Փարաջանովյան մասունքներին կառչած

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 1968-ին, բայց ֆիլմի աշխատանքներն ավարտվել են մեկ տարի հետո՝ 69 թվականին։ Կինոռեժիսորը նկարահանված ոչ ամբողջ նյութն է օգտագործել ֆիլմում։ «Նռան գույնը» Մարտին Սկորսեզեի հիմնադրամը վերականգնել է միջազգային չափանիշներին ու որակին համապատասխան։ Վերկանգնված «Նռան գույնն» ու «Կիևյան որմնանկարները» թողարկվել են մեկ հավաքածուով։ Հրատարակվել է նաև գիրք՝ կցված DVD-ին։ Այն ներկայացնում է կենսագրական տեղեկություններ, հետաքրքիր փաստեր, հիշողություններ Փարաջանովի մասին։

Toah6htS0ko5Lm1rwcKXYjAHmJԳրքի խմբագիրը բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդն է, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ սկսել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերկանգնման աշխատանքները։ Հայկական  ֆիլմերի վերականգնման նախագծից բացի, Դենիել Բըրդն ու կինոկենտրոնի ղեկավարությունը մտադիր են Փարաջանովի արվեստի հանրահռչակման նոր փուլ սկսել՝ ֆիլմերը դեռ լիովին չվերականգնված, ընդամենը սկանավորված տարբերակով ցուցադրել հեղինակավոր փառատոներում։ Նրանք վստահ են, որ փարաջանովյան ֆիլմերը՝ որպես գեղագիտության, դասական ֆիլմարտադրության  բարձրագույն նմուշ, հենց այդպես՝ սկանավորված տարբերակով հետաքրքրիր կլինի դիտել մեծ էկրաններին։

Բացի այս նախագծից, մտադրություն կա «Նռան գույնից« դուրս մնացած տեսարաններն ի մի բերել, գտնել այն մարդկանց, ովքեր աշխատել են ֆիլմում ու նրանց հետ  առանձին նկարահանումներ անել,  ստեղծել վավերագրական մեկ այլ ֆիլմ։ «Նռան գույն» ֆիլմից դուրս են մնացել հրաշալի կադրեր՝ մեծ մասամբ եկեղեցիների տեսարաններ։ Դենիել Բըրդը Տիգրան Մանսուրյանին առաջարկել է այդ կադրերի համար առանձին երաժշտություն գրել։

Փարաջանովյան տեսարաններից հավաքված ֆիլմը ինստալյացիայի ձևաչափով կցուցադրվի եկեղեցիներում, այլ վայրերում։ Նախագծի հեղինակը վստահ է, որ հանդիսաստեսի տպավորությունն ու զգացողությունները աներևակայական կլինեն։ Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը խոստացել է մտածել նոր առաջարկի շուրջը, միասին քննարկել. սեպտեմբերին պարզ կլինի՝ մաեստրոն կհամաձայնի՞ երաժշտություն գրել։ Նա վերհիշեց Փարաջանովի հետ անցկացրած օրերը, համատեղ աշխատանքը. հուշերն այսօրվա պես կենդանի են։ «Նռան գույնի» երաժշտությունը Փարաջանովը նրան էր վստահել։

Երբ Փարաջանովի հետ անհամաձայնություններն այսօր էլ թարմ են  

-Ես տարօրինակ բաներ էի պահանջում՝ ծովի ձայն, շ-երի, ս-երի ձայնային շղթա։ Այս ամենի մասին Փարաջանովին տեղեկացրել էին, նա տարակուսել էր. «Ես իմ ֆիլմում ծով չունեմ, ինչո՞ւ է Մանսուրյանը ծովի ձայն ուզում»։  Բայց Փարաջանովը «Նռան գույնի» երաժշտական, ձայնային ձևավորումն ինձ վրա էր թողել։ Այդպես էլ եղավ։ Ես է՛լ ափսեի վրա երկաթի կտոր քսելով, է՛լ տարբեր բաներ անելով՝ իմ ուզած ձայներն ստացա ու  տեղադրեցի։ Փարաջանովն ինձ տվել էր նաև իր ձայների սևագրությունը, որից որոշ բաներ պահպանեցի և օգտագործեցի ֆիլմում։ Բայց նաև մեծ քանակությամբ հատվածներ ես փոխեցի, հետո տեղադրեցի։ Երբ պետք է նկարվեր «Սուրամի ամրոցը» , ինձ Թբիլիսի կանչեց՝ աշխատելու իր հետ։ Առաջարկեց ձայնի ու երաժշտության իր տարբերակը. ես չհամաձայնեցի, ասացի. «Դու ադրբեջանական երաժշտություն ես օգտագործել, որը գռեհիկ է, ուղիղ, այնինչ պետք է գնայիր դեպի պարսկական դասական երաժշտությունը՝ բարձրագույն արվեստ»։ Փարաջանովին առաջարկեցի գնալ Տաջիկստան, ամբողջ նյութերը տանել ու այնտեղ աշխատել։ Նա ասաց, որ ժամանակ չունի. Իտալիայի փառատոնից ֆիլմն ուզել են հենց այնպիսին, ինչպիսին կա։ «Սուրամի ամրոցի» երաժշտությունը խիստ տարբեր է «Նռան գույնից»։ Բոլորովին այլ արդյունք կունենայինք, եթե «Սուրամի ամրոցի» վրա աշխատեի այնպես, ինչպես «Նռան գույնի» վրա եմ աշխատել»։

հով2

Ու նորից գեղեցիկի մասին

-Նա դողում էր, երբ գեցեիկ մի բան էր տեսնում։ Ես նրա հետ մտել եմ կինստուդիայի պահեստ, որտեղ տարբեր հին ու նոր իրեր կային։ Երեխայի պես մեկ այս իրն էր ձեռքն առնում, մեկ՝ այն։ Խենթանում էր գեղեցիկի համար։ Քայլում էինք Երևանում, ասում էր՝ տես-տես, ինչ գեղեցիկ է։ Նա ցույց էր տալիս սովորական բաներ, որոնց կողքով ամեն օր ենք անցել ու չենք նկատել։ Իսկ նա նույն վայրկյանին էր նկատում, հիանում, զարմանում ու մեզ էլ ցույց էր տալիս, որ մենք էլ հիանանք, ապշենք, զգանք իր զգացածը։ Դա է հրաշքը։ Հին շենքերով էր հիանում։ Մի անգամ Տերյան փողոցով քայլում էինք, մի շենք ցույց տվեց. «3-րդ հարկում մի այնպիսի շքեղ գորգ կա»։ Ես  Տերյանի վրա էի ապրում, բայց երբեք չէի նկատել գորգը։

Մինչև Փարաջանովի բանտարկվելը, ես եղա Կիևի նրա տանը։ Պահարանը բացեց ու այնտեղից հանեց ամառային թեթև վերմակներ։ Դրանք կարել էին գուցուլական գյուղի կանայք.  բազմագույն, տարբեր կտորների համադրությամբ վերմակներ էին։ Գուցուլական շուկայից էր գնել։ Այնտեղից նա ամենգեղեցիկ իրերն էր տուն բերում։

Գեղեցիկի  ընկալումը Փարաջանովի մոտ պաշտամունքի էր հասել։  Ես տեսել եմ նրա սեղանի մեջտեղում դրված գիշերանոթ՝ горшок։ Ասում էր՝ Եկատերինա թագուհու горшок-ն է։ Մեջն էլ լիքը մեղր։ Նա անվերջ այս ամենի մեջ էր, գեղեցիկի մեջ էր։ Կարծում եք նրա ֆիլմերն ի՞նչ են. հենց իր կյանքն են։ «Ես այն մարդն եմ, ում կյանքն ու հոգին տանջանք է» խոսքը նրա մասին է։ Փարաջանովը  տանջվում էր գեղեցիկի հետ ու գեղեցիկի համար։

Տիգրան Մանսուրյանի պատմածներն անհագ լսելով՝ Դենիել Բըրդը նկատեց. «Մաեստրո, իսկ իգուցե այս նոր նախագիծը հնարավորություն տա Ձեզ  վերադառնալ փարաջանովյան աշխարհ»։

Մաեստրոն հուսադրող ծիծաղեց։

 

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

Դիտվել է 95 անգամ