Ռեժիսոր թե՞ ճարտարապետ․ Ուես Անդերսոնը գրոհում է Միլանը

Ժամանակակից արվեստը վերացնում է հնարավոր բոլոր սահմաններն իրեն հատկացված հնարավոր բոլոր ոլորտներում, մերօրյա արվեստագետներն արդեն միայն նկարիչ կամ քանդակագործ չեն, նրանց անվանում են artiste և այս խոսքի մեջ ներառվում է այն ամենն ինչ արվեստագետի ստեղծարար հոգին կցանկանա: Իհարկե, բացառություն չեն նաև կինոռեժիսորները՝ համարձակ փորձարկելով իրենց ուժերն արվեստի բոլոր ոլորտներում: Բացահայտ օրինակներից է Դևիդ Լինչը, ով նախ ֆիլմեր էր նկարահանում, ապա կտավներ ստեղծում, հետո ցուցահանդեսներ կազմակերպում, նյու լուսանկարների կատալոգ հրատարակում՝ այս ամենին զուգահեռ նախագծելով փարիզյան այսօրվա թերևս ամենամոդայիկ և արտիստների կողմից սիրված գիշերային ակումբներից մեկը՝ «Silencio»-ն: 

«Bar Luce» Fondazione Prada (1)

Նրա ճանապարհով այսօր շտապում է անցնել ամերիկացի ռեժիսոր՝ «Լիալուսնի թագավորություն», «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» և ևս վեց կուլտային դարձած ֆիլմերի հեղինակ, Ուես Անդերսոնը: Վերջինս հրավիրվել է Միլան՝ նախագծելու նորաբաց Պրադա հիմնադրամի սրճարան-ռեստորանը:

Վենետիկում ունեցած մեծ հաջողությունից հետո, Պրադա հիմնադրամը հաստատվում է Իտալիայի նորաձևությամբ շնչող Միլան քաղաքում: Հիմնադրամի նորակառույց աշտարակատիպ շինությունը հոլանդացի ճարտարապետ Ռեմ Քուլհաասի ձեռքի աշխատանքն է:

Վաթսուն մետր բարձրությամբ, ինը հարկանի այս հսկայի վեց հարկերը լիովին նախատեսված են ցուցահանդեսների հյուրընկալման համար: 19000 քմ տարածքով Պրադա հիմնադրամում կա նաև սրճարան, որի ստեղծման համար հրավիրվել է ոչ ճարտարապետ, ոչ էլ ինտերյերի դիզայներ: Կինոռեժիսոր Ուես Անդերսոնն իր նախագծած առաջին սրճարանը կոչել է «Bar Luce»: Այս նորաթուխ արվեստի գործի մասին Անդերսոնն ասում է․ «Սրճարանում չկան ճիշտ անկյուններ․ սա սովորական մի վայր է, որտեղ կարելի է համեղ ուտել, խմել, խոսել և կարդալ: Նույնիսկ, եթե սա հիանալի վայր է ֆիլմ նկարահանելու համար, կարծում եմ, այն նույնքան լավ է՝ սցենար գրելու համար: Ես փորձեցի ստեղծել մի սրճարան, որտեղ ինքս կցանկանայի անցկացնել իմ ազատ ժամանակը:»

«Bar Luce» Fondazione Prada (2)Դժվար է ասել, թե որքան հաջողակ սցենարներ այստեղ կգրվեն, բայց այն, որ ռեժիսորին հաջողվել է վերականգնել հիսունական թվականների միլանյան սրճարանի հոգին և շունչը, հաստատ է: Բաց կանաչ աթոռներ և սեղաններ, մեղմ վարդագույն կամ էլ դեղին պատեր․ «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցի դեկորը ակնհայտ հիշեցնող տեսարանները համադրված են Միլանում գտնվող աշխարհի ամենահին առևտրի կենտրոններից մեկի՝ Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահի ճարտարապետական դետալներով: Տպավորություն է ստեղծվում, որ հայտնվել ես ռեժիսորի ֆիլմերից մեկում, և իհարկե, դու գլխավոր դերերում ես:

«Bar Luce» Fondazione Prada (3)

Չեմ կարծում, որ Պրադայի հիմնադրամը կունենա այցելուների պակաս, բայց Ուես Անդերսոնին այստեղ հրավիրելը մտածված և ճիշտ հաշվարկված քայլ էր: Ռեժիսորի կինոարվեստի սիրահարներն արդեն քննարկում են նորությունը սոցցանցերում և պատրաստ են ճանապարհորդել Միլան, Պրադա հիմնադրամ՝ ոչ այնքան գնահատելու Մոնա Հաթումի, Բալդեսարիի կամ Տոմաս Դեմանդի արվեստանմուշները, որքան պարզապես սուրճ ըմպելու այս մեղմ գունային լուծումով ստեղծված Անդերսոնյան «Bar Luce» սրճարանում:

«Bar Luce» Fondazione Prada (4)

Լիլիթ Սոխակյան, Փարիզ, 2018թ․

 

Դիտվել է 56 անգամ