«Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած 10 լավագույն ֆիլմերը Կաննի կինոփառատոնի ողջ պատմության ընթացքում

0000

Կաննի կինոփառատոնի ողջ պատմության ընթացքում«Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած 10 լավագույն ֆիլմերը։ 

1. «Ապոկալիպսիսն այսօր» (1979)

Վիետնամի պատերազմի մասին էպիկական կտավը, որ նկարահանել է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան՝ ոգեշնչված Ջոզեֆ Կոնրադի «Խավարի սրտից», շարունակում է մնալ լավագույն ֆիլմերից մեկը կինոյի պատմության մեջ:
«Ապոկալիպսիսն այսօր»-ը թանկ է նստել Կոպպոլային. ինչ-որ պահի ռեժիսորը հարկադրված էր նկարահանումները շարունակել իր գրպանի հաշվին, նկարահանող խումբը քիչ էր մնացել կորցներ բանականությունը ջունգլիներում, իսկ Մարլոն Բրանդոն նույնիսկ ժամանակ չէր գտել իր դերը սովորելու (այնուամենայնիվ, նա բավարար տաղանդ ուներ հանպատրաստից հորինելու): Մի խոսքով, ծանրակշիռ հիմքեր կային ենթադրելու, որ «Ապոկալիպսիսը» կդառնա Կոպպոլայի ամենամեծ սխալը, սակայն այդ ֆիլմը դարձավ նրա վիթխարի հաղթանակը: Ֆիլմն ստացավ «Ոսկե արմավենու ճյուղ» և իր հեղինակին դասեց ամերիկյան մեծ ռեժիսորների շարքը:

01kolipsis

2. «Շերբուրգյան հովանոցներ» (1964)

Ժակ Դեմիի մոտ ստացվեց անհավատալի ռոմանտիկ երաժշտական ֆիլմ: Կնոջ (Կատրին Դենյով) և տղամարդու (Նիկո Կաստելնուովո), որ ստիպված է մեկնելու պատերազմ, սիրո այս պատմությունը՝ «Շերբուրգյան հովանոցները», ռեալիստական և հուզական պատկերումն է այն բանի, թե ինչպես կյանքը կարող է բաժանել երկու սիրահարներին: Անկասկած, այս ֆիլմը մեծ ազդեցություն է գործել այս տարվա օսկարյան հաղթողի՝ «Լա-Լա Լենդ» մյուզիքլի վրա և դա ևս մեկ առիթ է կրկին նայելու Դեմիի աշխատանքը հենց հիմա:

02-sherbut

3. «Վճար վախի համար» (1953)

Չորս խիզախներ, նիտրոգլիցերինով լեցուն բեռնատար և առջևում վտանգավոր լեռնային ջունգլիներ – սա է պատմության մեջ ամենալարված ֆիլմերից մեկի սկզբնակետը: Ռեժիսոր Անրի-Ժորժ Կլուզոն հրաշալի աշխատանք է կատարել. «Վճար վախի համար»-ը անդադար ստիպում է հանդիսականին բռնել սիրտը, ուստի և արժանի է իր բոլոր պարգևներին: Այդ թվում նաև Կաննի 1953 թվականի կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

03

4. «Ֆոտոխոշորացում» (1966)

Ֆիլմ, որը փոխեց խաղի կանոնները ողջ կինոարտադրության համար: Պատմությունը մի լուսանկարչի մասին, որ պատահականորեն լուսանկարել էր սպանությունը, իր ժամանակին Միացյալ Նահանգներում պատճառ էր դարձել սենսացիայի, որտեղ հանդիսականը սովոր չէր դաժանության և սեքսուալության այն մակարդակին, որ ցուցադրում էր Անտոնիոնին:
Իտալացու աշխատանքը ստիպեց Հոլիվուդին ընդունելու ֆիլմերի գրաքննության նոր, ավելի ազատական համակարգ, ինչը թույլ տվեց ռեժիսորին արծարծել ավելի «հասուն» թեմաներ հետագա ողջ տասնամյակում: Սակայն մինչ Ամերիկայում աղմուկ բարձրացնելը դրաման շահեց Կաննի գլխավոր մրցանակը:

04

5. «Բալի համը» (1997)

Միակ իրանական ֆիլմը, որ երբևէ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»: Աբաս Քիառոստամիի ցնցող դրամայի հերոսը մտածել է ինքնասպանություն գործել, բայց մինչ այդ ուզում է կամավոր մեկին գտնել, որը կթաղեր իրեն: Ռեժիսորը ցուցադրում է մարդկային փոխհարաբերությունները հասկանալու և պատմելու օրենքների եզակի մակարդակ, ինչի համար էլ Կաննում արժանացավ պարգևի:

05

6. «Դաշնամուր» (1993)

Ջեյն Կեմպիոնը այսօրվա դրությամբ միակ կինն է, որ երբևէ ստացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր պարգևը, և սա, անշուշտ, վատ տեղեկություն է: Լավն այն է, որ նրա «Դաշնամուրը» իր մեջ պարունակում է այն ամեն լավը, որ կա կինոյում: Ինքնօրինակ տեսարանները և համարձակ պրովոկացիաները ներթափանցված են Կեմպիոնի ռեժիսորական հայացքի բացարձակ ազնվությամբ:

06

7. «Ամբողջ այս ջազը» (1980)

Բոբ Ֆոսսին ավելի շատ գիտեն իբրև «Կաբարեի» ռեժիսորի, բայց իր լավագույն ֆիլմը եղել և մնում է «Ամբողջ այս ջազը»: Սա հրաշալի նկարահանված՝ թատերական խորեոգրաֆի և ռեժիսորի կիսակենսագրական պատմություն է առատորեն համեմված ֆանտազիաներով: Ռոյ Շնայդերը խաղում է իր կարիերայի լավագույն դերը, իսկ Ֆոսսը գտնում է անհավատալիորեն հնարամիտ լուծումներ նկարահանման և մոնտաժի ժամանակ:

07

8. «Անդերգրաունդ» (1995)

Պատմություն է երկու ընկերների, որ ապրում են Հարավսլավիայում Երկրորդ համաշխարհային և Հարավսլավական պատերազմների միջև: Նախապես նկարահանված Կուստուրիցայի կողմից որպես բազմասերիանոց ֆիլմ հեռուստատեսության համար և հետագայում վերամոնտաժված իբրև մեկ-միասնական ժապավեն, «Անդերգրաունդը» գլուխգործոց է, լի աներևակայելի ջերմությամբ և մարդկայնությամբ:

08

9. «Խոսակցություն» (1974)

Ինչ-որ մեկը կասի, որ ազնիվ բան չէ՝ այս ընտրանքում ներառել մեկ ռեժիսորի միագամից երկու ֆիլմ, սակայն Կոպպոլան դա վաստակել է: «Խոսակցությունը» էկրան բարձրացավ այն նույն տարին, ինչ «Կնքահայր»-ի երկրորդ մասը, և մնաց գանգստերական դրամայի ստվերում: Սակայն բազմաթիվ պատճառներով «Խոսակցությունը» զգալիորեն ավելի ուժեղ է: Բարեբախտաբար, դա նկատեցին Կաննի կինոփառատոնի ժյուրիում և ֆիլմը ստացավ իր պարգևը:

09

10. «Փիղը» (2003)

«Փղի» սցենարը գրելու համար Գաս Վան Սանտին ոգեշնչել է «Կոլումբայն» դպրոցում տեղի ունեցած հրաձգության ողբերգական պատմությունը: Այս ֆիլմը ոչ թե պարզապես հանդիսատեսին դնում է մեկ տարածության մեջ երկու մարդասպանների հետ, այն ապշեցուցիչ թափանցիկությամբ ցույց է տալիս, թե ինչով են նրանք ապրում և ինչպես են գոյատևում իրենց աշխարհում: Սա պատմություն է առօրեականության մասին, այն մասին, թե ինչպես է ամեն ինչ գնում իր հերթականությամբ, իսկ հետո մռայլվում ահավոր իրադարձությամբ: «Փիղը», անկասկած, 2000-ականների լավագույն ֆիլմերից մեկն է և լավագույններից մեկը Ճյուղի մրցանակակիրներից:

10

Պատրաստեց՝ Ռուզան Բագրատունյանը

Դիտվել է 88 անգամ