Հոգու գեղեցկություն

khoren-abrahamyan1-840x315Խորեն Աբրահամյանի բախտը բերեց ճանապարհի հենց սկզբում. դեռ Երևանի թատերական ինստիտուտի շեմին դիմորդին տառացիորեն «դուրս կորզեցին» ամբոխից և առաջարկեցին նկարահանվել հայկական կինոյի դասական Համո Բեկնազարյանի «Արարատյան դաշտի աղջիկը» կինոնկարում: Եվ Աբրահամյանն անշուշտ համաձայնեց: Իսկ չորս տարի անց, դիպլոմի պաշտպանությունից հետո, նա արդեն նկարահանվում էր կատակերգություններում և երաժշտական ֆիլմերում, արկածային և այնպիսի կինոժապավեններում, որոնք սովորաբար անվանում էին արտադրական, ընդ որում դրանց գերակշիռ մեծամասնության մեջ նա խաղում էր գլխավոր, կենտրոնական դերերը:

«Առաջին սիրո երգը», «Հասցեատիրոջը որոնելիս», «Փեսատես», «Իմ ընկերոջ մասին», «Փլուզում», «Մոր սիրտը», «Ճանապարհ», «Մայրամուտից առաջ», «Փառքի օղակները», «Դժվար անցում»… Բավական է պարզապես թվարկել Խորեն Աբրահամյանի մասնակցությամբ կինոնկարները և հիշողությանդ մեջ անմիջապես ծնվում են ռոմանտիկ – այլ կերպ չես ասի – հերոսներ՝ վառվող սև աչքեր խիտ աճած հոնքերի տակ, ատլետիկ կազմվածք, կամային կզակ, խոր, հանդարտ բարիտոն…

Հիմա նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես էր գլուխ հանում երիտասարդ դերասանը այդքան նկարահանումներից, արշավներից և դերերից: Չէ որ այդ նույն ժամանակ է նա սկսում իր փայլուն կարիերան Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի բեմում, ուր նա եկավ ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո: Առաջին իսկ քայլերից Աբրահամյանի համար հնարավորություն ստեղծվեց փորձելու, որոնելու իրեն համաշխարհային խաղացանկի առավել նշանակալի դերերում՝ շեքսպիրյան խաղացանկի գլխավորությամբ, որն այսօր էլ մնացել է դերասանի ամենաուժեղ տենչը: Այնուամենայնիվ, Խորեն Աբրահամյանի դերասանական ուղու երկու ճյուղերը, որ երկար ժամանակ ընթանում էին զուգահեռ, հանկարծ սկսեցին մոտենալ իրար:

arajin siro erg@ (4)Թատրոնում վաթսունականների վերջին Աբրահամյանը առաջին անգամ խաղաց «ոչ թե տղայի, այլ տղամարդու» դեր՝ Օթելլո: Այս դերակատարումից հետո ինչ-որ բան կտրուկ փոխվում է դերասանի կինեմատոգրաֆիական ճակատագրում: Եվ բանն այն չէ միայն, որ նա ավելի հազվադեպ է նկարահանվում՝  հենց այդ տարիներին նա սկսում է զբաղվել թատերական ռեժիսուրայով: Բանն այն է, որ նրա ստեղծած էկրանային կերպարները ավելի խոշորամասշտաբ, ավելի նշանակալի և ներքուստ հակասական են:

Բավական է հիշել, որ նույն այդ տարում, երբ կայացավ «Օթելլոյի» պրեմիերան, էկրան բարձրացավ «Սարոյան եղբայրներ» ֆիլմը, որի բեմականացնողներից մեկը Աբրահամյանն էր, միևնույն ժամանակ խաղալով Գևորգի՝ ողբերգական ճակատագրի և ողբերգական տեմպերամենտի տեր մարդու դերը: Իսկ մեկ տարի անց հայտնվեց «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը (այստեղ Խորեն Աբրահամյանը ստեղծեց Պավլեի անմոռանալի կերպարը), որը հայկական կինեմատոգրաֆում բացեց նոր, անսպասելի մի դիտանկյուն՝ ժողովրդի մարդու գործերի ու հոգսերի մասին խոսելիս:

Դերերից յուրաքանչյուրում, իսկ դրանց թվում ավելի ու ավելի շատ են դառնում այնպիսիները, որոնք ընդունված է կոչել բացասական, դերասանը խաղում է մարդկային վարքագծի անկանխատեսելիությունը, մարդկային նկարագրի այն բնական «բազմադիմությունը», երկարժեքականությունը, որն ասես չէր տեսել, չէր նկատել մինչ այդ հայկական կինեմատոգրաֆը:

my_i_nashi_gory

Աստիճանաբար, իսկ այժմ թվում է, որ ասես միանգամից, մի թափով, առանց միջանկյալ իրավիճակների, փոխվում է և դերասանի կերպարը. նա դառնում է մեր օրերի հզոր, ամրադեմ և ամրակուրծք Խորեն Աբրահամյանը, կարճ կտրած սպիտակաթույր ցից գանգուրներով, դեմքով մեկ մինչև սպիտակ հոնքերը տարածվող նույնպես սպիտակ մորուքով, լայնաթիկունք, նախկին բռնցքամարտիկի ծանր բռունցքներով և իսկական շեքսպիրյան հերոսի ողջ կոթողայնությամբ, որ նոր էր ծնունդ առել Հայաստանում:

0Այս նոր կերպարը մենք տեսել ենք հայկական կինոյի վերջին մեկուկես տասնամյակի բոլոր նշանակալի ժապավեններում՝ «Երևանյան օրերի խրոնիկա», «Ապրեցեք երկար», «Երկունք», «Գործուղում առողջարան», «Հրդեհ» և, վերջապես, դրանցից ամենածանրակշիռ ֆիլմում՝ Բագրատ Հովհաննիսյանի բոլորովին ոչ վաղուցվա «Տերը» ֆիլմում: Դերասանն այստեղ ստեղծել է մի մարդու կերպար, որ հյուսված է բնության հանդեպ անհագուրդ սիրուց, այդ բնությանը օտար, թշնամի ամեն բանի հանդեպ ատելությունից: Խաղաց մի նկարագիր, որ մեծապես հարազատ է և Պանին, և առասպելական որսորդ Նիմվրոդին, և Աբրահամյանի դեռ չխաղացած, բայց իր՝ աբրահամյանական կերպար Ֆալստաֆին, և իր բոլոր արքայատեսիլ հերոսներին, կյանքի տերերին յուրաքանչյուր ժեստով, յուրաքանչյուր բառով, յուրաքանչյուր իր արարքով…

maxresdefault (1)(1)Կենսափորձով իմաստնացած այդ մարդու ուժեղ, կոթողային գեղեցկությունն ամենևին էլ պակաս վառ և հրապուրիչ չէ, քան այն հին, ռոմանտիկ, գուցե փոքր-ինչ թատերական գեղեցկությունը պատանի Խորեն Աբրահամյանի, որ այնքան շռայլորեն հայտնվեց էկրանին երեքուկես տասնամյակ առաջ…

Միրոն Չեռնենկո

1985 թ․

chernenko.org

 

Դիտվել է 93 անգամ