«Սուսերով պար» ֆիլմի նախագիծը կքննարկվի Եվրիմաժի աշխատանքային նիստում

DSC_3538Երևանում կայանլիք (մարտի 13-17-ը) Եվրիմաժի 150-րդ աշխատանքային նիստում կդիտարկվեն և կգնահատվեն 54 կինոնախագծեր, որոնք ներկայացված են կառույցի անդամ 38 պետություններից։ Նիստում քննարկվելու է հայկական մեկ կինոնախագիծ՝ «Սուսերով պարը», որը նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին։ «Սուսերով պար» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը հայտնի կինոռեժիսոր Յուսուպ Ռազիկովն է, ֆիլմի արտադրողը՝ Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը, իսկ հայկական կողմից պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը:

Եվրիմաժի աշխատանքային խորհրդի նիստը Երևանում անցկացնելը, ըստ ՀՀ մշակույթի  փոխնախարար Արթուր Պողոսյանի, հրաշալի հնարավորություն է մեր երկրի համար ինչպես ճանաչողական, այնպես էլ ուսուցողական առումներով։ Նիստի օրերին Եվրիմաժի պատասխանատուների հետ կկայանան մի շարք գործնական հանդիպումներ՝ քննարկելու գործակցության նոր ուղիներ, որոնք շատ կարևոր են կինոբարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի համար։ Եվրիմաժին անդամակցելու համար Հայաստանը տարեկան մուծում է 110 հազար եվրո։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը տեղեկացրեց, որ Եվրիմաժի 150-րդ նիստի աշխատանքները լիարժեք ու արդյունավետ անցկացնելու համար, նախապատրաստական աշխատանքներն սկսել են դեռևս անցյալ՝ 2017 թվականից։ Նա գտնում է, որ առիթն օգտագործելով, իրենք եվրոպացի գործընկերների համար ճանաչողական մշակութային ծրագիր են պատրաստել։

Եվրիմաժի 150-րդ աշխատանքային նիստը Հայաստանում անցկացվում է կառույցի հայաստանյան ներկայացուցիչներ Վրեժ Քասունու և Սուսաննա Հարությունյանի համառ ջանքերի ու աշխատանքի շնորհիվ: Ս․Հարությունյանը գտնում է, որ Հայաստանի նման փոքր երկրի համար, որին անգամ անդամ պետությունների շատ ներկայցուցիչներ չեն ճանաչում, լավ հնարավորություն է ներկայացնելու մեր երկիրը, մշակութային ժառանգությունը, ավանդույթներն ու սովորույթները։

Ինչ վերաբերում է Եվրիմաժին մեր երկրի անդամակցությանը, ապա դրա կարևորությունը շատ մեծ է, փաստում է նա․ «Մենք չունեք զարգացած կինոարտադրություն, չունեք շուկա, կինովարձույթ, և վերջապես, չունենք հնարվորություններ ներկայանլու աշխարհին մեր ստեղծածով»։ Ըստ նրա, Եվրիմաժը բացի համատեղ կինոարտադրության ուղղությունից, ունի ճկուն մեխանիզմներ, որոնցով իրականցվում է կառույցի աջակցությամբ նկարված ֆիլմերի դիստրիբուցիան, կինոթատրոնների վերազինման ծրագրերը, և վերջապես կինոշուկա ստեղծելու և ֆիլմերը տարածելու լայն հնարվորությունները։

Հայաստանը Եվրիմաժին է միացել 2016 թվականին: Այսօր կառույցն ունի 38 անդամ պետություն՝ ներառյալ Հայաստանը: Այս կարճ ժամանկահատվածում գրանցել են շոշափելի արդյունքներ․ 2017թ․ Եվրիմաժից ֆինանսավորում են ստացել երկու համատեղ արտադրության կինոնախագծեր․ ռեժիսոր Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը (250 հազար եվրո) և ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնակցում է «Շարմ» ընկերությունը (20 հազար եվրո):

Հիմնադրամի տարեկան ընդհանուր բյուջեն 25 միլիոն եվրո է: Յուրաքանչյուր կինոնախագծի հատկացնում է մինչև 500 հազար եվրո։ Հիմնադրամը, 1988 թվականից ի վեր, աջակցել է 1726 եվրոպական համարտադրությունների՝ 518 մլն եվրո ընդհանուր գումարով:

 

Դիտվել է 51 անգամ