«ԴԵԴԵ»-ի հաղթարշավը և ավանդույթի գերող ուժը

Այս տարի «Ոսկե ծիրան» 15-րդ ՄԿՓ հաղթողներից մեկը վրացական «Դեդե» կինոնկարն էր, որ արժանացավ Կինոքննադատների և կինոլրագրողների միջազգային ընկերակցության`FIPRESCI-ի մրցանակին: Սա ռեժիսոր Մարիամ Խաչվանիի լիամետրաժ դեբյուտն է և, այս իմաստով, ֆիլմը պարգևի ճշգրիտ հասցեատերն է, քանի որ FIPRESCI-ի առաքելությունը, որպես կանոն, կինոյի աշխարհում նոր շնորհալի անուններ հայտնաբերելն է: Հավելենք, որ մինչ այդ կինոնկարն արդեն նկատվել և արժանացել էր Կարլովի Վարիի (Չեխիա) ՄԿՓ հատուկ մրցանակին, լեհական Tofifest, ֆրանսիական Cinemed փառատոների մրցանակներին, նաև առաջադրվել է Asia Pacific Screen Awards (APSA) մրցանակի, որն անվանում են «Ասիական Օսկար», նաև` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին «Մշակութային բազմազանություն» անվանակարգում: Այս վերջինը թերևս լույս է սփռում բավական պարզունակ սյուժե ունեցող այս ֆիլմի շարունակական հաղթարշավի համար օբյեկտիվ հիմք հանդիսացող մի շարք արժանիքներից և պատճառներից թերևս ամենաէականի վրա: Եվ այդ ամենի մասին հարկավոր է խոսել հանգամանորեն, քանզի դա կարող է օգտակար լինել կինոյի մեր նոր սերնդի համար:

MariamKhatchvani01-600x450

Ռեժիսորի և նրա ծննդավայրի մասին

Ուշգուլի. գյուղ Վերին Սվանետիում, Վրաստանի ամենաինքնատիպ ազգություններից մեկի` սվանների պատմական երկրամասում: Քաղաքակրթությունից հեռու, Կովկասի բարձր լեռների գրկում ծվարած մի աշխարհ, որ հայտնի է իր հարյուրավոր երկնամերձ միջնադարյան աշտարակներով, որոնք եթե վեր խոյանային պերճաշուք ճարտարապետական կոթողների կողքին, այլ ոչ թե գեղջկական խղճուկ տների արանքում, ապա կարելի կլիներ կոչել «միջնադարյան Մանհեթըն», ինչպես որ անվանում են իտալական Սան Ջիմինյանոն… Սակայն միևնույն է, մոտ տասնմեկ դար առաջ սվանների կողմից ինքնապաշտպանական նպատակներով կառուցված բնակելի այդ աշտարակները, չնայած միջավայրի խեղճությանը, վեհաշուք են իրենց անառիկությամբ, նաև նմանությամբ` իրենց ծնած խրոխտ լեռնագագաթներին: Այս շահեկան կինեմատոգրաֆիկ բնապատկերով էլ սկսվում է Մարիամ Խաչվանիի ֆիլմը, ով ծագումով այդ տեղանքից է: Նշենք, որ ֆիլմի օպերատոր Մինդիա Էսաձեի (ռեժիսոր Ռեզո Էսաձեի որդին է) գերազանց աշխատանքի շնորհիվ է նաև պատկերվող պատմությունը ներկայանում իբրև գողտրիկ, գրեթե հեքիաթային երանելի աշխարհ: Իրականում, ինչպես և բազապարզում է ֆիլմը, սվանների համայնքը բավական ներփակ մի աշխարհ է, ուր գործում են ուրույն օրենքներ` կաշկանդված դարավոր ավանդույթներով, մշակույթ և սովորույթներ` թելադրված տեղի բնակչության գոյապայմանների հետ կապված առանձնահատկություններով: Այդպես օրինակ, աշխարհի այդ ամենաբարձրադիր բնակավայրերից մեկում տարվա կեսից ավելի տևող ձմեռները չէին կարող ազդեցություն չունենալ մարդկանց հոգեկերտվածքի և ապրելակերպի վրա: Նույնը պետք է ասել նաև վիճակագրության մասին:

Բանն այն է, որ անցյալ դարասկզբին և այդուհետ տևական ժամանակ Սվանետիում գերազանցապես տղաներ էին ծնվում (70%), ինչը բերել էր մի ավանդույթի ձևավորման, երբ երիտասարդ տղամարդիկ հաճախ ստիպված էին լինում ամուսնանալ այրի կանանց հետ, որոնցից իրենց մահացած ամուսինների ընտանիքները խլում էին երեխաներին, դրանով թույլ չտալով, որ իրենց ժառանգը մեծանա և դաստիարակվի ուրիշ ընտանիքում: Ֆիլմի հեղինակի տատը եղել է այս բավական անողոք ավանդույթի համաձայն մորից խլված բազմաթիվ երեխաներից մեկը… Բացի այդ, կար նաև մեկ այլ կոշտ լեռնային ավանդույթ. եթե հանկարծ այրին մերժում էր իր ձեռքը խնդրողին, ապա արյուն էր թափվում: Ճիշտ է, մեր օրերում արդեն երեխային մորից չեն խլում, բայց բռնի ամուսնության ավանդույթը դեռևս պահպանվում է: Այս բոլոր խնդիրներն են ընկած ֆիլմի հիմքում: Իբրև կինոռեժիսոր Մարիամ Խաչվանին գերադասում է, որ ֆիլմն ստեղծված լինի իրական դեպքերի հիման վրա, որոնք վերարտադրելիս նա մեծ ուշադրություն է դարձնում հերոսների ապրումների պատկերման խորությանը, աշխատում է, որպեսզի հանդիսատեսը նույն հույզերն ունենա, որ ինքն է ունեցել տատիկին լսելիս: Բեմադրելիս վավերագրորեն ճշգրիտ լինելու նրա ձգտումն ակնհայտ է, և պատահական չէ, որ վերջինիս առաջին աշխատանքը` «Դինոլա» խաղարկային կարճամետրաժը շատերին վավերագրական կինոնկար է թվացել:

«Դեդե». պարզունակ, բայց առինքնող պատմություն

Երկու մարտական ընկեր` Դավիթը և Գեգին վերադառնում են ինչ-որ պատերազմից (ամենայն հավանականությամբ, երկրում 1990-ականներին տեղի ունեցած), որի ժամանակ Գեգին փրկել է Դավիթի կյանքը: Ֆիլմի առաջին տեսարանում հերոսները հայտնվում են ձիերի վրա նստած, ինչը կերպարներից յուրաքանչյուրի մեջ միավորում է միաժամանակ երկու կաղապար. առաջինը կինոէկրանին վաղուց հաստատված կովբոյի կերպարն է, որն ունի էպիկական կերտվածք` իրեն բնորոշ պարզ, միամիտ ու ազնիվ բնավորությամբ և, որի համար ձին ավանդաբար անկախություն է խորհրդանշում, իսկ երկրորդն արդեն ժամանակակից վրացական կինոյում առավել հաճախ հանդիպող ձիավորի կերպարն է, որ նպատակ ունի էկրանին ներկայացնելու կովկասյան ջիգիթի ուրույն վարքագիծն ու «օրենսգիրքը»:

Այդպես, գյուղում հարսանիքի պատրաստություն է: Դինային մեծացրել են տատն ու պապը: Վերջինս թոռնուհուն վաղուց խոստացել է Դավիթին և հոգ չի տանում, որ աղջիկը նրան չի սիրում և դիմադրում է պապի որոշմանը: Իսկ պապի համոզմամբ, խոսքը դրժելն անպատվություն կլինի, ինչը կհանգեցնի արյունահեղության: Արյուն իսկապես հեղվում է, բայց այլ շրջադարձի ոլորաններին: Որտեղ կա ամուսնություն առանց սիրո, այնտեղ կարող է անսպասելի, արգելված սեր ծնվել… Մի խոսքով, դեպքերը զարգանում են այնպես, որ հանգուցալուծումը միայն ողբերգական կարող է լինել. երբ Գեգին իմանում է, որ իրեն դուր եկած աղջիկն ընկերոջ հարսնացուն է, որոշում է անմիջապես հեռանալ, թեև զգացմունքի թրթիռներն անպատասխան չեն: Բայց աննկատ գնալ չի հաջողվում, և կրակոտ խառնվածք ունեցող Դավիթը պահանջում է, որ ընկերը բացատրություն տա, պնդում է, որ ինքը պիտի իմանա հեռանալու պատճառը: Նույն կերպ, ձիերին հեծած, հրացաններն ուսերին, ինչպես որ եկել էին, երիտասարդներն ուրվագծվում են սարերի խորապատկերում: Լսվում է կրակոց: Թվում է, թե Դավիթը սպանեց մի ժամանակ իր կյանքը փրկած Գեգիին, սակայն պարզվում է, նա չսիրված ամուսին և ընկերասպան լինելուն գերադասեց ինքնասպանությունը: Տեղի ունեցածը որոշ իմաստով լույս է սփռում կովկասյան լեռներում ապրող մարդու կենսադրվածքի, կենսափիլիսոփայության և, հատկապես, նրա պատվի զգացումի ընկալման վրա: Գեգին հայտնվում է անելանելի վիճակում: Դատական հետաքննության իրականացման որևէ հնարավորության մասին գաղափար անգամ չունեցող այս մարդկանց աշխարհում այլ օրենքներ են գործում: Դինայի մանկության ընկեր Գիրշելը, ով ընդմիշտ սիրահարված է աղջկան` նա է երկու ընկերների բախման վկան: Շատ տպավորիչ է ծխական եկեղեցու շեմին, համայնքի ծերերի առաջ Սուրբ Գևորգի սրբապատկերի վրա երդման արարողությունը, որը փարատում է կողմերի կասկածները: Քանի որ փաստացի Գեգին չի սպանել Դավիթին, նրան թույլ են տալիս կնության առնել և իր գյուղը տանել Դինային:

4 (1)Ի տարբերություն աղջկա անկաշկանդ, վառվռուն երջանկության, Գեգիի հայացքի մեջ մշտապես բուն դրած թախիծ կա: Նա ասես ոչ մի րոպե չի մոռանում իրենց երջանկության զոհ դարձած ընկերոջը: Ավաղ, նրանց երջանկությունը երկար չի տևում: Գեգիին վրեժխնդրորեն սպանում են, երբ նա, քրոջ առևանգման պատճառով հայտնվում է Դինայի գյուղում` անտեսելով վերջինիս թախանձագին խնդրանքները: Որոշ ժամանակ անց Դինան դարձյալ պետք է պայքար մղի: Իր ձեռքն է խնդրել իրեն դեռևս մանկուց սիրահարված Գիրշելը, բայց վերոհիշյալ ավանդույթի համաձայն, երեք-ամյա տղան պետք է մնա Գեգիի ծնողների տանը:

Գիրշելն առավել քան համբերատար է: Ոչ մի անգամ չի բռնանում Դինայի կամքի վրա, եթե չհաշվենք, որ հակառակ նրա ցանկության է կնության առել… Բայց Դինան անդրդվելի է: Դեռատի կին, որ հանուն իր երջանկության գլուխ էր բարձրացրել ավանդույթի, վայրի բարքերի դեմ, կին, որի պատճառով արդեն երկու տղամարդ է սպանվել, և երրորդն էլ ահա տառապում է իր անպատասխան սիրուց: Սգավոր հագուստից չհրաժարվող Դինան տառապանքի իր պատճառներն ունի, որոնց կենտրոնում հատկապես կարոտն է առ իրենից խլված երեխան: Բայց այս խնդիրն անլուծելի է նույնիսկ այնպիսի մարտնչող, աննկուն բնավորության դեպքում, ինչպիսին Դինան է:

Ֆիլմում չկա որևէ մելոդրամատիկ սահմանազատում` ճիշտ և սխալ, «լավ» և «վատ» մարդիկ, չկան մեղավորներ ու անմեղներ: Ամեն ինչի պատճառն ավանդույթն է, որն ամեն ինչից վեր է, իսկ մարդիկ դրա գերին են և զոհը: Թվում էր, թե վրա է հասնելու ողբերգական հանգուցալուծում, բայց այստեղ Մարիամ Խաչվանին առանց վախվորելու երեխայի հիվանդության «արգելված» դրամատուրգիական հնարքն է բանեցնում` դրանով մի լավ տակնուվրա անելով անգամ ամենասառնասիրտ հանդիսատեսի հույզերը: Ինչ վերաբերվում է ֆիլմի դիպաշարին, ապա ամրագրենք, որ մահամերձ երեխայի և նրա մոր առաջ ամենաերդվյալ ավանդապահն անգամ կընկրկի: Երեխային վերջապես իր գիրկն առած Դինան հուսահատ է, գյուղի հեքիմն անգամ ետ է քաշվում: Երեխային կարող է փրկել միայն դեղորայքը: Ասել է, թե` աշխարհից կտրված այս վայրը, ուր կարծես դեռևս ոտք չի դրել քաղաքակրթությունը, կարիք ունի քաղաքակրթության պտուղներից օգտվելու: Այս կերպ, փաստորեն, ֆիլմի հեղինակը փորձում է կողմերի միջև «հաշտեցում» գտնել: Դժվար չէ կռահել, որ խստաշունչ, ձյունածածկ բնօրրանի արահետներում սառչելու վտանգի միջով պատրաստ է անցնել Գիրշելը: Նա, մեծ դժվարությամբ, փոքրիկի համար փրկիչ բալասանը բերում, հասցնում է տեղ: Ճիշտ է, դա հաջողվում է անել ցրտահարվելու գնով, բայց նրան ջերմացնում է Դինայի փարվող «շնորհակալությունը» և երջանիկ համատեղ կյանքի հեռանկարը: Այդպես հեքիաթանման էլ ավարտվում է ֆիլմը:

2 (1)Մարիամ Խաչվանիի «Դեդե» ֆիլմի ոճն առավելապես պայմանավորված է կինոէկրանին անծանոթ, անհայտ մի աշխարհի հայտնությամբ, ուր որոշ իմաստով պահպանվել է նախաստեղծ վիճակը: Եվ դրանով առայժմ կարելի է թերևս արդարացնել կերպարների, բնավորությունների հպանցիկ, ոչ խորացված պատկերումը, երկխոսությունների անկատարությունը: Ստեղծագործողի խնդիրն այլ է եղել: Ավանդույթի գերակայությունն է այստեղ տիրում, օրենքի փոխարեն: Ավանդույթն է օրենքը: Հեղինակն ընդվզում է անհատի ազատությունը ճնշող այդ կապանքների դեմ, բայց միևնույն ժամանակ, ինքն էլ է գերված, այլապես, հազիվ թե նրան հաջողվեր ամեն դեպքում տարաշխարհիկ, անաղարտ գրավչությամբ պատկերել այդ աշխարհը: Սա նման է այն կնոջ պայքարին, որ ըմբոստանում է ամուսնու դեմ, բայց պատրաստ չէ նրանից բաժանվել: Եվ դրա մեջ հիրավի իմաստություն կա: Նկատի ունենք, ավանդույթները ոչ ամբողջովին ժխտելը: Վերջիվերջո, դարերի ընթացքում դրանք ժամանակ առ ժամանակ վերանայվելու կարիք են ունենում, բայց դրանց լիակատար վերացումը սպառնում է այս կամ այն ժողովրդի ազգային ինքնությանը, հետևաբար, գոյությանը: Ծեսերի ու սովորույթների կարևորությունը դժվար է գերագնահատել: Դրանք այն ակունքներն են, որ կազմում են տարբեր ժողովուրդների ինքնատիպությունը և, միևնույն ժամանակ, կամրջում են նրանց այն համընդհանուրի հետ, որ ընկած է ողջ աշխարհի գոյության հիմքում: Ըստ երևույթին, կենցաղում տեղ գտած ծիսակարգերն արժևորում է և «Դեդե»-ի հեղինակը` գիտակցելով դրանց նաև կինեմատոգրաֆիկ գրավչությունը:

Փոքր-ինչ շեղվելով ֆիլմից, բայց ոչ թեմայից` վստահորեն կարելի է ասել, որ մեր հանդիսատեսը չի մոռացել 2016-ին «Ոսկե ծիրանի» մրցույթում ընդգրկված, ծագումով` բասկ ռեժիսոր Ասիեռ Ալտունայի «Ամամա» ֆիլմը: Իր տատիկի հետ մարդկային խոր կապվածության մասին խոսելով` հեղինակը նրա էպիկ կերպարի շուրջ այնպիսի հուզիչ, զարմանալի ինտիմ պատմություն է նկարել, որն էկրանային մետաֆիզիկ լեզվով ներկայացնում է անձնական և հինավուրց ազգային հիշողության մշտապես նորոգվող կապը ծեսերի ու ավանդույթների, առասպելաբանության հետ, դրա անժխտելի կարևորությունը: Գլոբալացված, ուրբանիզացված աշխարհին այդպես կարելի է հետաքրքրել: Ինչը և տեղի է ունենում այսօր արար աշխարհում:

3 (1)Դարձյալ վերադառնանք «Դեդե»-ին. ֆիլմի ուշագրավ դրվագներից մեկը ներկայացնում է հետևյալ ծիսական սովորույթը. նոր տարին դիմավորելուց հետո սեղան են գցում, ընտանիքի մեծը բացում է տան դուռը և, տալով կյանքից հեռացած հարազատների անունները, ներս է հրավիրում հանգուցյալների հոգիներին: Երեխաները երգում, արտասանում են նրանց համար, հեքիաթ պատմում: Ամեն օր ուտելիք է պատրաստվում նրանց համար, ասես, բոլորով միասին են ապրում: Իսկ մեկ շաբաթ անց, լուսադեմին ճանապարհում են հոգիներին, հույսով, որ վերջիններս իրենց բարօրության համար կբարեխոսեն երկնքում:

Այսպիսով, բերենք հանրագումարի. դրամատուրգիական բարդ հյուսվածքից զերծ, պարզունակ պատում,պարզ բնավորություններ և փոխհարաբերություններ, որոնք կարգավորվում են ավանդույթներով,տեղացիների` ոչ պրոֆեսիոնալ դերասանների (ինչը լրացուցիչ բնականություն է ապահովում, նաև` շահեկան է փոքր բյուջե ունեցող ֆիլմի համար) ներգրավում, ովքեր խոսում են սվաներեն,կենցաղի, միջավայրի հավաստի պատկերում, գրեթե վավերագրում; առօրեականությանը միստիկ հմայք հաղորդող արտասովոր սովորույթների ու ծեսերի պատկերում, ինչը նույնպես նախապատմական ժամանակների շունչ է հաղորդում կինոնկարին` հիրավի գերելով հանդիսատեսին: Իբրև դեբյուտային ֆիլմի` այսքանն էլ միանգամայն բավական է հաղթարշավի համար: Իսկ ռեժիսորի տաղանդի մասին թերևս ավելին կասի նրա հաջորդ ֆիլմը:

Հետհաշվարկ. «Դեդե»-ից դեպի «Նաթելա», «Նամուս», «Զարե»…

Վերջում հարկ եմ համարում փոքր-ինչ խոսել Մարիամ Խաչվանիի ուղղակի և անուղղակի ուսուցիչների մասին: Ռեժիսորն իր ֆավորիտների մեջ շեշտում է Միխայիլ Կալատոզիշվիլիի անունը, որ աշխարհին հայտնի է որպես «Թռչում են կռունկները» (1957) լեգենդար ֆիլմի ռեժիսոր Միխայիլ Կալատոզով: Հիշում եմ, ուսանողական տարիներին պրոֆ. Սուրեն Հասմիկյանի հետ ունեցած մի զրույցի ժամանակ ասացի, որ այդ ֆիլմի հաղթաթուղթն ըստ իս Ուրուսևսկու օպերատորական աշխատանքն է, քանի որ այդ ֆիլմում առկա պատկերային մտածողությունն այն ժամանակ ազդել է կինոնկարահանման ձևի վրա ողջ աշխարհում: Եվ ի պատասխան, իմ ուսուցիչը հարցրեց. «Իսկ դու տեսե՞լ ես Կալատոզովի «Սվանետիայի աղը» ֆիլմը, որտեղ նա նաև որպես օպերատորներից մեկն է հանդես եկել…»: Դրանից մի քանի տարի հետո ռուսական «Կուլտուրա» ալիքով դիտեցի ֆիլմը: Հասմիկյանի իրավացիության մեջ կինոսեր հանդիսատեսի համար ավելի հեշտ է համոզվել այսօր` հաշվի առնելով համացանցի գոյությունը: Իսկ թե` ինչ արժեք ունի 1930-ին նկարված բացառիկ էթնոգրաֆիկ արժեք ունեցող այդ էպիկական կինոնկարը ծագումով սվան Խաչվանիի համար` կարիք չկա մանրամասնելու: Այդպիսով, ակնհայտ է քո ազգային կինոյում անցյալում ստեղծված արժեքներին քաջատեղյակ լինելու և դրանք իբրև արվեստագետ մարսելու կարևորությունը:

1Սակայն «Դեդե»-ում ակնառու են և ուրիշ հետքեր: Կարելի է հետաքրքիր կինոհետազոտություն անել` պարզելու համար, թե «ով է այդտեղ գիշերել», ինչպես ասում են: Սակայն բավարարվենք միայն թվարկմամբ և թեմատիկ առնչությունների վկայակոչմամբ: Նախ բացահայտ է, որ այս ֆիլմում «գիշերել» է Համո Բեկնազարյանը… Հիշեցնենք, կինոյի հայ «աշխարհակալի» խաղարկային ֆիլմերին բնորոշ էթնոգրաֆիզմը, կենցաղի վավերագրումը, ծեսերի և սովորույթների պատկերումը, «ադաթի»` իբրև կործանարար ավանդույթի խարազանումը, «չգունազարդված Արևելքի արթնացումը», վերջապես, կնոջ ստորադաս վիճակը և պայքարը նրա իրավունքների, արժանապատվության համար` իբրև Բեկնազարյանի ստեղծագործության առանցքային թեմաներից մեկը: Եվ այդ ամենը մոտ իննսուն տարի առաջ…

Ի դեպ, երբ 2015-ին Բոլոնիայի կինոփառատոնի հատուկ ծրագրում ցուցադրված «Նամուս»-ն ընդունվեց բուռն ծափահարություններով (իսկ հանդիսատեսը «Մաստրոյանիի» անունը կրող հինգ հարյուր տեղանոց դահլիճում, պետք է ասել, խիստ ընտրված էր), չգիտես ինչու, միտս եկավ մեր ուսանողներից մեկը, որին նույն կինոնկարը մեզ խայտառակող ֆիլմ էր թվացել: Հաջորդ օրը Ամասի Մարտիրոսյանի «Քրդեր-եզդիներ» ֆիլմի դիտումից հետո ինձ մոտեցան հիացական հայացքներով մի քուրդ կին և տղամարդ: Նրանք ասացին, որ իրենք իրենց մասին երբևէ նկարված լավագույն ֆիլմը համարում են «Զարեն», բայց այս մեկն էլ շատ հավանեցին, մանավանդ, էթնոգրաֆիկ տեսանկյունից, չնայած առկա խորհրդային քարոզչական տարրերին: Այդ պահին էլ անմասն չմնացի հետապնդող հուշերից: Վերհիշեցի մի աղջկա դիպլոմային աշխատանք, որտեղ նա, չհասկանալով կինոյի մեր նահապետի ստեղծագործական սխրանքը`առ այն, որ վերջինս իր առաջին հայկական ֆիլմում ցույց էր տվել, թե լոկ ավանդույթի սահմաններում ընկալվող պատվի զգացումն ինչպես կարող է անտիկ «ֆատումի» կործանարար ուժի հետ գեղարվեստորեն հավասարվել, միամտորեն սկսել էր թուլության մեջ մեղադրել Սուսանին և` իր երջանկության համար պայքարելու անկարողության մեջ (հետաքրքիր է, թե Բարխուդարի պես հոր առկայության դեպքում ինչպես էր պատկերացնում Սուսանի պայքարը): Հուսով եմ, «Դեդե»-ի հերոսուհին նրան գոհացրեց, ինչպես որ հիացրել էր աննկուն Զարեն, որ ի տարբերություն խեղճ Սուսանի, վայելում էր իր ընտանիքի աջակցությունը: Մեր գերժամանակակից աղջնակին թվացել էր, թե մոտ մեկ դար առաջ պատկերված հերոսուհու պահվածքն այսօրվա տեսանկյունից քննադատելով, կարելի է վերլուծել կնոջ կերպարը կինոյում… Անշուշտ, այսօրինակ հուշերը չէ, որ գերակշռում են մեր երիտասարդության հետ մտքերի փոխանակման մասնագիտական փորձիս մեջ, ինչը բավական լավատեսական է և հուսադրող:

Վերադառնալով Փարաջանովի ծիսական աշխարհազգացողությանը` կարևոր է նշել, որ ծեսի պատկերման բեկնազարյանական ակունքները յուրօրինակ պտուղ տվեցին Սերգեյ Փարաջանովի կինոարվեստում: Վերջինիս «Մոռացված նախնիների ստվերները» ուկրաինական գլուխգործոցի հուզական ամենախոր ազդեցություն թողնող տեսարաններից մեկում Պալագնայի հետ ամուսնացած, բայց վերջինիս հանդեպ անտարբեր Իվանը պատուհանագոգին ամանով ուտելիք և ըմպելիք է դնում` Մարիչկայի հոգու համար: Անտարակույս, իր թե՛ էսթետիկ, թե՛ պոետիկ լեզվի, և թե՛ մարդաբանական առումով Փարաջանովի այս դրվագն անգերազանցելի է, և ճիշտ չէ համեմատել որևէ այլ ֆիլմի հետ, առավել ևս` սկսնակ ռեժիսորի աշխատանքի: Սակայն դժվար է չնկատել, որ Մարիամ Խաչվանին իր ֆիլմում պատահականորեն չի ներառել վերոհիշյալ` տարեմուտին հոգիներին տուն հրավիրելու էպիզոդը: Եվ այստեղ խոսքը ոչ թե ծեսերի նմանության մասին է, որ հաստատապես առկա է տարբեր ժողովուրդների մշակույթում, այլ ծեսը հերոսների առօրյային ներհյուսելու կինեմատոգրաֆիկ ձգտման մեջ, որ ներշնչված է նախ և առաջ, Բեկնազարյանից, այնուհետև` Փարաջանովից: Այս ամենից կարելի է հետևություն անել, որ երիտասարդ ռեժիսորը գիտակցաբար կամ ռեժիսորական բնազդով ընտրել է կինոյում այն ճանապարհը, որից միշտ կարելի է հարստանալ իբրև ստեղծագործող` ազդվելով և սնվելով այն ծառի խոր արմատներից, որ մի քանիսը տնկել են իրենից շատ առաջ: Եվ ուրախալի կլիներ, եթե մեր սերնդի ֆիլմերում էլ նման միտում նկատվեր մոտ ապագայում, բայց դա արդեն արյան բաղադրության հարց է:

Սիրանույշ Գալստյան

Դիտվել է 55 անգամ