Ռեժիսորը իր ֆիլմի մասին․ Պատասխանում է Ֆրունզե Դովլաթյանը

f5a995759e8242_5a995759e82eeՀարցազրույց Ֆրունզե Դովլաթյանի հետ՝  «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի առիթով․․․

- «Երևանյան օրերի խրոնիկան» Ձեր երկրորդ ֆիլմն է, ուր շոշափվում է այսպես կոչված ինտելեկտուալ հերոսի թեման, թեմա, որ տարիներ առաջ հիանալի լուծում էր ստացել «Բարև, ես եմ» Ձեր նշանավոր ֆիլմում: Հետաքրքիր է, որո՞նք են այդ հերոսներին միացնող ընդհանուր գծերը և ընդհակառակը՝ առանձնացնող հատկանիշները:

- Ինտելեկտուալ հերոս ասածը ինքնին լայն հասկացություն է և նման հերոսը բոլոր ժամանակներում հասարակական որոշակի կատեգորիա է ենթադրում և առանձնանում է արվեստի համար նյութ դարձող մյուս կարգի բոլոր հերոսներից: Իմ կարծիքով ցանկացած արվեստագետի համար հաճելի է հանդիպել այդ հերոսին: Ինտելեկտուալ հերոս ասածը ժամանակների որոշակի միավորների մեջ կերպարանափոխվում է, ձեռք բերում իր ժամանակի որակն ու կշիռը: Ա՚յ, դուք հիշեցրիք «Բարև, ես եմ»-ի հերոսին: Նրա խնդիրներն այլ էին՝ կապված իր ժամանակաշրջանին: Նրա գործունեության շառավիղը, գուցե, ինտելեկտուալ իմաստով, լայն չէր, բայց կյանքի և հարաբերությունների մեծ փորձ ու հագեցվածություն ուներ:

Դա հետպատերազմյան (ինչպես նաև պատերազմի կնիքը ունեցող) ժամանակաշրջանի կոնկրետ իրավիճակներում ապրող հերոսն էր, որի մոտ ինչպես սոցիալ-քաղաքական, այնպես էլ բարոյական նորմերը ճշտված էին: Եվ ընդհանրապես, նա իր ժամանակի ծնունդն էր, մտացածին ոչինչ չկար, քանի որ նրա նմանները, ճիշտ է, քիչ էին, բայց հատկանշական էին իրենց սերնդի համար: Ընդհանրապես, ուզում եմ նշել, որ ինտելեկտուալ հերոսը արվեստի համար որպես նյութ առաջադրվում է ինտուիտիվ պահանջով, անկախ այն բանից, թե որ ժամանակի հերոսն է: Եղավ մի շրջան, որ այդ ինտելեկտուալ հերոս կոչվածը հանկարծակիի բերեց բոլորիս. նա սկսեց աֆորիզմներով ապրել և ոչինչ չանել: Եվ մեր իսկ ստեղծած խորհրդավորության պատրանքը երկար ժամանակ թույլ չէր տալիս բացահայտել նրա սնամեջ էությունը: Բայց դա անցողիկ շրջան էր, և կրկին առաջ եկավ լիարյուն հերոսի կերպարը, որն իր հետ բերեց գործելու ասպարեզ: Ահա այդպիսի հերոս էր «Բարև, ես եմ»-ի Արտյոմը:

Քանի որ առիթը եկել է, ապա ուզում եմ հիշատակել 1965 թվականին Իտալիայում, Պեզարոյի կինոփառատոնում ներկայացված այդ հերոսին: Ի միջի այլոց ասեմ, որ այդ փառատոնում ցուցադրվում էին միայն եցիտասարդ կինոռեժիսորների առաջին աշխատանքները: Այնտեղ ես տեսա հենց այդ աֆորիզմով ապրող հերոսին, որը տառացիորեն չէր գործում և դրան չէր էլ ձգտում: Եվ մոտիկ անցյալի այդ դառնությունը ինձ՝ արվեստագետիս մեջ ծնեց ինտելեկտուալ, բայց ԱԿՏԻՎ հերոս ստեղծելու հրամայական պահանջը:

Եվ ահա էկրանների վրա է այդ հերոսը: Նա մեր օրերի ծնունդն է, եթե կարելի է ասել, ամենանոր հերոսը, որը մեր պայմանների ու ժամանակների կրողն է: Այս նոր հերոսը ինչ-որ գծերով նման լինելով իր նախորդին, տարբերվում է շատ կողմերով: Այժմ, թեկուզ քանակապես, նրանք ավելի շատ են և արտառոց քիչ բան կա նրանց վարքագծի ու հարաբերությունների մեջ: Ուզում եմ ասել, որ այժմ գերհերոսներ չկան: Քաղաքակրթության այս հիանալի պայմաններում ինտելիգենցիայի մի խավ կա արդեն, որոնց մասին եթե դատելու լինենք նախորդ չափանիշներով, ապա յուրաքանչյուրն առանձին գերհերոս է: Եթե առաջ մեկ-երկուսը տարօրինակ էին իրենց վարքագծով, ապրելու, սիրելու, երազելու ինքնատիպությամբ, ապա այժմ դա այնքան էլ զարմանք չի հարուցում:

Իսկ կոնկրետ մեր հերոսը՝ Արմենը, մի մարդ է, որն իր խառնվածքով հարազատ լինելով իր նմաններին, առանձնանում է իր մտածելակերպով և բարոյական հատկանիշներով: Ես չեմ ուզում իմ հերոսի կոնկրետ նկարագիրը տալ. հանդիսականը թող բնութագրի նրան: Միայն ուզում եմ ավելացնել, որ նա ակտիվ անհատ է, իր խղճով և պատասխանատվության զգացումով ապրող մարդ, որը հասարակության և ընդհանրապես մարդու համար ուզում է որևէ լավ բան անել:

- Ասացեք խնդրեմ, Ձեր հերոսին ընտրելիս ինչո՞ւ անպայման վերցրիք հենց արխիվի աշխատողին:

- Ճիշտ է, ինտելեկտուալ հերոսին «քննելիս» կարելի էր որպես տիպական օրինակ վերցնել արվեստագետի կամ ինտելիգենցիայի որևէ ներկայացուցչի: Բայց, ասենք, երաժիշտը կամ բժիշկը մեզ որպես տիպական նյութ կծառայեին ընդհանուր գծերով, այնինչ արխիվի աշխատողը մեր մտահղացումների և ասելիքի ամենալավ իրացնողն է: Ինչո՚ւ: Որովհետև արխիվը և նրա աշխատողը, Արմեն Աբրահամյանի նման կոնկրետ անձնավորությունը, իր մեջ խտացնում է և՚ հասարակական, և՚ սոցիալ-հոգեբանական, և՚ բարոյական, և՚ մարդկային այն բոլոր արգումենտները, որոնք ընդհանրապես բնորոշում են մեր օրերի ինտելեկտուալ հերոսին: Արխիվը մեզ տվել է այն բոլոր հնարավորությունները, ինչ մենք ցանկացել ենք ասել: Դա կուզեք ժամանակակից մարդու նկարագիր համարեք, բարոյական թեմա, սեր, մարդկային սովորական հարաբերություն, հոգեկան աշխարհ, ամեն-ամեն ինչ, ինչ որ մարդունն է և ինչ որ հուզում է հանդիսատեսին:

- Հետաքրքիր է իմանալ, թե ինչու Դուք գլխավոր դերակատարին ընտրելիս չեք գնացել ավանդական ճանապարհով, չէ՞ որ արխիվի աշխատողը մարդու պատկերացումներով ֆիզիկապես վտիտ է, հյուծված…

- Ես կանխագուշակում էի դա, քանի որ ինձ հաճախ են տվել այդ հարցը: Բանն այն է, որ սցենարը մենք գրել ենք՝ նկատի ունենալով հենց Խորեն Աբրահամյանին: Մենք ուզեցել ենք (և դա այդպես է), որ Արմենի դերակատարը լինի առույգ, ֆիզիկապես ամրակազմ տղամարդ, ուժեղ և կյանքով լեցուն: Բարոյական և հոգեկան այն ծանրությունը, որ ունի մեր հերոսը, չէր կարող «տանել» ավանդական արտաքինով արխիվի աշխատողը:

- Իսկ ինչպիսի՞ն է լինելու Ձեր երրորդ հերոսը:
- Կապրենք, կտեսնենք…

- Ձեր առաջիկա անելիքնե՞րը:
- Թույլ տվեք չպատասխանել…

 

Հարցազրույցը վարեց Հ. ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է 18 անգամ