Երկու ֆիլմ՝ ըստ Մարգարիտ Դյուրասի ստեղծագործությունների

28536238_10215907726308415_1734599779_n

Սիրեկանը

«Սիրեկանը» ֆիլմը նկարահանվել է ֆրանսիացի գրող, սցենարիստ, ռեժիսոր Մարգարիտ Դյուրասի համանուն ինքնակենսագրական վեպի հիման վրա։ Սիրավեպն աննախադեպ հաջողություն է բերել Դյուրասին, այն թարգմանվել է աշխարհի շուրջ 45 լեզուներով, արժանացել՝ Գոնկուր պատվավոր մրցանակին։ Լույս տեսնելուց 8 տարի անց վեպը դառնում է կինոբեմադրիչ Ժան Ժակ Անոյի լավագույն ֆիլմերից մեկը։

Շուտով Մարգարիտ Դյուրասն այնքան սիրված է դառնում Ֆրանսիայում, որ նրան անվանում են՝ ֆրանսիական գրականության Մարգո թագուհի։

«Սիրեկանը» բացառիկ սպեցիֆիկ եւ գեղեցիկ ֆիլմ է, որն ուզում ես նորից եւ նորից վերանայել։ 1930-ականներ, Սայկգոն։ Փոքրիկ ֆրանսուհին հանդիպում է իրենից մեծ չինացի տղամարդու հետ։ Այս ֆիլմը սիրո երջանիկ ավարտի մասին չէ, ամենեւին, այլ՝ սիրո լինելիության երջանկության մասին է։ Սիրո պահի եւ սիրո վայելիքի մասին է, որը գուցե ավարտ չի ունենալու։ Համենայն դեպս փոքրիկ ֆրանսուհին այդ մասին չէ, որ մտածում է, անգամ սիրելու մասին չէ, որ մտածում է։ Ամեն ինչ սկսվում է ինքնաբերաբար, ավարտվում․․․ հերոսներից երկուսի համար էլ այդ սիրո պատմությունը գուցե այդպես էլ չի ավարտվում։

Նշենք, որ էրոտիկ տեսարանները ֆիլմում բացառիկ նուրբ եւ գեղեցիկ են ներկայացված, առանց ավելորդ գռեհկության։
Ֆիլմն արժանաացել է «Օսկարի»՝ լավագույն օպերատրական աշխատանք անվանակարգում։

28537385_10215907726748426_1266993359_n

Հիրոսիմա իմ սեր

1945 թվականի օգոստոսի 6-ին առաջին ատոմային ռումբը ԱՄՆ-ի կողմից գցվեց Հիրոսիմայի վրա (քաղաք՝ Ճապոնիայում), զոհվեց 140 հազար մարդ, քաղաքն ամբողջովին ավերվեց։ Իսկ 1959 թվայանին, ողբերգությունից 14 տարի անց ֆրանսիական կինոյի դասականներից մեկը՝ կինոռեժիսոր Ալեն Ռենեն, ով մինչ այդ աշխատել էր միայն վավարեգրական ֆիլմերի վրա, նկարահանում է իր առաջին խաղարկային ֆիլմը՝ «Հիրոսիմա իմ սեր»-ը՝ Մարգարիտ Դյուրասի կինոսցենարի հիման վրա։ Կինը՝ ֆրանսիացի դերասանուհի է, տղամարդը՝ ճապոնացի ճարտարապետ։ Կինը եկել է Հիրոսիմա ֆիլմում նկարահանվելու համար, պատահական հանդիպումը սիրային արկածի է վերածվում։ Պատերազմն ավարտվել է, սակայն քաղաքը դեռ հիշում է ռմբակոծության ողջ ողբերգությունն ու արհավիրքը։ Քաղաքան իր պատմությունը ունի, հերոսներն՝ ամեն մեկը իրենցը։ Տղամարդը կորցրել է ընտանիքը Հիրոսիմայի ողբերգության ժամանակ, կինը՝ սիրելիին՝ պատերազմի ժամանակ։
«Թեպետ «Հիրոսիմա, իմ սեր» ֆիլմը պատմում է մարդկային տառապանքի մասին, սակայն դա չի նշանակում, որ ֆիլմը վատատեսական է։ Կյանքը միշտ չէ, որ լի է ուրախությամբ։ Իմ հերոսների ապրած 48 ժամերը, համարժեք են 10 տարվա միասին ապրած թվացյալ երջանկության»,-ասել է Ալեն Ռենեն։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 522 անգամ