Զապել Եսայանի հետքերով

Կանանց միջազգային օրը Ֆրանսիայում հեռու է հանգստյան կամ առավել ևս տղամարդկանց կողմից հատուկ ուշադրության արժանանալու օր լինելուց: Փոխարենն այն ֆեմինիստական հնարավոր բոլոր կազմակերպությունների ելույթների, միջոցառումների և քննարկումների օրն է:

12 (1)

«Մի օր կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը կհաստատվի, բայց մինչ այդ մենք պարտավոր ենք նշել մարտի ութը» նմանատիպ կոչերով է Փարիզում տոնվում հայերիս կողմից այդքան սիրված ծաղկառատ կանանց միջազգային օրը:

Մայրաքաղաքի կարևոր մշակութային կենտրոններից մեկում՝ Անաքո տափանավում, որի գործունեության մասին անդրադաձել ենք նախորդ նյութերում, այդ օրը կազմակերպվել էր «Զապել Եսայան» («Finding Zabel Yesayan») վավերագրական ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը: Հայ անվանի գրող և հրապարակախոս Զապել Եսայանին նվիրված ֆիլմի հեղինակներն են լրագրող Թալին Սուճիեանը և Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը: Մի շարք հետաքրքիր հարցազրույցների և ընտանիքի անդամների հիշողությունների միջոցով ֆիլմը ներկայացնում  է Զապել Եսայանի կյանքի կարևոր դրվագները, վերլուծում ստեղծագործությունները, փորձում վերհանել կյանքի վերջին տարիների վկայությունները:

1878 թվականին Կոնստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում լույս աշխարհ եկած Զապել Հովհաննիսյանը մեծանում է հոր առաջատար գաղափարների ներքո: Վերջինիս դերն ապագա գրողի կառուցման հարցում հիմունքային էր: 17 տարեկանում Զապելն ուղևորվում է Փարիզ՝ հետևելու Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին: 1900 թվականին ամուսնանալով Տիգրան Եսայանի հետ, Զապելն ունենում է երկու զավակ: «Զապել Եսայան» ֆիլմի հեղինակները ընտանեկան նամակների, ձայնագրությունների ու բանտային կյանքից հիշողությունների միջոցով շղթայաբար վերականգնում են գրողի կյանքի ուղին, փորձելով գտնել նաև մահվան հստակ տարեթիվն ու պատճառները: Արվեստաբան Վարդան Ազատյանն ու գրաքննադատ Մարկ Նշանյանն մասնագիտական տեսանկյունից վերլուծում են Եսայանի գրաոճն ու ստեղծագործությունները:

2Դիտելով այս հետաքրքիր ֆիլմը, գալիս եմ տարօրինակ եզրակացության․ վերջին հինգ տարիների ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքն ինձ ամեն կողմից պատմում է Զապել Եսայանի մասին, նրա գրքերը (հիմնականում՝ «Ավերակներու մեջ», «Հոգիս աքսորյալ» և «Սիլիհտարի պարտեզները») հեշտությամբ կարելի է գտնել քաղաքի գրադարաններում կամ գրախանութներում,  մինչդեռ տաս տարի սովորելով Երևանի Չարենցի անվան դպրոցում, անգամ թռուցիկ չեմ հիշում Զապել Եսայանի անվան հիշատակման մասին: Մեզ չէր ասվել, որ 1909 թվականի Ադանայի ջարդերի ժամանակ Կիլիկիա մեկնած պատվիրակության եզակի կին անդամներից էր Եսայանը, որն այդ ողջ ողբերգության հիշողությունները նկարագրել է «Ավերակներու մեջ» գրքում (1911թ): 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված Եսայանը տարբեր լեզուներով հոդվածներ և ակնարկներ է հրատարակում ողբերգության մասին: 1933 թվականին մեծ գրողը հրավիրվում է դասավանդելու Երևանի պետական համալսարան ՝ այդպիսով սկիզբ դնելով իր տառապանքների շղթային: 1937 թվականին լրտեսության  մեղադրանքով  նրան ձերբակալում են և դատապարտում տաս տարի ազատազրկման: Կան տարբեր վարկածներ, թե ինչ պայմաններում է մահացել Զապելը, մի վարկածը մյուսից սարսափելի է: Ափսոս, որ այս ամենի մասին դպրոցական ծրագրում, կամ դրանից դուրս, մեզ ոչ մի բան չէր ասվել:

Կյանքի բերումով այսօր բնակվում եմ Եսայանի տան հարևանությամբ: Գրողը շատ է ճանապարհորդել և կյանքի մի փուլում (հավանաբար 1920-ից 1928 թվականներին) իր ընտանիքի հետ միասին հաստատվել է փարիզյան արվարձաններից մեկում՝ վերսալյան շնչով համակված Վիրոֆլե թաղամասում: Փողոցը, որտեղ ապրել է հայազգի գրողը, արդեն մի քանի տարի է, ինչ կրում է իր անունը: Իհարկե, Երևանում էլ կա գրողի անունը կրող փողոց, առաջին թե երրորդ մասի շրջակայքում, միայն թե վավերագրական ֆիլմի ամենասկզբում  բնակիչներն իրենց դժգոհությունն ու ափսոսանքն են հայտնում այդ մասին, «փոխարենը կարող էր մի լավ հերոսի կամ ղեկավարի անուն կրեր»․․․

Հայ մեծ գրող, հրապարակախոս,  թարգմանիչ և համալսարանի պրոֆեսոր Զապել Եսայանի մասին արժե դիտել Լարա Ահարոնյանի և Թալին Սուճիեանը վավերագրական ֆիլմը, որը հասանելի է առցանց: Եվ քանի դեռ «Կանանց մեկամսյակը» ակտուալ թեմա է, եկենք հիշենք Եսայանի համարձակ պատգամն աշխարհի կանանց՝

․․․Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը

 

Լիլիթ Սոխակյան, Փարիզ, 2018թ

Դիտվել է 51 անգամ