Պաուլու Բրանկու. «Շատ ֆիլմեր եմ նկարել, նույնիսկ չկարդալով սցենարները»

Պաուլու Բրանկուն ամենահայտնի անկախ պրոդյուսերն է աշխարհում (ավելի քան երեք հարյուր ֆիլմ), որն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսին են Դեվիդ Կրոնենբերգը, Վիմ Վենդերսը, Քրիստոֆ Օնորեն, Օլիվիե Ասսայասը, Մատիե Ամալրիկը, ԱՆջեյ Ժուլավսկին: Լեգենդար պրոդյուսերի զրույցը անկախ կինոյի հին բարի և նոր չար ժամանակների մասին։

detailed_picture

- Ձեր անունը մակագրերում սովորաբար խոստանում է, որ ֆիլմը կլինի լավը: Իսկ ինչպե՞ս դուք դարձաք պրոդյուսեր:

- Ազնվորեն ասած, ես երբեք չէի սպասում, որ իմ կյանքը կկապեմ կինոյի հետ: Պրոդյուսերությունը ինձ համար պարզապես մի եղանակ է լինելու արտիստների հետ, ստեղծագործող մարդկանց, մեծ արարիչների հետ կապի մեջ: Չէ որ ինքս ոչինչ չեմ ստեղծում: Սակայն յուրաքանչյուր ֆիլմ, որի պրոդյուսերը ես եմ, ինձ ինչ-որ բան է պարգևել, հարստացրել իմ ամենօրյա կյանքը:

- Դուք աշխատել եք այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսին են Մանուել դե Օլիվեյրան, Ռաուլ Ռուիսը, Շանտալ Ակերմանը, Ֆիլիպ Գարելը: Ձեր կարծիքով, ո՞րն է նրանցից յուրաքանչյուրի մեթոդի էությունը: Ինչո՞վ են սկզբունքորեն նրանք տարբերվում ձեզ համար:

- Կարելի է խոսել կինեմատոգրաֆի մասին իբրև արվեստի, և կարելի է՝ իբրև ինդուստրիայի: Եվ եթե ինդուստրիայում կարևորը նախատիպերի ստեղծումն է, ապա արվեստում՝ ինքնարտահայտման արտիստական եղանակը: Յուրաքանչյուր ֆիլմ ինքնին արկած է, մյուսներից տարբեր: Դե այո, Օլիվեյրան հիմնավորապես տարբերվում է Ռուիսից, բայց չէ որ Ռուիսի կամ Օլիվեյրայի յուրաքանչյուր ֆիլմ ևս տարբերվում է դրանց նախորդած կինոնկարներից: Նույնիսկ եթե դրանք, ասենք, քսանն են: Այնպես որ յուրաքանչյուր մեծ ռեժիսորի դեպքում չգիտես, թե ուր կհասցնի նրա երևակայությունը: Սքանչելի է, որ ես աշխատել եմ նրանց երկուսի հետ միաժամանակ: Երկու այդքան տարբեր մարդիկ, և երկուսն էլ իմ կարիքն ունեին:

- Լսել եմ, դուք պատրաստվում եք ֆիլմ անել ըստ Ռուիսի կորած սցենարի…

- Այո, համարվում էր, որ Ռուիսի վերջին սցենարը կորած է, բայց մենք այն գտանք: Մեզ օգնեց այն գտնելու Ռաուլի ամուսինը, Վալերիա Սարմիենտոն: Սա այն ֆիլմն է, որ Ռուիսը պատրաստվում էր նկարել «Լիսաբոնյան գաղտնիքից» անմիջապես հետո: Այն հիմա արտադրական ընթացքի մեջ է:

- Իսկ որքա՞ն ֆիլմեր են ձեզ մոտ գտնվում արտադրության մեջ միաժամանակ:

- Մի անգամ միաժամանակ տասնյոթ ֆիլմ է եղել: Այժմ՝ ավելի քիչ: Ութսունականներին, երբ կյանքն ավելի արագ դարձավ, ես սկսեցի զբաղվել միաժամանակ մի քանի նախագծերով, ջանում էի չստիպել ռեժիսորին երկար սպասել՝ մինչև կավարտեի մյուս նախագիծը: Սակայն ես միշտ գտնվել եմ ասես դրանցից յուրաքանչյուրի ներսում: Հիմա միաժամանակյա նախագծերը շատ ավելի քիչ են, քանի որ Եվրոպայում աշխատաոճը շատ է փոխվում, տարածությունը փոքրանում է: Ազատության այն կղզյակը, որ հիմա ունեմ, շատ ավելի փոքր է, քան, օրինակ, յոթանասունականներին: Բայց դա լավ է: Ես չեմ սիրում պահածոյացվածության զգացումը, ես սիրում եմ, երբ ժամանակը ստիպում է շարժվել և գտնել նոր լուծումներ:

- Բայց չէ որ դուք, թվում է, նախընտրում եք աշխատել հայտնի ռեժիսորների հետ, այլ ոչ թե բացահայտել նոր անուններ…

- Ես սիրում եմ թե՛ մեկը և թե՛ մյուսը: Ես աշխատում եմ ինչպես նշանավոր, այնպես էլ երիտասարդ ռեժիսորների հետ:

- Ո՞վ է ձեզ դուր գալիս երիտասարդ ռեժիսորներից:

- Այ քեզ հարց: Ես չեմ ուզում անուններ տալ, բայց կան դեբյուտային ֆիլմեր, որոնք ես համարում եմ գլուխգործոցներ. դրանք արված են մեծ ռիսկով:

- Ինչքա՞ն մեծ է ձեր միջամտությունը նկարահանումների և մոնտաժի գործընթացին:

- Շատ ֆիլմեր ես արել եմ, նույնիսկ չկարդալով սցենարները: Իսկ երբեմն, ընդհակառակը, ես ստիպել եմ ռեժիսորներին սցենարն ամբողջությամբ նորից գրել, կամ վերահսկել եմ նկարահանումների ողջ գործընթացը: Ինչպես մեծ, այնպես էլ փոքր ֆիլմերում: Նաև շատ նախագծեր են հայտնվել անձամբ իմ շնորհիվ՝ Կրոնենբերգի «Կոսմոպոլիսը», Ժուլավսկու «Կոսմոսը», Ռուիսի «Լիսաբոնյան գաղտնիքները»: Ես կարդացի Դելիլլոյին և անմիջապես զանգահարեցի Կրոնենբերգին: Երբ ես կարդացի Գոմբրովիչին, հասկացա, որ այդ ֆիլմը կարող է նկարել միայն Ժուլավսկին: «Լիսաբոնյան գաղտնիքները» մենք հետաձգում էինք տասը տարի, և ի վերջո ասացի. «Վերջ, Ռաուլ, մենք անում ենք այդ ֆիլմը»: Իսկ երբեմն ես առհասարակ չեմ մասնակցում նկարահանումների գործընթացին և մատերիալը տեսնում եմ միայն մոնտաժման սենյակում:

Յուրաքանչյուր ֆիլմի հարկավոր է իրեն առանձնահատուկ մոտեցումը: Եթե դու ամեն անգամ ամեն ինչ անում ես միատեսակ, դու տանուլ ես տալիս:

- Դուք ռեկորդային թվով ֆիլմերի պրոդյուսեր եք, որոնք տարբեր տարիների հայտնվել են Կաննի կինոփառատոնի ծրագրերում: Ինչ-որ բան կարո՞ղ եք ասել Կաննի կինոփառատոնի ընտրողական քաղաքականության առնչությամբ:

- Ես ոչինչ չեմ ասի Կաննի կինոփառատոնի քաղաքականության մասին, որովհետև դա այն համակարգն է, որը ես դեռ պատրաստվում եմ օգտագործել: Թեպետև ես հիշելու և պատմելու բան ունեմ: Բայց թող դա մնա իմ հիշողության մեջ:

- Սակայն ձեզ չի՞ թվում արդյոք, որ Կաննի կինոփառատոնը ավելի ու ավելի շատ է դառնում կոմերցիոն:

- Կարող եմ միայն ասել, որ բոլոր անկախ պրոդյուսերները այժմ դարձել են ահավոր կախյալ: Նրանք կախված են մեծ ստուդիաներից, դիստրիբյուտորական ընկերություններից: Այժմ գլխավորներ են դառնում կորպորացիաները:

- Ինձ թվում է, հիմա բոլորն ուզում են ռեժիսոր լինել: Պրոդյուսերի մասնագիտությունը չի՞ մահանում:

- Այո, անչափ շատ ֆիլմեր հիմա արվում են առանց պրոդյուսերի մասնակցության: Կամ մեծ ստուդիաներն են անում այդպիսի նախագծեր, կամ մանր անկախ ռեժիսորները:

- Ուստի ձեզ համար այնքա՞ն էլ լավ ժամանակներ չեն եկել:

- Դե հա: Բայց ես կստանամ իմը: Ինչո՞ւ ես պետք է դրանից ամեն օր գտնվեմ դեպրեսիայի մեջ: Ես պարզապես կհարմարվեմ իրավիճակին և կրկին կսկսեմ զրոյից:

 

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը

Դիտվել է 47 անգամ

Calendar

June 2018
M T W T F S S
« May   Jul »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930