Փելեշյանաբար

p9Հայկական ազգային կինոակադեմիան ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի նախաձեռնությամբ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել էր հանդիպում կինովավերագրող, համաշխարհային կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանի հետ: Հանդիպմանը նախորդել է Վարպետի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, ընդ որում՝ ժապավենով: Կինոնկարների ժապավենները տրամադրել է Արտավազդ Փելեշյանը: Հանդիպումը, որ կարելի է անվանել նաև վարպետության դաս, զրույց, ընթացավ հարցուպատասխանի ձևաչափով: Մինչ Վարպետը բեմ կբարձրանար, հանդիսատեսն էկրանին դիտեց «Տարվա եղանակներ», «Բնիկներ», Սկիզբ» և «Վերջ» ֆիլմերը: Այս ժապավենները կինոռեժիսորը պատահականության սկզբունքով չէր ընտրել: «Այս ֆիլմերն ուղղակի դիտելու համար են. դրանցում պատմություն չկա: Դրա համար էլ ընտրեցի այդ ֆիլմերը»,-մեկնաբանեց Վարպետը:

Նկատելի էր, որ Արտավազդ Փելեշյանը բարձր տրամադրություն ունի և պատրաստ է հուշեր պատմել, պատասխանել բոլորի հարցերին, իհարկե, փելեշյանաբար՝ անսպասելի լուծումներով ու ձևակերպումներով: Ակնհայտ է նաև, որ Վարպետն առաջվա պես չի խուսափում հանրային միջոցառումներից, թեև նկատում է, որ կարոտում է այն ժամանակներին, երբ ինքը մերժում էր նման միջոցառումների բոլոր առաջարկներն ու հրավերները:

Վարպետը հիշեց իր ուսանողական տարիները, ՎԳԻԿ-ը, թե ինչպես ընդունվելուց հետո շատ չանցած՝ փոշմանել էր, որ կինոռեժիսորի մասնագիտությունն է ընտրել ու որոշել է վերադառնալ Վանաձոր, շարունակել այնտեղի գործարանում գծագրող-նկարչի իր աշխատանքը: Բայց մտածել է՝ ոչ ոք չի հավատա, որ ինքը սեփական կամքով է թողել ՎԳԻԿ-ը: Դեռ երիտասարդ տարիներից նա մեծ պատասխանատվություն է զգացել իր ընտրած մասնագիտության հանդեպ՝ կամ պետք է լավ աշխատել, կամ մոտ չգալ կինոյին: Այդ տարիներից էլ հենց ակնհայտ է եղել իր և ընդհանուրի մտածողության, հայացքների, կինոյի նկատմամբ ընկալումների տարբերությունները: Ֆիլմերը հաջորդել են միմյանց, բայց նա հասկացել է, որ իր կինոարվեստը քչերին է հասկանալի ու հասանելի լինելու: Վարպետը հիշեց մի դեպք՝ խոր ենթատեքստով, բայց փելեշյանական վերջաբանով: Պատմում է. «Մենք» ֆիլմի ցուցադրության ժամանակ գեղխորհրդի անդամներից մեկը վեր կացավ ու շատ լուրջ հարց տվեց, «Փելեշյան, ասեք խնդրեմ, ո՞վ է Ձեր հանդիսատեսը»: Ես զարմացա ու չիմացա՝ ինչ պատասխանել: Օրերից մի օր եվրոպացի ռեժիսորների ֆիլմեր տարան՝ Զիմբաբվեում ցուցադրելու: Իմ «Տարվա եղանակներն» էլ էր դրանց մեջ: Հետո հարցրել են Զիմբաբվեի բնակիչներին, թե որ ֆիլմը կուզեին նորից նայել: Նրանք պատասխանել են՝ «Տարվա եղանակները»: Մինչև հիմա չեմ կարողանում գեղխորհրդի այն մարդուն գտնեմ, որ ասեմ՝ գնա Զիմբաբվե, իմ հանդիսատեսն այնտեղ է»:

Հանդիսատեսին հետաքրքրում էր, թե ինչ հարաբերություններ ունեն Արտավազ Փելեշյանն ու Ժան Լյուկ Գոդարը: Պատասխանեց. «Երկու տարի առաջ Բրազիլիայում Գոդարին նվիրված հանդիսություն էր կազմակերպվել: Գոդարն ինձ հրավիրեց, բայց այստեղից Բրազիլիա շատ երկար է ճանապարհը. չկարողացա գնալ: Առհասարակ շատ լավ հարաբերություններ ունենք Գոդարի հետ, բայց, ափսոս, տարածությունը խանգարում է, որ հաճախակի հանդիպենք»:

Արտավազդ Փելեշյանն իր գյուտի՝ տարածական մոնտաժի մասին գիրք է գրել՝ դասագիրք, առանց որի հեղինակավոր բուհերն իրենց ուսանողների կինոկրթությունը չեն պատկերացնում: Տարածական մոնտաժի առանձնահատկություններին Վարպետը բազմիցս է անդրադարձել, բայց գյուտը եղել և մնում է հետաքրքրության առարկա: «Երբ գրեցի տարածական մոնտաժի մասին գիրքը, շատերն ասացին՝ չե՞ս վախենում, որ այդ մեթոդն ուրիշները կվերցնեն-կօգտագործեն, կգողանան: Պատասխանեցի՝ ոչ, չեմ վախենում: Անհամեստություն չլինի ասելը՝ տարածական մոնտաժ կարող եք տեսնել միայն իմ ֆիլմերում: Իմ ֆիլմերի կեսը բացակա պատկերներ են. այդ պատկերները բացի ինձնից, ուրիշ ոչ ոք չի կարող տեսնել. ո՞վ և ինչպե՞ս պիտի գողանա դրանք»:

Նաիրա Փայտյան

Դիտվել է 88 անգամ