Ապրեցնող և մխիթարող ժպիտ

timthumbԱհա մի հետաքրքիր օրինաչափություն. երբ փորձում ենք հիշել հայկական կինոյի առավել համաժողովրդական, տարբեր տարիների ու խավերի համար հավասարապես սիրելի դարձած ֆիլմերը, ուրախությամբ հայտնաբերում ենք, որ դրանց մի զգալի մասը կապվում է Ժորա Հարությունյանի անվան հետ: «Ոսկե ցլիկ»… «Շրթներկ N 4»… «Հուշարձան»… Իհարկե, «Հարսնացու հյուսիսից»… Այս ցանկը լիակատար չէ: Ժորա Հարությունյանի սցենարների հիման վրա նկարահանվել են մեկ տասնյակից ավելի ֆիլմեր: Բայց վերը թվարկված խորագրերը լիուլի բավական են պատկերացնելու համար, թե ինչ տեղ ունի նա մեր կինոյում՝ արդեն նախորդ դարձած դարի հիսնականներից մինչև ութսունականները, այսինքն՝ հայկական էկրանի նորովի կայացման ժամանակներում:

Նրա հերոսների խոսքը գալիս էր անխարդախ կյանքից ու վերադառնում դարձյալ դեպի կյանք: Շատերս այս կամ այն առիթով կրկնում էինք թևավոր դարձած կատակներ կամ դիպուկ, կոլորիտային արտահայտություններ, որոնք բնականորեն «տեղավորվել» էին մեր առօրյա բառապաշարի մեջ: Ժորա Հարությունյանի գրիչը խոսում էր հայ մարդու նման, շնչում կենսունակությամբ, «միամիտ» իմաստությամբ: Գրող ու դրամատուրգ, որ բնավորությունների վարպետ էր:

imagesԿինոն բնավորություններ ստեղծելու արվեստ է: Էկրանը փնտրում է մարդ, այլ ոչ «գործող անձինք»: Այդ պատճառով էլ Ժորա Հարությունյանը փնտրված հեղինակ էր ռեժիսորների համար: Նրա հետ սիրում էին աշխատել հատկապես Ներսես Հովհաննիսյանը և Ալբերտ Մկրտչյանը, թեպետ նա սցենարներ է գրել նաև Մոկո Հակոբյանի, Դմիտրի Կեսայանցի, Հենրիկ Մարգարյանի, Ժիրայր Ավետիսյանի համար:

Իր կերպարներին նա գտնում էր բոլորիս համար տեսանելի առօրյա իրականության մեջ, բայց նրանց կենդանի ներկայությունը, գունեղ անհատականությունները մենք ուրախությամբ հայտնաբերում էինք… իրենից հետո՝ տեսնելով այդ կերպարներին ֆիլմերում:

Ի դեպ, դերասանների համար իսկական հաճույք էր այդպիսի կերպարներ անձնավորելը: Նրանցից շատերի ստեղծագործական նվաճումների մեջ քիչ դեր չի խաղացել այն հանգամանքը, որ ունեցել են ուժեղ հենման կետ: Այսինքն՝ դրամատուրգիական նյութ: Թաթուլ Դիլաքյանը կամ Արմեն Խոստիկյանը, Երվանդ Մանարյանը կամ Մուրադ Կոստանյանը իրենց լավագույն կինոդերերի ազդակները ստացել են նաև Ժորա Հարությունյանի տաղանդից: Իհարկե, նրա սցենարներով նկարահանված ֆիլմերից մենք մտապահում ենք նաև Սոս Սարգսյանին, Արմեն Ջիգարխանյանին, էլ չասած անկրկնելի Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, որը գլխավոր դերակատարն էր «Հուշարձան», «Խոշոր շահում» և «Հրդեհ» կինոնկարների:

Ժամանակը ծանր մրցակից է հատկապես կինոյի համար: Շատ ֆիլմեր մոռացվել են, մնացել մեր կյանքից դուրս: Բայց Ժորա Հարությունյանի սցենարներով նկարահանվածները պահպանել են իրենց կենսունակությունը: Մինչդեռ դար է փոխվել, ուրիշ են իրականության դիմագծերը, և հանդիսատեսն է ուրիշ: Բայց արի ու տես, որ «Ոսկե ցլիկը» (այս գործը Ժ. Հարությունյանը ստեղծել է Ռ. Երիցյանի հետ) կամ հեռուստատեսային էկրանի անգերազանցելի «չեմպիոնը»՝ բոլորին միշտ իր ձգողականության մեջ վերցնող «Հարսնացու հյուսիսից» ֆիլմը շարունակում են իրենց հաղթարշավը նաև մեր օրերում:1(23)

Գաղտնիքը պարզ է. մարդկային լեզու: Ժորա Հարությունյանը տիրապետում էր այդ լեզվին: Նա առավելագույնս մոտենում էր սովորական մարդու կյանքին, որին, մեր մեջ ասած, այսօրվա հայկական կինոն հաջողացրել է կորցնել, եթե նկատի ունենանք հատկապես 90-ականներին նկարահանված ֆիլմերի գերակշիռ մասը:

Կինոն լույսի արվեստ է: Բառիս ստույգ ֆիզիկական, բայց նաև բարոյափիլիսոփայական առումով: Ապրեցնելու, մխիթարելու, կյանքի լավն ու վատը, հույսն ու ցավը, թախիծն ու խնդությունը մեզ ցուցադրելու լույս:

Ժորա Հարությունյանը նախ և առաջ ընտրում էր ապրելու խնդությունը: Ոչ, նրան չես անվանի սուր անկյունները շրջանցող: Նրա սոցիալական դիտարկումները դիպուկ էին, ժամանակի մեջ ասված խոսքը, եթե պիեսներն էլ հիշենք, հասարակական պրոբլեմներին համահունչ: Բայց նրա գլխավոր զենքը… սերն էր: Նա սիրում էր իր հերոսներին և իր հանդիսատեսին: Նա պարգևում էր ծիծաղ: Ահավասիկ, նույնիսկ արդեն բացակայելով մեր կյանքից՝ նա շարունակում է ժպտալ:

 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

2005 թ․հուլիս

Դիտվել է 64 անգամ