«Մեկ կադրի» կադրից դուրս

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնը մեկնարկել է  հունիսի 4-ին, ՆՓԱԿ-ում։ Մասնակցության 517 հայտ է ներկայացվել, ընտրվել է 85-ը։ Փառատոնի աշխարհագրությունը բավականին մեծ է՝ 29 երկիր բոլոր մայրցամաքներից։ «Մեկ կադրը» ավանդաբար 3 անվանակարգ ունի՝ «Մեկ կադր մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր» և «Կինո առանց սահմանի»։ Հայաստանի մասնակցությունը փառատոնին բավականին ակտիվ է եղել, ամենակարևորը՝ նոր դեմքեր, նոր անուններ են ի հայտ եկել՝ հետաքրքիր կինոմտածողությամբ, ասելիքով ու պատկերացումներով։ «Մեկ կադր»  փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէի հետ kinoashkharh.am-ի հարցազրույցը կարճ ֆիլմերի հարթակում  այսօրվա միտումները, զարգացման հեռանկարներն ուրվագծելու նպատակով է։

34444432_10156623575246042_7480243612559605760_n-Այսօր ամեն ոք կարող է ֆիլմ նկարել, եթե ձեռքին հեռախոս կա։ Տեխնիկական ի՞նչ հնարավորութուններով ու միջոցներով են նկարահանվել ֆիլմերը։

-«Մեկ կադրը» նաև փորձում է տեխնոլոգիաների հանդեպ վերաբերմունքի, գիտելիքի, փորձառության պատկերը որոշակիորեն  ամբողջացնել։ Եղել են դեպքեր, երբ ֆիլմը դիտում ես, պատկերը բացվում է, բայց զգում ես՝ տեխնիկական թերություն ունի։ Մտածում ես՝ ձեռքի հեռախոսով այդ կադրն ավելի լավ կարելի էր ստանալ։ Երբեմն ծանոթներից մեծ տեսախցիկ են վերցնում- նկարում, մինչդեռ հեռախոսով ավելի որակյալ ֆիլմ կարելի է ստանալ։ Արտադրական մշակույթը մեզանում դեռ հում վիճակում է. հաճախ լիարժեք չենք գիտակցում՝ ինչ նպատակով ենք ֆիլմը նկարում։

-Իսկ ինչպիսի՞ն են ընդհանուր գաղափարական, թեմատիկ միտումները։

-Շատ տարբեր՝ կախված հեղինակի անհատականությունից, ասելիքից։ 2016-ին, օրինակ, ընդհանուր առմամբ  ֆիլմերի ամբողջ ծրագրում ճնշող ապատիա էր նկատվում։ Հետաքրքիր, լավ աշխատանքներ էին, բայց թե՛ հայ, թե՛ օտարերկրյա ֆիլմերում ընդհանուր դեպրեսիա կար։ Անցյալ տարի մտահոգ էինք՝ իսկ եթե նույն ապատիկ վիճակը շարունակվի՞. բայց ոչ, բարեբախտաբար, տրամադրությունները փոխվել էին։ Այս տարի  հատկապես «Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգի հայկական ֆիլմերում նոր տրամադրություն է։ Մեր փառատոնի կազմակերպչական ընթացքը հեղափոխության հետ համընկավ։ Հրապարակից ուղիղ մեզ մոտ բերված մեկ կադրով ֆիլմեր ունենք։ Ոգևորիչ է, որ այդ փոփոխությունները, հասարակական տրամադրություններն արագ տեղ հասան ու տեղ գտան նաև «Մեկ կադրում»։

-Նշանակում է՝ հաջորդ տարվա փառատոնի համար ավելի լա՞վ ֆիլմեր եք սպասում։

-Անշուշտ, ահռելի մեծ լավատեսությամբ եմ լցված։ Մարդկանց ներսում փոփոխություն է եղել, դա չի կարող չարտահայտվել նաև կինոյում։ Հաջորդ փառատոնի ժամանակ էկրանին այլ որակի ֆիլմեր ենք տեսնելու. համոզված եմ։

-Հետաքրքիր է՝ ընդհանուր առմամբ մասնագիտական կրթություն ստացած ռեժիսորների՞ ֆիլմերն են գերակշռում։

-Մենք կարևորություն չենք տալիս՝  ֆիլմի հեղինակն  ինչ կրթություն է ստացել, ինչ մասնագիտություն ունի։ Այսօր ֆիլմ կարող են բոլորը նկարել, թեև մենք դեմ չենք մասնագիտական կրթությանը։ Իսկ եթե մարդը պիտի որևէ դպրոց անցնի, բայց դա իրեն ոչինչ տա, իզուր փող ու ժամանակ վատնի, ավելի լավ չէ՞, որ նա չստանա այդ կրթությունը։ Կարևորը ցանկությունն է, նպատակը, կինո նկարելու ջիղը, կիրքը։ Օրինակ՝ հանդիպում են այնպսի ֆիլմերի, երբ պետք էլ չէ իմանալ՝ հեղինակն ինչ մասնագիտություն ունի. ֆիլմը ֆանտաստիկ որակյալ է, ստացված, յուրահատուկ, ու այդքանը բավական է։

-Բացի ավանդական անվանակարգերից, նոր ծրագիր ունի՞ փառատոնը՝ նոր հարթակ, նոր գաղափարներ ու նպատակներ։

-Այս տարի բաց հարթակ ենք տրամադրել բոլոր նրանց, ովքեր ցանկացել են իրենց ֆիլմերը ցուցադրել «Մեկ կադր» փառատոնի շրջանակում։ Նրանք նախապես հայտեր չեն ներկայացրել, ինչպես մյուս երեք անվանակարգերի մասնակիցները, որոնց ֆիլմերը ժյուրին նախապես նայել ու ընտրել է։ facebook-ում հայտարարություն տարածեցինք՝ ով ուզում է, թող վերջին երկու տարում նկարահանած իր ֆիլմը բերի-ցուցադրի. տևողությությունը՝ 1-15 րոպե։ Ցուցադրությունը դարձյալ ՆՓԱԿ-ում էր։ 12 հոգի հայտագրվեց։ Կարծում եմ՝ վատ չէր. կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով խուսափում են փառատոներից, ժյուրիի կարծիքից։ Այսպես նրանց  ինքնադրսևորվելու նոր հարթակ տրամադրվեց։

-Ավանդական մյուս անվանակարգերում ինչպիսի՞ն էր պատկերը։

-Կարճ ֆիլմերի անվանակարգում 31 ֆիլմ է ներկայացվել. 7-ը Հայաստանից։ «Մեկ կադր մեկ րոպե»-ում 42 ֆիլմ կար, 21-ը՝ հայկական։ Մերոնք այս անվանակարգում բավականին ակտիվ են։ «Կինո՝ առանց սահմանի» անվանակարգում 12 աշխատանք էր ներկայացված։ Պիտի խոսեմ մի ֆիլմի մասին, որը մեզ ուղղակի ապշեցրել է։ Ավստրալիական լիամետրաժ ֆիլմ է՝ 86 րոպե տևողությամբ, նկարահանված մեկ կադրով՝ իսկը մեր փառատոնի չափանիշներով։ Այնքան դինամիկ են կատարվում գործողությունները, պատկերները փոխվում են անընդհատ՝ դիտողին մշտական լարվածության մեջ պահելով. ու այդ ամենը մեկ կադրով։ Անշուշտ, շատ որակյալ, ուժեղ կինոմտածողությամբ ֆիլմեր կան՝ ֆանտաստիկ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ։

-Ի՞նչ թիմով աշխատեցիք այս տարի և ի՞նչ միջոցներով։

-Մեր աջակիցը ՆՓԱԿ-ն է։ Կինոցուցադրումները, քննարկումներն ու հանդիպումները հենց այստեղ էլ  անց կացվեցին։ Մեծ ակտիվությամբ են աշխատել կամավորները՝ երիտասարդներ, որոնք և՛ թարգմանիչ էին, և՛ զբաղվում էին կազմակերպչական այլ աշխատանքով։ Փառատոնի դիզայնով ևս անփորձ, երիտասարևդ աղջիկ  է զբաղվել ու բավականին հաջող գործ է ստացվել։ «Մեկ կադրը» թիմային, միասնական աշխատանքի արդյունք է։ Մեր ժյուրիում էլ կարգին մարդիկ են ընդգրկված՝ անուններ, որոնք յուրօրինակ ձեռագիր ու ճաշակ ունեն։

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնի բոլոր 7 օրերին ՆՓԱԿ-ի բոլոր անկյուններում ցուցադրվող ֆիլմերից եկող ձայներն էին արձագանքում։ Փառատոնն ունի իր հանդիսատեսը՝ միգուցե ոչ այնպիսի հանդիսատես, որը կարմիր գորգ, երեկոյան զգեստ ու հանդիսավոր երաժշտություն է սիրում, բայց այլընտրանքային, ոչ ստանդարտ կինո հաստատ սիրում է։

 

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

Դիտվել է 30 անգամ