Եվրիմաժի հայկական արդյունքները

16903Երևանում տեղի ունեցավ Եվրիմաժի 150-րդ աշխատանքային նիստը: Եվրոպական կինոարտադրությունը խթանելու, ընդլայնելու և նոր համարտադրությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար ձևավորված այս կառույցը յուրաքանչյուր նիստի ժամանակ քննարկում են մի քանի տասնյակ նախագծեր ու դրանց մի մասը հաստատում: Դա նշանակում է, որ «կանաչ լույս» ստացած նախագծերին Եվրիմաժը ֆինանսական աջակցություն է ցույց տալու, և դրանք շուտով էկրան են բարձրանալու: Երևանյան նիստում քննարկվել է 54 կինոնախագիծ. մասնակցել են Եվրիմաժին անդամակցող բոլոր 38 երկրների պատվիրակները: kinoashkharh.am-ը մեր երկրի՝ Եվրիմաժին անդամակցելուց ի վեր պարբերաբար անդրադարձել է եվրոպական կինոարտադրությանն ինտեգրվելու մեր նկրտումներին ու փորձերին, նաև հետևել այդ փորձերի ընթացքին ու հնարավորություններին: Եվրիմաժի հերթական նիստի արդյունքների ամփոփման ու ընդհանուր պատկերը պարզելու համար kinoashkharh.am-ը դիմեց Եվրիմաժում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաաննա Հարությունյանին:

-Տիկին Սուսաննա, մինչ այս նստաշրջանն ինչպե՞ս ենք ներկայացել Եվրիմաժին:  Մեզ նման անփորձ երկրին հաջողվո՞ւմ է առաջին քայլերն անել:

-Ռուս-հայկական երկու նախագիծ արդեն ընդունվել է Եվրիմաժի կողմից և ֆինանսավորում ստացել. մեկը «Սպիտակ» ֆիլմն է, որի նկարահանումներն արդեն ավարտվել են: Ֆիլմը նվիրվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:  «Սպիտակը» Հայաստանի առաջին փորձն էր: Այն  Եվրիմաժից ստացել է 250 հազար եվրո աջակցություն:  Ներդրումների հիմնական մասը ծախսվելու է Հայաստանում. նկարահանումներն այստեղ են արվել: Իսկ դա նշանակում է, որ այս ֆիլմի արտադրությամբ զբաղվող թիմը, որում ներգրավված են տեղի մասնագետները,  աշխատանք կունենան: «Ֆաբրիկա» կինոնախագծում հայկական կողմի ներդրումն ընդամենը 10 տոկոս է, բայց կարևորն այն է, որ որպես համարտադրող՝ Հայաստանի անունը կա, երևում է: Եվրիմաժի անդամ 38 երկիր կարդում է այդ անունը: Այսինքն՝ բոլոր ձևաչափերի մեջ Հայաստանը փորձում է ակտիվ լինել, ներգրավվել եվրոպական ֆիլմարտադրության մեջ:

Երկրորդը «Ֆաբրիկա» նախագիծն է: Եվրիմաժի պահանջներին համապատասխան՝ երկու նախագծերն էլ համարտադրություն են. հայկական կողմի ֆինանսավորումն ապահովել են մասնավոր ընկերություններ: Սա նաև հրաշալի օրինակ է տեղի ընկերությունների համար, որպեսզի հայկական կինոարտադրությունը դուրս գա միջազգային շուկա, հավասարի իրավունքով կանգնի եվրոպական ընկերությունների կողքին, ճանաչվի, ընդունվի, ինտեգրվի:

-Եվրիմաժը բացի ֆիլմարտադրությունից, աջակցում է նաև այլ ծրագրերի: Մենք ինչպիսի՞ մասնակցություն ունենք այդտեղ: Հաջողություններ գրանցվե՞լ են:

-Եվրիմաժն իրականացնում է նաև դիստրիբյուցիայի և կինոթատրոնների աջակցության ծրագրեր: Օրինակ՝ եթե տվյալ կինոթատրոնն իր գործունեությամբ համապատասխանում է Եվրիմաժի սահմանած չափանիշներին, ընդգրկվում է հատուկ ցանկում: «Մոսկվա» կինոթատրոնն այդպիսի հայտ է ներկայացրել: Եվրիմաժի ներկայացուցիչները եկել են այստեղ, անձամբ տեսել «Մոսկվա» կինոթատրոնի աշխատանքը, պայմանները, հայտը ներկայացվել է քննարկման և 2017-ին ընդունվել: Եվրիմաժի այս տարվա առաջին նիստի ժամանակ մեր կինոթատրոնը ներկայացրել է հաշվետվություն, թե քանի եվրոպական ֆիլմ է ցուցադրել, քանի տոմս է վաճառվել: Բոլոր ցուցանիշները համապատասխանել են Եվրիմաժի պահանջներին: Եվ վաճառված ամեն տոմսի դիմաց «Մոսկվա» կինոթատրոնը 50 ցենտ է ստանալու՝ եվրոպական ֆիլմեր ցուցադրելու և ներդրումներ կատարելու դիմաց փոխհատուցում: Ընդհանուր առմամբ Եվրիմաժի աջակցությունը մեր կինոթատրոնին կկազմի 15 հազար եվրո:

-Երևանյան գագաթաժողովում նոր ֆիլմի փաթեթ ներկայացրե՞լ ենք:

-Արամ Խաչատրյանի մասին լիամետրաժ խաղարկային ֆիլմի փաթեթ ենք ներկայացրել, որը,  ցավոք,  չընդունվեց: Հայ-ռուսական նախագիծ էր ՝ շատ հաջողված սցենար՝ հիմնված հետաքրքիր փաստերի վրա, որոնք պատմում են Արամ Խաչատրյանի կյանքի ու ստեղծագործության մասին: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը ուզբեկ Յուսուբ Ռազիկովն է, որի խորթ հայրը հայ է եղել: Ռազիկովը վերջերս բավականին հաջողություններ է ունեցել. «Կինոտավրում» նրա վերջին՝ «Թուրքական թամբ» ֆիլմը մրցանակ ստացավ:

-Ո՞րն է պատճառը, որ Հայաստանի ներկայացրած սցենարը լավն էր, բայց Եվրիմաժը չհաստատեց այն:

-Իսկապես  լավ սցենար էր, ուղղակի ներկայացված փաթեթի ֆինանսական հատվածն էր տկար:  Չնչին տարբերությամբ, որ անգամ մեկ միավոր էլ չէր կազմում, զիջեց մյուս նախագծերին, որովհետև մրցակցությունը շատ բարձր էր. այս անգամ 54 հայտ էր ներկայացված: Փաթեթները պետք է ոչ մի առումով խոցելի ու ռիսկային չլինեն, հաշվի առնված լինեն դիստրիբյուցիայի, ֆինանսական, համարտադրության ապահովման, ցուցադրման իրավունքների վաճառքի բոլոր պահանջներն ու կետերը: Տարեցտարի ավելի ուժեղ նախագծեր են ներկայացվում, մրցակցությունն էլ թեժանում ու բարդանում է: Ըստ Եվրիմաժի կանոնակարգի՝ նույն ֆիլմի նախագծի փաթեթը երկրորդ անգամ այլևս չի կարող ներկայացվել Եվրիմաժին. նույնպես և Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի նախագիծը չի կարող հաջորդ անգամ մասնակցել: Բայց հոգ չէ, այն շատ հաջողված սցենար է, ու անպայման միջոցներ կգտնվեն նկարահանվելու համար:

-Իսկ աշխատանքային գործընթացի արդյունքներն ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն էին:

-Այս նստաշրջանում քննարկված 54 հայտերից Եվրիմաժը հաստատեց 17 լիամետրաժ, 2 անիմացիոն և 1 վավերագրական  ֆիլմի նախագիծ: Ընդհանուր առմամբ տրամադրվել է 5. 103. 561 եվրո գումար: Ամենաշատ աջակցություն տրամադրվել է Գերմանիա-Լյուքսեմբուրգ համարտադրության անիմացիոն ֆիլմի նախագծին՝ 450 հազար եվրո. նույնքան հատկացվել է Գերմանիա- Միացյալ Թագավորություն-Ավստրիա համարտադրության լիամետրաժ ֆիլմին: Նախագծեր ներկայացնելիս միշտ շատ ակտիվ են Ֆրանսիան, Պորտուգալիան, Եվրիմաժին վերջերս անդամակցած Կանադան, որը հզոր կինոարտադրություն ունի և որի ներկայությունն ու մասնակցությունը Եվրիմաժին նախագծերի որակական նշաձողը բավականին բարձրացրեց: Այդ երկրի կինոնախագծերը լավ մշակված են ու մեծ բյուջե ունեն:

-Հեռանկարում մեր երկիրը նոր հայտերի ի՞նչ հնարավորություն և ունակություններ ունի:

-Մենք  այս տարվա համար  կինոնախագիծ ներկայացնելու դեռևս երեք հնարավորություն ունենք: Առաջիկայում Եվրիմաժի ևս երեք նստաշրջան պետք է լինի, հաջորդը  հունիսին է՝ Մոնրեալում,  հետո՝ Սոֆիայում, իսկ դեկտեմբերին՝ Թբիլիսիում: Ի դեպ, հենց Երևանի նստաշրջանի ժամանակ վրաց ներկայացուցիչը շտապեց հրավիրել Եվրիմաժին գագաթաժողովներից մեկը Թբիլիսիում անցկացնել: Երևի մի քիչ խանդեց մեզ:

«Բարս Մեդիա» ընկերությունը, որը համատեղ արտադրության հաջողված փորձ ունեցել է դեռ մինչև Եվրիմաժը, գիտեմ, որ որակյալ նախագծեր ունի: Նոր նախագիծ ունի նաև ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը և էլի մի քանի երիտասարդ ռեժիսորներ: 5-6 նախագիծ ունենք, որոնք, կարծում եմ, առաջիկայում կներկայացվեն Եվրիմաժին:

- Եվրիմաժի ներկայացուցիչները մեր երկրից ի՞նչ տպավորություն ստացան:

-Աշխատանքային շատ խիստ գրաֆիկով ենք աշխատել՝ առավոտյան 8-ից երեկոյան 8-ը և դեռ ավելին: Բայց  հյուրերը հնարավորինս հասցրել են ծանոթանալ մեր մշակույթին ու պատմությանը: Այցելել են Խոր Վիրապ, Նորավանք, Արենի. ուղղակի հիացած էին: Մի երեկո էլ աշխատանքից հետո հոգնած  մտել են Փարաջանովի թանգարան ու լիարժեք լիցքաթափվել այնտեղ: Նրանք բոլորն էլ քաջ գիտեն Փարաջանովին էլ, նրա արվեստն էլ, բայց թանգարանում բացահայտեցին մի նոր Փարաջանովի: Մենք փորձեցինք մեր երկիրը նրանց ճանաչելի դարձնել,  ինչքան որ հնարավոր էր  բացահայտել Հայաստանը,  որպեսզի եթե առաջիկայում նրանցից յուրաքանչյուրը թերթի հայկական կինոնախագծերը, Հայաստան անունը կարդալիս այստեղից ստացած տպավորթոյւններն ու հիշողությունները նրանց ներսում արձագանքեն, ու դրական վերաբերմունք ցույց տան մեր նախագծերին:

Եվրիմաժում Հայաստանյան պատվիրակները՝ Սուսաննա Հարությունյանն ու Վրեժ Քասունին, հաճախ են զանգեր ստանում հետևյալ բովանդակությամբ. «Ես լավ գաղափար կամ հրաշալի մտահղացում ունեմ, կարո՞ղ եմ ներկայացնել Եվրիմաժին»: Ցավոք, կինոնախագծերի վերաբերյալ մեր պատկերացումներն ու Եվրոպայի իրական պահանջները հաճախ ոչ մի ընդհանուր աղերս չունեն, ու լավ գաղափարը դեռ չի նշանակում, որ կդառնա 200 էջանոց կուռ ու ամբողջական կինոհայտ:

Հարցազրույցը՝ Նաիրա Փայտյանի

 

Դիտվել է 145 անգամ