդակած վերնազգեստով տղերքին տեսնում ենք նաև խաղաղության մեջ:

11 տարի անց իրար գտել են, հավաքվել Արարատյան դաշտում, միայնակ հսկա ծառի տակ, Մասիսների նկարեն պատկերի առաջ օղի խմում ու խորոված են ուտում և վերհիշում այն  օրերը, որոնք  Աստված չանի` շարունակություն ունենան:

Հիվանդությունը հաղթահարած Քաջիկը, խորամանկ ժպիտով, ոսկե ատամը փայլեցնելով, տեղի է տալիս եղբայրության խնդրանքին ու պատմում իր մեռնելու պատմությունը: Երբ իր մահվան լուրն են տնեցիք առել, անգամ պատրաստություն տեսել, ինքը գիշերով տան դուռն է թակել` երկու շան թուլա գրկած. “Աʹյ մամա, աʹյ պապա, դուռը բացեք, ես մեռած չեմ, երեխուն նվեր եմ բերել”:

Կարելի է հայացքը թեքել, չնայել, քանի որ ֆիլմում պատկերված է ոչ թե նկարված, այլ իրական զոհ: Բայց դրանից ոչինչ չի փոխվի Լեռնիկի համար: Նրա կյանքն ավարտվեց այստեղ, տիեզերքի այս մասում, աշնանային բացատի անհամատեղելիորեն գեղեցիկ, կարմիր խաշամի մեջ, ուսուցիչ Արմոյի լայնացած աչքերի և լռության առաջ. «Լեռնիկը մահացել է»:

Մաթեմատիկայի ուսուցիչ Արմոն զոհվել է 1994 թ., և 10 տարի անց դեռևս լացող կինը ցույց է տալիս տղայի հարսանիքի նկարը: Արմոն արդեն առաջին թոռն ունի, և երեք տարի իր երեխային չտեսած մայրը թոռնիկին ու տղային այցի է գնալու:

Նրանք սովորական մարդիկ են, որոնց պատերազմի դաշտ էր տարել «մի բուռ հողի համար վախը»: Կորցնելու վախը: Պատերազմը նրանց հետ է գցել. «Դժվար էր տեղավորվելը: Հետ ենք ընկել կյանքից, ամեն ինչով` խանութ դնել, հողեր վերցնել: Փողը հետաքրքիր չի»:

Մարտադաշտի 19-ամյա խիզախ, դիրքեր գրավող Ճուտին` Արսենին, Վարդան Հովհաննիսյանի տեսախցիկը գտնում է բանտում` «վեց ամիս կանեփի համար»:

Արսենի հետ հաջորդ հանդիպումը մեքենայի մեջ է` կնոջն է տանում ծննդատուն ու վերհիշում. «Էնքա¯ն զոհեր ենք տվել… Ինչ ասես տեսել ենք: Փոքր էի տարիքով, շատ բան չէի հասկանում: Ինձ թվում է` Աստված ինձ պատժում է: Հա, գոհ ենք, որ ապրում ենք, կանք: Չորս պատի մասին եմ երազում, վաստակեմ, ընկերներիս հյուրասիրեմ: Պետք ա գնահատենք խաղաղությունը»: Արսենը ծնված տղային զոհված ընկերոջ` Գրիգորի անունն է տալիս, որ ֆիզիկապես էլ իր հետ լինի:

Վարդան Հովհաննիսյանն արթնացրեց մեր հիշողությունը առանց խոսքի, սովորական մարդկանց անզարդ պատմությունների միջոցով: Արժանապատիվ ապրելու համար նրանց շատ քիչ բան է պետք: Հավատանք Ջեյմս Ջոյսին. ,Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը, անկախ դավանանքից ու դասակարգից, համամասնաբար ունենա մի սիրունիկ մարդկային եկամուտ` քչություն չանող: Դա է կենսական խնդիրը, որը միանգամայն իրագործելի է և կնպաստի  «մարդը մարդուն բարեկամ է» սկզբունքի հաստատմանը: Ես սա եմ համարում հայրենասիրություն»:

Իրագործելի է…

Եվ սա ենք պարտք անանուն զինվորին, հերոսին, մորը, ընտանիքին:

Ընդմիշտ պարտք կմնանք:

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ