Չհավան ու անվերջ դժգոհ Ուլրիխ Զայդլը կրկին Երևանում է

Ինքն իրենից դժգոհ ու չհավան ավստրիացի ռեժիսոր, սցենարիստ, գրող և պրոդյուսեր Ուլրիխ Զայդլը կրկին Հայաստանում է։ Անվանի ռեժիսորը «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրն է: Մինչև այս, նա երկու անգամ մասնակցել է երևանյան փառատոնին՝ 2007-ին և 2013 -ին։ Այս անգամ, Զայդլը ներկայանում է  իր «Սաֆարի» ֆիլմով:

1531403186-6783 (1)«Իմ ֆիլմերի թեմաները հիմնականում վերցնում եմ կյանքից։ Թեման ընտրելուց հետո սկսվում է երկրորդ շրջանը՝ փնտրտուքները, թե որտեղ պետք է այն նկարահանվի: Իրականում հաճախ է լինում իրավիճակ, որ մենք պատկերացնում ենք, թե այսինչ վայրում պետք է նկարահանումներ իրականացնենք, սակայն փնտրտուքների արդյունքում հանկարծ կարող են դրանք իրականացնել աշխարհի մեկ այլ անկյունում»,- պատմում է Զայդլը:

Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը, ապա ռեժիսորի ֆիլմերում կարող ենք տեսնել թե’ պրոֆեսիոնալ, թե’ ոչ պրոֆեսիոնալ դերասանների․ «Ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ աշխատելիս միշտ նույն խնդիրն է առաջ գալիս՝ նրանց «բացելու» հարցը, սակայն եթե դու կարողանում ես փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել, ու նրանք բացվում են, կարող են փայլել իրենց դերում»:

Զայդլի  ֆիլմերում հաճախ դերակատարները խոսում են այն, ինչ «հարմար» է իրենց․ «Սցենարն ինձ համար դառնում է ելակետ, սակայն մինչև նկարահանումները դու այլ պատկերացում ես ունենում ֆիլմի մասին, իսկ նկարահանման ժամանակ պատկերը կամաց-կամաց փոխվում է։ Հաճախ է պատահում, որ չգիտեմ էլ՝ ֆիլմն ինչ ավարտ է ունենալու, և հաճախ ֆիլմն ավարտվում է ոչ այնպես, ինչպես ես եմ նախատեսած լինում»:

Զայդլն իր ֆիլերի մասին ասում է․«Պետք է նկարել ֆիլմեր, որոնց հավատում ես՝ սա է ամենակարևորը: Իմ ֆիլմերն այնպիսին են, որ այնտեղ հանդիսատեսը կարողանում է իրեն տեսնել, սակայն ես գիտեմ, որ մարդիկ այնքան էլ չեն սիրում իրենց կողքից տեսնել: Ես ուզում եմ այնպիսի ֆիլմեր ստեղծել, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն մարդկանց վրա, քանի որ կարծում եմ, որ արվեստը պետք է մարդկանց հուշի, մղի նոր քայլերի»: Ֆիլմ նկարելիս Զայդլը երբեք չի գնում փոխզիջումների, այն էլ՝ պրոդյուսերների հետ, նա՝  ինքն իր հետ է միայն փոխզիջման գնում: Ավելին, Զայդլի բնութագրմամբ, հաջողակ ֆիլմ ստանալու համար պետք է միայն ռեժիսորի հետ գնալ փոխզիջման:

Ռ․Բ

Դիտվել է 30 անգամ