Կաննի բացակա կանայք

cannes_film_fesztival_logo_arany_palmaԸնդամենը մի քանի շաբաթից մեկնարկում է Կաննի միջազգային կինոփառատոնը, կինոաշխարհի ամենահեղիանակավոր և արևաշատ փառատոններից մեկը։ Ֆրանսիայի գեղեցիկ Կանն քաղաքը պատրաստվում է հյուրընկալելու հարյուրավոր աստղերի ողջ աշխարհից։ Բայց եկեք տեղափոխվենք 1938 թվական Իտալիա, որտեղ ծնվեց ապագա հանրահայտ փառատոնի ստեղծման միտքը։ 1938 թվականի հուլիսին Վենետիկի վեցերորդ  Կինոփառատոնի ժամանակ Ադոլֆ Հիտլերը ներգրավվում է ժյուրիի անդամների մեջ՝ այդպիսով նպաստելով Լենի Ռիֆենշտայլի «Օլիմպիա» վավերագրական ֆիլմի և Գոֆրեդո Ալեսանդրինիի «Օդաչու Լուչիանո Սեռան» ֆիլմի մասնակցությանն ու իհարկե հաղթանակին։ Այս երկու ֆիլմերն արժանանում են գլխավոր Coppa Mussolini մրցանակին, որը 1934- 1942 թվականներին Վենետիկի կինոփառատոնի մրցանակն էր։

Ֆրանսիայի, Ամերիկայի և Անգլիայի վրդովված ներկայացուցիչները որոշում են այլևս ոտք չդնել ֆաշիստական ազդեցության տակ գտնվող Վենետիկի կինոփառատոն։ Վերադառնալով հայրենիք, դիվանագետ Ֆիլիպ Էրլանժեն առաջարկում է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեյին ստեղծել միջազգային ֆիլմի փառատոն։ Բայց որտե՞ղ․ միջոցառման վայրը չափազանց կարևոր էր, այն պետք է գերազանցեր Վենետիկի գեղեցկությունը։ Վերջնական ընտրությունը կանգնում է Կանն և Բիարից քաղաքների միջև։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ծովափնյա չքնաղ Բիարիցը, լինելով Նապոլեոն երրորդի և իր տիկնոջ սիրելի հանգստավայրերից մեկը, ավելի է գրավում փառատոնի հիմնադիրներին, սակայն Կաննը շտապում է առաջարկել ֆինանսական մեծ մասնակցություն, ինչպես նաև հյուրերի ընդունելության համար նախատեսված մի շարք հարմարություններ։ Այդպիսով թագավորական հանգստավայրը զիջում է իր դիրքերը Կաննին։ Ցավոք, երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով նորաստեղծ կինոփառատոնի արարողությունը հետաձգվում է, և կարմիր գորգն առաջին անգամ բացվում է միայն 1946 թվականին։

Ասում ենք Կաննի կինոփառատոն և անմիջապես մտաբերում ոսկե արմավենին։ Այս հարցում, կազմակերպիչները առանձնակի նորարություն չարեցին (ինչպես օրինակ Սեզարի դեպքում է)։ Արմավենին Կանն քաղաքի խորհրդանիշն է, ճիշտ ինչպես Վենետիկի փառատոնի դեպքում առյուծն է, կամ Բեռլինյանի դեպքում՝ արջը։ Սակայն հետաքրքիր մի դետալ։ Առաջին կինոն, որ արժանացել է Ոսկե արմավենու, եղել է Դելբերտ Մանի «Մարտի»  ֆիլմը։ Դա 1955 թվականին էր, մինչ այդ հաղթողներն արժանանում էին դիպլոմի  և ժամանակակից արվեստագետի որևէ նմուշի։ 1964-1974 թվականներին արմավենին մոռացվում է՝ նորեն  հարգանքի արժանանալով 1975 թվականին, միայն այդ ժամանակ դառնալով կինոփառատոնի պաշտոնական խորհրդանիշը։ Ստեղծման օրվանից 118 գրամ կշռող ոսկե մրցանակը բազմիցս փոփոխվել է, հատկապես երբ 1998 թվականին անցել է Chopard ոսկերչական տան պատասխանատվության տակ։ 2000 թվականից ի վեր արվել է ևս մեկ նորամուծություն․ մեծ արմավենուց բացի ստեղծվել են նաև երկու փոքրերը՝ լավագույն դերասանի և դերասանուհու համար։

Եվ քանի դեռ խոսեցինք Կաննի կինոփառատոնում կանանց և տղամարդկանց ներկայության մասին, եկեք անդրադառնանք Ֆրանսիայում այդքան ակտուալ, խոսվող և քննարկվող թեմային։

Ֆեմինիստական կազմակերպությունները և առհասարակ կինոարվեստի կին ներկայացուցիչները դժգոհում են։ Ինչու՞ է կանանց ներկայությունը փառատոններում այդքան սահամանափակ․ մի՞թե կնոջ մեծագույն երազանքը սահմանափակվում է կինոփառատոնի վարող դառնալով կամ զուգված ուղեկցելով «Ոսկե արմավենու» ապագա հնարավոր տիրակալին։

Աշխարհի խոշորագույն ինֆորմացիոն գործակալություններից մեկի՝ Ֆրանսպրեսի (Agence France-Presse, AFP) կատարած հաշվարկների համաձայն պատմության մեջ ոսկե արմավենու արժանացած 268 կինոռեժիսորներից ընդամենը 11 էին կին, 70 տարիների ընթացքում «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն սցենարի» անվանակարգերում հաղթել են 111 տղամարդ և ընդամենը 4 կին։ Խնդիրը սակայն գալիս է ավելի հեռվից, որպեսզի կանանց անունները հայտնվեն հաղթողների մեջ, պետք է նախևառաջ ընգրկվել փառատոնի մրցութային ծրագրի մեջ։ Նույն Ֆրանսպրեսի տվյալներով, 1946 թվականից ի վեր մրցութային ծրագրում ընգրկված ավելի քան 1780 ռեժիսորներից ընդամենը ութն էին կին։

Փառատոնի կազմակերպիչները մեկնաբանում են․«մենք որևէ խտրականություն չենք դնում, պատճառը գալիս է առհասարակ կինոոլորտում կանանց բացակայությունից»։ Այնուամենայնիվ վերջին տարիներին տենդենցը կամաց-կամաց փոխվում է, Կաննի կինոփառատոնում ավելի շատ կին է արժանանում մրցանակների և հատուկ ուշադրության։ Մնում է միայն հուսալ, որ ըստ արժանվույն, այլ ոչ պարտադրաբար, Ֆրանսպրեսի վիճակագրական թվերը փոփոխելու համար ։

Ավստրալիացի հայտնի դերասանուհի, «Օսկարի» երկակի մրցանակակիր Քեյթ Բլանշետն այս տարի կգլխավորի Կաննի փառատոնի ժյուրին։ 71 տարիների պատմության մեջ նա 12-րդ կին նախագահն է։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2018թ.

Դիտվել է 48 անգամ