Պրեմիերա․«Ժխտման ճարտարապետները»

G70Ամերիկացի դերասան, շոումեն Դին Քեյնը Ուինսթոնի համալսարանում ուսանելու տարիներին իր հայ ընկերոջից առաջին անգամ իմանում է հայոց ցեղասպանության մասին: «Համալսարանում ես պատմություն էի ուսումնասիրում. պատմաբան լինելով հանդերձ՝ ապշած էի. ինչպե՞ս թե, նախորդ դարասկզբին թուրքերը ցեղասպանություն են իրականացրել հայերի նկատմամբ, ու ոչ ես, ոչ իմ շրջապատի մարդիկ տեղյակ չե՞ն եղել այդ պատմականի իրողությանը: Այդպես ես սկսեցի ուսումնասիրել խնդիրը և քանի որ ֆիլմեր նկարելն իմ նախասիրությունն է, որոշեցի հերթական ֆիլմը նվիրել հայոց ցեղասպանությանը: Նպատակս մեկն էր՝ իրազեկել մարդկությանը, փաստերով ցույց տալ, որ թուրքերը ցեղասպանություն են իրականացրել:

Միայն այդպես՝ իրազեկելով կարելի է պայքարել ցեղասպանությունների դեմ: Անտեղյակությունը նոր ցեղասպանություններ է ծնում ու պարարտ հող նախապատրաստում անպատժելիության համար»,- պատմում է Դին Քեյնը:

 

G10Ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են դեռ 5 տարի առաջ: Այդ ընթացքում Դին Քեյնն առաջարկել է մեկ այլ ամերիկացու՝ Մոնթել Վիլյամսին, միանալ իրեն ու միասին իրականացնել ֆիլմի գաղափարը: Մոնթել Վիլյամսը նույնքան է զարմացել՝ հայոց ցեղասապոնթյան մասին լսելով, որքան Դին Քեյնը:

«Ես 22 տարի զբաղվել եմ ռազմական պատմությամբ ու երբեք չեմ լսել, ոչ մի գրքում չեմ կարդացել հայոց ցեղասպանության մասին: Այդ նորությունն ուղղակի ցնցեց ինձ: Հնարավո՞ր է արդյոք այդքան խնամքով լռել ու թաքցնել պատմական փաստը: Նկարահանումների ժամանակ ես ավելին տեսա ու իմացա, քան ֆիլմն է ցույց տալիս: Պատմությունները, վկայություններն ավելի քան խոսուն ու անհերքելի էին»,- պատմում է Մոնթել Վիլյամսը:

Ֆիլմարտադրող մի քանի կազմակերպությունների հետ նրանց ի վերջո հաջողվում է նկարահանել «Ժխտման ճարտարապետները» վերնագրով 100 րոպե տևողությամբ փաստավավերագրական անգլալեզու ֆիլմ: Այն արդեն 100-ից ավելի ցուցադրություն է ունեցել տարբեր կինոթատրոններում, նաև հեռուստաէկրաններին: Դինն ու Մոնթելը վկայում են՝ ուր էլ ցուցադրվել է ֆիլմը, հանդիսատեսն ուղղակի ցնցվել է փաստերից ու իրողություններից:

G40«Ժխտման ճարտարապետները» ֆիլմը հիմնված է վավերագրական նյութերի՝ լուսանկարների, տեսանյութերի, պատմաբանների, փորձագետների ուսումնասիրությունների, ականատեսների վկայությունների վրա: Ֆիլմի նպատակը հայոց ցեղասպանության փաստը մեկ անգամ ևս ցույց տալը չէ:

Հեղինակներն այլ խնդիր են լուծել՝ ապացուցել, որ ժխտողականությունն ու անպատժելիությունը նոր ցեղասպանությունների պատճառ են դարձել: Եթե թուրքերն աշխարհի աչքի առաջ արժանի պատիժ կրեին, եթե ընդունեին իրենց հանցանքը, չէր լինի հոլոքոստը, չէին լինի Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի երկրների ցեղասպանությունները:

 

G30Հայոց ցեղասպանության մասին օտարներն էլի են ֆիլմեր նկարահանել. «Ժխտման ճարտարապետները» ֆիլմն առանձնանում է նրանով, որ ապացուցում է՝ թուրքական իշխանությունները հայաջինջ քաղաքակոնթյուն են ծրագրել դեռևս 1894-96 թթ: Այդ ծրագիրը սկսվել է համիդյան ջարդերով ու շարունակվում է մինչև հիմա:

Ֆիլմը ցույց է տալիս հայոց ցեղասպանության շարունակականությունը, փաստերով ապացուցում, որ թուրքերի գործը շարունակել են ադրբեջանցիները:

Հայ ժողովրդին բնաջնջելու, իր հայրենիքից զրկելու քաղաքականությունը ծրագրվել է նաև Լեռնային Ղարաբաղում, Սումգայիթում, Բաքվում, այն շարունակվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմով, կշարունակվեր նաև հիմա, եթե ինչ-ինչ հանգամանքներ Թուրքիային ու Ադրբեջանին հետ չպահեին իրենց որդեգրած գերնպատակից:

G50«Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան մարտի 5-ին էր, Մոսկվա» կինոթատրոնում: Հեղինակները մտադիր են շարունակել ցուցադրությունների շարքն աշխարհի տարբեր մայրցամաքներում: Ֆիլմի գործադիր արտադրողներ Դին Քեյնն ու Մոնթել Վիլյամսը պատմեցին, որ բազմաթիվ խոչընդոտների են հանդիպել հենց ԱՄՆ-ում: Օրինակ՝ գովազդային գործակալությունը, որ հանձն էր առել գովազդել ֆիլմը, հանկարծ հրաժարվել է իր պարտականությունից: Պարզվել է, որ թուրք պաշտոնյաներն են ճնշումներ գործադրել: Ավտոմոբիլային մի ընկերություն ևս հրաժարվել է ֆիլմի գովազդային նկարը փակցնել հասարակական ավտոբուսների վրա:

«Չես կարող մեղադրել մարդկանց. վախենում են: Թուրքերն ամենուր են, կաշառում են, վախեցնում: Նրանց ձեռքերն անգամ ԱՄՆ Կոնգրեսին են հասնում»,- նկատեց Մոնթել Վիլյամսը:

 

G60Դինն ու Մոնթելը գիտեն, որ Թուրքիայի ու Ադրբեջանի «սև ցուցակում են» հայտնվել, բայց դա նրանց չի անհանգստացնում, որովհետև չեն պատրաստվում այդ երկրներ մեկնել: Նրանք եղել են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, իրենց աչքերով տեսել, թե ինչպես են արցախցիներն իրենց պատմական հողին կառչած ապրում՝ անտեսելով ցեղասպանության մշտարթուն վախը:

Դինն ու Մոնթելը համոզված են՝ ֆիլմը քաղաքական հարցեր չի բարձրացնում, այլ աշխարհի ուշադրությունը հրավիրում է մարդու իրավունքների խախտման ողբերգական դեպքերի վրա: Չէ՞ որ դեռ նախորդ դարասկզբին հայ ժողովրդին ցեղասպանելով՝ խախտվել է ապրելու նրա իրավունքը, խախտվել է իր հայրենիքո՛ւմ ապրելու նրա իրավունքը: Իսկ հետապնդումները ողջ մնացածների նկատմամբ շարունակվել են նաև հետագայում՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ հայերի նկատմամբ ցեղասպանությունը չնահանջող, մշտական, հարատև ծրագիր է:

Նաիրա Փայտյան

Դիտվել է 73 անգամ