Խավիեր Բարդեմ, Պենելոպե Քրուզ․ ընտանիք և աշխատանք

71-րդ Կաննի կինոփառատոնն այս տարի բացվեց Ասղար Ֆարհադիի «Բոլորը գիտեն»  ֆիլմի ցուցադրությամբ, գլխավոր դերերում՝ Պենելոպե Քրուզ եւ Խավիեր Բարդեմ։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Կարոլինան Արգենտինայի տաք եւ գեղեցիկ մայրաքաղաք Բուենոս Այրեսից մեկնում է Իսպանիա՝ հարազատներին տեսակցելու։ Ճանապարհին, սակայն, բազում արկածների և խոչընդոտների է հանդիպում։ Սա ամուսինների առաջին համատեղ աշխատանքը չէ։ Ֆիլմը կինոփառատոնի պատմության ողջ ընթացքում երկրորդ իսպանալեզու ֆիլմն է, որին բախտ է վիճակվել դառնալ նշանավոր կինոփառատոնի բացման ֆիլմ։ Առաջինը 2004 թվականին ցուցադրված Պեդրո Ալմադովարի «Վատ դաստիարակություն» ֆիլմն էր։

33097385_10216600523147903_5866077018755432448_nԱսղար Ֆարհադին միջազգային ճանաչում բերեց իր «Պարեր փոշու մեջ» ֆիլմը (2003թ․), իսկ 2009 թվականին իր «էլլի մասին» ֆիլմի համար կինոռեժիսորը արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին։ «Բոլորը գիտեն» ֆիլմը իրանցի կինոռեժիսորի առաջին իսպանալեզու ֆիլմն է։

Պենելոպե Քրուզը եւ Խավիեր Բարդեմը միմյանց ճանաչում են շուրջ 20 տարի, ծանոթացել են նկարահանման հրապարակում, ամուսնացած են արդեն 8 տարի, սակայն այժմ շատ հազվադեպ են միասին աշխատում։ Աստղային զույգի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1992 թվականին Պեդրո Ալմադովարի «Խոզապուխտ, խոզապուխտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ապագա ամուսիններն այդ ժամանակ անգամ մի փոքր բաց տեսարաններում խաղացին՝ զուտ մասնագիտական պատասխանատվությունից ելնելով, քանի որ Խավիերին Պենեպոպեն բացարձակ չէր հետաքրքրում, իսկ 16-ամյա աղջնակին ավելի շատ իր կարիերան էր մտահոգում։ Ու թեեւ դերասանուհին պնդում է, որ ծառայողական սիրավեպեր չի ունեցել, այնուամենայնիվ նա մի քանի անհաջող սիրավեպերի փորձեր ունեցավ գործընկերների հետ՝ Թոմ Քրուզ, Մեթ Դայոն, Նիկոլոս Քեյջ։ Խավիեր  Բարդեմը նույնպես ժամանակ չէր կորցնում՝ գերելով հոլիվուդյան գեղեցկուհիների սրտերը։

Ճակատագիրը Պենելոպեին եւ Խավիերին նորից հանդիպացրեց 2008 թվականին, երբ նրանք խաղացին կրքոտ ամուսնական զույգի Վուդի Ալենի «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմում։ Ստեղծված ընկերությունն ու մտերմությունը վերածվեց մեծ սիրավեպի։

Այսօր ամուսնական զույգը երկու երեխա ունի։ Խավիերը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է․«Ես երջանիկ եմ ամուսնական կյանքում։ Շնորհիվ Պենելոպեյի ես հոգու խաղաղություն գտա։ Ես շնորհակալ եմ նրան, ով վերեւից նայում է մեզ, որ հնարավորություն տվեց ինձ լինել սիրված։Մենք կարողանում ենք առանձնացնել կյանքն ու աշխատանքը»,-ասել է Խավիերը։ Իր հերթին Պենելոպե Քրուզն ավելացրել է․ «Մենք մեր հերսներին մեզ հետ տուն չենք բերում։ Երբ 20 տարեկան էի համոզված էի, թե որքան շատ տանջեմ ինքս ինձ՝ կերպարի մեջ մտնելու համար, այնքան՝ ավելի լավ, սակայն, տարիների ընթացքում ես հասկացա, որ այդպես չէ։ Սա աշխատանք է։ Այն պետք է թողնել տան շեմքից դուրս։  Նկարահանման հրապարակում մենք ամուսիններ չենք, այլ՝  ֆիլմի հերոսներ։  Չնայած դրան ես համոզված եմ, որ կանգնած եմ մի մարդու կողքին ում վստահում եմ 100%-ով, ով միշտ կքաջալերի ինձ։ Դա օգնում է աշխատել, սակայն դա չի նշանակում, որ մենք միասին պետք է ամեն տարի աշխատենք»։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

 

 

Դիտվել է 133 անգամ