DSC_3696Այսօր շատերին է մտահոգում կնոջ նկատմամբ թերահավատ, կողմնակալ վերաբերմունքը կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Համընդհանուր այդ վերաբերմունքն ու դիրքորոշումն ընդգծված է նաև կինոյում: Անգամ Եվրոպայում են ցուցանիշներն անհանգստացնող: Այս մասին, Եվրիմաժի երևանյան 150-րդ նիստի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում հրավիրված «Գենդերային հավասարություն կինոյի ոլորտում» թամայով հանրային քննարկման ժամանակ խոսեցին Եվրիմաժի ղեկավար-ներկայացուցիչները, ինչպես նաև հայ ռեժիսորներն ու պրոդյուսերները: DSC_3691

Եվրոպական ֆիլմարտադրությունում կանայք տղամարդկանցից կրկնակի քիչ են վարձատրվում: Եվրիմաժի կողմից ֆինանսավորում ստանում են ավելի շատ տղամարդ ռեժիսորները: Օրինակ՝ 2012 թվականին ֆինանսական աջակցություն ստացողների 17 տոկոսն են եղել կին ռեժիսորներ, 2017-ին թիվն աճել է՝ 21 տոկոս:

Եվրիմաժը գենդերային հարցերով աշխատանքային խումբ է հրավիրել, որն այս կառույցին անդամակցող բոլոր երկրներում ուսումնասիրություններ է կատարում ու փորձում գենդերային հավասարության նախադրյալներ ստեղծել. նպատակը՝ կինոյի ոլորտում կանանց ու տղամարդկանց ներգարավվածության միջև հավասարության նշան դնելն է, կարգախոսը՝ մինչեւ 2020 թվականը՝ 50/50: DSC_3701

Եվրիմաժի գենդերային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Այրիս Զապպե-Հելլերը նկատեց. «Այսպես թե այնպես կանայք դեռևս բավարար կերպով գնահատված չեն ոչ կյանքում, ոչ աշխատանքում, ոչ էլ կինոյում: Աուդիովիզուալ ոլորտում կանանց առավելագույն ներգրավվածությունն ավելի տեսանելի է, քան մյուս ասպարեզներում: Եվրիմաժը ծրագիր է մշակել. լրատվամիջոցներն անպայման հարցազրույց են վերցնում կին ռեժիսորներից, որպեսզի նրանք ստվերում չմնան, որպեսզի նրանց աշխատանքը պատշաճ գնահատվի: Չէ՞ որ գաղտնիք չէ՝ ֆիլմարտադրությունը կնոջ համար կրկնակի դժվաություններով է հագեցած, քան տղամարդկանց համար»:

Այրիս Զապպե-Հելլերի տեսակետը պաշտպանեց «Կին» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանը: Կնոջ իրավունքների, ներուժի նկատմամբ հանընդհանուր թերահավատությունն է նրան ստիպել ֆիլմեր նկարահանել ու կին ռեժիսորների համար ստեղծել փառատոնային հարթակ: «Կին» կինոփառատոնը դժվարությամբ է պետական աջակցություն ստանում: Միայն երբ Հայաստանի մշակույթի նախարարը կին է եղել, այդ ժամանակ է փառատոնը պետական հովանավորություն ստացել: Հիմա տղամարդ է, էլի չի ստանում»,- տեղեկացրեց Մարիամ Օհանյանը:

Նույն խնդրի առաջ են կանգնում նաև կին ռեժիսորները: Դիանա Կարդումյանը 12 վավերագրական ու խաղարկային ֆիլմ է նկարահանել: Քննարկման ավարտին ցուցադրվեց նրա «Տոմբե» կարճամետրաժ ֆիլմը, որը բռնության ենթարկվող ու իր կարգավիճակի հետ հարմարված կնոջ մասին է: Դիանան ևս վկայեց, որ տղամարդ ռեժիսորների համեմատ՝ ինքն ավելի մեծ դժվարությունների է հանդիպում՝ լինի ֆինանսական, թե ստեղծագործական:

DSC_3651 (1)

Դիանա Կարդումյանն օրինակ բերեց Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված կինոալմանախը. կարճամետրաժ ֆիլմերի պատվերներ են տրվել 7 ռեժիսորների՝ բոլորը տղամարդ: Կնոջ հայացք ալմանախում չկա: Օրինակը եզակի չէ: Այն, որ կինը ֆիլմ է նկարում, տղամարդիկ հաճախ լուրջ չեն վերաբերվում ու այն համարում են ուղղակի կանացի հոբբի, ոչ ավելի:

«Տարիներ են եղել, երբ ոչ մի կին ռեժիսորի ֆիլմ պետական աջակցություն չի ստացել: Իսկ հայտնի է, որ մեր երկրում չկան այլ հիմնադրամներ, որոնցից կարելի լինի ֆինանսական ներդրումներ ակնկալել: Կինը միշտ ապացուցում է, որ կարող է փոքր միջոցներով մեծ արդյունքնի հասնել: Կին ես, թե տղամարդ՝ կապ չունի, կարևորը պրոֆեսիոնալիզմն է»,- խոսքն ավարտեց Դիանա Կարդումյանը:

Մեր երկրում պետական աջակցությամբ նկարահանվող ֆիլմերի 26,7 տոկոսի ռեժիսորներն են կանայք: Ի դեպ, Եվրոպայում այդ թիվն ավելի ցածր է՝ 24 տոկոս: 2015 թվականին պետական ֆինանսավորում է ստացել 8 տղամարդ և միայն մեկ կին ռեժիսորի լիամետրաժ խաղարկային ֆիլմ, 2016-ին՝ ոչ մի կին, բոլոր 6-ը տղամարդիկ են եղել:

DSC_370195-ամյա հայ կինոյում բացակայում են կին ռեժիսորները, ու ոչ միայն կինոռեժիսորները, այլև հայ կնոջ կերպարն իր շերտերով, երանգներով, հույզերով, խորքային հասունությամբ: Մեր կինոյում մեծ մասամբ շեշտը դրվում է հայ տղամարդու կերպարի վրա: Անգամ կինոյում է խրախուսվում տղա երեխայի ծնունդը:

Եվրիմաժի ներկայացուցիչներին Հայաստանի գենդերային պատկերը հետաքրքիր էր. մանավանդ որ որպես նոր անդամակցող երկրի՝ մեզ հետ նոր-նոր են սկսում ծանոթանալ: Վերլուծություններն ու վիճակագրական ցուցանիշներն աշխատանքային նոր քայլերի ու ծրագրերի նախադրյալներ են, քանի որ գերնպատակը մինչև 2020 թվականը 50/50-ի հասնելն է:

Նաիրա Փայտյան


Հայտնի են պատվավոր «Օսկարի» դափնեկիրները

Ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր «Օսկար» մրցանակի  (Governors Awards) պարգևների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։ Արարողության պրոդյուսերը Ջենիֆեր Ֆոքսն է, որն...

|19 Հոկտեմբեր 2018,10:23