Ուզում ենք փոխել հայրենի կինոարտադրությունը

նախ2Հայաստանի ազգային կինոկենտրոնն այլևս ֆիլմարտադրությամբ չի զբաղվելու, այն դառնալու է մի կառույց, որն աջակցելու է ֆիլմարտադրողներին:  Նախորդ տարվա աշնանից մեր երկիրն ունի կինոյի հանձնակատար՝ Արսեն Բաղդասարյանը: Հայաստանյան ֆիլմարտադրության ապագա մոդելը նրա պատկերացմամբ պետք է հիմնված լինի միջազգային չափանիշների վրա: Կինոհայտերը պետք է լինեն լավ մշակված՝ սցենարական, նախահաշիվային, իրավական, տեխնիկական բոլոր պահանջներին համապատասխան: Ազգային կինոկենտրոնն ունենալու է տեխնիկական և գեղարվեստական հանձնախմբեր՝ բաղկացած 3-5 մասնագետներից: Կինոնախագծերի հեղինակները հայտերը պետք է ներկայացնեն նախ նրանց: Հանձնախմբերը կորոշեն՝ արդյո՞ք դրանք համապատասխանում են սահմանված չափանիշներին, որպես կինոսցենար՝ լա՞վ են մշակված, ի՞նչ հեռանկար, էկրանային ի՞նչ ճանապարհ կարելի է ակնկալել, հետո միայն կորոշվի՝ ընդունե՞լ այն, թե ոչ: Ի դեպ հանձնախմբերը որակյալ մասնագետներով համալրելու հարցը դեռ լուծված չէ: Գաղտնիք չէ, որ սցենարի մասնագետներ մենք չունենք, իսկ նաև գաղնիք չէ, որ հենց սցենարն է լավ կինոյի հիմքերի հիմքը: Կինոհայտերն անանուն են լինելու. դրանք համարակալվելու են և եթե արժանանան մասնագիտական հանձնախմբերի հավանությանը, հեղինակները կհարվիրվեն իրենց կինոնախագիծը հանրայնորեն ներկայացնելու և պաշտպանելու՝ կինոյի լեզվով ասած՝ փիչինգի: Հանձնախմբերը կինոհայտերն ստուգելու են նաև տեխնիկական, իրավական կողմերով:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նկատում է. «Չի բացառվում, որ կինոհայտի նախապատրաստական փուլին տրվի գումար, հետո գտնվեն համարտադրողներ, և կինոկենտրոնը ֆիլմի հետարտադրական փուլը դարձյալ ֆինանսավորի: Նախատեսվում է կինոյին հատկացվող 274 միլիոն գումարի 30 տոկոսը տրամադրել դեբյուտներին: Ուզում ենք բացահայտել մեր երիտասարդական ներուժը, որովհետև երիտասարդներն են մեր ապագան: Բյուջեի 5 տոկոսն էլ հատկացվելու է կինոնախագծերի զարգացմանը: Դրանք այն հայտերն են լինելու, որոնք գաղափարապես որակյալ կլինեն, բայց ինչ-ինչ թերություններ, տեխնիկական, սցենարական բացթողումներ կունենան: Մեր աշխատանքն ուղղված է լինելու համրտադրողներ գտնելուն, մրցունակ կինոնախագծեր մշակելուն և ներկայացնելուն»:

Կինոյի մարդիկ դեռ անցյալ տարվանից անհանգստացած են. տեղեկանալով կինոյի մասին օրենքի որոշ կետերին՝ մտավախություն ունեն, որ օրենքը չի պաշտպանի տեղական կինոարտադրողի շահերը: Կինոարտադրության նոր կանոնակարգը  ներքին կինորատադրության աջակցության մասին առանձին բաժին ունի: Կառուցվածքային, կատարողական, ստեղծագործական, տեխնիկական քայլերի մասին պատկերացումներ այն դեռևս չի տալիս: Եվ առհասարակ նոր կանոնակարգն այս տարի կյանքի չի կոչվի: Դեռ հայտնի չեն, թե այս տարվա համար ներկայացված կինոհայտերից  որոնք են ընտրվել և որոնք են պետական ֆինասավորում ստանալու:  Այս համատեքստում սպասում ենք նաև կինոյի մասին օրենքին, որնարդեններկայացվել է հայրենի կառավարությանը, իսկ հետո, եթե Աստված կամենա, նաև Ազգային Ժողովին:

Կինոհայտերի ընդունման նոր կանոնակարգն առանձին բաժիններ ունի, որոնք վերբերում են սցենարի, նախահաշվի զարգացմանը: Այս բաղկացուցիչները պետք է կինոհայտը սահմանված պահանջներին համապատասխան դարձնեն, աշխատեն հեղինակների հետ: Կինոնախագծերը պետք է այնքան մրցունակ ու հետաքրքիր լինեն, որ կարողանան ներդրողներ բերել հատկապես դրսից: Կինոարտադրության փոփոխությունների ծրագիրն այս շեշտադրումն ու նպատակն ունի:

Կինոյի մասին մոտ և հեռավոր մեր երազանքները, սակայն, ավելի իրատեսական կլինեն, եթե խարսխվեն կրթական բարեփոխումների ու ծրագրերի վրա: Անժխտելի է, որ մենք չունենք սցենարական դպրոց, անգամ չունենք միջազգային չափանիշներին համապատասխան կինոնախագծեր պատրաստող մասնագետներ: Այս խնդիրներն առաջնահերթ պետք է լուծվեն, որովհետև ամենակատարյալ կինոգաղափարն անգամ առոչինչ է, եթե այն ճիշտ ու ներկայանալի չի մատուցված:

Հայրենի կինորատադրությունը զարգացնելու և առողջացնելու ծրագիրը դեռևս շնորհանդեսային փուլում է: Այն կյանքի կոչելու և տեսանելի դարձնելու փուլերը դեռ առջևում են:

Նաիրա Փայտյան

 

 

Դիտվել է 54 անգամ