Էդգար Բաղդասարյան. «Երբ խիղճ չկա, հարկավոր է ֆիլմ նկարել խղճի մասին»
Երբ փորձեցինք պարզել, թե ինչ փուլում է Էդգար Բաղդասարյանի նոր ֆիլմը, ասաց, որ մինչև հիմա ֆիլմի մասին առհասարակ ոչ մի տեղեկություն չէր տալիս: Եվ այժմ էլ չի կարծում, թե շատ կծավալվի: Ամեն դեպքում հարցականներ այսօր էլ շատ կմնան:
– Դեռ ստեղծման փուլում գտնվող ֆիլմի մասին բոլոր հարցականները հազիվ թե հնարավոր լինի պարզել: Այնուամենայնիվ ի՞նչ կասեք ֆիլմի մասին:
– Ինձ համար կարևոր ֆիլմ է և այն փուլում է, երբ կազմավորվում և սկսում է իրեն ցույց տալ: Չնայած ֆիլմի կեսից ավելին նկարահանված է արդեն, բայց նոր է սկսում իրեն ցույց տալ, նոր է ծնվում, ու այս փուլում լավ կլինի, տեղեկություններ տալով, չխանգարենք. թող ծնվի:
– Ծնունդը բարի լինի, բայց անգամ երեխայի ծննդից առաջ նրա մասին շատ բան է հայտնի` ամենաքիչը նախապես որոշված անունը:
– Չեմ կարծում, թե անվանումը փոխելու կարիք կա: Ոնց սցենարը գրել էի 2005-2006 թթ., այնպես էլ հիմա անունը մնում է` «Ներում»: Չեմ սիրում, երբ ֆիլմի անվանումը շատ բան է բացում, հասկանալի դարձնում. ինտրիգ պիտի լինի:
– Եվ ո՞վ, ումի՞ց, ինչի՞ համար է ներում հայցում:
– Երկու բառով ասեմ. մարդ, որը բիզնեսում հաջողակ է, 11 տարի հետո վերադառնում է` ներողություն խնդրելու 11 մարդուց, որոնց կյանքը կոտրել-փշրել է: Ամբողջ ֆիլմը 11 հանդիպում է` կնոջ, սիրուհու, ընկերոջ և այլ մարդկանց հետ: Իր դաժան վարմունքի համար է ներում հայցում: Իմ տեսանկյունից ներում չի ստանում: Ներում է միայն կենսաբանական որդին, այն էլ` անգիտակցաբար: Ամեն դեպքում, էնպես եմ անում, որ հանդիսատեսը համահեղինակ լինի:
– Եվ ուրեմն ինչի՞ մասին է ֆիլմը:
– Ասեմ շատ պարզ. երբ խիղճ չկա, հարկավոր է ֆիլմ նկարել խղճի մասին, իսկ մեզ մոտ խղճի դեֆիցիտ է: Մեր պետությունն է անխիղճ, և ոչ միայն քաղաքական առումով, ինքներս ենք անխիղճ: Իսկ ինձ համար ազատության միակ օրենսդրությունը հենց խիղճն է: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես ենք ապրում: Այ, երբ խիղճը նորից կլինի գերակա, կստեղծենք այլ զվարճալի ֆիլմեր: Ինքս սիրում եմ լավ, ուրախ, բայց մարդ արթնացնող ֆիլմեր:
– Սցենարում կա՞ն կերպարներ, որոնք միայն ձեր մտահղացման արդյունքը չեն և ունեն իրական նախահիմք: Դուք կերպարային և բուն իմաստով դերակատա՞ր եք:
– Վախենամ` բուն իմաստով էլ լինի դերակատարությունս, ինչը տանել չեմ կարող, բայց ստիպված եմ, քանի որ ֆիլմն ունի մի քանի առանձնահատկություններ և բավականին էքսպերիմենտալ է: Էքսպերիմենտը, մի կողմից, վախենալու է, մյուս կողմից էլ` ինչո՞ւ չէ: Չեմ կարծում, թե չունեմ էքսպերիմենտի իրավունք: Բնավորությունս էլ էդպիսին է: Բացի այդ, պատկանում եմ այն ռեժիսորների շարքին, որոնք ֆուտբոլի դաշտի չափ, բայց մակերեսային փորելու փոխարեն գերադասում են փորել, ասենք, 3 սմ, բայց աշխատում են լավ փորել և խորությամբ: Շատերը սցենարը կարդալիս հարցնում են, թե արդյոք ե՞ս եմ հերոսը: Իհարկե չէ, փառք Աստծո, նման բաներ իմ կյանքում չեմ արել, բայց բոլոր կերպարներում` անգամ կանանց, անգամ հոգեկան հիվանդ երեխայի, ինչ-որ չափով կամ:
– Իսկ որո՞նք են ֆիլմը էքսպերիմենտալ դարձնող առանձնահատկությունները:
– Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ինքս ինձ վրա ջղայնացա ու որոշեցի ինքս ինձ պատժել: Երևի էդպես է, երբ մարդն ինքն իր վրա ջղայնանում է, սկսում է ինքն իրեն պատժել: Ու սկսեցի ազատվել այն արտահայտչամիջոցներից, որոնցից արդեն զզվել եմ: Դրանք թեʹ կինոյի շտամպներն են, թեʹ լեզուն, և այլն, ու փորձեցի մտնել մինիմալիզմի մեջ: Առանձնահատկություններից է այն, որ գլխավոր հերոսին, որի շուրջ է պտտվում ողջ ֆիլմը, այդպես էլ ոչ մի անգամ չենք տեսնում: Սա արդեն մի քիչ տարօրինակ է:
– Ինչո՞ւ չենք տեսնում, և այդ դեպքում նրա ներկայությունն ի՞նչ կերպ է արտահայտվում:
– Ինքս էլ մտածում էի` ինչպես պիտի արտահայտվի: Արտահայտման ձևը տեսախցիկն է, որին լսում, որի աչքերով տեսնում ենք: Երկար մտածում էի` ում առաջարկել գլխավոր դերն ու ասել, որ ֆիլմում այդպես էլ չի երևալու: Կարող էին մտածել, թե վերջնականապես ցնդել եմ կամ առնվազն լավ չեմ հասկանում, թե ինչ եմ անում: Բայց հաստատ էդպես չէ: Ընտրածս լեզուն ու արտահայտչամիջոցները ֆիլմին թելադրելու հնարավորություն տվեցին, ու ես սիրում եմ լսել նրան: Երբ սկսում ենք ֆիլմի նկարահանումը և դեռ հեռու ենք ավարտից, ընտրում եմ մի տեսարան, որը, որպես կանոն, ոʹչ ֆիլմի ավարտն է, ոʹչ էլ սկիզբը, այլ ինչ-որ տեղ միջնամասում է, որից էլ քաշում եմ ողջ ֆիլմը: Այդ ընտրությունը պետք է շատ ճիշտ լինի: Հակառակ դեպքում ֆիլմը լռում է, իսկ ճիշտ ընտրության պարագայում սկսում է հուշել` ինչ է պետք իրեն:
– Եվ հիմա ո՞րն է ֆիլմի հուշումը: Բացի նրանից, որ ընտրեցիք գլխավոր դերակատարին: Ի դեպ, ո՞վ է, և չասացիք, թե ինչու չի երևում:
– Ով է` չասեմ: Ինչո՞ւ չէի ուզում տեսնել: Ուզում էի առավել պարզագույն կառուցվածքի բերել ֆիլմը: Ուզում էի բացահայտել` հնարավո՞ր է արդյոք հանդիսատեսին ապրումակից դարձնել մի մարդու, ով ողջ ֆիլմի ընթացքում չի էլ երևում: Չգիտեմ` կա՞ նման անալոգ, բայց բոլորովին չի հուզում` առաջին անգամ ես եմ արել, թե ոչ: Էն մարդկանցից չեմ, որոնց համար դա շատ կարևոր խնդիր է: Նպատակն այն է, որ դահլիճում նստած յուրաքանչյուր ոք իրեն զգա գլխավոր հերոսի տեղում: Ինձ համար սարսափելի բան է անտարբերությունը: Սիրիր, ատիր, ջղայնացիր ֆիլմի վրա, ինչ ուզում ես արա, բացի անտարբերությունից. անտարբերությունը արվեստի առաջին թշնամին է: Վրդովմունքն էլ շատ լավ ռեակցիա է: Ի վերջո, ապացույց է նրա, որ ասածդ տեղ է հասնում: Ամեն դեպքում էքսպերիմենտն ինքնանպատակ չէ և արդյունք պիտի ունենա, խնդիր լուծի: Ցավոք, ամենից շատ հեղինակային կինոյում են ապուշություններ արվել, և արվելու են, քանի որ լավ, հարմար տեղ է դրա համար: Ինչ հիմարություն կա, ինչ հիմարություն ստեղծել ես, կպցնես ու ասես` ես էսպես եմ մտածել: Մինչդեռ ֆիլմը նկարահանում ենք ինչ-որ ազդեցություն գործելու համար, և կարծում եմ, որ հանդիսատեսի արձագանքը պարտադիր պետք է լինի: Սա է շփման կարևոր ձևերից մեկը: Եթե շփում, կապ չունես հանդիսատեսի հետ, ուրեմն մասնագիտությանդ ընդհանրապես չես տիրապետում:
– Մասնագիտությանը տիրապետելու ձեր հերթական փաստումը «Ներումը» ֆիլմում դերասանական ի՞նչ կազմով կներկայանա, և ինչպիսի՞ն է նրանց հետ աշխատանքը:
– Նկարահանվել են Սերժ Ավետիքյանը, Սամվել Սարգսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Աշոտ Ադամյանը, Արմինե Աբրահամյանը, Ելենա Բորիսենկոն, Մարջան Ավետիսյանը` երիտասարդ ու շատ խոստումնալից դերասանուհի: Շատ ափսոսում եմ, որ սերիալներում է նրա հիմնական զբաղվածությունը: Փաստորեն, դերասանները խաղում են օբյեկտիվի հետ` նայելով ուղղակի դիտողի աչքերի մեջ: Սա էլ ուրիշ դժվարություն է բերում, քանի որ հիմա կապիկությունով, ծամածռությամբ խաղացող դերասանները շատ են: Բերանը աջ են ծռում` մի կերպար է, ծռում են ձախ` ու իրենց թվում է` մյուս կերպարն է: Պարզվեց, որ դերասանների ընտրությունն ամենաբարդ խնդիրներից էր, էլ չեմ ասում պլանների տևողությունը` 5-7 րոպե, այն էլ առանց խաղընկերոջ, որքան էլ ես տեսախցիկի հետևից ռեպլիկը տալիս եմ: Հետո պարզվեց, որ խնդիրը լուծվում է, ու նյարդերս տեղն ընկան, երբ պարզ դարձավ, որ չերևացող կերպարին ամբողջովին տեսնում եմ: Էնպես որ մտավախություններս բավականի¯ն, բավականի¯ն պակասել են:
– Իսկ մնացած մտավախություններն ինչի՞ առնչությամբ են:
– Հիմա մի փոքր տարակուսանքի մեջ եմ, որովհետև ֆիլմը մի քիչ ավելի երկար է ստացվում, քան նախատեսել էի: Հետո ինձ հանգստացրին, թե մարդ, որը նման ֆիլմ չի նայում, տասը րոպեանոց էլ անես` չի նայի, իսկ նայողը երկժամյան էլ կնայի: Մի քիչ հանգստացա, բայց, անշուշտ, միտքս աշխատում է կրճատելու ուղղությամբ, մտածում եմ` ոնց մորթել սեփական ֆիլմը. դեռ շատ դժվար է, քանի որ պլանները երկար են: Պատկերացրեք, տեսարան կա, որ դերասանը խաղացել է 20 րոպե, ու չես կարող կրճատել:
– «Ներումը» ե՞րբ էկրան կբարձրանա:
– Եկող տարի ու կպատմի խղճի մասին:
Զրուցեց Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ