Կանն․ անցյալ և ներկա

Bulevar-de-la-KruazetՆիցցայից 30 կմհեռավորության վրա, Նապուլյան ծովախորշի ափին է գտնվում ֆրանսիական հռչակավոր Կանն (Cannes) առողջարանային քաղաքը: Ավազոտ լողափեր, ծովեզրի երփներանգ բնապատկերներ, մեղմ, արևոտկլիմա, նրբաճաշակ խոհանոց, տոնակատարություններ,խաղատներ, կինոթատրոններ, դիսկոտեկներ, ջրային մարզաձևեր`այս ամենը Կաննըդարձնում են ցանկալի երթուղի զբոսաշրջիկների և իդեալական վայր արձակուրդն անցկացնելու համար:

Կաննը 9 կմ երկարությամբ ձգվում է Բոկի թաղամասից մինչև Ֆուրկադի ժայռերը: Կենտրոնում Անտիբի փողոցն է, Ազատության ծառուղին և Կրուազետի առափնյակը (boulevard de la Croisette): Կրուազետն իր շքեղ հյուրանոցներով, առանձնատներով, հայտնի կուտյուրեների և լյուքս ապրանք արտադրողների խանութներով (Dior, Lacroix, Vitton, Yves-St-Loraine, Chanel, Hermes) Կաննի ցուցափեղկն է: Այն ձգվում է Կաննի ծովախորշից մինչև նավահանգիստը և նշանավոր խաղատունը (կազինոն), որ գտնվում է Պալմ-Բիչի գեղատեսիլ բարձունքին:

Քաղաքի մշտական հյուրն են եղել Չառլի Չապլինը, Տրիստան Բեռնարը, Մարլեն Դիտրիխը, Մորիս Շևալիեն, Սոֆի Լորենը, Բարտ Լանկաստերը, Կատրին Դենյովը, իշխանուհի Դիանան… Դժվար է թվարկել բոլորին: Կաննում ժամանակին առանձնատներ են կառուցել Գի դը Մոպասանը, Պրոսպեր Մերիմեն, Ժերար Ֆիլիպը:

CannesYachtingFestival5

Քաղաքի պատմությունը

Կանն թարգմանաբար նշանակում է եղեգ: Իր անվանման համար Կաննը հավանաբար պարտական է շրջակայքի երբեմնի եղեգնուտներին: Կաննի տեղանքում Էգիտնա բնակավայրը, ըստ մի վարկածի, հիմնադրել են հռոմեացիները մ.թ.ա. 42 թվականին, ըստ մեկ այլ վարկածի՝ լիգուրները՝ մ.թ.ա. II դարում: Բնակիչները զբաղվում էին հիմնականում ձկնորսությամբ, ավանն օգտագործվում էր որպես նավահանգիստ Լերինյան կղզիների հետ առևտուր անելիս:

Քաղաքի անցյալի մասին հիշողություններ է պահում Սյուքե (Suquet) բլուրը, որի վրա բնակություն են հաստատել հույները, ապա՝ հռոմեացիները: Այստեղ պահպանվել է Կաստրի ամրոցը (Chateau de la Castre)՝ XII դարի կառույց, որտեղ այժմ գտնվում է հնագիտության և ազգագրության թանգարանը, ինչպես նաև XV դարի Notre-Dame-de-l՚Esperance եկեղեցին: Սյուքե բլուրից բացվում է քաղաքի և ողջ առափնյակի գեղեցիկ տեսարանը:

Կաննը իր համբավի համար պարտական է անգլիացի լորդ Հանրի Բրոունհեմին: Խուսափելով ժանտախտի համաճարակից, որ 1834 թ. բռնկվել էր Նիցցայի շրջակայքում, լորդը փոխում է իր երթուղին և իջևանում մոտակայքում գտնվող այդ գյուղակում: Երկրամասն այնքան է գերում նրան իր գեղեցկությամբ, հյուրընկալությամբ և պրովանսյան խոհանոցով, որ նա այստեղ շատ ավելի երկար ժամանակ է անցկացնում, քան ծրագրում էր, իսկ հաջորդ տարի այստեղ է բերում իր բարեկամներին: Այդպես սկսվում է Կաննի ժամանակակից պատմությունը:

 Քաղաքի նշանավոր վայրերը

Կաննը հին գեղեցիկ շենքերի, եկեղեցիների, մատուռների, զբոսայգիների քաղաք է: Զբոսնելու համար կարելի է գնալ դեպի ձկնորսական նավահանգիստ կամ վարդանոց՝ վարդերի տնկարան: Բելլինիի գրավիչ մատուռը (Chapelle Bellini), որ կառուցված է իտալական բարոկկոյի ոճով, գտնվում է Ֆիորենտինայի զբոսայգում: Իսկ Ալեքսանդր III-ի բուլվարում է գտնվում ոչ պակաս ինքնատիպ Սուրբ Միքայել հրեշտակապետի ռուսական ուղղափառ եկեղեցին (Eglise Saint-Michel Archange):

36_bigԿաննի ծովային կայարանից զբոսանավակով կարելի է 15 րոպեում հասնել խորհրդավոր Լերինյան կղզիներ: Սենտ Մարգարիտ կղզին ավելի քան 300 տարի պահպանում է երկաթե դիմակով կալանավորի գաղտնիքը: Միջնադարում կղզում կառուցվել է թագավորական ամրոց, որը հետագայում դարձել է թագավորական բանտ: Այսօր այդ ամրոցում գործում է Ծովի թանգարանը: Իսկ Սեն Օնորի կղզում գտնվում է մի վանք, որ հիմնադրվել է V դարի սկզբին: Միաբանությունը գործում է մինչև օրս: Կղզին նշանավոր է նաև տեղական լիկյորով, որի գաղտնիքը վանականները խիստ գաղտնի են պահում:

 Հայտնի իրադարձությունները

Կաննում տեղի ունեցող նշանավոր իրադարձություններից են Կաննի միջազգային կինոփառատոնը, «Ոսկե առյուծ» գովազդի միջազգային փառատոնը, եվրոպական բջջային կապի ամենամյա խոշոր տեխնոլոգիաների շուկան և եվրոպական կոմերցիոն անշաժ գույքի ցուցահանդեսը՝ «MAPIC»-ը։ Կաննում անցկացվում են նաև թագավորական ռեգատաներ, միջազգային ձիարշավներ, գոլֆի մրցումներ:

CannesYachtingFestival2 (1)

 

 Կաննի միջազգային կինոփառատոնը

Կաննի անկախ կինոփառատոնի ստեղծման գաղափարը ծագել է Վենետիկի փառատոնում 1938 թ.: Առաջին անգամ փառատոնը պետք է կայանար 1939 թ. սեպտեմբերին: Նախաձեռնողը Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեյն էր: Ժյուրիի նախագահ էր նշանակվել Լուի Լյումերը: Սակայն փառատոնի բացումը տապալվեց Եվրոպայում սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով: Առաջին անգամ փառատոնն անցկացվեց 1946 թ. (սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 5-ը): 1948 և 1950 թթ. կինոփառատոնը չի կայացել ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով: 1952 թ. սկսած` այն անցկացվում է ամեն տարվա մայիսին (փառատոնն ընդհատվել է միայն 1968 թ. ուսանողական ընդվզումների պատճառով): Այսօր փառատոնի պաշտոնական բյուջեն կազմում է 7 մլն դոլար: Երբ պարզ դարձավ, որ կինոյի տոնը լայն միջազգային թափ է ստանում, 1948 թ. ներկայիս JW Marriot Cannes-ի տեղում բացվեց Կաննի փառատոների պալատը: Բայց սկզբում էլ ակնհայտ էր, որ այն փոքր է։ 1980-ականների շեմին, երբ փառատոնը ճանաչվեց ամենահեղինակավորն աշխարհում, բացվեց նոր ժամանակակից Փառատոների պալատը:cover

Փառատոնի ժամանակ Կրուազետի առափնյակում հավաքվում են երկրպագուները՝ տեսնելու կարմիր սանդուղքով բարձրացող կինոաստղերին և ռեժիսորներին: Պալատի կողքին գտնվում է Աստղերի ծառուղին, որտեղ բազմաթիվ ականավոր կինոգործիչներ են թողել իրենց ձեռքի հետքը: Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու ճյուղն» է (ֆր. Palme d՚Or): Իր անվանումն այն ստացել է 1955 թ.: 1939-1954 և 1964-1974 թթ. փառատոնի բարձրագույն պարգևը կոչվում էր Գրան-պրի: Փառատոնի ամբողջ պատմության ընթացքում որևէ կինոռեժիսորի չի հաջողվել մրցանակը նվաճել երեք անգամ: Փառատոնի գլխավոր պարգևի կրկնակի մրցանակակիրների թվում են Ալֆ Շյոբերգը (1946, 1951), Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան (1974, 1979), Բիլլե Աուգուստը (1988, 1992), Էմիր Կուստուրիցան (1985, 1995), Սյոհեյ Իմամուրան (1983, 1997), Դարդեն եղբայրները (1999, 2005), Միխայել Հանեկեն (2009, 2012):

 Հայկական ներկայությունը Կաննի փառատոնում և կինոշուկայում

Հայկական առաջին ներկայությունը Կաննում վերագրվում է 1960-ականներին։ Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» կինոնկարը (1965) ընդգրկվել է Կաննի փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում, իսկ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» կինոնկարն առաջինն է, որ ներկայացվել է Կաննի հիմնական մրցույթում (1966): Ավելի ուշ Կաննի կինոփառատոնի մրցանակակիր է դարձել կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը: 1994 թ. նրա «Էկզոտիկան» արժանացավ FPRESCI-ի մրցանակին, իսկ 1997 թ. նրա «Լուսավոր ապագան» ստացավ 3 մրցանակ (Գրան պրի, FPRESCI-ի և Էկումենիկ ժյուրիների մրցանակներ)։ Ատոմ Էգոյանը 2010-ին եղել է փառատոնի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը։ 2010 թ. ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» կարճամետրաժը արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» բարձրագույն մրցանակին։IMG_7721-300x200

 2010 թվականից Հայաստանի ազգային կինոկենտրոնը մասնակցում է Կաննի կինոշուկային և մշտական տաղավար ունի։ Ամեն տարի հայկական տաղավարում իրենց ֆիլմերն են ներկայացնում հայ ռեժիսորներն ու պրոդյուսերները՝ փորձելով գործընկեր գտնել նոր կինոնախագծերի ու արդեն արտադրված ֆիլմերի համար։ 2014 թ. «Կաննի դասականներ» արտամրցութային ծրագրով կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը (վերականգնումն իրականացրել է Մարտին Սկորսեզեի Համաշխարհային կինոյի հիմնադրամը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ)։

 

Պատրաստեց Ռուզան Բագրատունյանը

 

 

Դիտվել է 46 անգամ