Խորհրդային կինոյի անցյալից․ Որոշումներ և հրամաններ

«Կինոաշխարհը»  հրապարակում է խոստացված արխիվային փաստաթղթերը (Գրականության և արվեստի թանգարան) «Հայֆիլմ» կիոնստուդիայի 1972 թ․ ղեկավարության կայացարած որոշումներից, որոնք վերաբերում են Ֆրունզե Դովլաթյանի սովետական գրաքննության բոլոր փուլերով ու կանոններով անցած  «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմին։ Թարգմանաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնում ռուսերեն լեզվով փաստաթղթերը։

 

1 օգոստոսի 72 թ.

Picture5Չնայած այն միջոցներին, որ ընդունել է կինոստուդիայի տնօրինությունը «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի արտադրությունն ավարտելու համար, ֆիլմի նկարահանող խումբը (ռեժիսոր-բեմադրող Ֆ. Դովլաթյան) շարունակում է դրսևորել անպատասխանատվություն և խախտում է ֆիլմի հանձնման բոլոր ժամկետները, խաթարելով ողջ կոլեկտիվի ռիթմիկ աշխատանքը: Ինչպես ցույց տվեց նյութի դիտումը ձայնագրված երկխոսություններով, ռեժիսոր Ֆ. Դովլաթյանը մինչև վերջ չի կատարել Կինեմատոգրաֆիայի պետկոմիտեի պահանջները (17/V-72 թ. և 15/VI-72 թ.), ինչպես նաև ստուդիայի տնօրինության բազմաթիվ գրավոր ցուցումները գաղափարա-գեղարվեստական շեշտադրումների և ապագա ֆիլմի ծավալի ճշգրտման ուղղությամբ: Ելնելով վերոշարադրյալից՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Աշխատանքը սիստեմատիկ տապալելու և Պետկոմիտեի և ստուդիայի կարգադրությունները չկատարելու համար «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի ռեժիսոր-բեմադրիչ Ֆ. Դովլաթյանին հայտարարել խիստ նկատողություն վերջին նախազգուշացմամբ, նշելով, որ ֆիլմի գաղափարա-գեղարվեստական շեշտադրումների և մետրաժի ճշգրտման համապատասխան պահանջները կրկին չկատարելու դեպքում կձեռնարկվեն ամենախիստ միջոցները:

2. Ֆիլմի հանձնման վերջին ժամկետ՝ ձայնագրված երկխոսություններով և երկու ժապավենի վրա մեկմասանոց կինոնկարի սահմաններում, սահմանել 4/VIII-72 թ.

3. Հանձնարարել ստուդիայի գլխավոր խմբագիր ընկ. Լ. Ս. Բուդաղյանին տեղյակ պահել ռեժիսոր-բեմադրիչ Ֆ. Վ. Դովլաթյանին Պետկոմիտեի և ստուդիայի ղեկավարության բոլոր դիտողությունների մասին:

4. Սույն հրամանագրի կատարման վերահսկողության իրականացումը դնել կինոստուդիայի գլխավոր խմբագիր Լ. Ս. Բուդաղյանի և կինոնկարի տնօրեն Գ. Գ. Ոպյանի վրա:

Տնօրեն՝ Մադոյան Ռ. Ն.  

7 օգոստոսի 72 թ.

Սցենարա-խմբագրական կոլեգիայի ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի, ձայնագրված երկխոսություններով  նյութի վերաբերյալ

Picture6Դիտելով «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի նյութը, «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարա-խմբագրական կոլեգիան նշում է, որ ֆիլմի բեմադրիչ Ֆ. Դովլաթյանը դեռ շարունակում է անպատասխանատվություն, չհիմնավորված համառություն դրսևորել և չի կատարում այն պահանջները, որ արտահայտվել են նախորդ դիտումների ժամանակ ինչպես կինոստուդիայի, այնպես էլ Կինեմատոգրաֆիայի պետկոմիտեի ղեկավարության կողմից: Սցենարա-խմբագրական կոլեգիան կարծում է, որ ռեժիսոր-բեմադրիչ Ֆ. Դովլաթյանը էապես գերազանցել է կինոնկարի սահմանված մետրաժը, որի արդյունքում ի հայտ է եկել սյուժեի պատումի լմփոշություն և ապագա կինոնկարի գաղափարական կոնցեպցիայի որոշ անհստակություն: Սցենարա-խմբագրական կոլեգիան պարտադիր է համարում կատարել հետևյալ էական ուղղումները ֆիլմի գաղափարա-գեղարվեստական կոնցեպցիայի ճշտման և նկարը մեկմասանոց ֆիլմի սահմաններին հասցնելու ուղղությամբ:Picture7

Սցենարա-խմբագրական կոլեգիայի առաջարկները հանգում են հետևյալին.

1. Հերոսի երազները, ներկայացված տարբերակում ավելի նշանակալի տեղ զբաղեցնելով, քան նախատեսված է եղել սցենարով, չեն նպաստում ֆիլմի հիմնական գաղափարի՝ մեր կյանքում դեռևս գոյություն ունեցող անտարբերության դեմ ակտիվ հերոսի պայքարի բացահայտմանը: Մեզ անհրաժեշտ է թվում հերոսի 1-ին երազը հասցնել նվազագույնի, թողնելով հիմնական միտքը՝ այրված փաստաթղթի վերականգնումը: Դրա համար անհրաժեշտ է երկխոսության մեջ կրկին մտցնել Կարենի այն ռեպլիկը, որ՝ «ես հիմա կվերականգնեմ փաստաթուղթը և ամեն ինչ կընկնի իր տեղը»: Կրճատել նարկոզի կադրերը, հակագազ հագնելը, պորտֆելով մարդու գալը: Մեզ անհրաժեշտ է թվում նաև այն կադրերի բացառումը, որ ցուցադրում են վիրահատական սեղանի վրա հերոսի չափից դուրս տառապանքը:

2. 2-րդ երազի հիմնական գաղափարը, մեր կարծիքով, հերոսի փորձն է հաշտեցնել թեկուզև երազում Ռշտունուն և Սմբատյանին, որ ճակատագրի կամքով հայտնվել են մեկը մյուսի դեմ Հայրենական պատերազմի տարիներին, թեպետև նրանք մարտնչում էին մեկ ընդհանուր գործի համար: Դրա համար անհրաժեշտ է բացառել բանալիների ամբողջ դրվագը և Սմբատյանի ճառը, երկրորդ երազը ավարտելով հերոսների հաշտության կադրերով: Անհրաժեշտ է նաև բացառել հերոսի նարդի խաղացող անտարբեր բարեկամների կադրերը: Ազատել երկրորդ երազը պարերի չափից դուրս չարաշահումից, մասնավորապես կրճատելով ծերունիների պարերը:

3․Վերախմբագրել կինոնկարի ֆինալը: Շրջապատի անտարբերությունը հերոսի ճակատագրի հանդեպ ընդգծված է նաև նրանով, որ ֆինալում ամայի փողոցներով անցնում է վիրահատարանի դրվագի աղջիկը և հերոսի մահը ոչ մի կերպ չի ընկալվում իր բարեկամների կողմից: Նրանք պարզապես չկան ֆինալում: Մեզ թվում է ճիշտ՝ օգտագործել ավելի վաղ սցենարա-խմբագրական կոլեգիայի կողմից առաջարկված և ռեժիսորի նկարահանած դրվագը հերոսի ընկերներով և քաղաքի բանուկ փողոցներով աղջկա անցնելով:

4. Վերախմբագրել որոշ անճշտություններ երկխոսություններում և պատկերային շարքում, որ հանգեցնում են ընդհանուր առմամբ ամբողջ նյութի ոչ ճիշտ ընկալմանը (շները հարսանիքում պատկերային շարքում, վերևից զանգի և կաշառքի ակնարկ երկխոսություններում): Սցենարա-խմբագրական կոլեգիան առաջարկում է բոլոր այս ուղղումները կատարել երկօրյա ժամկետում:

Գլխավոր խմբագիր՝ (ստորագրություն) Բուդաղյան Լ. Ս.
Կոլեգիայի անդամ՝ (ստորագրություն)
Պայազատյան Է. Խ. Ֆիլմի խմբագիր՝ Մնացականյան Վ. Մ.

22 օգոստոսի 1972 թ.

«Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի ռեժիսոր-բեմադրիչ ընկ. Ֆ. Վ. Դովլաթյանին

Picture3Հարգելի Ֆրունզե Վաղինակովիչ. Բազմաթիվ ցուցումներից և առաջարկություններից հետո, որ մեր կողմից շարադրված են «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմը շտկելու և ընդունելի կոնդիցիայի հասցնելու վերաբերյալ մի շարք փաստաթղթերում, Դուք, ըստ երևույթին, մնալով ձեր ոչ ճիշտ դիրքերում, վճռական միջոցներ չեք ձեռնարկում գաղափարա-գեղարվեստական կարգի սխալների և թերությունների վերացման համար: Նման անպատասխանատու վերաբերմունքը հանձնարարված գործի նկատմամբ կինոստուդիային դրել է ծանր արտադրա-ֆինանսական դրության մեջ, սպառնալով տապալել ստուդիայի այս տարվա և ապագա պլանների կատարումը: Այդպես շարունակվել այլևս չի կարող: Պետական ձեռնարկության շահերը և Ձեր ֆիլմի ճակատագիրը մեզ պարտավորեցնում են անհետաձգելի միջոցներ ձեռնարկել գաղափարա-գեղարվեստական առումով ընդունելի տարբերակով ֆիլմի հանձնման ձգձգված հարցը վերջնականապես լուծելու համար: Picture4Այդ խնդրի հաջող իրականացման նպատակով մենք առաջարկում ենք հետևյալ ուղղումները.

1. Վիրահատարանի տեսարանը ազատել նատուրալիզմի դեռ մնացած տարրրերից, ուշադրությունը լիովին փոխադրելով հերոսի և վիրահատվողի կնոջ վրա: Միևնույն ժամանակ վճռական մաքրման կարիք ունեն այդ կնոջ ապրումների և հերոսի մեքենայով նրան հիվանդանոցից ուղեկցելու պլանները:

2. Կամ ամբողջովին բացառել հերոսի «առաջին երազը», կամ թողնել միայն հերոսի ձգտման խաղարկումը դեպի մարդիկ, որ իր օգնության կարիքն ունեն:

3. Վերանայել տեսարանը անծանոթի բնակարանում, ազատվելով հերոսի անտակտության անցանկալի շեշտադրումից, որը ներխուժում է կասկածելի համբավի օտար տուն, ինչպես և ոչ բարձր ճաշակի առանձին կադրեր:

4. Փաստաթուղթ ստանալու կարիք ունեցող ծեր կնոջ հետ կապված պատմությունը ավարտել նրանով, որ հերոսին հաջողվում է օգնություն ցույց տալ նրան (անհրաժեշտ են տեքստային ճշգրտումներ):

5. Կրճատել հերոսի «երկրորդ երազը», ազատվելով խառնաշփոթ և պաթոլոգիական կադրերից, շեշտադրելով Սմբատյանի հետ Ռշտունու հաշտության մոտիվը:

6. Բացառել շների տեսարանը «գիշերային հարսանիք» դրվագում:

7. Բացառել հարբածի հետ տեսարանը Անահիտի մոտ:

8. Ճշգրտումներ մտցնել սիրային տեսարանում, բացառելով մերկ ամուսինների անտակտ, ոչ գեղագիտական կադրերը:

9. Բացառել կամ խիստ կրճատել ռադիոյի դրվագի սկիզբը, մասնավորապես սևազգեստ կնոջ կադրերը:

10. Վերջնական ճշգրտումներ մտցնել եզրափակիչ դրվագում, կրճատել երկար կադրերը հերոսի անկումից-մահվանից հետո, մեկ անգամ ևս քննության առնել թերթի մահախոսականի հետ կապված կադրի տեղն ու ֆունկցիան և տեղ գտնել հեղինակի կողմից համապատասխան ավարտական տեքստի համար:

11. Խնդրում ենք մինչև ս. թ. օգոստոսի 23-ի օրվա վերջ գրավոր պաատսխան տալ մեր առաջարկությունների վերաբերյալ, քանի որ դրանից է կախված այդ ֆիլմի վրա աշխատանքների ավարտման հարցի հետագա լուծումը: Առաջարկությունները համաձայնեցված են Հայկ. ԽՍՀ Մինիստրների խորհրդի Կինեմատոգրաֆիայի պետկոմիտեի հետ:

Հարգանքներով՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն՝ Մադոյան Ռ. Մ.

Սցենարա-խմբագրական կոլեգիայի գլխավոր խմբագիր՝ Բուդաղյան Լ. Ս.

 

29 օգոստոսի 1972 թ.

«Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի ռեժիսոր-բեմադրող ընկ. Ֆ. Վ. Դովլաթյանին

Picture1Ձեր համաձայնությունը՝ ընդունել ուղղումները, որ Ձեզ առաջարկվել են ստուդիայի ղեկավարության, Պետկոմիտեի և ղեկավար մարմինների կողմից, կարծում ենք միակ ճիշտ և սթափ որոշումն է ստեղծված իրավիճակում: Հաշվի առնելով կինոնկարի արտադրության ձգձգված ժամկետները, ստուդիայի ղեկավարությունը չի կարող համաձայնել շտկումներ կատարելու համար երկշաբաթյա ժամկետ տրամադրելու Ձեր պահանջի հետ: Մեզ թվում է, որ այդ աշխատանքը կարող է կատարվել և մեկշաբաթյա ժամկետում, այսինքն՝ մինչև ս. թ. սեպտեմբերի 5-ը: Ինչ վերաբերում է անհրաժեշտ ուղղումների ցանկին, ապա դրանք արդեն քանիցս մանրամասն շարադրվել են Պետկոմիտեի նամակներում և ստուդիայի եզրակացություններում:Picture2

Ձեր զեկուցագրի առաջին կետի առնչությամբ անհրաժեշտ ենք համարում Ձեզ հայտնել հետևյալը:

Ձեր խնդրանքը «կանխավ հաստատված սցենարից որոշ սկզբունքային շեղումների և փոփոխություններ և ուղղումներ մտցնելու մասին» Հայկ. ԽՍՀ Պետկոմիտեի հատուկ հրաման հրապարակելու մասին չի կարող բավարարվել, քանի որ այն, մեր կարծիքով, միանգամայն հիմնավորված չէ: Բանն այն է, որ ֆիլմի գաղափարա-գեղարվեստական կոնցեպցիայի սկզբունքային ճշգրտման և ուղղումների պահանջմունքը առաջացել է Ձեր կողմից սցենարի առանձին դրվագների ոչ ճիշտ, երբեմն և անորոշ մեկնաբանության հետևանքով, ինչը և բարդացրել է կինոնկարի արտադրական ճակատագիրը: (Խոսքը, մասնավորապես, այնպիսի դրվագների մասին է, ինչպիսին են հերոսի երազները, հերոսի հարսանիքը և նրա մահը):

Վերջում հույս ենք հայտնում, որ Դուք, իբրև հայ առաջատար ռեժիսորներից մեկը, իբրև քաղաքացի և կոմունիստ, կդրսևորեք բավարար գիտակցականություն և պարտքի զգացում մեր արվեստի առջև, Ձեր գործընկերների և ստուդիայի ողջ կոլեկտիվի առջև: Ամբողջ վերն ասվածը հատուկ իմաստ և հատուկ նշանակություն է ձեռք բերում ԽՄԿԿ ԿԿ «Խորհրդային կինեմատոգրաֆիայի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների մասին» վերջին որոշման լույսի ներքո, որը կոչ է անում ստեղծել խորհրդային կինոարվեստի խորապես գաղափարական բարձր գեղարվեստական ստեղծագործություններ:

 

«Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն՝ Մադոյան Ռ. Մ.

Գլխավոր խմբագիր՝ Բուդաղյան Լ. Ս.

Կուսկոմի քարտուղար՝ Դիլանյան Ա. Ե.

Դիտվել է 68 անգամ