alanԱմերիկահայ կոմպոզիտոր և դաշնակահար Ալան Ռուբիկն ավելի քան 10 ձայնասկավառակի հեղինակ է: Մեղմ ջազ-փոփ ուղղվածության նրա ստեղծագործությունները հեռարձակվել են տարբեր երկրների հեռուստաալիքներով և հատկապես մեծ հաջողությամբ ընդունվել Չինաստանում, Սինգապուրում և Ճապոնիայում: Կոմպոզիտորի ստեղծագործությունների մի մասը տեղ է գտել Ճապոնիայի ազգային արխիվում: Դեկտեմբերի 5-ին լույս տեսավ նրա նոր ձայնասկավառակը` Classical piano favorites, որում Ալան Ռուբիկը ներկայանում է որպես դաշնակահար` ունկնդրին մատուցելով դասական հեղինակների ստեղծագործությունների գեղեցիկ փունջ: Սա շարքի առաջին ձայնասկավառակն է, որին հաջորդելու են սիրված ջազ, փոփ ստեղծագործություններ և ֆիլմերի համար գրված գործեր, որոնք հիթեր են դարձել:
Ալան Ռուբիկը սիրով պատասխանեց մեր հարցերին:

– Հարգարժան Ալան, եթե չեմ սխալվում, աշխատել եք կինոյի ոլորտի հայտնի դեմքերի հետ ու երաժշտություն գրել ֆիլմի համար: Խնդրում եմ` մի փոքր մանրամասնեք:

– Այո, բարեբախտություն եմ ունեցել աշխատելու հայտնի և տաղանդավոր երաժիշտների հետ, որոնք համագործակցում են հանրաճանաչ աստղերի հետ և ֆիլմերի ու հեռուստահաղորդումների ստեղծման մասնակից են: Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր, երբ 2009 թ. ամերիկահայ մեծանուն կինովավերագրող, դոկտոր Մայքլ Հակոբյանն ինձ հրավիրեց երաժշտություն գրել իր «Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը» ֆիլմի համար: Ինձ համար` որպես կոմպոզիտորի, դա ոչ միայն հրաշալի հնարավորություն էր, այլև հայորդու հոգու պարտք, ում նախնիները, եղեռնից մազապուրծ, հանգրվանել են օտար ափերում: Նշեմ, որ Մ. Հակոբյանի` ցեղասպանությանը նվիրված ֆիլմաշարը հեղինակավոր կինոփառատոներում արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվումª Ռոուդ Այլենդի միջազգային փառատոնում: Ֆիլմն առաջին տեղն է գրավել և հատուկ մրցանակի արժանացել Պրահայում կայացած «Մարդու իրավունքների մեկ աշխարհ»  «Աթենք-Օհայո» միջազգային կինոփառատոներում:

– Ողջ աշխարհում կինոյի ոլորտ թափանցելը կապված է զանազան պայմանականությունների հետ, ի՞նչն է ձեզ խանգարում կարիերա անել կինոերաժշտության ոլորտում:

– Մինչ դոկտոր Հակոբյանի հետ աշխատելը քիչ էի հետաքրքրված ֆիլմերի երաժշտություն գրելով, սակայն առաջին փորձն այնքան գրավիչ էր, որ հաճույքով կաշխատեմ այլ ֆիլմերի համար: Ցավոք, ամերիկյան կինոարտադրությունն այնքան էլ բարեհաճ չէ «նոր» կոմպոզիտորների հանդեպ, ավելին` հայտնի ռեժիսորները նախընտրում են աշխատել միշտ նույն` իրենց ծանոթ կոմպոզիտորների հետ: Այնպես որ հեշտ չէ այդ բնագավառ մուտք գործելը:

– Կինոյում ամեն դետալը կարևոր է, իսկ երաժշտությունը հաճախ դերակատարներից խոսուն է: Ինչպե՞ս կգնահատեք հոլիվուդյան ֆիլմերում հնչող երաժշտությունը:

– 1999 թ. երբ նոր էի սկսում կոմպոզիտորի իմ կարիերան, հրավիրված էի մի ճաշկերույթի, որին ներկա էին հանրաճանաչ դերասաններ և կոմպոզիտորներ: Նրանցից մեկը` լեգենդար դերասան և «Օսկարի» դափնեկիր Չարլթըն Հեսթոնն ասաց, որ ֆիլմում երաժշտությունը նույնքան կարևոր է, որքան դերասանի խաղը: Իր ասածն ապացուցելու համար նա նախ մի դրվագ ցուցադրեց իր «Ben Hur» (1959 թ.) ֆիլմից առանց երաժշտության, ապա` երաժշտությամբ: Օրինակն այնքան ազդեցիկ էր, որ այդ օրվանից միշտ ուշադրություն եմ դարձնում ֆիլմերում հնչող երաժշտությանը, որը կարող է շատ հզոր գործոն լինել նկարի հաջողության համար: Սովորաբար մեծ բյուջե ունեցող ամերիկյան ֆիլմերը բարձրորակ երաժշտություն են ունենում, ինչը չես կարող ասել հեռուստատեսային ֆիլմերի պարագայում: Ախր այնքան շնորհալի կոմպոզիտորներ կան, որ շատ ավելի լավ գործ կարող են անել, եթե ստեղծագործելու հնարավորություն տրվի:

– Ինչքան գիտեմ` մեծ հաջողություն ունեն բուժական նպատակներով գրված Ձեր ստեղծագործությունները և թողարկած ձայնասկավառակները:

– Այո, ճապոնացի հայտնի գիտնական Մասարու Էմոտոյի հետ համագործակցությամբ ստեղծված ձայնասկավառակների իմ շարքը, որ կոչվում է Music for your health, նախատեսված է հիմնականում ճապոնական շուկայի համար: Դոկտոր Էմոտոյի հետազոտություններն ու գրքերը` թարգմանված աշխարհի 30 լեզուներով, ապացուցել են երաժշտության անմիջական բարերար ազդեցությունը առողջության վրա: Դրանք թարգմանվել են միլիոնավոր տպաքանակով, ինչը նպաստել է, որ նոր շուկա բացվի իմ երաժշտության համար ամբողջ աշխարհում:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ