Գոդար․ Կորսված դրախտի որոնումներում

32253130_2148655228508548_8770536094191058944_nԿաննի 71-րդ կինոփառատոնը զարդարող Գոդարի կես դար առաջ նկարահանած «Պիերո-խենթը» (Pierrot le fou, 1965)` ֆիլմի համբույրի տեսարանով ոճավորված պաստառի ներքո, hամաշխարհային կինոյի  կենդանի կուռքը՝  87-ամյա Ժան Լյուկ Գոդարը, փառատոնի հիմնական մրցութային ծրագրում ներկայացավ նոր ֆիլմով, ինչը կինոմթնոլորտը դարձրեց դյութիչ և փոքր ինչ սյուրռեալիստական: Կաննի փառատոնի տնօրեն Ժիլ Ժակոբին ուղղված  «Հրաժեշտի նամակից», «Հրաժեշտ խոսքին» (Adieu au Langage, 2014) ֆիլմից, ինչպես նաև Միշել Խազանավիչյուսի «Երիտասարդ Գոդարը» (Le Redoutable, 2017) կենսագրականից հետո Գոդարը վերադառնում է ավանգարդ ՝ շատ ավելի երիտասարդ, քան իր երիտասարդության մասին պատմող երիտասարդ ռեժիսորները:

Ի՞նչ է «Պատկերագիրքը» (Le livre d’image, 2018)՝ դրամա,  ծերունական զառանցանք, թե՞  ժամանակից դուրս մտածողի խոհափիլիսոփայական տրակտատ․ ահա այն հարցը, որը բոլորը տալիս են միմյանց և իրենք իրենց կինոդիտումից առաջ և հետո: Հաշվի առնելով արվեստի սահմանները կոտրելու, կտրուկ հեղաշրջելու գոդարյան նախկին հաջողված փորձերը, անգամ զառանցանքի վարկածին հակված քննադատները չեն ձերբազատվում վերապահումից․«միգուցե, գրո՛ղը տանի, նա կրկի՞ն առաջ է իր ժամանակից»։

32253571_2148653031842101_5605401701075910656_nԺամանակը Գոդարի սիրելի խաղալիքն է, որը վերացական ու անորսալի սուբստանցիայից նրա ձեռքում վերածվում է պլաստիլինե գնդի, որը նա անդադար «մաժմժում» է, հետո ծվեն-ծվեն անում ու չարաճիճի մանկան պես մրաշիրոտ ձեռքերով նստում է մեկ այլ սիրելի խաղալիքի՝ մոնտաժային վահանակի դիմաց:

Դժվար է ասել, թե որքանով են Գոդարին ծանոթ ինստագրամը, թվիթերն ու ֆեյսբուքը, բայց նրա կինոկոլոաժը նման է սոցցանցային վարընթաց ժապավենի, որտեղ և՛ արխիվային հրապարակումներ են, և՛ թարմ վերբեռնումներ, և՛ հպանցիկ սլայդշոուներ՝ ամենը համեմված հեղինակային թվիթ-գրառումներով:

Գոդարը վաղուց է համարվում կենդանի թանգարան, սակայն վերջին շրջանում նրա անծայրածիր միջանցքները տանում են ոչ միայն դասական սրահներ, այլև ժամանակակից արվեստի տաղավարներ․ այսպիսով՝ «Պատկերագրքի» հեղինակը այլևս ոչ թե թանգարան է, այլ նաև պատկերասրահ:

Մերթընդմերթ սոցցանցային մոնիտորը վերածվում է էլեկտրակարդիոգրաֆիկ վահանակի, որի վրա առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, համառ դիագնոստ Գոդարը ախտորոշում է «Քաղաքակրթություն» անունով հիվանդի անբուժելի տախիկարդիան:

«Պատկերագրիրքը» շարունակում է էքսպերիմենտալ մոնտաժային ֆիլմերի գոդարյան շարքը՝ «Կինոյի պատմությունը», «Հրաժեշտ խոսքին»-ը,  ինչպես նաև նրա գրեթե բոլոր ֆիլմերում համբերատար էրուդիտները մանրազնին կերպով հաշվել են առնվազն 5 տասնյակ երաժշտական, արվեստային, փիլիսոփայական ու հրապարակախոսական հղումներ՝ Դարվինից՝ Լուի Ֆերդինանադ Սելին, Մամուլյանից՝ Արթուր Արիստակիսյան, Շոնբերգից՝ Գիա Կանչելի և այսպես շարունակ․․․ Նույնը դեռ մի բան էլ ավելի սրընթաց կատարվում է «Պատկերագրքում»՝ Ռոզա Լյուքսեմբուրգի շիրիմը, Վլադիմիր Վիսոցկու երգը, ISIS-ի յութուբյան կադրերը ու Կլիմտի և Դելակրուայի կտավները հաջորդում են միմյանց՝ Գոդարի 5-մասանոց մանիֆեստում նրա պաթետիկ-լիրիկական խորհրդավոր հնչյունավորմամբ:

Կրկին հօդս են ցնդել մոնտաժային թվացյալ կանոնները, ձայնի կորեկցիան, պատկերաշարի ավանդական տրամաբանությունը. Գոդարը վերջնականապես նմանվել է կինոպոետի, ով ստեղծագործում է «գիտակցության հոսքի» ժանրում։ Եթե Գոդարի հայրենակից Մարսել Պրուստը փնտրում էր կորսված ժամանակը, ապա Գոդարը՝ կորսված դրախտը, որը նրա համար ո՛չ հայրենի Ֆրանսիան է, ո՛չ էլ անձնագրային Շվեյցարիան, այլ «հին ու բարի» Միջին արևելքը  պաղեստինայան կոնֆլիկտով, արաբական գարունով, երազախաբ հեղափոխությունով, էսթետիկ ճգնաժամով ու գալիք ապոկալիպսիսով:

Այդ պոետիկ ուխտագնացության քարավանում են բոլորը՝ Ռեմբոն ու Մալրոն, Պազոլինին ու Վիսոցկին, Մարքսն ու Էնգելսը, հոլիվուդյան ռեժիսորներն ու պաղեստինյան հրամանատարները, սրտում ՝ նոն-կոնֆորմիզմը և սրտառուչ անարխիզմը , շուրթերին՝ անփոփոխ հրամանը՝ ձա՛խ- ձա՛խ, ձա՛խ , որով ալեհեր զորավարը՝ արագափոխ գեղադիտակն աչքերին ազդարարում է գաղափարախոսական մշտնջենական քայլերթը:

Կարեն Ավետիսյան
Կանն-Երևան
13 մայիսի, 2018 թ․

 

Դիտվել է 159 անգամ