Օսկար-Սեզար

Սեզար Crédits Ulf AndersenՕսկար-Սեզար․ հինգ տառ և նման հնչողություն․պատահականությու՞ն՝ ոչ, մտադրվա՞ծ քայլ՝ այո։ Սակայն ի տարբերություն Օսկարի, Սեզարը ֆրանսերենում հոգնակի թվով չի գրվում, քանզի այն հատուկ անուն է, արվեստառատ անուն է․ մարսելցի քանդակագործ և Ֆրանսիայի հպարտություն Սեզար Բալդաչինիի անունն է։ Արվեստագետը կինոյի հետ որևէ կապ չուներ, փոխարենն իր մտերիմ ընկեր՝ հանրահայտ պրոդյուսեր և լրագրող Ժորժ Կրավենը մանկուց երազում էր ստեղծել Օսկարին հավասարազոր մրցանակաբաշխություն՝ տարածելու համար եվրոպական կինոն։ 1976 թվականին Կրավենն իրականացնում է իր երազանքը՝ փոխառելով Սեզարի անունը և վստահելով նրան միջոցառման ամենակարևոր էլեմենտի՝ մրցանակի ստեղծումը։ Հավանաբար սկզբում Սեզարը փորձում է շարունակել նմանությունների շղթան՝ ստեղծելով տասնյակ ժապավեններով փաթաթված oսկարատիպ արձանիկ։ Սակայն ֆրանսիացի կինոգետները քննադատում են նմուշը, և Սեզարը վերադառնում է իր ինքնատիպ ոճին՝ ստեղծելով այսօր բոլորիս հայտնի նմուշը։

César3 կգ 800գր կշռող «Սեզարը» տասնյակ բրոնզյա ժապավենների ձուլածո է։ Այո, «Սեզարը» բրոնզից է և ոչ ոսկուց, ինչպես շատերն են մտածում։ Ձուլման տաժանակիր աշխատանքով զբաղվում է Բոքելների ընտանիքը, ում այդ գործն անձամբ վստահեցրել է Սեզարը։ Ամեն տարի Bocquel արվեստի ձուլարանում բնօրինակից ձուլվում են 25 քանդակ։ Յուրաքանչյուրը պահանջում է 15 ժամ աշխատանք։ Միջոցառման նախօրեին Բոկելների ընտանիքն անձամբ առաքում է նմուշները, իսկ հաջողակների անունները փորագրվում են արարողության ավարտին՝ ետնաբեմում։ Սեզարի այս ստեղծագործությունը ոչ պաշտոնական աղբյուրներով գնահատվում է 1500 եվրո, այն թերևս արվեստագետի ամենահասանելի արվեստանմուշն է։

Ի դեպ, «Սեզար» մրցանակաբաշխության անվանումն ունի ևս մեկ այլ հղում։ Այս անգամ խոսքը Մարսել Պանյոլի 1936 թվականին նկարահանված «Սեզար» ֆիլմի մասին է, ում մարմնավորում էր ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժյուլ Րեմյուն։ «Սեզարը» միակն է «Մարսելյան եռապատում» ֆիլից, որի սցենարը գրվել է Մարսել Պանյոլի կողմից հատուկ ֆիլմի համար։ Նախորդ երկուսը՝ «Մարիուսն» ու «Ֆանին», նկարահանվել են պիեսների հիման վրա։ Եթե դեռ չեք հասցրել, ապա միանշանակ արժե կարդալ Մարսել Պանյոլի պիեսները (ինչպես նաև նովելներն ու վեպերը), կամ դիտել մարսելյան հումորով լի այս եռապատումը («Մարիուս, Ֆանի, Սեզար»), որի առաջին երկու հատվածները վերանկարահանվել են 2013 թվականին՝ ֆրանսիացի ռեժիսոր և դերասան Դանիել Օտոյի կողմից։

Cesar AfficheՎերադառնալով «Սեզար» մրցանակաբաշխությանը, հաճելի է նշել, որ վերջինիս կինոակադեմիայի նախագահն արդեն 15 տարի է, ինչ ֆրանսահայ կինոգործիչ, դերասան և պրոդյուսեր Ալեն Թերզյանն է։

Լիլիթ Սոխակյան
Փարիզ, 2018թ․

Դիտվել է 55 անգամ