Գրող, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանի «Cine՛-Մարդ» նոր շարքի երկրորդ գործող անձը ֆրանսաբնակ թատրոնի և կինոյի դերասան՝ Արտո Յուզբաշյանն է։ Շարքի մտահաղացումը հեղինակինն է, որն այս պահին ուսանում է Ֆրանսիայում։ Հ․Թեքգյոզյանի kinoashkharh.am կայքում սկսած նոր շարքը ներկայացնում է արտասահմանում ապրող և ստեղծագործող կինոյի մարդկանց։

Տեղեկանք՝ բնակության վայրի վերաբերյալ

Ի՞նչ է կատարվում, երբ քաղաքը դառնում է քոնը։ Երբ կյանքիդ մեծ մասը էնտե՞ղ ես ապրում, թե՞ երբ քաղաքի հետ առնչվող ինչ-որ, հաճախ, տրամաբանությանը չենթարկվող, բայց զգայուն կապեր ունես։ Հայերենում, բնակության վայրը նշելու հետ կապված մի տարօրինակ բայ կա՝ մնալ։ Բայց էս տարբերակում՝ «մնալը» փողոցային լեզվի շեշտեր է կրում, և որպես հարց հետևյալ կերպ է ձևակերպվում «Դու ուրդե՞ ես մնում»։ Երևի թե էս երևույթին չանդրադառնայի, եթե մտքիս մեջ անընդհատ չպտտվեր «ապրել» բառը։ Փաստորեն, հայերի մտածելակերպում «մնալն» ու «ապրելը» նույնը չեն, տարբեր իմաստներ ունեն։ Ասել է, թե՝ եթե ինչ-որ մեկը ինչ-որ տեղ «մընում ա» ուրեմն էդ տարածքում ինքը չի՞ ապրում, մշտական բնակության ցանկություն կամ գուցե իրավունք չունի՞․․․

Արտո Յուզբաշյանը տասնչորս տարեկանից ապրում է Փարիզում։ Եթե Արտոյի տարիքը շեշտելու լինենք՝ կստացվի կյանքի կեսից մի քիչ ավելին անցել է մի տեղ, որը ժամանակին եթե ոչ աշխարհի մայրաքաղաքի, ապա՝ հաստատ արվեստնների մայրաքաղաքի տիտղոսն էր կրում։ Արտոն ապրում է հենց քաղաքի «սրտում»։ Դիտավորյալ էդ պաթետիկ «սիրտը» շետեցի, քանի որ ժամանակի փոփխվելուն զուգընթաց, Փարիզի «սիրտն» էլ է փոխվում, չնայած պատմությունը զարմանալի բան է․ փաստացի ցանկացած ողջ քաղաքը իր «սրտի» տեղը իմանում է, երբ էդ էջն արդեն շրջված է լինում․․․

Փարիզի գնդակները

Երբ առաջին անգամ գնացի Արտոյին հյուր ,մտքիս մեջ, չգիտես ինչու, անընդհատ «դեռ» բառն էր պտտվում։ Մտածում էի, որ մեր զրույցում հաճախ եմ էդ բառը օգտագործելու։ Դեռ լիամետրաժ ֆիլմում չե՞ս նկարվել, դեռ գլխավոր դեր չունե՞ս, Փարիզում դեռ հնարավո՞ր է արվեստով զբաղվել։ Հարցը միանգամից ժանգլորական գնդակների տեսք ստացավ ու սկսեց գլխումս ֆռֆռալ, ասել է թե՝ վերաձևակերպվել։ Իհարկե Փարիզում դեռ (դե՞ռ) հնարավոր է, բայց․․․ Երևի ուզում էի ասել, Փարիզում դեռ արվեստով չե՞ս զբաղվում։ Մշտապես զբաղվում․․․ Ինչ անհեթեթություն, արվեստով մշտապես զբաղվել կլինի՞․․․ Մի խոսքով, ինչ-որ էն չստացվեց․ հարցս շատ էր տափակ, իսկ կլոր-կլոր ֆիգուրները շարունակում էին ցատկոտել Place de la nation-ի տկլոր շատրվանների վրա․․․

CV

Երևի զարմանալի է, բայց Ֆրանսիայում որևէ մեկին ճանաչելու համար, առաջինը CV են ուզում։ Որոշեցի ես էլ նույն կերպ վարվել։ Արտոյի CV-ն բավականին «հարուստ» էր՝ հատկապես թատերական աշխատանքներով (չգիտեի, որ խաղացել նաև Վահրամ Զարյանի ներկայացման մեջ) ու մի երկու ֆիլմ (հրաշալի անուն՝ Ռոբերտ Գետիկյան) ։ Չհաշված իհարկե տեխնիկական՝ լույսի ու տեսախցիկի հետ աշխատանքային փորձը։ Բայց թատրոններից մեկի անունը ինձ թռցրեց արդեն թանձրացող-աշնանային Փարիզի վրայով։

29339468_10214707781226279_1768712938887053312_n«Արևի թատրոնը»։ Մի անգամ էլ կրկնվեմ՝ «Արևի թատրոնը»։ Չգիտես ինչու՝ աչքիս էլի գույնզգույն գնդակներ երևացին։ Ասենք չէ՝ լավ էլ գիտեմ ինչու։ Փռված արև, սկավառակ, գնդակ, շատ գնդակներ․․․ Փաստորեն՝ կրկես․․․ Հաստատ՝ կրկես։ Բայց ի՞նչ կապ ունի Արտոն կրկեսի հետ։ Ուղեղիս ինձ ծանոթ բոլոր հին ու նոր ժապավենները ինքնաբարեբար ետ պտտեցի։ Ու ընենց ստացվեց, որ գիտակցականից մեջ երևացին հոդվածներ, որտեղ թատրոնի, որպես արվեստի տեսակի, սկիզբը պայմանավորվում էր կրկեսով։ Երևի թե ճիշտ բնորոշում էր, երբ մարդը առավել մարմնով էր զարմացնում ու դեռ խոսքի, այսինքն՝ թատերական տեքստի շատրվանե քանդակներին չէր «տիրապետում»։ Լավ, ասացի չէ՞՝ շատրվանե քանդակներ։ Բա էլ ի՞նչ, բա կենդանի տեքստը՝ մեռածից ո՞նց տարբերենք։ Պարզ ձևով։ Մեռած տեքստն էլ է քանդակ, բայց բետոնից, ոնց խոսում ես՝ չի փշրվում, չի շատրվանում․․․ Հա, մի բան մոռացա, երբ «Արևի թատրոն» բառակապակցությունը սկսեց թուլանալ ու իջա հողին, տեսա, որ Արտոն թատրոնի տեխնիկական կազմում է աշխատել։ Դեռ․․․

Երկխոսություններ

-Արտո, սայթեր կան,որոնք դերասաններ են փնտրում՝ քասթինգ անցկացնելու համար։ Դու էնտեղ կա՞ս․․․
-Չէ, չկամ․․․ Բայց մի ներկայացման գաղափար ունեմ․․․
-Ի՞նչ ժանրի է․․
-Իրական պատմություն՝ ես ու ընկերս՝ Հակին ենք գտել։
-Բա ուղղարկիր՝ կարդամ։
-Պատմությո՞ւնն ու հոդվածնե՞րը։
-Ոչ միայն․․․
-Մնացածը քեզ մանրամասները կպատմեմ։
-Արտո, բա դու ի՞նչ ես աշխատում․․․
-Ե՞ս․․․ Երեխաների հետ պարապում եմ։ Ցիրկ․․․ ։Միմ, ակրոբատիկա, ժանգլորություն։ Բայց շատ խորը չէ, երեք-չորս գնդ․․․ (Հեռացող կադրի հետ՝ ձայնը հեռանում է)։

Արտոյի հետ խոսելուց հետո Place de la nation-ի տկլոր շատրվանների կողքով մի երկու շրջան պտտվեցի ու դեպի կայարան։ «Ստեղծագործություն» կոչվածը զարմանալի բան է, քանի որ մշտապես հայտնվում է Դեռ-ի ու Այլևս-ի արանքում։ Դեռ, դեռ, դեռ ու ձևավորվելուն պես միանգամից Այլևս է դառնում։ Արտոյի ներկայացման նյութը չկարդացած՝ մտքիս մեջ սկսեցի պիես գրել։ Դեռ․․․ Ի վերջո, ո՞րն է հաջողված ստեղծագործությունը, երևի էն, որ անընդհատ Դեռ է, նույնիսկ Այլևս դառնալուց հետո։

 

Համր պիես (դեռ․․․)

(Տարածք, որի գոյության մասին ոչ մի հիշատակում չկա, այնպես ինչպես բեմի վրա գրեթե ոչինչ չկա, բացի բեմից, որը կարող է չլինել կամ լինել ամենուրեք։ Մի ապակե տարա է դրված հատակին, որը որպես փոստարկղ է ծառայում)։
Գործող անձիք ԱՐՏՈ ՀԱԿԻ (Երկու գործող անձիք՝ մեկն էն, մեկը մյուսի մեջ։ Համարյա չեն խոսում կամ խոսում են էն ժամանակ, երբ չխոսել չեն կարող)։

Դադար Դադար Դադար

ԱՐՏՈ-(Պատրաստվում է երկար, նայում է, փորձում է խոսել, չի համարձակվում, հարց է ուզում տալ, փոշմանում է, փորձում է իր վրայից պոկել՝ Հակիին՝ այսինքն ինքն իրեն։ Մի կերպ հավաքում է ուժերը, համարյա գոռում է) Դու ո՞ւր ես մնում․․․

ՀԱԿԻ-(Նույն կերպ, ինչպես որ Արտոն չի կարողանում խոսել, լարվում, ուժերը հավաքում, գոռում է) Որտե՞ղ ես ապրում․․․

P.S.Թատրոնը վարագույր չունի։ Վարագույրը մի տաս տարի առաջ, որպես հումանիտար-մշակութային օգնություն ուղարկվել է աղքատ երկրներ․․․

Մտահաղացող և իրագործող՝ Հովհաննես Թեքգյոզյան
Գլխավոր դերում՝ Արտո Յուզբաշյան

Փարիզ-Երևան