Ոդիսևսը փնտրում է որդուն Հոմերոսի աչքերով․Արամ Ավետիս

Kinoashkharh.am-ը  շարունակում է ներկայացնել գրող Արամ Ավետիսի «Կինոպոետիկա․ Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում» մագիստրոսական թեզից  հատված (Գլուխ 5-րդ, «Ոդիսևսը փնտրում է որդուն Հոմերոսի աչքերով»)։ 

«Կոտրված ծաղիկներ»

«Սուրճ և ծխախոտներ» ֆիլմից երկու տարի հետո Ջ.Ջարմուշը նկարահանում է «Կոտրված ծաղիկներ» ֆիլմը: Ջ.Ջարմուշը հավատարիմ է մնում իր նովելային և «ճանապարհ-ֆիլմ» ոճին: Այս անգամ հերոսը փնտրում է իր որդուն, որի մասին ոչինչ չգիտի, և ով միգուցե չկա:

7Դոն Ջոնսթոնը, ում կերպարը մարմնավորում է հիասքանչ դերասան Բիլ Մյուրեյը, ապրում է միապաղաղ կյանքով: Հանկարծ մի օր գալիս է վարդագույն ծրարով նամակ, որում գրված էր նրա՝ տղա ունենալու մասին: Ֆիլմի հերոսը՝ հայտնի է իր կնամոլությամբ, ահա թե ինչու՝ Դոն Ջոնսթոն անունը փոխարինվում է Դոն Ժուան մականունով: Այս անգամ հերոսը, կազմելով իր սիրուհիների անունների ցուցակը, պետք է հերթով գնա նրանց տները և գտնի ինչ- որ վարդագույն իրեր կամ ինչ-որ բան, որ կապված կլինի երիտասարդ 19 ամյա տղայի հետ: Ջ.Ջարմուշը ֆիլմը բաժանում է 4 փոքրիկ նովելների: Այս անգամ հերոսը փնտրում է իր անցյալը: Նա նույնանում է Հոմերոսի Ոդիսևսի հետ:

«Դոն Ջոնսթոնի ճանապարհորդությունը կազմված է մի քանի շերտերից, եթե շեղվենք այն մտքից, որ նա հանդիսանում է միայն Դոն Ժուանի կերպարը, նախատիպը: Սա իսկական զուգահեռումների ոդիսական է, որտեղ կերպարը վերածվում է մեկ Հումբերթ Հումբերթի, մեկ Ոդիսևսի, բայց հակառակ իմաստով. Լոլիտայի մայրը առաջվա պես ողջ է, իսկ Պենելոպեն ինքն է լքել Ոդիսևսին, որին արդյունքում ծեծեցին նրա փեսացուներրը: Ջոնսթոնը Ոդիսևսն է հակառակ: Նա հեռանում է տնից՝ որդուն փնտրելու, այն դեպքում երբ որդին էլ իրեն էր փնտրում: Դա այն իրավիճակն է, երբ ուղղակի անհնարին է հանդիպել որևէ մեկին» :

broken-flowers_Jarmusch-MurrayՖիլմում մի քանի հղում կա դեպի համաշխարհային գրականությունը: Առանց այդ ինտելեկտուալ հոսանքի՝ Ջ.Ջարմուշի ֆիլմերը կկորցնեն իրենց ներքին հմայքը:

Ջ.Ջարմուշ - Ինձ դուր է գալիս մտքի այն հատուկ վիճակը, որն առաջանում է, երբ չկա լիարժեք վստահություն, որ դու ճիշտ ես ընկալում այս կամ այն մշակույթը՝ չիմանալով նրա լեզուն: Բոլոր արվեստների մեջ պոեզիան ինձ ամենաշատն է հիացնում: Պոեզիան անհնարին է թարգմանել, այն ամբողջապես կապված է իր մշակույթին և լեզվին: Պոեզիան շատ աբստրակտ է, նաև ազգային, քանի որ միայն պոետի հայրենակիցները կարող են գնահատել հարազատ լեզվի երաժշտությունը :

Բայց հենց այստեղ, հերքելով ինքն իրեն, Ջ.Ջարմուշը բերում է անցյալում փնտրող մարդու պոեզիան, որը հոգեհարազատ է աշխարհի բոլոր մարդկանց: Անցյալը ետ չես բերի,- ասում է հերոսը ֆիլմում,- իսկ ապագային պիտի սպասես: Միայն ներկա կա: Բայց այս վերջին նախադասությունը հնչում է հարցական տոնայնությամբ և կասկածի տակ դնում նաև ներկայի լինել-չլինելը: Այստեղ երևում է բուդդիստական փիլիսոփայության ազդեցությունը, որն արտահայտվում է Դոնին ուղղված օտար տղայի հետևյալ հարցով՝ Դուք բուդդի՞ստ եք:Broken_flowers18

Վերադառնալով «Ոդիսական»ին՝ հիշենք, որ Հոմերոսը, ըստ ավանդության, կույր էր, չտեսնելով ոչինչ՝ նա պատմում էր «Իլիական»ը և «Ոդիսական»ը: Նույնը ֆիլմի հերոսն է: Նա կույր է, բայց կույր է ոչ թե ուղիղ իմաստով, այլ նա գնում է փնտրելու ոչինչ չիմանալով: Դա կույրի փնտրտուքն է: Չգիտես ոչինչ և այնուամենայնիվ փնտրում ես: Այս առումով բոլոր մարդիկ կույր են: Անցյալը հերոսին ոչինչ չի տալիս: Եվս մեկ անգամ անցնելով նույն ճանապարհով՝ միևնույնն է, գալու ես նույն տեղը, որտեղ եկել ես քսան տարի առաջ:

Եվ ֆիլմի ընթացքում արդեն հասկանալի է դառնում, որ հերոսը չի գտնի ոչինչ: Ծանոթ լինելով Ջ.Ջարմուշի արվեստին՝ կարելի էր ենթադրել, որ Ջ.Ջարմուշը հոռետես է: Նրա հերոսները, հայտնվելով նույնիսկ ծիծաղելի իրավիճակներում, ժպտալով կամ նույնիսկ կատակելով՝ միշտ էլ մնում են հավերժ փնտրողներ: Վերադառնալով անցյալ և փնտրելով վարդագույն իրեր՝ հերոսը հանդիպում է իր սիրուհիներին՝ քսան տարվա ընթացքում փոխված թե՛ տեսքով և թե՛ մտքով, որոնց անձը նրան քսան տարվա հեռավորությունից այլևս հետաքրքիր չէր:

Լրագրող -Գրողներից ուրիշ ո՞վ է Ձեզ հետաքրքիր:

Ջ.Ջարմուշ -Ես հավանում եմ Ջ.Գ. Բալլարդին, Մ.Դյուրասին: Նաև հավանում եմ դեռևս անծանոթ գրող իմ ընկեր Լյուկ Սանտեին: Նա գրել է փոքրիկ մանրանկարների շարք՝ յուրաքանչյուրը մեկ էջ, որոնք ինքն անվանում է «արագ վեպեր» :

Broken_flowers36Հենց այս արագ վեպերն է ապրում գլխավոր հերոսը իր ճանապարհին: Ջ.Ջարմուշը խառնում է ոճերը, որպեսզի ստեղծի ուրույն մթնոլորտ: Թվում է՝ հերոսը գնում է, բայց ամբողջ ֆիլմի մթնոլորտը կանգնած է: Հայտնի թատերագետ և կինոգետ Վալերի Կիչինը գրում է. «Ընդհանրապես կարևոր չէ, ումից է այդ տղան: Դա ճանապարհորդություն է, որը Դոն Ջոնսթոնը կատարում է դեպի ինքն իրեն: Այդպես մեր Գոնչարովի վեպի Օբլոմովն է մի քիչ թպրտում, հետո նորից պառկում իր բազմոցին. այդպես ավելի հարմար է» :

Աբսուրդից ու պատահականությունից ծնված ֆիլմ է «Կոտրված ծաղիկները», ծաղիկներ, որ մարմնավորում են ֆիլմի կանանց և նրանց կյանքերը: Հինգերորդ կինը, ում մոտ պետք է գնար հերոսը, վաղուց մահացել է: Սրանով ռեժիսորը մեզ տանում է դեպի ամեն ինչի ավարտը: Երբ քո կանանցից որևէ մեկը չկա արդեն, ուրեմն՝ ժամանակը քո հակառակորդն է դարձել:

Դոն Ժուանը չի լքում կանանց, արդեն նրան են լքում: Նա մենակ է մնացել, բայց իր մենության մեջ կարծես ավելի ամբողջական է, քան այն ընտանիքները, որոնց դռները նա բախեց իր ճանապարհին: Ֆիլմն ավարտվում է նրանով, որ այն տղան, ում նա կարծում էր, որ իր տղան է, փախչում է՝ մտածելով, որ Դոնը հոգեկան հիվանդ է, որ կարծում է, թե իբր նրա տղան ինքն է: Հերոսն իր ոչինչ չասող դեմքով կանգնած է մնում փողոցների հատման կետում, և այդ պահին մեքենայով ևս մի տղա է գալիս քաղաք, ում կերպարը մարմնավորում է հենց դերասան Բիլ Մյուրեյի իրական որդին, ում անունը, ինչքան էլ պատահական թվա, այնումենայնիվ Հոմերոս է՝ Հոմերոս Մյուրեյ: Broken_flowers24

Այս ֆիլմի նկատմամբ ուշադրությունը անհամեմատ մեծ էր, քանի որ այդ ֆիլմում խաղում էին համաշխարհային հռչակ վայելող հոլիվուդյան դերասաններ: 2005 թվականը նման էր այդ ֆիլմի հերոսին: Ոչինչ չկատարվեց այդ տարում: Իսկ այն, ինչ եղավ, հատուկ հիշատակման արժանի չէ, որ այդ մասին գրվի:

«Հակառակ մեր դեմոկրատական դարաշրջանում հաստատված հայացքներին՝ ես չեմ հավատում, որ բոլոր արվեստները հավասար են, չնայած, բնականաբար, ինչպես և մարդիկ, նրանք հավակնում են հավասար իրավունքների հասարակության մեջ: Գրականությունը, մասնավորապես՝ պոեզիան, ամենաէական ու արժեքավոր արվեստի ձևերն են» :

Հ.Գ. 2005 թվականին մահացավ անգլիացի գրող Ջոն Ֆաուլզը:

Դիտվել է 172 անգամ