Դևիդ Լինչի «Nudes» կատալոգը արվեստագետի հերթական գլուխգործոցն է

Helmut Newton selfie jpgՀամաձայն առցանց գործող լատիներեն-ֆրանսերեն բառարանի, Nudus լատիներենից թարգմանաբար նշանակում է մերկ, առանց հագուստ: Վստահաբար, արվեստի սիրահարները բազմիցս հանդիպել են նյու գեղարվեստական ժանրին, ինչն իհարկե խորհրդանշում է մերկությունն արվեստում: Առաջին իսկ դագերոտիպների ստեղծմանը զուգահեռ, նյուն ներթափանցում է նաև լուսանկարչության աշխարհ: 19-րդ դարի ուսանողներն ու արվեստագետները օգտագործում էին նյու լուսանկարները մոդելների մանրակրկիտ ուսումնասիրման համար: 

©David Lynch (5)

Այսօր, երբ լուսանկարն այլևս զուտ փաստագրական գործիք չէ, այլ արվեստի առանձին ճյուղ, նյուն շարունակում է լինել դոմինանտ ժանր: Անխուսափելի անուններ՝ Հելմուտ Նյուտոն, Նոբույոշի Առակի, Հերբ Րից, Իրվինգ Պեն և տասնյակ այլ հսկաներ: Այսօր նրանց մեծ ցուցակին է ավելանում նաև Դևիդ Լինչը:

©David Lynch (4)Երկար ժամանակ հանրահայտ կինոռեժիսորի սիրահարները զարմանում և հիանում էին վերջինիս նաև գեղանկարչական տաղանդով․ յուղաներկի աշխատանքներ և տասնյակ գծանկարներ: Բայց արի ու տես, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն հարցում: Նոր շոկ և հաճելի հարված խեղճ թվինփիքսամոլներին: Մի քանի ամիս առաջ Փարիզում լույս տեսավ «Nudes» վերնագիրը կրող կատալոգը՝ համախմբելով Դևիդ Լինչի արված հարյուրից ավելի նյու լուսանկարները: Դրանք սև ու սպիտակ են, նաև գունավոր, թեպետ գունավոր շարքը կարելի է անվանել պարզապես կարմիր, քանզի ողջ շեշտը դրվում է կարմիր շրթներկի և կարմիր ներկված եղունգների վրա:

©David Lynch (1)

«Ծեծված կլիշե» մտածում եք դուք, և չեք սխալվում, սակայն տարօրինակ պատճառներով, Լինչը հաջողացնում է կերպարանափոխել նույնիսկ նման կիտչ պատկերները: Հավանաբար Գի Բուրդենի մերկ շարքերով ոգեշնչված Լինչը, գրքի ստորագրման ժամանակ, խոստովանել է, որ սիրում է լուսանկարել մերկ կանանց, «․․․մոգական է տեսնել յուրաքանչյուր կնոջ մարմնի եզակիությունը»:

©David Lynch (3)Տպավորություն է ստեղծվում, սակայն, որ բոլոր հարյուր լուսանկարների բնորդուհին մեկն է: Միջին տարիքի, գրավիչ մարմնով այս մուսային հաճախ մեղադրում են գեշ ձեռքեր ունենալու մեջ, բայց երևի թե Լինչն այս շարքի ստեղծման ժամանակ ձեռքերի մասին մտածել է վերջին պահին: Ամեն դեպքում, լուսանկարների այս կատալոգը համարվում է արվեստագետի հերթական գլուխգործոցը, 55 եվրո արժողությամբ գիրքը վաճառվում է հսկայական հաջողությամբ: Այն իհարկե կարելի է պատվիրել նաև առցանց:

©David Lynch (2)Թվում է, թե ժամանակակից մարդուն զարմացնել, այն էլ մերկ մարմիններով, այլևս անհնարին է, դժվար է հասկանալ որտեղ է արվեստի և ոչ արվեստի սահմանը, պարզապես այդ սահմանի բացակայության պատճառով: Եվ չնայած այս իրականությանը, կա մի նմուշ, որն արվեստի պատմության ամենացնցող նյու աշխատանքներից է համարվում: Այն է 1866 թվականին ստեղծված Գուստավ Կուրբեի «Աշխարհի արարումը»: Թուրք-եգիպտացի դիվանագետ, կանանց մերկ մարմինների հերթական սիրահար՝ Խալիլ Բեյի պատվերով ստեղծված այս աշխատանքն այսօր ցուցադրվում է Փարիզի Օրսեյի թանգարանում: Կտավի սիրահարների բանակը հսկայական է, սակայն անգիտակներ էլ դեռևս կան, ինչպես օրինակ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի՝ Ֆեյսբուքի ադմինիստրատորները: Մի քանի տարի առաջ, վերջիններս առանց զգուշացման փակում են ֆրանսիացի մի ուսուցչի անձնական էջը, ով պարզապես ֆեյբուքում էր տեղադրել Կուրբեյի կտավի լուսանկարը՝ հղում տալով Օրսեյի պաշտոնական կայքէջին: Պոռնոգրաֆիական պատկերներ տարածելու համար մեղադրվող ուսուցիչն այսօր դատարանից պահանջում է արդարություն, այն է՝ վերաբացել իր ֆեյսբության էջը և վճարել 20.000 եվրո՝ պատճառած անհարմարության համար:

Հուսանք արդարությունը կլինի արվեստասեր ուսուցչի կողքին, քանզի նույն առցանց լատիներեն-ֆրանսերեն բառարանում Nudus բառը նշանակում է նաև պարզ և ազնիվ․․․

Լիլիթ Սոխակյան
Փարիզ
2018թ

Դիտվել է 637 անգամ