Փելեշյանի «Տարվա եղանակները» Չինաստանում են

PSAԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերն ընկել են երկար և հետաքրքիր ճանապարհ։Հիշու՞մ եք, բոլորովին վերջերս էինք խոսում «Բնիկներ» ֆիլմի հաջողության մասին՝  Բուենոս Այրեսի «Այցելուներ» ցուցահանդեսի շրջանակներում: Ի դեպ, մեծ պահանջարկի պատճառով, Kirchner մշակութային կենտրոնը երկարաձգել է ցուցահանդեսը մինչև սույն թվականի հունիսի 24-ը:

Բայց այսօր առաջարկում եմ Արգենտինայից տեղափոխվել Չինաստան, Շանհայ, Խուանպու գետի ափ, որտեղ գտնվում է ժամանակակից արվեստին նվիրված Չինաստանի առաջին հանրային թանգարանը: Power Station of Art կոչվող թանգարանը բացվել է 2012 թվականին: Վերջինիս անվանումը ուղղակիորեն կապված է շենքի պատմության հետ. ժամանակին այստեղ էլեկտրակայան է գործել, իսկ այսօր թանգարանի հսկայական տարածքը հիանալի հնարավորություն է տալիս ժամանակակից արվեստի մեծածավալ ցուցահանդեսների կազմակերպման համար:

Հետաքրքիր մի դետալ՝ յոթ հարկանի այս թանգարանում բացակայում է չորրորդ հարկ հասկացությունը: Սնահավատ չինացիներն ամեն հարցում խուսափում են չորս թվի արտասանությունից, քանզի այն համահունչ է մահ բառին: Թվում է, թե Չինաստանի առաջին ժամանակակից արվեստի թանգարանը կարող էր և շրջանցել պապենական այս սնահավատությունը, բայց աշխատակիցները վկայում են՝ այդ դեպքում այցելուների թիվը շեշտակի կնվազեր:

Power Station of ArtՇանհայի Բիենալեն հյուրընկալող այս թանգարանում ապրիլի 25-ին բացվել է «Գեղեցիկն այլուր» (Beautiful Elsewhere) խորագիրը կրող ցուցահանդեսը՝ ներկայացնելով հիմնականում Կարտիե ժամանակակից արվեստի փարիզյան հիմնադրամի հավաքածուն:  Ցուցահանդեսի կուրատորներ Էրվե Շանդեսը, Գրացիա Կուարոնին և Ֆեյ Դավեյը առանձնացրել են ժամանակակից արվեստի կարևորագույն անուններ՝ Ռեյմոն Դեպարդոն, Դայդո Մորիյամա, Դևիդ Լինչ, Բիթ Տակեշի Կիտանո, Ժան-Միշել Ալբերոլա, Քրիստիան Բոլտանսկի, Ռոն Մուեկ, Հուան Յոն Փին:  Այս կարևոր ցուցակում է նաև հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: Ապրիլի 25-ից հուլիսի 29-ը Վարպետի «Տարվա եղանակները» ցուցադրվելու են թանգարանի ցուցասրահում՝ որպես արվեստանմուշ:

Մանրամասնեմ․ սա ֆիլմի դիտում չէ՝ կազմակերպված ցուցահանդեսի շրջանակներում: «Տարվա եղանակները» ցուցադրվելու է անդադար, առավոտից երեկո, երեք ամիսների ընթացքում, ինչպես քանդակը կամ լուսանկարը կցուցադրվեր թանգարանային տարածքում:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն ավելի քան վստահ են՝ Արտավազդ Փելեշյանի ֆիլմը գրավելու է չինացի այցելուների ուշադրությունն ու հերթական անգամ տպավորելու իր յուրահատկությամբ:

Ի դեպ, Շանհայի այս նույն ցուցահանդեսի շրջանակներում, Արտավազդ Փելեշյանի անունը մասնակցելու է նաև մեկ այլ ծրագրի, մեկ այլ տեսքով, բայց այս մասին կխոսենք մոտ ապագայում:

Լիլիթ Սոխակյան  

Փարիզ, 2018թ

Դիտվել է 69 անգամ