Վլադիմիր Մենշով. «Ռեժիսուրան դժվարությունները հաղթահարելու արվեստ  է»

11253181Մոսկվայում  մեծ շուքով  նախապատրաստվում են  մոսկովյան կինոինստիտուտի՝ ВГИК-ի  100-ամյակին: 1919-ի  սեպտեմբերի  1-ին  բացված առաջին կինոբուհը  հետագայում վերածվեց  կինոբրենդի, գոնե այդպես   են կարծում  ВГИК-ի  տարբեր տարիների շրջանավարտները, այժմ այնտեղ դասավանդողներն  ու  ուսանողները: Հոբելյանական միջոցառումները  կանցկացվեն ոչ միայն Ռուսաստանում, այլև այն երկրներում, որտեղից  շատ երիտասարդներ իրենց կինոմկրտությունն են ստացել ВГИК-ում: Այս շաբաթ Երևանում էր ռուս կինոգործիչների պատվիրակությունը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համագործակցությունն ակտիվացնելու, նաև  հայտնի կինոբուհի հոբելյանական միջոցառումների  առիթով: Նրանց  թվում էր կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՌԴ ժողովրդական արտիստ,օսկարակիր  Վլադիմիր   Մենշովը: «Կինոաշխարհը » հետևել է  Մենշովի վարպետության դասին, զրուցել նրա  հետ:Հայտնի ռեժիսորի  առավել հետաքրիր մտքերը  ներկայացնում ենք  առանց մեկնաբանության:

 Կինոյում   տեսածս լավագույն ֆիլմերի  ամենացնցող  դրվագները

Անմոռանալի մի  տեսարան կա,որն  այսքան տարիներ անց  հիշում եմ բոլոր մանրամասներով  ու  նյուանսներով: Անջեյ  Վայդայի «Մոխիր և ադամանդ »  ֆիլմից է՝ մի հրաշալի դասական էպիզոդ : 1945 թվականի մայիսի 9-նն է՝ ռուսները Լեհաստանում են,  և քաղաք է գալիս կոմունիստական  ղեկավարներից մեկը: Նացիստներից  ազատագրված երկրում Կրայովայի բանակի նախկին մարտիկները՝ Մաչեկն ու Անջեյը  հանձնարարություն են ստանում սպանել  կոմունիստին: Ի դեպ, Մաչեկին խաղում է լեհական կինոյի լավագույն դերասաններից մեկը՝  Զբիգնև  Ցիբուլսկին: Եվ ահա ֆիլմի  կուլմինացիոն  տեսարանը՝ փողոցում  Մաչեկը հետևում է կոմունիստին, մոտենում  և սպանում նրան, որն  արյունաքամ լինելով  խոնարհվում է Մաչեկի վրա: Եվ տպավորություն է, որ նրանք՝մարդասպանն ու զոհը գրկախառնված են : Եվ  այդ  պատկերը, այդ թվացյալ  գրկախառնությունն   ուրվագծվում է նաև  ջրի արտացոլանքում: Հենց այդ պահին սկսվում է հաղթական հրավառությունը, որը նույնպես  արտացոլվում  է  ջրում: Սա կինոյում իմ տեսած ամենացնցող տեսարաններից  է, որում  ամբողջ 20-րդ դարի պատմությունն է  և ամբողջ մարդկային  էությունը: Ցավում եմ, բայց  այդքան  պատկերավոր  մտածողություն ես  վաղուց  արդեն  կինոյում չեմ տեսնում: Եվ նույնքան  տպավորվել եմ   Ֆելինիի «8,5-ի»   հայտնի տեսարանից, երբ  բոլոր այդ կանայք ասես   շրջապտույտի  մեջ են առնում  Մաստրոյանիի  հերոսին:Սա  ամենահանճարեղ   էպիզոդն է  ստեղծագործական պրոցեսի մասին, որը ես երբևէ տեսել եմ:Մարդու  ներսում դատարկություն  է, նա  դեռ պատրաստ չէ ինչ-որ բան ստեղծելու,  և  ամեն ինչ ուրվականների պես  պտտվում է  նրա  գլխում: Եվ, վերջապես, այս  հանճարեղ  գլուխգործոցների  կողքին չեմ կարող չնշել  մի  պարզ ու հասարակ ֆիլմի մասին:Խորհրդային ֆիլմ է՝ կոչվում էր «Հարազատ  արյուն»:Այսօր   ոչ ոք չի կարող այդքան բարի ու  գեղեցիկ  ֆիլմ նկարել, մինչև հիմա  ֆինալում  դարձյալ  արտասվում եմ:

 Երբ  առաջին անգամ ինձ տեսա  էկրանին, պարզապես սարսափեցի

1970  թվականն էր, ես չափազանց տարված էի ռեժիսուրայով, երբ  Ալեքսանդր  Պավլովսկին ինձ ցույց տվեց  Կատաևի գործը: Ինքս էլ չզգացի թե ինչպես տարվեցի այդ գաղափարով և գրեցի «Երջանիկ Կուկուշկինը» ֆիլմի սցենարը՝ ըստ Կատաևի: Այն  նկարահանվելու  էր  Օդեսայի  կինոստուդիայում: Երբ դերասանների որոնումների մեջ էինք, հանկարծ  Պավլովսկին ինձ առաջարկեց  փորձնական նկարվել գլխավոր դերի համար, կարո՞ղ եք  պատկերացնել իմ  արձագանքը:Բայց նա պնդեց, և արդյունքում ես խաղացի այդ դերը: Երբ  առաջին անգամ ինձ տեսա  էկրանին, պարզապես սարսափեցի, դա ինձ համար մեծ փորձություն էր: Այդուհանդերձ, այդ  ֆիլմն  ինձ  ճանաչում  բերեց: Ես  դարձա հանրահայտ ,ինձ սկսեցին հրավիրել «Մոսֆիլմում» խաղալու, և  դա շատ դռներ բացեց իմ առջև:

«Մոսկվան  արցունքներին չի հավատում»

Մի  օր Վալենտին  Չեռնիխն ինձ ասաց՝  նոր սցենար ունեմ, կնայե՞ս: Կարդացի՝  ոչ  շատ լավն էր, ոչ էլ՝ շատ վատը, ուզում էի հրաժարվել: Հետո  հասկացա, որ այդ սցենարի մասին մտածում եմ  և՛ քնելուց առաջ, և՛ աչքերս բացելուն պես: Անկեղծ  ասած,  ինձ շատ գրավեց այն հնարքը, որ  գլխավոր հերոսուհին  լարում  է  զարթուցիչը, քնում  և արթնանում  է  արդեն  20 տարի անց: Չեռնիխի մոտ  այդ ամենը կատարվում էր մի սերիայում: Ես հասկացա որ ուզում եմ դա նկարել  և  պետք է փոխեմ սցենարը: Մտածեցի  ու  44  կետից բաղկացած  մի ցուցակ կազմեցի, թե ինչ պետք է փոխեմ սցենարում: Մի խոսքով գրեթե ամբողջությամբ վերաշարադրեցի սցենարը  և  ահ ու դողով ցույց տվեցի   Չեռնիխին: Սպասում  էի շատ սուր արձագանքի, բայց նա առանձնապես  չսրտնեղեց, շատ արագ համաձայնեց  ու անցանք գործի:Ամենադժվարը  հերոսներին գտնելն էր, ում ասես չփորձեցինք, բայց՝  ոչինչ: Իսկ նկարահանման  հրապարակում  50 մարդ  կազմ պատրաստ ինձ  էր սպասում:

  Гоша, он же Гога, он же…      

Ամենաերկարը   նրան եմ փնտրել՝  Գոշային: Պարզապես  հուսահատվել էի, մտածում էի, որ այդ սերնդում այդպիսի կերպար չկա: Երբ տեսա Բատալովին հասկացա, որ ինքն է: Հետո արդեն մտածում էի, որ  չլիներ Բատալովը,Գոշային կարող էր  խաղալ նաև Տիխոնովը  կամ էլ՝ Եֆրեմովը: Այդպես էի  մտածում, բայց  նրա հուղարկավորության օրը  հասկացա, որ  այդ մեծ  կինոկենսագրությամբ  արտիստը  հենց որպես Գոշա էլ մնաց մարդկանց  հիշողության մեջ: Բոլորը  նրան այդ դերով էին հիշում, մինչդեռ նա մինչև Գոշան  խաղացել էր այնպիսի փայլուն  ֆիլմերում, ինչպիսիք էին «Թռչում են կռուկները», «Տարվա 9 օրը»  և էլի հրաշալի դերեր:

 Բրեժնևի սիրած ֆիլմը գնաց «Օսկարի»

«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմն   աներևակայելի   հաջողություն  ունեցավ, բայց դրա  համար  ես  շատ թանկ եմ վճարել, ինձ փորձել են ջարդել սպանիչ քննադատությամբ, բայց՝  «Օսկարի» եմ արժանացել: Ինչու «Օսկարի» ներկայացրեցին  մի ֆիլմ, որի համար  լուտանքներ էին թափում գլխիս: Ամենադժվար  շրջանը սկսվեց , երբ ֆիլմն էկրան բարձրացավ։ Կինոքննադատներն  ասես մրցում էին  քննադատական հոդվածներ գրելով, ասում էին ՝ սա  լուրջ կինեմատոգրաֆ  չէ: Նրանց պետք էր, որ ֆիլմ լիներ մտավորականության մասին, հատկապես ստեղծագործական։ Իսկ իմ հերոսուհիները գործարանի աղջիկներ  էին: Եթե  արդարացի լինեմ, ապա  կարծիքները 50/50 էին, բայց  քիչ թե շատ «հարգարժան»  մարդիկ  միայն  քննադատում էին,  և որքան հարգված, այնքան ՝անխնա։ Անհավատալի է, որ «Օսկարի» ուղարկեցին, բայց   ֆիլմս դուր էր գալիս  Բրեժնևին, ասում են, որ նա սիրում էր միայնության մեջ այն դիտել: Եվ չնայած  այդպիսի դաժան քաննադատությանը,  ֆիլմը  վարձույթի  առաջատարն էր, այն դիտեց  90 միլիոն մարդ, բայց այդ չէր կարևորը: Ինձ համար սա ֆիլմ  է  մարդու և ժամանակի մասին, թե  ինչպես է փոխում ժամանակը մարդուն՝  ինչ կորուստներ ու նվաճումներ է պարգևում: Եվ այս զարմանալի պատմության մեջ  ինձ համար ամենակարևորը հենց դա է: Ես դա իմ մեծ նվաճումն եմ համարում:

Ռեժիսուրան, դժվարությունները հաղթահարելու արվեստ  է

Ես  շատ  առաջարկներից եմ հրաժարվել, ոչ թե որ խստապահանջ էի, այլ որովհետև թեման քեզ  պետք է միանգամից   տանի, որ չկարողանաս  անջատվել, մոռանալ: Մեր մասնագիտությունը  շատ  բարդ  ու  անկանխատեսելի է։ Նկարահանման հրապարակը  մեծ պատասխանատվության տարածք է: Երբ հասկանում ես, որ հողը փախչում է  ոտքերիդ տակից, երբ  ոչինչ  չես հասցնում, երբ  մարդիկ սպասում են քո հրահանգին, իսկ դու չգիտես ինչ  անես… և մեկ էլ այդ ամենից ծնվում  է նոր ֆիլմը,այ  դա կոչվում է ռեժիսուրա։ Որքան էլ  տարօրինակ հնչի ռեժիսուրան  նկարահանման հրապարակում ծագած դժվարությունները հաղթահարելու արվեստ  է: Այսօրվա կինոյին շատ է  պակասում հոգին, մարդկային պարզ  զգացմուքները:Եվ դա հասկանալի է, չէ  որ նրանք  առաջին  հերթին պետք է մտածեն  ներդրված գումարները  վերադարձնելու  մասին: Գուցե  նաև  այդ է պատճառը , որ    ժամանակակից  ռեժիսորներն այլևս գլուխգործոցներ չեն նկարում, ինչպես խորհրդային տարիներին։ Վախենամ,  որ հիմա արդեն  չեն կարող այնպիսի ֆիլմեր նկարահանել,ինչպիսիք  ստեղծում  էին Սերգեյ Գերասիմովը,Միխայիլ Ռոմը ՝  դա ուրիշ, մարդկային կինո  էր: Մասնագիտությունը սիրո պես է, ինչու ընտրեցիր ոչ թե գեղեցկուհուն, այլ նրա անշուք ընկերուհուն, բայց ՝ամբողջ կյանքի համար: Հենց այդպես պետք է ընտրես  քո  կյանքի գործը:

 

 Պատրաստեց  Նունե  Ալեքսանյանը

Դիտվել է 155 անգամ