«Քամու մյուս կողմը» Վենետիկում

Վենետիկի 75-րդ  միջազգային փառատոնում կցուցադրեն Օրսոն Ուելսի ֆիլմը, որ վերջապես ավարտել են Պիտեր Բոգդանովիչը և NETFLIX-ը: Եվ , թե ինչո՞ւ այդ սեանսը կդառնա կինոմոդեռնիզմի պատմության մաս:

«Դա ամենավայրենիի պատմությունն է, որ երբևէ ես հորինել եմ»,- ասում է Օրսոն Ուելսը Պիտեր Բոգդանովիչին տված հարցազրույցի ժամանակ մոտավորապես 1970 թվականին: Սցենարը, որի մասին նա խոսում է, կոչվում էր «Քամու մյուս կողմը», գլխավոր հերոսը ծերացող ռեժիսոր է` «Ջոն Ֆորդը, Ջոն Հյուստոնի և Հեմինգուեյի էլեմենտներով»: Դա սյուժեի առաջին տարբերակը չէր. նախապես, այդ խոսակցությունից 15 տարի առաջ, այն կոչվում էր «Սուրբ կենդանիներ», և խոսքն այնտեղ ամերիկացի վիպագրի մասին էր, որն ապրում է Իսպանիայում և սիրահարվում ցլամարտիկին, սակայն Հեմինգուեյի ինքնասպանությունից հետո կերպարը վերամշակվեց: Մտահղացումը իսկական արկածախնդրություն էր թվում: Ուելսին Հոլդիվուդում վաղուց արդեն թույլ չէին տալիս նկարել նույնիսկ Շեքսպիրի էկրանավորումներ, էլ ինչ ասես արդեն «ամենավայրենի պատմության մասին»: Արկածախնդրություն էլ եղավ. որպեսզի բանը հասնի պրեմիերայի, պահանջվեց գրեթե հիսուն տարի:

detailed_pictureԿյանքի վերջում Ուելսը հիշում էր, որ իր միակ իսկական պրեմիերան, լիմուզիններով և ուղեգորգով, այդպես էլ մնաց «Քաղաքացի Քեյնը»: Ռեժիսորի միայն մեկ ֆիլմն է Ամերիկայում կոմերցիոն հաջողություն ունեցել («Օտարերկրացին», 1946), բոլոր մյուսների դեպքում պրոդյուսերները փողեր էին կորցնում և վիճում Ուելսի հետ մոնտաժի պատճառով: «Մակբեթի» հերթական տապալումից հետո նա տեղափոխվեց Եվրոպա և այդ ժամանակից ի վեր Հոլիվուդում նկարեց միայն մեկ կինոնկար՝ «Չարի կնիքը» փոքր բյուջեով: Ուելսի չիրագործված կամ անավարտ նախագծերի թիվը գերազանցում է ավարտունների թիվը. իր կարիերայի մեծ մասը նա անցկացրել է ոչ թե սցենարների վրա կամ նկարահանման հրապարակում աշխատելով, այլ նկարահանումների ֆինանսավորման ապահովման և դերասանական խալտուրաների:

Հենց Ուելսին է պատկանում այն աֆորիզմը, որ ռեժիսորի աշխատաժամանակի միայն 5 տոկոսն է անցնում խցիկի ետևում, իսկ մնացած 95 տոկոսը՝ ներդրողների և պրոդյուսերների հետ բանակցություններում:

Եվրոպայից Ուելսը վերադարձավ Կալիֆորնիա, որպեսզի ֆինանսավորում գտնի տարեց ռեժիսորի մասին կինոնկարի համար, որը եվրոպայից վերադառնում է Կալիֆորնիա, որպեսզի ֆինանսավորում գտնի իր կինոնկարի համար: Հեղինակը պնդում էր, որ ֆիլմը ինքնակենսագրական չէ: Վերադարձը անկարելի էր անվանել պերճաշուք. Variety ինդուստրիալ ամսագիրը նրան անդրադարձավ կարճ հաղորդումով, թե ռեժիսորը իջևանել է Beverly Hills հյուրանոցում և պատրաստվում է կինոնկարի թողարկմանը: Օպերատոր Գարի Գրեվերը, ընթերցելով հաղորդումը, առանց երկար-բարակ մտածելու զանգահարեց հյուրանոց, և Ուելսը անմիջապես նրան կանչեց աշխատելու. չնայած որ Գրեվերը B կատեգորիայի ընդամենը մի քանի ֆիլմ էր արել: Ռեժիսորը այդ քայլը բացատրում էր նրանով, որ Գրեվերը ընդամենը երկրորդ օպերատորը եղավ իր կյանքում, որն ինքն առաջարկեց իրեն համագործակցել (առաջինը Գրեգ Տոլանդն է, որ նկարահանել է «Քաղաքացի Քեյնը»):

Իսկապես, «Քամու մյուս կողմը» ֆիլմի նկարահանումներում անձնական հավատարմությունը ավելի կարևոր եղավ պրոֆեսիոնալ կարողություններից. չէ որ արտադրության բոլոր ասպեկտները, բժուջետային նախահաշիվներից մինչև լույսի տեղաբաշխումը նկարահանման հրապարակում, միևնույն է, լիովին վերահսկում էր մեկ մարդ: After Dark հանդեսը գրում էր, որ երբեմն Ուելսը ինքն էր անգամ դուբլից առաջ չխկացնում «շրխկանով»: Ուելսն ամեն բան ինքն էր հնարում և ընդունակ չէր փոխզիջման (ի տարբերություն և Ֆորդի, և իր ընկեր Հյուստոնի – սրա մասին ավելի ուշ): Ուստի և զարմանալի չէ, որ կյանքի վերջում նա հանգեց հարյուրտոկոսանոց հեղինակային կինոյի. այդպիսին էր և «Ֆ-ն իբրև կեղծիք» էսսեն, որ նա իրականացրել է 1973 թվականին «Մյուս կողմի» նկարահանումների արանքում: Հոլիվուդյան այլ դասականներ աստիճանաբար հեռանում էին բեմից, իսկ Ուելսը իրեն յուրային էր զգում նոր դարաշրջանի իրականության մեջ և նույնիսկ առաջ անցնում նրանից («Ֆ-ն իբրև կեղծիք»-ը, օրինակ, արվել է իբրև ֆիլմ-կոլաժ): «Քամու մյուս կողմ»-ում նկարահանվել են «նոր Հոլիվուդի» միանգամից մի քանի գործիչներ, այդ թվում Պիտեր Բոգդանովիչը և Դենիս Հոպպերը: Բուն պատումը ևս կառուցված էր դեկոնստրուկցիայի սկզբունքով. հետերոգեն նյութը կազմված էր «ֆիլմից ֆիլմում», որ նկարահանում է գլխավոր հերոսը, Ջեյկ Հաննաֆորդը, և 8 ու 16-միլիմետրանոց խրոնիկայից, որ ասես արված է այլ կերպարների կողմից` իր պատվին կազմակերպված երեկույթում:

ուլս2Նկարահանումներն սկսվեցին 1970-ին և շարունակվեցին մոտ վեց տարի, երբեմն-երբեմն ընդհատվելով և վերականգնվելով: Ուելսը կարողանում էր օգտագործել իր կործանարար հմայքը և լեգենդար կարգավիճակը. պատանի կինոսերները և կինեմատոգրաֆիստները պատրաստ էին նրա համար աշխատել անվճար: Նույն կերպ Ջեյք Հաննաֆորդի շուրջ ևս վխտում է երիտասարդ երկերեսանիների ոհմակը՝ ուսանողների, քննադատների, ռեժիսորների, որոնք ըստ սյուժեի գալիս են շնորհավորելու դասականին ծննդյան օրվա կապակցությամբ: (Հիշեցնենք. Ուելսը պնդում էր, որ ֆիլմը ինքնակենսագրական չէ): Մի քանի տարի շարունակ «Մյուս կողմը» հանկարծ կյանքի գլխավոր գործ դարձավ ոչ միայն իր` ռեժիսորի համար, այլև Գրեվերի, ինչպես նաև, օրինակ, պրոդյուսեր Ֆրենկ Մարշալի և Բոգդանովիչի համար: Վերջինս՝ կինոգետ և մոդայիկ բեմադրիչ, Ուելսի հովանավորյալը, «Քամու մյուս կողմ»-ում խաղաց դերերից մեկը (հետո մեկը ևս), ինչպես նաև նկարահանման հրապարակում գրավում էր մի պաշտոն, որ անորոշ ձևով կոչվում էր «կոորդինատոր»: Բոգդանովիչը, որ 1968 թվականին թողարկել էր «Թիրախներ» լիամետրաժ դեբյուտը, աստվածացնում էր Ուելսին դեռ ուսանողական տարիներից, իսկ նա բարեհաճորեն էր ընդունում երիտասարդ գործընկերոջ հիացմունքը. մասնավորապես, ինչ-որ պահի, փաստացի բնակվում էր նրա տանը: Նկարահանման հրապարակում այլ պաշտոններ և դերեր նույնպես բաշխված էին ըստ ծանոթության, երբեմն պատահական:

Նկարահանումների առաջին օրը, 1970 թվականի օգոստոսի 23-ին, նկարահանում էին Բոգդանովիչի և Ջոզեֆ Մակբրայդի երկխոսությունը, որի հետ Ուելսը ծանոթացել էր նախօրեին,- քննադատն այդ ժամանակ աշխատում էր Ուելսի մասին գրքի վրա, իսկ ըստ սյուժեի՝ նա գրում է մեկ ուրիշը, Ջեյք Հաննաֆորդի մասին: («Ֆիլմը ինքնակենսագրական չէ»): Գլխավոր դերակատարման համար հրավիրվել էր Ջոն Հյուստոնը, Հաննաֆորդի նախատիպերից մեկը և Ուելսի հին ընկերը, որին նկարահանել էր «Մոբի Դիկ»-ում և «Կրեմլյան նամակ»-ում: Հյուստոնը համաձայնեց առաջարկությանը, չկարդալով սցենարը, բայց նկարահանումների մասին իմացավ մամուլից. առաջին մի քանի ամիսներին «Քամու մյուս կողմը» նկարահանվում էր առանց գլխավոր հերոսի, ինչը չխանգարեց Ուելսին կիսով չափ նկարահանել մի քանի երկխոսություններ: Հավանաբար, ռեժիսորը հասկանում էր, որ Հյուստոնը Բոգդանովիչ չէ և նրա հետ տեսարանները հարկ կլինի նկարել սեղմ ժամկետներում, երբ ֆիլմը ավելի կայուն ֆինանսավորում կունենա:

«Մենք սկզբունքորեն բյուջե չունեինք,- պատմում էր Գերի Գրեվերը ավելի ուշ:- Մենք պարզապես սկսեցինք նկարել»: Ուելսը արտադրությունը ֆինանսավորում էր սեփական միջոցներից և իր ընկերուհու ու զինակցի՝ Օա Կոդարի փողերից, որ «Մյուս կողմում» խաղում է գլխավոր դերերից մեկը: Հասկանալի է, նրանց ռեսուրսները հնարավոր չէր համեմատել կինոստուդիայի ֆինանսական հզորությունների հետ: Նույն Գրեվերը հիշում է, որ խումբը մի քանի անգամ կեղծել էր տարեթիվը Սենչերի-Սիթիում նկարահանումների գրավոր թույլտվության մեջ (նորն ստանալու համար պահանջվում էր տուրք վճարել): MGM ստուդիայում հաջողվեց հարթակ վարձակալել նվազագույն դրույքաչափով, ձևանալով ուսանողանական խումբ Կալիֆորնիայի համալսարանի կինոդպրոցից (Ուելսը թաքնվել էր, երբ նրան տանում էին անցակետով): Չնայած բոլոր խորամանկություններին, փողերը բավականին շուտ սպառվեցին, և դրանից բացի ամերիկյան հարկային ծառայությունը Ուելսի ընկերությանը կասկածեց հարկերը չվճարելու մեջ. արտադրությունը կանգ առավ: Հաջորդ երեք տարիներին «Քամու մյուս կողմ»-ի հեղինակը փող էր աշխատում դերակատարմամբ կինոյում, սերիալներում և գովազդում: Նկարահանումները վերսկսվեցին միայն 1974 թվականի սկզբին: Ուելսին հաջողվեց ներդրողներ գտնել ի դեմս իրանական թագավորական տան: Astrophore ստուդիան, որ գլխավորում էր շահի ազգականը, ֆիլմում ներդրեց 150 հազար դոլար (այլ տվյալներով՝ 350 հազար), և նույնքան գումար էլ խոստացավ իսպանացի երիտասարդ մի պրոդյուսեր, որին Ուելսը հանդիպել էր «Գանձերի կղզու» նկարահանումների ժամանակ:

Նկարահանումների երկրորդ փուլը անցավ Արիզոնայում, որտեղ Ուելսը տուն էր վարձել: Տանտերերին նա ասել էր, որ առանձնության մեջ գրելու է հուշեր, և անմիջապես էլ կացարանը վերածեց նկարահանման հրապարակի: Խմբին վերջապես միացավ Հյուստոնը, որոշ այլ դերեր փոխվեցին (Բոգդանովիչը, որ այդ ընթացքում թողարկել էր ևս երեք հաջող կինոնկարներ, այժմ խաղաց բոլորովին այլ դեր, որ բացահայտորեն հիմնված էր անձամբ իր կերպարի վրա): Փողերը դարձյալ անսպասելիորեն սպառվեցին. Ուելսը հավաստիացնում էր, որ իսպանացի պրոդյուսերը ոչ միայն չկատարեց խոստացված ներդրումները, այլև խաբեությամբ յուրացրեց նրանց մի մասը, որ ներդրել էին իրանցիները: Բանը չհասավ դատարան, և հարցազրույցում այդ մարդու անունը չեն տալիս, բայց կողմնակի նշաններից կարելի է որոշել, որ դա Անդրես Վիսենտե Գոմեսն է, Ալմոդովարի, Սաուրայի և Տրուեբայի պրոդյուսերը, որ 1992-ին «Օսկար» ստացավ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար (Գոմեսը ժխտում է բոլոր մեղադրանքները):

Այդուհանդերձ 1974 թվականի վերջին Ուելսը մեկնեց Հռոմ մոնտաժելու: «Քամու մյուս կողմ»-ից հատվածներ առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվեցին 1975 թվականի փետրվարին Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտում Ուելսի մեծարման ժամանակ, երբ նրան հանձնեցին մրցանակ կարիերային ծառայությունների համար: Երեկոյին ներկա էր 1200 մարդ հոլիվուդյան ընտրախավից, բայց փող ֆիլմն ավարտելու համար արարողությունից հետո ոչ ոք չառաջարկեց, թեև շնորհակալական խոսքում Ուելսը եռանդուն ակնարկում էր դրա մասին:

ուլ1Ուելսն ապրեց ևս տասը տարի, բայց ավարտին հասցնել իր ֆիլմը այդպես էլ նրան չհաջողվեց, թեև մոնտաժը և հավելյալ նկարահանումները որոշ ժամանակ դեռ շարունակվում էին: Ընդամենը նա հասցրեց մոնտաժել մոտ քառասուն րոպե: Այնուհետև փոխվեց իրանական ընկերության ղեկավարությունը, և նոր առաջնորդները շահագրգռված չէին համագործակցելու: Դրանից բացի, 1979 թվականին տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունը և եվրոպական կրթությամբ Մեհդի Բուշերիի փոխարեն, որ գլխավորում էր Astrophore-ը, Ուելսի ֆիլմի իրավունքները հայտնվեցին կրոնական աստիճանավորների տնօրինության տակ: Սրանց, մի կողմից, այն հարկավոր չէր, մյուս կողմից՝ բռնագրաված սեփականությունը նրանք չէին պատրաստվում հանձնել: Սկսվեցին դատավարություններ, և «Քամու մյուս կողմ»-ի նյութերը հայտնվեցին փարիզյան սեյֆում արգելափակված:

Ուելսի մահը 1985 թվականին վերջնականապես խճճեց իրավունքների հետ կապված իրավիճակը: Ռեժիսորը թողել էր բարդ կազմված կտակ, որտեղ ժառանգության նշանակալի մասը հանձնվել էր իր նախկին կնոջը՝ Պաոլա Մորիին, բայց անավարտ նախագծերի իրավունքները, վերջին կամքի համաձայն, պատկանում էին Օա Կոդարին: Մեկ տարի անց մահացավ Մորին, և Ուելսի և նրա դուստր Բեատրիսը հայտարարեց հոր մտավոր սեփականության հանդեպ իր իրավունքների մասին, վկայակոչելով Կալիֆորնիայի նահանգի համապատասխան օրենքները: Այն, որ Կոդարը և Բեատրիս Ուելսը բացահայտ թշնամացած էին մեկը մյուսին, գործին չօգնեց: Երբ 1998 թվականին իրանցիները վերջապես զիջեցին, հենց ռեժիսորի դուստրն էր, որ կասեցրեց հետագա աշխատանքը, միաժամանակ նաև Ուելսի որոշ այլ աշխատանքների վերաթողարկումը, ինչպիսին են «Չարի կնիքները» և «Օթելլոն»: Կողմերին հաջողվեց համաձայնության գալ միայն 2007 թվականին, հետո ևս մեկ համաձայնության՝ ճշտված պայմաններով՝ 2014-ին: Բեատրիս Ուելսը պայմանավորվածությունների շրջանակում որոշ գումար ստացավ (ճշգրիտ թվերը չեն հրապարակվում):

Անգամ այն բանից հետո, երբ լուծված էին իրավաբանական խնդիրները, ֆինանսականները ոչ մի տեղ չանհետացան: Հիշելով, թե ինչքան արագ Հեսուս Ֆրանկոն հավաքեց Ուելսի անավարտ «Դոն Կիխոտի» մոնտաժը և թողարկեց ռեժիսորի անունով, Կոդարը ցանկանում էր վստահ լինել, որ «Քամու մյուս կողմը» կավարտվի բարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Որոշ ժամանակ գոյություն ուներ անգամ կրաուդֆանդինգային ընկերություն ֆիլմի ետարտադրական միջոցների հավաքագրման համար (պրոդյուսերները համաձայն էին վճարել գնացուցակի կեսը), սակայն, ապշեցուցիչ բան, մեկ միլիոն դոլարից հաջողվեց հավաքել միայն 400 հազարը:

Այստեղ կարելի է կինոինդուստրիային շատ հարցեր տալ, որը հինգ-տասը միլիոն գտնում է «Սանդենսի» մրցույթի տասնհինգ ֆիլմերից յուրաքանչյուրի համար, բայց չի կարողանում երկու միլիոն հայթայթել պատմության մեջ ամերիկացի գլխավոր ռեժիսորի ֆիլմի համար, այնպես որ հարկ է լինում հանգանակություն կազմակերպել: Հետաքրքրական է և այն, որ արդյունքում նախաձեռնությունը իր ձեռքն առավ կինոինդուստրիայի չսիրված կրտսեր եղբայր Netflix-ը: Ստրիմինգային կորպորացիային ոչինչ չէր խանգարում շարունակել սերիալներով և միջին բյուջետային ժանրային կինոյով զբաղվել, սակայն հենց նա ի վերջո սեյֆից հանեց նեգատիվները և Պիտեր Բոգդանովիչին նստեցրեց մոնտաժանոցում:

Այդպես Բոգդանովիչի ողջ կյանքի գործը եղավ ոչ թե իր սեփական, այլ իր ուսուցչի ֆիլմը, որը նրան թողել էր հրահանգներ և կտակել ավարտել «Քամու մյուս կողմը»: Երբեմնի մոդայիկ Բոգդանովիչը վաղուց իջել էր առաջնաբեմից, նոր կինոնկարներ թողարկում էր հազվադեպ, և հետաքրքրությունը նրա հանդեպ բավականին թույլ էր: Իր ամենահաջողված ժապավենները, որ արվել էին հատկապես 1970-ականների սկզբին, նա իր մասին խոսում էր դասական ռեժիսորների անուններով. «Վերջին կինոսեանսը» «իր Ֆորդն» էր, «Ի՞նչ է պատահել, դոկ»-ը՝ «իր Հոուկսը», «Թղթե լուսինը»՝ «իր Ստյորջեսը»: «Իր Ուելսը» այդպես էլ Բոգդանովիչը չունեցավ. թեպետ պատմության մեջ լավագույն ֆիլմ նա անընդհատ անվանում էր «Քաղաքացի Քեյնը»:

Հետաքրքրական է, որ անգամ «Քամու մյուս կողմը» չէր սասանում Կաննի փառատոնի գոռոզամտությունը Netflix-ի հանդեպ. փառատոնային աշխարհի գլխավոր մրցույթը որակազրկում էր նրանց արտադրած ֆիլմերը իբրև հեռուստատեսայիններ: Netflix-ը վրիժառությունից մղված հրաժարվեց Ուելսի պրեմիերայից Կաննում, և հիմա այն կկայանա Վենետիկում:

Անհայտ է, թե ինչ կմտածեր անձամբ ինքը Ուելսը անալոգային և թվային դարաշրջանների այս հակամարտության մասին: Իր վերջին կինոնկարի սյուժեն՝ որոշ իմաստով ծաղր է մեծ հեղինակների հեռացող ժամանակի հանդեպ. Ջեյք Հաննաֆորդի ֆիլմը ֆիլմում հավակնոտ դատարկաբանություն է, զառամյալ հեղինակի մառազմատիկ ստեղծագործություն, խրված անցյալի «մեծ կինոյում»: Ամբողջ մնացյալը՝ կոլաժ մանր պատմություններից, նկարված սիրողական խցիկով Ջեյքի ծննդյան օրը: Հաջորդ օրը հերոսը մեռնում է. «Քամու մյուս կողմը» պետք է դառնար կինոմոդեռնիզմի վերջին մեծ ստեղծագործությունը – և ուրեմն այլևս ինչո՞վ այն կարող էր ավարտվել:

Աղբյուր

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը

 

Դիտվել է 39 անգամ