Հայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը հրատապ է

resized_626f6-f5466875vizyondakifilmlerՀայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), AFG Film Club-ը և «Friends of Walerian Borowszyk» ասոցիացիան օրերս ներկայացրեցին Դանիել Բըրդի «Ֆիլմերի վերականգնման գրառումներ» զրույցը։ Դանիելն անցյալ մի քանի տարիներին ի թիվս այլ ֆիլմերի ներգրավված է եղել նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի վերականգնման աշխատանքներում, որը վերջերս թողարկվել է նաև Blu Ray ձևաչափով։ Հանդիպում-զրույցից հետո Դանիել Բըրդը ցուցադրեց «Նռան գույնի» վերականգնված Blu Ray նոր ձևաչափով տարբերակը։

Ելնելով միջազգային թվայնացման ստանդարտներից, այս պահին կարելի է միայն մեկ հղում անել՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969թ, Հայսատան, Հայֆիլմ, գունավոր, 77 րոպե) ֆիլմին: Վերականգնվել է Cineteca di Bologna/L’Immagine Ritrovata լաբորոտորիայում, The Film Foundation’s World Cinema Project-ի (http://www.film-foundation.org/world-cinema?sortBy=director&sortOrder=1&page=2) կողմից՝ համագործակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ռուսաստանի Gosfilmofond-ի: Թվայնացումը ֆինասավորվել է Material World Charitable Foundation-ը: Ֆիլմի երկու տարբերակն էլ վերականգնված են. մի տարբերակը հայտնի է որպես փարաջանովյան տարբերակ, իսկ մյուսը՝ Յուտկևիչի: Վերականգնումը տեղի է ունեցել 35 մմ նեգատիվից, որը տրամադրել են Ռուսաստանի Gosfilmofond-ը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Gosfilmofond-ում ժապավենը բարձրորակ սքան են արել, իսկ հետագա աշխատանքները կատարվել են L’Immagine Ritrovata լաբորատորիայում:

Ըստ պայմանագրի՝ The Film Foundation-ը ֆիլմը ցուցադրելու իրավունք է ձեռք բերում ոչ կոմերցիոն նպատակներով և մասնակցում է կրթական, ճանաչողական ծրագրերի ամբողջ աշխարհում: The Film Foundation-ը ոչ կոմերցիոն ընկերություն է, որը հիմնադրվել է 1990-ին աշխարհահռչակ կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի կողմից: Կազմակերպությունը համագոծակցում է համաշխարհային կինոարխիվների հետ և առայսօր վերականգնել է 700-ից ավել լիամետրաժ ֆիլմեր: Ֆոնդը գործում է նվիրատվությունների հաշվին սկսած՝ 1$-ից մինչև 1 000 000 $ ԱՄՆ դոլար: Մեկ կադրն արժե մեկ դոլար և ցանկացած մարդ կարող է նվիրատվություն անել: The Film Foundation-ն ունի ռեժիսորների խորհուրդ, որոնք կայացնում են այս կամ այն ֆիլմի վերականգնման որոշումը և իրագործված աշխատանքները տարեկան հաշվետվությունները տեղադրվում են կայքէջում, օրինակ 2014-ի հաշվետվությունը՝ http://www.film-foundation.org/contents/reports/2014/2014.pdf:

Ի՞նչ վիճակում է գտնվում հայկական կինոժառանգությունն այսօր, թվայնացվում և վերկանգնվում են արդյո՞ք ֆիլմերը։ Ինչու՞ Հայաստանում հնարավոր չէ՞ ստեղծել մի ֆոնդ, որը կնպաստի թվայնացնելու և վերականգնելու հայ կինոյի լավագույն նմուշները: Կինոյի մասին օրենք գրողներն ինչո՞ւ են շրջանցում ազգային կինոժառանգության հետ կապված հարցերը: Հարցերը շատ են, պատասխաններն՝ անորոշ:

Գոյություն ունի մշակութային ժառանգություն, ինչն ակնբախ է և յուրաքանչյուր մտահոգ քաղաքացի կարող է պայքարել իր պատմական անցյալի, մշակութային հիշողության պահպանման համար: Բայց, կինոյի պարագայում հաճախ շատ կարևոր հարստություններ վրիպում են, քանի որ դրանք տարիներով կուտակված են լինում տարբեր ֆոնդերի պահոցներում: Չմոռանանք նաև այն, որ անողոք ժամանակը անդառնալիորեն քայքայում է կինոժապավենները: Ֆիլմի օրինակը պատմական հուշարձան չէ, և ոչ էլ ճարտարապետական մտքի խտացում, որ հենց տեսնենք քանդում են՝ ահազանգենք:

Ի՞նչ է  արվում այս ուղղությամբ։

«Չունենք կինոժառանգության պահպանման եւ վերականգնման պետականորեն հաստատված կարգ: Սովետական շրջանում յուրաքանչյուր ստուդիա (ֆիլմարտադրող) ֆիլմի ավարտից հետո հիմնանյութերը (նեգատիվ, օպտիկական եւ մագնիսական ֆոնոգրամաներ եւ այլն) պարտավոր էր հանձնել Պետֆիլմոֆոնդ կամ Պետական կինոֆոտոֆոնոարխիվ: Ի դեպ, այս կարգը Ռուսաստանում գործում է մինչեւ օրս: Այս կարգի շնորհիվ մինչեւ 1991 թվականն արտադրված հայկական ֆիլմերը ապահով կերպով պահվում են Ռուսաստանի նշված ֆիլմադարաններում, իսկ այդ ֆիլմերի մի մասի պատճենները (կոնտրատիպ կամ պոզիտիվ) պահվում են Հայաստանի պետական արխիվում:
Անկախացումից որոշ ժամանակ անց ֆիլմադարանն անջատվեց Պետարխիվից, որպեսզի կատարի նույն դերը, ինչ որ կատարում է Ռուսաստանի Պետֆիլմոֆոնդը կամ այլ երկրների ֆիլմադարանները: Սակայն, մի քանի տարի անց այն վերադարձվեց Պետարխիվին: Վերջին հաշվով կարևոր չէ ֆիլմադարանի ենթակայությունը, կարևոր է, որ այն իր գործառույթներով համապատասխանի միջազգային պահանջներին եւ անդամակցի Ֆիլմարխիվների միջազգային ֆեդերացիային:

Որտե՞ղ են պահպանվում 1991-ից հետո նկարահանված ֆիլմերի հիմնանյութերն ու օրինակները, դժվար է ասել: Որոշ խաղարկային ֆիլմերի նյութերը մնում են «Մոսֆիլմի» լաբորատորիայի պահեստում, ուր, բնական է, չեն կարող պահվել հավերժ: Իսկ տեսաֆորմատով նկարահանված ֆիլմերի մասին ընդհանրապես ոչ մի ստույգ տեղեկություն չկա: Վտանգը մեծ է, որ դրանց զգալի մասը մի քանի տարի հետո արդեն հայտնաբերել չի լինի:

Նույնը կարելի է ասել վավերագրական ֆիլմերի մասին, որոնք արտադրվում են թե «Հայկ» պետական կինոստուդիայում, թե մասնավոր ստուդիաներում եւ հեռուստաընկերությունների կողմից, բայց ոչ մի տեղ պետականորեն չեն գրանցվում եւ չեն պահպանվում (ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ Վերլուծական զեկույց եւ հայեցակարգ «Ոսկե Ծիրան» հիմնադրամ 2011)»:

«Այսօր հայկական կինոյի գլխավոր հարստությունը (գուցեեւ միակը)` դա մեր կինոժառանգությունն է: Ցավոք, ողջ հայ կինոյի պատմության ընթացքում ստեղծված ֆիլմերի օգտագործման իրավունքները չեն պատկանում ո՛չ Մշակույթի նախարարությանը, ո՛չ էլ նրա ենթակայության տակ գտնվող և «Հայֆիլմ»-ի իրավահաջորդը հանդիսացող Հայաստանի ազգային կինոկենտրոնին: Հետեւաբար, դրանց շահագործումից (տեսասկավառակներ, հեռուստատեսություն, փառատոներ եւ այլն) ստացված գումարը չի ծառայում գեթ չնչին չափով կինոյի զարգացմանը:

Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է հետ գնել ֆիլմերի օգտագործման իրավունքը (200-ից ավելի ֆիլմերի օգտագործման իրավունքը վաճառվել էր ընդամենը 3 միլիոն դրամով), և դրանց տնօրինումը հանձնել Ազգային կինոկենտրոնին: Ազգային կինոկենտրոնին է պետք հանձնարարել նաեւ Հայաստանում արտադրվող և ներմուծվող ֆիլմերի գրանցումը: Դրա համար պետք է պետականորեն հաստատվի ֆիլմի գրանցման և պարտադիր օրինակը Պետական արխիվին տրամադրելու կարգը (տպագիր արտադրանքի օրինակով):

Քանի որ մեր ֆիլմերը (թե խաղարկային, թե վավերագրական) պահվում են երկրից դուրս, ապա ճիշտ կլինի յուրաքանչյուր տարի բյուջեով նպատակային գումար նախատեսել որոշակի քանակով ֆիլմերի վերականգնված եւ թվայնացված օրինակները Ռոսաստանի ֆիլմադարաններից ձեռք բերելու եւ Հայաստանի Պետական արխիվում պահելու համար (ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ Վերլուծական զեկույց եւ հայեցակարգ «Ոսկե Ծիրան» հիմնադրամ 2011)»:

Ինչպես վերևում նշված է, կա պաշտոնական մի կառույց, որը կոչված է հետևել և համապատասխան պայմաններ ստեղծել՝ օդի ջերմություն, խոնավություն և այլն, որպեսզի ժամանակավորապես կասեցվի ժապավենի քայքայման պրոցեսը: Այս կառույցը որոշ փաստաթղթերում կոչվում է «Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, մեկ այլ տեղ կոչվում է «Հայաստանի ազգային ֆիլմադարան» և այլն: Կառույցի անվան հետ դժվարություններն առաջին հերթին ծագում են, քանի որ ֆիլմերի պահոցը չունի պաշտոնական կայք: Այն ազգային արխիվի մի մասն է կազմում և համապատասխան կայքում միայն համառոտ տեղեկություն ենք իմանում բաժնի և նրա գործունեության մասին:

«Ազգային արխիվի կայքէջում կա «Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ» բաժինը (http://www.armarchives.am/am/content/77/): Այս բաժինը ստեղծվել է 1943 թվականին: Արխիվը կոչված էր հավաքելու, պետական պահպանության տակ վերցնելու և գիտական լայն շրջանառության մեջ դնելու հայ ժողովրդի պատմության հետ առնչվող արժեքավոր կինոֆոտոֆոնո փաստաթղթերը:
ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 6-ի N 611 որոշմամբ և ՀՀ մշակույթի նախարարի 1993թ. դեկտեմբերի 8-ի N 326 հրամանով արխիվը վերակազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլմադարանի: ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 4-ի N1237-ն որոշմոմբ ֆիլմադարանը վերակազմակերպվում է Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճեների մասնաճյուղի: 

Արխիվում կենտրոնացված ամենավաղ թվագրման ֆիլմերից են «Ջոն Հորբորդի արշավախումբը Հայաստանում» (1920թ.) փաստավավերագրական, «Նամուս» (1925թ.), «Զարէ» (1926թ.), «Շոր և Շորշոր» (1926թ.), «Չար ոգի» (1927թ.), «Խասփուշ» (1927թ.) և այլ համր գեղարվեստական ֆիլմեր:

Մասնաճյուղում պահվում են հեղափոխական, կուսակցական-պետական, զինվորական ու մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը նվիրված փաստավավերագրական բազմաթիվ ֆիլմերը. «Սուրեն Սպանդարյան», «Սարգիս Կասյան», «Մարիետա Շահինյան», «Ծովակալ Իսակով», «Վառլամ Ավանեսով», «Ղուկաս Ղուկասյան», «Ավիացիայի մարշալը», «Նելսոն Ստեփանյան» և այլն: Մասնաճյուղի ձայնադարանում իրենց տեղն են զբաղեցրել հայ ժողովրդի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքն արտացոլող բազմահազար մագնիսական ձայնագրություններ և ձայնասկավառակներ»:
«Մասնաճյուղում կենտրոնացված բազմաբովանդակ ֆոտոփաստաթղթերը, կինոֆիլմերն ու ձայնագրությունները ոչ միայն արտացոլում են հայ ժողովրդի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակությանին կյանքը, այլև որոշակի պատկերացում են տալիս հանրապետության տարբեր էտապներում լուսանկարչական, կինեմատոգրաֆիական ու երաժշտական արվեստի զարգացման մակարդակի մասին՝ սկսած 20-ական թվականներից մինչև մեր օրերը»:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի «XVIII. «Արխիվային փաստաթղթերի պահպանություն» բաժնի «Ստորգետնյա արխիվադարանների սպասարկման ծառայության աշխատողներ»:

Դատելով կայքում ներկայացված հաստիքներից՝ աշխատողների մեջ չկան ֆիլմերի վերականգնման մասնագտներ: Մասնագետի հաստիք չունենալը գուցե և տրամաբանական է, քանի որ ՀՀ-ում չկա ֆիլմերի վերականգնման լաբորոտորիա: «Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ»-ում կատարվում է թվայնացում, բայց ցածրորակ, զուտ ինֆորմատիվ բնույթի:

Թվային վերականգնում։

Մասնագիտական թվային վերականգնման ընթացքն իր մեջ ներառում է հետևյալ փուլերը. Documentation and Study of Materials, Film Repairs, Film Washing, Scanning, Print and Processing, Digital Restoration, 2k and 4k Colour Correction, Mastering and DCP, Subtitling, Sound Restoration: Այս հղումով՝ http://www.fiafnet.org/pages/E-Resources/Film-labs-list.html (List of All Photochemical Film Labs Operating in the World Today) ներկայացված են այս պահին աշխարհում գործող ֆիլմերի վերականգնման լաբորատորիաները, որոնց կից սովորաբար լինում են նաև ամառային դպրոցներ, որտեղ գործնականում պատրաստում են համապատասխան բարձրակարգ մասնագետներ: Տեղերը սահմանափակ են և վճարովի: Անհրաժեշտության դեպքում կարելի է ունենալ պատրաստված մասնագետ, ով կարող է հետևել և ուղղորդել մեր մասնագետներին:

Հայկական ֆիլմերի նեգատիվնեը մեծամասամբ պահպանվում են Ռուսաստանում՝ Մոսկվայի Պետական Ֆիլմոֆոնդում, ինչպես նաև հայկական ազգային կինոարխիվում: 1923- 2005 թվականները բոլոր  հայկական ֆիլմերը նկարահանվել են «Հայֆիլմ» կինոստուդիայում: Մեկ ստուդիայի առկայությունը դյուրացնում  է ֆիլմերի մասին տեղեկություններ հայթայթելն առանց կորուստների և վիրպումների:
Ֆիլմերի վերականգնման և թվայնացման արժեքը կապված է կոնկրետ ֆիլմի ֆիզիկական վիճակի, տևողության և տեխնիկական յուրահատկությունների հետ (սև և սպիտակ, գունավոր, համր կամ հնչյունային կինո): Վերականգնումից հետո ստեղծվում է ֆիլմի 2k, 4k և Blue-Ray տարբերակները, որոնք օգտագործվում են ըստ անհրաժեշտության՝ տարբեր ծրագրերի համար, առանց վնասելու հիմնական օրինակը»:

Ի՞նչ  անել։

Առաջին քայլերը եղան  Արմենիա հեռուստաընկուրթյան կողմից: Վերականգնվեց հայ կինոյի ոսկե ֆոնդը և պարբերաբար ներկայացվում էր հեռուստադիտողներին: Բայց այստեղ էլ եղան խնդիրներ. «Համենայն դեպս, մի բան կարող եմ հստակ ասել` անցած 10 տարվա մեջ մենք դրանից չենք օգտվել: Թե չէ հանկարծ չստացվի՝ ասենք չկա ու նորից սուտ դուրս գանք, այնպես, ինչպես եղավ թվայնացման հարցի հետ կապված թյուրիմացությունը` մասնագիտական հանձնաժողովը արձանագրություն կազմեց, որ իրենց կատարած թվայնացումը խոտան է, ըստ էության ոչինչ չի արվել, չեն վերականգնվել ֆիլմերը, բայց իրենք պայմանագրով կարողացան ապացուցել, որ նշված է եղել թվայնացում, ոչ թե վերականգնում: Հետեւաբար, հիմա եթե ասենք՝ 10 տարի է տեխնիկա չկա, նրանք մեզ  կարող են ասել` եկեք տեսեք, որ պահեստներում լիքը տեխնիկա է. բերել ենք, բայց չենք տվել օգտագործման…» (http://news.am/arm/news/198036.html):

Հաջորդ նախաձեռնությունը կապված է «Հայկ» կինոստուդիայի հետ: Մշակույթի նախարարության կայքէջում տեսնում ենք հետևյալը. «Պետական աջակցություն կինեմատոգրաֆիայի ոլորտում այլ ծառայություններին» ծրագիրն իր մեջ ներառում է «Աջակցություն կինոշուկաների և կինոփառատոների մասնակցությանը», «Աջակցություն կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանմանը» ենթածրագրերը։ 2008 թվականից իրականացվում է նաև «Վավերագրական ֆիլմերի թվայնացում» ծրագիրը http://mincult.am/cinema.html»։

«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ: Այս հղումով (http://haykdfs.com/am/digitization) կարելի է այսպիսի մի բան գտնել. «2007 թվականից յուրաքանչյուր տարի «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանում և համալրում» ծրագրով «Հայկ» կինոստուդիայի կողմից կատարում է նախկին ԽՍՀՄ տարբեր արխիվներում գտնվող հայկական արտադրության ֆիլմերի և Հայաստանին վերաբերող կինոնյութերի թվայնացում:

Թվայնացված ֆիլմերն ու կինոսյուժեները պահպանվում են լազերային կրիչների վրա: Թվայնացման աշխատանքներն իրականացվում են ՌԴ պետական Կինո-ֆոտո-ֆոնո արխիվի և Հայաստանի ազգային արխիվի հետ համագործակցմամբ»: Մշակույթի նախարարության 2016-ի հատկացումը՝ Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայությունների համար 7 235 500 դրամ է:
Ըստ «Հայկ» ստուդիայի կայքի՝ (http://haykdfs.com/am/digitization) 2007-ից 2013 թվականները թվայնացվել է 63 փաստավավերագրական ֆիլմ: Շատ կարևոր է տարբերել թվայնացում և վերականգնում տերմինները:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ևս իրականացրել է որոշ հայկական ֆիլմերի վերականգնման և թվայնացման ծրագիր, բայց համացանցում այդ ֆիլմերի ցանկն առկա չէ: Թվում է ինչ-որ տեղաշարժ կա նաև մեր կինոդաշտում, բայց լայն հանդիսատեսը հնարավորություն չունի տեսնելու և գնահատելու կատարված աշխատանքի որակը: Նորություն չէ, որ ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրություն է ներկայացնում վերականգնված կինոն, որը հանդիսատեսին է հասնում կրթական, ճանաչողական, թեմատիկ ծրագրերի միջոցով, արխիվային կիոնոյի փառատոներով: Այժմ փորձում են նոր սերնդի համար ևս հետաքրքրություն առաջացնել և մի շարք համր ֆիլմեր կինոսրահներում ուղեկցվում են ժամանակակից երաժշտության ուղեկցությամբ: Այնպես են աշխատում և պլանավորում ծրագրերը, որպեսզի այն հետաքրքիր լինի և պրոֆեսիոնալին, և շարքային հանդիսատեսին: Ֆիլմերը ոչ միայն պետք է վերականգնել, այլև դրանք հանդիսատեսին հասցնելու գրագետ ճանապարհներ փնտրել: Հայկական կինոժառանգության ռեստավրացիան չի կարող էնտուզիազմի վրա հիմնվել: Այս գաղափարի մեջքին ամուր պետք է կանգնած լինի պետությունը՝ պրոֆեսիոնալ մասնագետներով և լուրջ ֆինանսական աջակցությամբ:

Ժամանակն է աշխարհին ներկայանալ բարձրորակ թվայնացված և վերականգնված ֆիլմերով և զերծ մնալ բոլոր տեսակի սիրողական նկրտումներից: Միայն «Նռան Գույնը» բավական չէ ներկայանալու համար, իրենց հերթին են սպասում Բեկնազարյանի, Դովլաթյանի, Փելեշյանի, Մալյանի և շատ ու շատ հեղինակների ֆիլմերը: Կինովերականգնման և թվայնացման հիմնադրամի գաղափարը վաղուց գերխնդիր պետք է լինի Մշակույթի նախարարաության և նրան հարակից կառույցների համար:

Հ.Գ. Նյութը պատրաստելիս հանդիպեցինք մի նորության (http://www.panarmenian.net/arm/details/207341/). «Եվ այսպես` Fambox ծառայությունը ոչ միայն բջջային հավելված է iOS և Android-ի համար, այլ նաև վեբ կայք է և հավելված «խելացի հեռուստացույցների» (smart TV) համար: Առցանց տեսապորտալը ներառում է հայկական արտադրության գրեթե բոլոր ֆիլմերը` մոտ 1000 կինոնկար, սկսած նախորդ դարի 30-ականներին նկարահանվածներից մինչև վերջին ֆիլմերը: Բացառություն է կազմում «Արմենֆիլմի» Ոսկե ֆոնդը, քանի որ արտոնագիր ստանալու հարցը դեռ հարցականի տակ է: Կան նախորդ դարի 30-ականներին նկարված ֆիլմեր: Մենք փորձել ենք ինչ-որ կերպ բարելավել պատկերի որակը, որպեսզի դրանք համապատասխանեն մեր համակարգի ձևաչափին, շտկել ենք գույնն ու ֆոկուսը»:
Ասվածը նույնն է, թե «Մոնա Լիզայի» ռեստավրացիայի համար հարևան մուտքից հրավիրել ենք ներկարարների (մալյարների)…

Պատրաստեց՝  Դիանա ԿԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է 170 անգամ