Հարրի Փոթերի հայազգի  «մայրը». Տանյա Սեգաչյանի համաշխարհային հաջողությունը

dsc_2402Բրիտանական The Guardian-ը Տանյա Սեգաչյանին մեկ անգամ չէ, որ անվանել է բրիտանական ժամանակակից ֆիլմարտադրության ամենաազդեցիկ կանանցից մեկը։

Սեգաչյանը ծնվել է 1968  թվականին՝ Լոնդոնում, հայի ընտանիքում։ Հայկական ծագմամբ այս բրիտանուհու կարիերան սկսել է դեռ Քեմբրիջի համալսարանում ուսանելու տարիներին, որտեղ նա զբաղվում էր բուհին կից Footlights  թատերական ակումբի նախագծերով, իսկ ավելի ուշ նա դառնում է այդ ակումբի  նախագահը։ 1990-ականներին երիտասարդ հայուհին հրավեր է ստանում աշխատելու BBC-ում՝ որպես փաստագրական հեռուստատեսային ֆիլմերի պրոդյուսեր։

1997-ին Սեգաչյանը միանում է բրիտանական Heyday Films պրոդյուսերական ընկերությանը, որտեղ էլ սկսում է նաեւ որպես պրոդյուսեր աշխատել Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերի ստեղծման ուղղությամբ։

«Թերթում հոդված կարդացի կախարդ-տղայի մասին պատմող գրքի մասին։ Սյուժեն ինձ շատ հետաքրքրեց։  Ուստի կապվեցի գրող Ջոան Ռոուլինգի գործակալի հետ ու առաջարկեցի հանդիպել», - The Guardian-ին տված հարցազրույցներից մեկում պատմում է Տանյա Սեգաչյանը։

2001-ին էկրան է բարձրանում Փոթերի մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» խորագրով, որտեղ գլխավոր պրոդյուսերի դերում հանդես էգալիս Տանյան։Ֆիլմն անսպասելի մեծ հաջողություն է ունենում եւ պրոդյուսերական ընկերությունը՝  Սեգաչյանի գլխավորությամբ, շարունակում է ֆիլմի մյուս մասերի նկարահանումները, որոնք բոլորն էլ համախշարհային հռչակ են ձեռք բերում։

Մեկ տարի անց տեղի է ունենում «Հարիի Փոթերը եւ գաղտնի սենյակը» ֆիլմի պրեմիերան, իսկ 2004-ին էկրան է բարձրանում՝ «Հարրի Փոթերը եւ Ազկաբանի բանտարկյալը», 2005-ին՝  «Հարիի Փոթերը եւ կրակի գավաթը»։ Այս ֆիլմերից հետո էլ հայազգի բրիտանուհին համաշխարհային ճանաչում է ձեռք բերում։ Այս ֆիլմաշարին զուգահեռ Սեգաչյանը՝ որպես պրոդյուսեր, ռեժիսոր Պավել Պավլիկովսկու հետ ստեղծում է «Իմ սիրո ամառը» (2004) ֆիլմը։ 16-ամյա աղջկա մասին պատմող այս ֆիլմը մի շարք կինոմրցանակների է արժանանում, իսկ 2005 թվականին ճանաչվում է «Լավագույն բրիտանական ֆիլմ»՝ Կիոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի կողմից։

2010-ին Սեգաչյանը գլխավորում է Բրիտանական կինոյի խորհրդի զարգացման հիմնադրամը, սակայն հետագայում այն միավորվում է Կինոյի բրիտանական ինստիտուտի հետ եւ նա թողնում է պաշտոնը։

Ներկայումս Տանյա Սեգաչյանը շարունակում էզբաղվել պրոդյուսերական աշխատանքով ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում։

 

Դիտվել է 239 անգամ