Կինոինդուստրիայում չկա մեկ բանաձև բոլորի համար, պետք է գտնել սեփական ճանապարհը և ներդրումներ անել

 DSC_4181Երևանում, մարտի 13-16-ը անցկացվեց Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» (Eurimages) մշակութային աջակցության հիմնադրամի 150-րդ աշխատանքային նիստը: «Կինոաշխարհը» բացառիկ հարցազրույց է ունեցել «Եվրիմաժի» գործադիր տնօրեն Ռոբերտո Օլլայի հետ:

-Ի՞նչ կարևոր քայլեր պետք է անի համաշխարհային կինոյին ինտեգրվել ցանկացող երկիրը, ինչպիսին նաև Հայաստանն է: Եվ, հակառակը, ի՞նչ պետք է չանի՛: Ի՞նչ գործնական քայլեր են անհրաժեշտ համարտադրությամբ ստեղծվող ֆիլմեր ունենալու համար:

-Չկա մեկ բանաձև՝ բոլորի համար: Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, իր կինեմատոգրաֆը, իր շուկան: Համարտադրությունը ստացվում է, երբ կինոնախագիծը փոխգործակցային է լինում: Օրինակ, Հայաստանում սկսված նախագիծը կարող է միջոցներ գտնել այլ երկրից: Բայց պիտի լինի փոխգործակցություն: Դա կարող է լինել ինչպես մեծամասնական, այնպես էլ փոքրամասնական սկզբունքով: Դա լավ է աշխատում և փոխգործակցությունը ստացվում է, երբ պետությունը միջոցներ է տրամադրում ոչ միայն հայկական նախագծերին՝ մեծամասնական սկզբունքով, այլև՝ փոքրամասնական սկզբունքով մասնակցում է օրինակ ֆրանսիական ֆիլմի համարտադրությանը: Այդ դեպքում պետության նկատմամբ հետաքրքրություն է առաջանում և օտարերկրյա արտադրողները ավելի շատ են սկսում աշխատել ձեր երկրի հետ:

-Ինչպե՞ս կարելի է հեշտացնել ինտեգրման գործընթացը, միաժամանակ, աջակցել տեղի կինոարտադրողներին:

-Ամեն երկիր մի ձևով է դա իրականացնում: Ամենատարածված ձևն այն է, որ պետությունը առանձին ֆոնդ է ստեղծում փոքրամասնական սկզբունքով համարտադրությունների մասնակցելու համար: Այսինքն, ձեր պետությունը դառնում է ակտիվ խաղացող համաշխարհային կինոինդուստրիայում և շահագրգռվածություն է առաջանում երկրի հետ աշխատելու կինոարտադրության ոլորտում: Այդ կերպ նաև պետությունը օգնում է իր մասնավոր արտադրողին՝ հայաստանցի պրոդյուսերները փոքրամասնական սկզբունքով սկսում են աշխատել համարտադրվող ֆիլմերում:

DSC_4178

-Մենք մինչ օրս չունենք կինոյի մասին օրենք: Դա չէ՞ր կարող իր հերթին նպաստել կինոոլորտի զարգացմանը, մասնավորապես, հարկային արտոնությունների միջոցով արտադրության խթանմանը:

-Կան երկրներ, որոնք ունեն կինոօրենք այդ մասին, կան երկրներ, որոնք չունեն և ֆոնդերը իրենք են որոշում՝ որքան գումար հատկացնել մեծամասնական համարտադրությանը, որքան՝ փոքրամասնական: Երկրներ կան, որոնք կինոֆոնդեր չունեն, ունեն հարկային որոշակի քաղաքականություն՝ նրանք հարկային արտոնություն են տալիս օտարերկրյա նկարահանողներին և այդպիսով հրապուրում արտասահմանցի կինոարտադրողներին, դա և՛ գումար է բերում երկիր, և՛ անվանի մարդկանց, միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս տեղի կինոարտադրողներին մասնակցելու միջազգային նախագծերում: Այդպես ստեղծվում են նոր կապեր, նոր համագործակցություններ, մարդիկ սկսում են ճանաչել իրար, վստահել և աշխատել միասին:

Որոշ երկրներում, օրինակ, հեռուստաընկերություննեը օրենքով պարտավորված են մասնակցել, ներդրում կատարել կինոարտադրության մեջ: Սա նույնպես կարող է տարբերակ լինել Հայաստանի համար:

-Միջազգային կինոֆոնդերում գումարներ շահած հայաստանյան նախագծեր քիչ են հանդիպում: Ո՞րն է պատճառը:

-Կինոյում գոյություն ունի մի մոտեցնում, որ կարևորը ռեժիսորն է և նրա տեսլականը ու մենք պետք է վստահենք դրան: Իսկ սցենարը ընդամենը կինոյի բաղադրիչներից մեկն է:

Սակայն արևմտյան կինոյում սցենարը անկյունաքարն է, նախագծում ներդրում կատարելու որոշման համար առանցքային է սցենարի դերը: Աշխարհում, իհարկե, շատ ֆիլմեր կան նկարված՝ ոչ օրիգինալ սցենարով, բայց լավ ռեժիսուրայով: Բայց եթե սցենարը պրոֆեսիոնալ չէ, թույլ դրամատուրգիա ունի, զուրկ է օրիգինալությունից, նույնիսկ եթե ռեժիսորը կարող է հետաքրքիր բան ստանալ այդ սցենարից, միևնույն է՝ նախագիծը ռիսկային է համարվում:

Դա է համենայնդպես արդի կինոշուկայի տենդենցը:
Այդ պատճառով, միգուցե պետք է ձեր երկիրը ներդրումներ կատարի սցենարական դպրոցի զարգացման համար, որպեսզի նախագծերը կարողանան դուրս գալ միջազգային շուկա: Ես ինքս Իտալիայի հարավից եմ և իմ երկրում նույնպես սցենարական արվեստն այդքան զարգացած չէ, որքան Եվրոպայի հյուսիսում, այնպես որ ես լավ եմ հասկանում՝ ինչ դժվար խնդիր է լավ սցենարի պակասը:

150 meeting-Հայաստանը բազմաթիվ միջազգային կառուցների անդամագրված է, բազմաթիվ կարևոր ցանցային կառույցների էլ անդամագրված չէ, օրինակ, «Ստեղծարար Եվրոպայի» Մեդիա ծրագրին: Սա խոչընդոտ չէ՞ հայկական կինոնախագծերի իրագործման համար:

-Չգիտեմ՝ որքանով է խոչընդոտ, բայց համոզված եմ, որ եվրոպական կազմակերպություններին անդամակցելը կօգնի: Դա հայ մասնագետներին հնարավորություն կտա հանդիպելու եվրոպացի մասնագետների հետ: Չափազանց ուսանելի միջոց է թրեյնինգներ կազմակերպելը, դա շատ կարևոր է նոր սերնդի մասնագետների համար:

 Կինեմատոգրաֆի բաղադրիչներից էական են մարդկային շփումները, ռեժիսորը պետք է աշխատի զգեստի նկարչի, մոնտաժողի հետ, պիտի փոխադարձ վստահություն լինի: Դա մի ամբողջ ցանց է, որի աշխատանքը կապված չէ միայն գումարի հետ: Պետք է հնարավորություններ ստեղծել հայ մասնագետների համար հանդիպելու այլ երկրների մասնագետների հետ, մրցակցելու միջազգային ասպարեզում և գործնականում դրսևորելու իրենց:

Այդկերպ նրանք կբարձրացնեն իրենց մակարդակը՝ ուզեն, թե չուզեն: Վրաստանը ավելի շուտ է այդ գործընթացը սկսել: Արդեն մի քանի տարի է՝ Եվրիմաժի անդամ է, մասնակցում է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին, և նրանց մասնագետները դանդաղ, բայց վստահաբար դուրս են գալիս են միջազգային հարթություն:

-«Եվրիմաժը» ֆինանսական աջակցություն է տրամադրում երեք ուղղություններով` համատեղ կինոարտադրություն, կինովարձույթ և կինոցուցադրություններ: Ի՞նչ կինոնախագծերի է նախապատվություն տալիս Եվրիմաժը՝ աջակցության դրամաշնորհ տալու հարցում:

-«Եվրիմաժը» մշակութային ֆոնդ է՝ ի տարբերություն, օրինակ «Ստեղծարար Եվրոպայի», որն ավելի շատ արտադրության զարգացմանն է ուղղված: Մենք ավելի շատ կարևորում ենք նախագծերի մշակութային կողմը, ոչ թե շուկայական մրցունակությունը: Մենք մեծ գումարներ չունենք, տարեկան ընդամենը 25 միլիոն եվրո գումար կարող ենք հատկացնել բազմաթիվ երկրների նախագծերին, այդ պատճառով ընտրում ենք այնպիսի նախագծեր, որոնք կոմերցիոն չեն և կինովարձույթը չի կարող փակել կինոարտադրության ծախսերը, իսկ բիզնեսմենը ներդրման ռիսկի չի գնա, քանի որ թեմաները բարդ են, հակասական՝ հանդուգն էսթետիկա ունեն: Ֆրանսիացիները դա անվանում են հեղինակային կինո, շատերն անվանում են նաև արտհաուզ:

Ինչ ուզում եք անվանեք, բայց մենք «Եվրիմաժում» գնահատում ենք ռեժիսորի տեսակետը, որը ֆիլմի շարժիչն է:

Կոմերցիոն կինոն նույնպես հիանալի բան է, այդ ֆիլմերը նույնպես կարևոր են հանդիսատեսի ժամանցի համար: Բայց մենք այդքան ֆինանսական հնարավորություններ չունենք դրանց նույնպես աջակցելու, բացի այդ, շուկան ի վիճակի է պահելու այդ ֆիլմերը:

DSC_4180-Կինոինդուստրիան որքանով արվեստ, նույքանով էլ արտադրություն է: Հեղինակային կինոն նույնպես պետք է ապահովի որոշակի եկամուտ, որպեսզի գոյատևի: Բացի այդ, արդի կինեմատոգրաֆում հեղինակային և ոչ հեղինակային կինոյի սահմանները այդքան հստակ չեն: Ինչպե՞ս է վերաբերվում «Եվրիմաժը» կոմերցիոն տարրերով հեղինակային կինոնախագծերին:

-Նախկինում մենք հակված չէինք ֆինանսավորելու թրիլլերներ, գիտաֆանտաստիկ ֆիլմեր, կոմեդիաներ, բայց այժմ փոխում ենք մեր դիրքորոշումը, քանի որ շատ ռեժիսորներ խաղում են այդ ժանրերի հետ, անհատական մոտեցում են ցուցաբերում, երբեմն նույնիսկ խախտում են արդեն սիրված, ընդունված կանոնները:

Վերջերս ֆինանսավորում ենք նույնիսկ զոմբի ֆիլմեր, կոմեդիաներ, սարսափ ֆիլմեր, որովհետև դրանք հեղինակային մոտեցում ունեն, ինտելեկտուալ, երկշերտ են՝ և՛ կոմերցիոն են, և՛ հեղինակային են ու միայն կինովարձույթով գոյատևել չեն կարող:

Իհարկե, պատահում է նաև, որ հեղինակային կինոն կոմերցիոն հաջողություն է ունենում: Օրինակ, «Իդան» (ռեժ.՝ Պավել Պավլիկովսկի, արտադրող երկրներ՝ Լեհաստան, Դանիա, 2013թ.- Ա. Ս.) սև-սպիտակ, արտհաուզային ֆիլմ է, որտեղ բացահայտվում է, որ հերոսուհին ծագումով հրեա է: Այդ հանգամանքը ֆիլմին բերեց կոմերցիոն հաջողություն (ծիծաղում է), այն ցուցադրվեց բազմաթիվ երկրներում և հաջող վարձույթ ունեցավ:

-Բացի արտադրության դրամաշնորհը, ուրիշ ի՞նչ արտոնություններ ունի «Եվրիմաժի» աջակցությունն ստացած նախագիծը:

-«Եվրիմաժի» աջակցությունը ֆիլմի համար արդեն որակի գնահատական է: Այո, այլ հնարավորություններ ևս ունի մեր աջակցությունը ստացած ֆիլմը՝ ոչ միայն դիստրիբյուցիայի հարցում, քանի որ մեր ֆիլմերը դյուրամարս չեն, իսկ դիստրիբյուտորները հակված են ընտրել շուկայական պահանջարկին համապատասխան, կոմերցիոն ֆիլմեր: Մեր աջակցությունը օգնում է ֆիլմերին ընտրվել փառատոններում, ոչ անպայման Կաննում (թեև` այնտեղ նույնպես), բայց շատ այլ փառատոններում, որտեղ «Եվրիմաժի» ցուցանակը շատերի ուշադրությունն է գրավում: Դա հնարավորություն կարող է տալ հավելյալ ֆինանսավորման և արտհաուզ այլ փառատոններին մասնակցելու:
Եթե չլինեն «Եվրիմաժի» նման հանրային աջակցության կազմակերպությունները, մենք կունենանք միայն շուկայի համար արտադրվող, միօրինակ ֆիլմեր: Մենք աշխատում ենք մեծացնել հանդիսատեսի ընտրությունը: Եվրոպայի խորհուրդը հավատում է բազմակարծությանը և դեմոկրատիային: Մեր հանդիսատեսը թեև փոքրաքանակ է, բայց նրա կարծիքը շատ կարևոր է:

DSC_3696-Գենդերային ռազմավարությունը՝ կանանց ներգրավվածության մեծացումը կինոյի ոլորտում, որ որդեգրել է Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես «Եվրիմաժը», նույնպես բազմակարծության հասնելու համար է: Հայաստանը ևս փորձեց միանալ այդ թեմային՝ հանրային քննարկում կազմակերպվեց և պարզվեց մեր կին ռեժիսորներին էլ են տղամարդիկ ճնշում: Դա բավարա՞ր քայլ է կին ռեժիսորների կինո ունենալու համար:

-Գենդերային հավասարության թեմայով հանրային քննարկումները հիմնարար կարևորություն ունեն: Ինչու եմ սա նշում. 2012 թվականին,երբ ես սկսեցի խոսել այս թեմայով, դեռևս այս սկանդալները չկային էլ ( նկատի ունի Հարվի Վայնշթայնի հետ կապված սկանդալը-Ա.Ս.): Ես մասնակցում էի մի միջոցառման, որտեղ բարձրաձայնվում էր գենդերային թեման: Մինչ այդ ես չգիտեի, որ նման խնդիր կա: Երբ վերադարձա Ստրասբուրգ, խնդրեցի իմ աշխատակցին ուսումնասիրել խնդիրը և հաշվարկներ անել: Պարզվեց, որ նման խնդիր իսկապես գոյություն ունի: Դուք նույնպես պետք է տվյալների ուսումնասիրություն կատարեք, և եթե պարզվի, որ նման խնդիր իսկապես կա, միջոցառումներ ձեռնարկեք: Մինչև չունենաք հստակ վիճակագրական հաշվարկ, չեք կարող արձանագրել՝ ունեք խնդիր, թե՞ ոչ, և ինչպես պետք է լուծվի դա:
Նպատակը հստակ է՝ կանայք պետք է հավասար հնարավորություն ունենան ոլոտում: Հնարավորությունների ընձեռնման մասին է խոսքը: Չէ՞ որ կանայք բնակչության կեսը կամ կեսից ավելին են: Բնակչության կեսի ձայնը չունենալը, չլսելը հասարակության համար դեմոկրատիկ չէ, տրավմատիկ է: Կարևոր կլինի կին կինոգործիչների ասոցիացիաներ հիմնել, նրանց միասնական ձայնը ավելի լսելի կդառնա:

-Զրույցի սկզբում ես հարցրեցի՝ միջազգային կինոարտադրությանը ինտեգրվելու համար ինչ պետք է անի և ինչ պետք է չանի՛ մեր երկիրը: Դուք իմ հարցի երկրորդ մասին չպատասխանեցիք: Եվ այսպես, ի՞նչ պետք է չանի՛ մեր երկիրը:

-Պետք է չհապաղել: Միևնույն ժամանակ՝ պետք է չշտապել: Պետք է ներդրում անել և սպասել արդյունքի, որն անպայման կլինի:

Զրույցը վարեց՝ Աննա Սարգսյանը

Դիտվել է 140 անգամ