Մեկնարկում է «Ծիրանի ծառ» IV-րդ միջազգային կիոփառատոնը

41688171_1452201531548905_1673182614137077760_nՍեպտեմբերի 15-20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևանում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ կինոգործիչներ կապրեն և կսնվեն հյուրընկալ գյուղացիների տներում, իսկ Ուջանի դպրոցի դահլիճն ու հրապարակը կդառնան հետաքրքիր կինոցուցադրությունների ու բուռն կինոքննարկումների վայր: Բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում:

Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:

ՓԱՌԱՏՈՆԻ ՆՊԱՏԱԿԸ

«Ծիրանի ծառը» «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպության նախաձեռնությունն է: Նման կինոփառատոնի գաղափարը ծագել է երկրի մշակութային կյանքն ապակենտրոնացնելու ձգտումից, քանի որ գյուղում և փոքր քաղաքներում ապրող բնակչությունը զրկված է համաշխարհային և նույնիսկ հայրենական արվեստի արդի գործընթացներին մասնակից լինելու հնարավորությունից:

ԺՅՈՒՐԻ 2018

Փառատոնի ժյուրին, ինչպես միշտ, բաղկացած է 3 հոգուց, ովքեր գործում են ժողովրդավարական սկզբունքով՝ առանց նախագահի և ձայների հավասար իրավունքով:

Այս տարի «Ծիրանի ծառ» կինոփառատոնի ժյուրիի կազմում են՝

Վիլանդ Շփեկ՝ գերմանացի կինոռեժիսոր, Բեռլինի միջազգային կինոփառատոնի խորհրդատու և «Համայնապատկեր» բաժնի երկարամյա համակարգող (1992-2017թթ.),
Շահրամ Բադախշան Մեհր՝ իրանցի կինոռեժիսոր, 2017թ.-ի «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ծրագրի Գլխավոր մրցանակի դափնեկիր «Հետզհետե» ֆիլմի համար,
Հրանուշ Խառատյան՝ պատմաբան-մարդաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից:

ԲԱՑՈՒՄ 2018

Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ 19:30-ին, Ուջանի Զորավար Անդրանիկի հրապարակում: Բացման ֆիլմը՝ ուկրաինացի ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու «Վահրիճն ու սև քառակուսին» կցուցադրվի նույն հրապարակում ժամը 20:30-ին:
2018 կլրանար հայազգի նկարիչ և կոլաժիստ Վահրիճ Բախչանյանի 80-ամյակը (1938-2009): Խարկովում ծնված Բախչանյանը բազմաթիվ ծաղրանկարներ և գեղանկարներ է ստեղծել Խորհրդային Միությունում, իսկ 1970-ականներին գաղթել է ԱՄՆ: «Վահրիճն ու սև քառակուսին» ֆիլմը խորասուզում է հանդիսատեսին հայազգի արվեստագետի անհեթեթ ու դառը ծիծաղով լի աշխարհը՝ մինչ նրա արվեստաբան ընկերները մտորում են Բախչանյանի կյանքի, առեղծվածի և ռուսական ավանգարդի ակունք համարվող Կազիմիր Մալևիչի հայտնի «Սև քառակուսի» նկարի հետ նրա խորհրդավոր կապի մասին: Սա բազմատարր ֆիլմ է, որտեղ վավերագրական կադրերն ու լուսանկարները միահյուսված են ժամանակակից նկարահանումների և անիմացիայի հետ:

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Այս տարի փառատոնի 2՝ լիամետրաժ և կարճամետրաժ մրցութային ծրագրերում 17 ֆիլմ է ընդգրկված՝ աշխարհի 12 երկրից՝ Ֆրանսիայից՝ Չինաստան, Ռուսաստանից՝ Իրան և այլն: Կարելի ասել՝ այստեղ ներկայացված են վավերագրական կինոյի բոլոր ժանրերը՝ ազգագրական ֆիլմից մինչև կենսագրական, խրոնիկալ-հրապարախոսականից մինչև անիմացիոն, պոետիկից մինչև էքսպերիմենտալ խաղարկային վավերագրություններ:

ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Երևանի «Գյոթե» կենտրոնի հետ համագործակցությամբ կլինի անվանի գերմանացի գրող Թոմաս Մանի երեխաների զարմանալի ճակատագրերի մասին պատմող «Փախուստ դեպի կյանք. Էրիկա և Կլաուս Մաների պատմությունը» ֆիլմի հատուկ ցուցադրությունը՝ հեղինակի՝ անվանի գերմանացի վավերագրող, Բեռլինի կինոփառատոնի համակարգող և այս տարվա ժյուրիի Վիլանդ Շփեկի ներկայությամբ: Վերջինս նաև հատուկ վարպետության դաս կանցկացնի հանդիսատեսի և կինոուսանողների համար:
CineDOC-Tbilisi միջազգային կինոփառատոնի հետ համագործակցության արդյունքում՝ «Ծիրանի ծառի» արտամրցութային ծրագրում տեղ են գտել վերջին տարիների լավագույն ռուսական վավերագրական ֆիլմերից երկուսը՝ «Խարույկներ և աստղեր» և «Տարօրինակ մասնիկներ»:
Կցուցադրվի նաև անցյալ տարվա փառատոնի Ժյուրիի հատուկ մրցանակի դափնեկիր՝ ռումինացի ռեժիսոր Անդրեյ Դասկալեսկուի «Պետրիլա մոլորակը» ֆիլմը: Ցուցադրությունից հետո հեղինակը սիրով կպատասխանի հանդիսատեսի հարցերին:

ԱՇԽԱՏԱՐԱՆ

Փառատոնի շրջանակներում CineDOC-Tbilisi կինոփառատոնի և Caucasian House (Կովկասյան տուն) կազմակերպության հետ համագործակցությամբ կանցկացվի նաև «Ինչպես ցուցադրություններ կազմակերպել մարզերում» հատուկ աշխատարանը հայ և արտասահմանցի մշակութային մենեջերների համար, որը կունենա շուրջ 25 մասնակից, որոնցից 7-ը՝ Հայաստանից: Աշխատարանը վարելու են շվեդական DocLounge կազմակերպության ներկայացուցիչները:

ՓԱԿՈՒՄ 2018

Փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ին, Ուջանի հրապարակում: Ժյուրի կշնորհի երկուական Գլխավոր մրցանակ և Ժյուրիի հատուկ մրցանակ՝ լիամետրաժ և կարճամետրաժ անվանակարգերում: Հատուկ պարգևներ կհանձնեն նաև Ուջանի գյուղապետարանը և «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպությունը:

Լիամետրաժ մրցույթ

Արևոտ գիշեր (Սոսո Դումբաձե/ Լեա Հարթլաուբ, Վրաստան/ Գերմանիա, 2017)
Մետա մարաթոն (Սաիդ Քեշավարզ, Իրան, 2017)
Ժան Ռուշ. արկածախնդիր ռեժիսորը (Լորան Վեդրին, Ֆրանսիա, 2017)
Սա է կյանքը (Վախտանգ Կունցև-Գաբաշվիլի, Վրաստան, 2017)
Ուրիշները (Այշե Պոլաթ, Թուրքիա/ Գերմանիա, 2016)
Ապօրինածինը (Կնուտե Վեսթեր, Շվեդիա/ Նորվեգիա, 2016)
Էկզոտիկա, էրոտիկա, էտսետերա (Էվանգելիա Կրանիոտի, Ֆրանսիա/ Հունաստան, 2015)
Վահրիչն ու սև քառակուսին (Անդրեյ Զագդանսկի, Ուկրաինա, 2014)

Կարճամետրաժ մրցույթ

Ութ պատկեր Նաստյա Սոկոլովայի կյանքից (Ալինա Կոտովա/ Վլադլենա Սանդու, Ռուսաստան, 2018)
Ուսուցիչը (Սեգ Կիրակոսյան, Հայաստան, 2018)

Արթուր Վարդիկյան

Դիտվել է 31 անգամ