Ռաֆայել Մինասբեկյան.«Թավշյա  հեղափոխությունը  մինչև  երևանյան շարժումը   սուրոգատ  տերմին  էր»

Պրոդյուսեր,սցենարիստ,տնտեսագետ, «Газпром-медиа» հոլդինգի КИТ խմբի ղեկավար  Ռաֆայել Մինասբեկյանը  Երևանում էր  Ռուսական կինոյի շաբաթի առիթով:Ավելի քան 20 տարի Մոսկվայում բնակվող  Մինասբեկյանը  250-ից ավելի հեռուստատեսային,կինո,անիմացիոն  և  գովազդային խոշոր նախագծերի հեղինակն ու պրոդյուսերն է, ոլորտի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Բայց հաջողության նրա պատմությունը սկսվել  է  1990-ականների  Երևանում, երբ հայկական  բժշկական ինստիտուտի ուսանող  Ռաֆայել Մինասբեկյանի գլխավորությամբ ԵԲԻ  ՈՒՀԱ թիմը դարձավ կրկնակի չեմպիոն:

rafael-minasbekyan-post-810x420-26 տարի առաջ էր,երբ ամառային սովորական մի երեկո ասես Երևան վերադարձավ   «Արարատ-73-ի» պարգևած ցնծությունը: Այդ օրը Ձեր ղեկավարած ՈՒՀԱ թիմը դարձավ  Բարձրագույն լիգայի չեմպիոն:Ինչպես եք հիշում այդ օրը:

-Մեր թիմի կյանքում  ամենակարևոր օրերից էր այդ եզրափակիչը: Հիմա  դժվար թե որևէ  մեկը հավատա, բայց հետո, երբ տղաներով հավաքվել ու վերլուծում էինք, պարզվեց որ բոլորս նույն բանն ենք զգացել՝  դատարկություն: էդ րոպեին ոչինչ չես զգում, սկզբում միայն ուրախանում ես, թռվռում, լացում, ցնծում, բայց ամենակարևոր զգացողությունը գալիս է  երեկոյան  կամ՝ գիշերը, երբ դու պետք է քնես հաղթանակի օրը: Եվ այդ ժամանակ ճշմարտացի, ազնիվ զգացողությունը ոչ թե ուրախությունն է, ոչ  ցնծությունը, այլ կատարյալ դատարկությունը, որովհետև այնքան բան ես ներդրել, այնքան ուժերի ու մտքի կուտակում, որ այլ նպատակ չկա՝ միայն հաղթանակ: Հետո  գալիս է դատարկությունը:

-Բայց այդ դատարկությունն ինչ-որ բանով  լցվում է  չէ՞:

-Հա, իհարկե` շատ արագ: Մեր դեպքում լցվեց նրանով, որ   մենք որոշեցինք, որ  19993-ն անցկացնելու ենք  Հայաստանում, քանի որ չեմպիոնները հաջորդ տարի խաղալու իրավունք  չունեին: Որոշեցինք, որ էն հաջողությունը, որ մենք ունեցանք  դրսում, պետք է բերենք  Հայաստան և էստեղ ստեղծենք  КВН-ի Հայաստանի լիգան, ու մեր փորձը, գիտելիքները փոխանցենք հաջորդ սերնդին: Փառք Աստծո, ամեն ինչ ստացվեց, և  էդ դատարկությունը շատ արագ  անցավ, իսկ արդյունքը դուք արդեն  գիտեք:

-Երևանի  բժշկականի 1990-ին ստեղծված КВН-ի թիմի անդամները՝ այդ թվում նաև   դուք, հետագայում ինչով ասես զբաղվեցին, բացի՝ բժշկությունից: Դուք ինստիտուտն ավարտեցիք հոգեթերապեևտի որակավորմամբ:Երբևէ աշխատել ե՞ք այդ մասնագիտությամբ,այն ձեզ պետք եկա՞վ:

-Ասեմ, որ  իմ դիպլոմի համարը 001 է, որովհետև մինչև իմ ավարտելն  այդ մասնագիտացումը Հայաստանում պարզապես չկար:Երբ ավարտում էինք,  մեր ռեկտորը՝ Վիլեն Հակոբյանը, Աստված  նրան առողջություն տա, ասաց՝ դե ժամանակն է, որ կողմնորոշվես նաև կլինօրդինատուրայի հարցում: Ասացի՝ բայց այն մասնագիտացումը, որ ուզում եմ՝ հոգեթերապևտ, Հայաստանում չկա: Նա նայեց ինձ ու պատասխանեց՝ ոչ թե չկա, այլ՝ չկար: Այնպես, որ ես առաջին դիպլոմավորված հոգեթերապևտն եմ Հայաստանում, իսկ  պրակտիկա ունեցել եմ ամբողջ կյանքում, մանավանդ`երբ զբաղվում էի զանգվածային հաղորդակցությամբ ու  ռազմավարական մարկետինգով, որն ինքնին  զանգվածային  հոգեթերապիա  է, երբ դու տարբեր գործիքներով ազդում ես մարդկանց գիտակցության վրա:Այդ ամենն ինձ շատ օգնեց, քանի որ ուրիշ պրոֆեսիոնալներ նման գիտելիքներ և հմտություններ  չունեին՝ լավ  իմաստով հանրային գիտակցությունը  մանիպուլյացիայի ենթարկելու  համար: Ինչ վերաբերվում է  բժշկությանը, ապա այն  չի   կարող կյանքում պետք չգալ:

-Գրեթե 10 տարի անց դուք ստացաք նոր` տնտեսագիտական  կրթություն` կազմակերպությունների մենեջմենթ  և հակաճգնաժամային կառավարում մասնագիտացմամբ:

-Իմ դեպքում մի քիչ հակառակը  եղավ: Ես սկզբում սկսեցի զբաղվել տնտեսությամբ, հետո  նոր գնացի սովորելու:Երբ տնտեսագիտական կրթություն ստացա ,արդեն «Ռոսգոսստրախում» էի, որը  հսկա կորպորացիա էր` 100 000-ից ավելի աշխատակիցներ ուներ, և ես կառույցի  փոխնախագահն էի:Երբ մեր  թիմը «Ռոսգոսստրախ»  եկավ, այն  80-րդ տեղում էր, մենք 8 ամսում այն  հասցրեցինք 1-ին հորիզոնական:

-Ամեն օր  մենք  համոզվում ենք,  որ  հեռուստատեսությունը լսարան է կորցնում,պարտվում է  սոցցանցերին: Ինչպե՞ս պետք է  զարգանա հեռուստատեսությունը, որ մրցունակ լինի:

-Դա այնքան  էլ  ճիշտ չէ:Ես  վերջերս եմ ուսումնասիրություն արել:Հեռուստատեսային դիտումներն, ըստ էության, աղետալի չեն պակասել, այլ՝ մի քիչ:Կարևոր է  այլ բան՝ պակասել է դիտումների տևողությունը՝ մարդիկ սովորել են կարճ ֆորմատին:

Հիմա  շատ կարևոր է ֆորմատը և խրոնոմետրաժը՝ երկար թոք- շոուներն արդեն  հետաքրքիր չեն: Եվ այն հանգամանքը, որ շատ արագ զարգանում  է  համացանցը, նոր մեդիան, դա հեռուստատեսության  հաշվին չէ, այլ տպագիր մամուլի, ռադիոյի՝  նոր մեդիան  պարզապես խժռում է նրանց: Իսկ հեռուստատեսության ապագան թեմատիկ՝վճարովի ալիքներն են:

Մեր սերնդին դեռ հետաքրքիր է,  թե ինչ ցույց կտան իրենց, բայց նոր սերունդն արդեն կողմնորոշվել է՝  թե ինչ է  ուզում տեսնել եթերում: Եվ վճարովին խժռում  է ազատ եթերի բաժինը ու բնականաբար ապագան պատվերով հեռուստատեսությանն է, որը դեռ  շատ երկար կլինի՝ իհարկե, կտրանսֆորմացվի, կփոփոխվի, բայց կմնա՝ ավելի շատ միտվելով  պատվերով եթերին:

-Հիշում եք  «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի հերոսի հայտնի միտքը՝ «20 տարի անց միայն համատարած հեռուստատեսություն կլինի»: Եթե վերաձևակերպենք, ինչպես այն կհնչի այսօր:

- Այսօրվա չափանիշերով  20 տարին չափազանց շատ է՝ ամեն  վայրկյան ամեն ինչ կարող է գլխիվայր փոխվել:20 տարի հետո կլինի համատարած կիբեռնետիկորեն մարդուն ինտեգրված մեդիա:Ամեն ինչ չիպավորված կլինի, մենք այսօր արդեն չիպավորված ենք:Եվ մարդկային հարաբերությունները կվերածվեն դելիկատեսի:

Տեսեք ինչ տխուր վիճակագրություն է՝ Ճապոնիայում բնակչության 60 %-ից ավելին  վիրտուալ սեքսը նախընտրում է իրականից՝  ապրելով նույն տան մեջ՝ լինելով ամուսիններ:Եվ սա միայն սկիզբն է:

Մարդիկ իսկապես ընկեր են համարում ֆեյսբուքի իրենց ընկերներին,որոնցից շատերին անգամ չեն տեսել,սա  է այսօրվա իրողությունը:Իսկ ոլորտում  առաջիկա 7-8 տարում սկզբունքորեն ոչինչ չի փոխվի, բայց  հետո ամեն ինչ կփոխվի կայծակնային  արագությամբ՝ կտրուկ  թռիչքով:

-Ձեզ  հաջողվեց  մուտք գործել ռուսական հեռուստաոլորտ այն ժամանակ, երբ  ոչ յուրայինների համար չափազանց մեծ պատնեշ կար:Ինչպե՞ս  ճեղքեցիք այդ պատը:

-Չգիտեմ,անկեղծ ասած, շատ դժվար էր:Երբ մենք КВН էինք խաղում, բոլորը մեզ շատ սիրում էին,չափազանց ջերմ էին , և մեր առջև բաց էին  բոլոր դռները:Բայց հենց մենք ռուսական հեռուստատեսություն  եկանք լուրջ  նախագծերով, այդ ամենը միանգամից վերացավ:Մեզ արդեն ոչ ոք  լուրջ չէր ընդունում, քանի որ այն  ժամանակ КВН-ի խաղացողները որպես դիլետանտ էին ընկալվում:Եվ մենք սկսեցինք կինոյից. նկարեցինք ռուսական առաջին կատակերգական սերիալը:Շատ մեծ  դժվարությամբ առաջին 2 սերիան նկարեցինք  ու կանգ առանք:Եվ դա այն դեպքում,որ մեր համահեղինակն Արկադի Արկանովն էր՝ մեծն Արկանովը: Ամեն ինչ փոխվեց միայն այն ժամանակ, երբ նկարեցինք «Հին երգեր գլխավորի մասին» ամանորյա ծրագիրը, որի 97թ-ի թողարկման վարկանիշն  առ այսօր ոչ ոք չի գերազանցել: Հենց այդ ժամանակ մեզ անվերապահորեն ընդունեցին,  և հենց այդ ժամանակ էլ ես հեռացա :

-Ձեր կարիերայի ընթացքում շատ հաճախ կտրուկ փոխել եք  գործունեության տեսակն ու բնագավառը:Ինչո՞ւ:

-Այդպես  է, 5 անգամ արմատապես փոխել եմ աշխատանքս, 180 աստիճանով փոխել եմ կյանքիս ուղղությունը:Ես ամբողջ կյանքում զբաղվել եմ այնպիսի աշխատանքով, որն ունի օբյեկտիվ  ցուցանիշներ:Այդ բոլոր ցուցանիշներին կարելի է հասնել և  որակի, և ազնվության շնորհիվ:Բայց կարելի հասնել նաև ոչ բարոյական ու անազնիվ կոնտենտի շնորհիվ:

Եվ ես հրաշալի գիտեմ, թե դա ինչպես անել.կարելի է «խփել» շատ ցավոտ  տեղերի, և կարելի  է առաջ անցնել հենց  հոգեթերապիայի միջոցով:Սակայն  ինձ համար չափազանց կարևոր է,որ ես կարողանամ բաց երեսով երեխաներիս ցույց տալ այն ամենը, ինչով ես զբաղվել եմ,այլ ոչ թե ասեմ ՝սա պետք չէ նայել, որովհետև հայրիկը պարզապես փող էր աշխատում:Ես ունեմ ընկերներ,  որոնք  արգելում  են իրենց  երեխաներին տեսնել այն ինչով զբաղվել են:Բայց ես դա չէ որ ուզում եմ:Ազնվորեն, առանց գեղեցիկ խոսքերի՝  ինձ համար չափազանց կարևոր է  նաև, որ այն ինչով զբաղվում  եմ, ինձ հետաքրքրի:

Իհարկե, կար շրջան որ կարևոր էր, որ  դրա համար  նաև շատ լավ վճարեն, քանի որ հասկանալի է՝  ընտանիք եմ պահում:Հիմա, փառք Աստծո, կարող եմ ինձ թույլ տալ զբաղվել նաև այն բաներով, որ առաջին հերթին  հետաքրքիր են:Նաև  պատրաստ եմ անել նախագիծ, որն ինձ ոչ մի կոպեկ չի բերի՝ եթե դա հետաքրքիր է: Իսկ եթե պետք է վնասով աշխատեմ, դա էլ կարող եմ ինձ թույլ տալ, բայց դա արդեն չափազանց հետաքրքիր պետք է լինի:

-Ձեզ շարունակո՞ւմ եք երևանցի համարել:

-Միշտ  եմ երևանցի եղել:Լինում է չէ, որ ապրում ես այլ քաղաքում,ընտելանում ես  և անգամ  քեզ հարազատ  է դառնում:iPhone-ում մի  հավելված կա, որով նշում ես  թե որ քաղաքներում և  երկրներում ես եղել, ապրել:Վերջում դա վերածվում է  տոկոսային պատկերի:Իմ հավելվածում դա 87 տոկոս է, այսինքն ես  եղել եմ գրեթե ամբողջ աշխարհում:Եվ վստահեցնում եմ՝ երբևէ չի եղել  մի տեղ որտեղ ես  ինձ երևանցի չեմ զգացել:Երևանցի լինելը բոլորովին այլ  բան է:Մարդը կարող է աշխարհի տարբեր քաղաքներում  շատ բնակարաններ, առանձնատներ ունենալ, բայց տունը մեկն է և իմ միակ տունը  Երևանում է :Փառք Աստծո, արդեն վերանորոգեցի այն, իմ պապական տունն է՝ կինո «Նաիրիի» շենքում, որտեղ ապրել են իմ պապը, իմ հայրը, որտեղ ծնվել  եմ ես , և հիմա  էլ լինում են իմ երեխաները:

-Հիմա  հետհեղափոխական Երևանում եք:Վստահ եմ Երևանն այսպիսին դեռ չեք տեսել:

-Այն ինչ կատարվեց՝ հրաշալի է: Տարիներ առաջ մենք՝ Ռուբեն Վարդանյանի և շատ  այլ  արժանավոր մարդկանց հետ ստեղծեցինք  «Հայաստան-2020» նախագիծը, որը Հայաստանի զարգացման հնարավոր  ուղղությունների սցենար էր՝ դրական, բացասական  և իդեալական հնարավոր տարբերակներով:Բայց անգամ իդեալական տարբերակում նման բան կանխատեսել չէինք   կարող:

Այն ինչ հիմա է կատարվում՝ միայն հիացմունք է առաջացնում ՝անկախ նրանից թե ինչով կավարտվի, թեև վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է  լինելու:Այն ինչ կատարվեց՝ աներևակայելի է,աշխարհում նման բան չի եղել ՝ երբեք: Անգամ Գանդիի մեծ շարժման  ժամանակ զոհեր են եղել, Մանդելայի ժամանակ այրում էին,փշրում, իսկ այստեղ անգամ մի պատուհան չկոտրվեց:

Այսինքն, թավշյա հեղափոխությունը մինչև երևանյան շարժումը  սուրոգատ տերմին էր, և միայն հիմա այն իրապես ձեռք բերեց իր ճիշտ նշանակությունը:Սա լավագույնն էր, որ կարող էր կատարվել մեզ հետ՝ Աստծո կամքն էր, և  Աստծո մատն էր խառը:

-Եվ  որպես հակաճգնաժամային կառավարման մասնագետ ,ինչ կանխատեսումներ ունեք հետհեղափոխական շրջանի համար:

-Վստահ եմ,որ սա շատ լուրջ ազդակ կդառնա սփյուռքի հետ մեր որակապես նոր հարաբերությունների ձևավորման համար:Եթե մենք բոլորից առաջ անցանք  այս հարցում,ապա չի բացառվում որ  կգերազանցենք  նաև իսրայելական մոդելը:

Որպես տնտեսագետ ինձ ամենից շատ ոգևորում է  փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հրավիրել  է  Տարոն Աճեմօղլուին, և նա համաձայնել է :Նա  անկասկած ապագա Նոբելյան մրցանակակիր է և վերջին 7 տարիների ամենամեջբերվող տնտեսագետն աշխարհում:Մասաչուսեթսի համալսարանի  տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսական ամբիոնը ոլորտի բարձրակետն է:Եվ եթե Տարոնն  անգամ 10 խորհուրդ տա, դա  արդեն չափազանց մեծ բան է:

Եթե վաղն ինձ ասեն, որ որևէ  հարցում ունեն իմ օգնության կարիքը, ես բացարձակապես անշահախնդիր կանեմ ամենը ինչ կարող եմ, և դա մեծ պարգև կհամարեմ ինձ համար:Իսկ ինձ նմանները շատ են: Իհարկե, շատ մեծ դժվարություններ կլինեն, բայց որևէ փակուղի  ես չեմ տեսնում:Հիմա ամենակարևորը  խանդավառության  և  էնտուզիազմի  այս   ալիքը գործի վերափոխելն է:Այսօր  մեզ մեգակորպորացիաներ պետք չեն, պետք է զարկ տալ փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:Եվ  պետք է շատ ճիշտ կազմակերպվի ազգային  բիզնեսի հայրենադարձումը՝ ճիշտ  գաղափարախոսությամբ ու մոդելներով:Դրա հետ կապված միայն իմ գլխում  այս օրերին բազմաթիվ նախագծեր ծնվեցին:Հիմա Հայաստանը  դառնում է նոր կենտրոն, որտեղ կարող է հավաքվել հզոր  ու աներևակայելի մի ներուժ, պետք է ամեն ինչ անենք  այն կայացնելու համար:

Հարցազրույցը ՝  Նունե  Ալեքսանյանի

Դիտվել է 256 անգամ