«Լրագրողներիդ մերժելով՝ ես ինձ եմ մերժում»․ Արտավազդ Փելեշյան

Pelechian-NewՀամաշխարհային կինոյի մերօրյա դասականը, բոլոր ժամանակների 100 լավագույն կինոռեժիսորներից ու բոլոր ժամանակների 10 լավագույն վավերագրողներից մեկը՝ Արտավազդ Փելեշյանը 80 տարեկան է:

 Արտավազդ Փելեշյանն  արդեն մեկ տարուց ավելի մշտապես բնակվում է Երևանում՝ մեզ հետ, մեր կողքին: Նրան երբեմն կարելի է տեսնել համերգների, ներկայացումների ժամանակ: Այդ եզակի առիթներին Վարպետն անպայման հայտնվում է լրատվամիջոցների՝ տեսախցիկների ու լուսանկարչական սարքերի ուշադրության կենտրոնում: Լրագրողների՝ նրան ուղղված վարանող հայացքներն այդպես վարանող էլ մնում են. անբեկանելի կանոն է՝ Վարպետը հարցազրույց չի տալիս:

«Լրագրողներիդ մերժելով՝ ես ինձ եմ մերժում» ,- ասաց մի անգամ նա:

«Ես 1960-ականների վերջերին  նկարեցի «Մենք» ֆիլմը հայ ժողովրդի մասին ու լռեցի. հիմա էլ ֆիլմ կնկարեի ու կլռեի: Դա իմ ամենաազդեցիկ խոսքը կլիներ»,- մի առիթով ասաց Վարպետն ու երկար լռեց:

«Մենքի» մասին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը մի առիթով ասաց. «1969 թվականից գիտեմ այս ֆիլմը՝ յուրաքանչյուր կադրը, յուրաքանչյուր ձայնն ու շունչը: Ապշում եմ ու էլի եմ ապշում ու ոչ միայն «Մենքի», այլև նրա յուրաքանչյուր ֆիլմի համար: Չես հասկանում. ինչպե՞ս է մարդը կարողացել  այսքան հեռու գնալ, այսքան խորքերը տեսնել»:

«Իր ստեղծած գեղեցիկի, իր ստեղծած արվեստի հետքերով Փելեշյանը մի ուրիշ իրականություն է մեզ ներկայացնում՝ կլինի միֆոլոգիա, գիտական խոսք, տիեզերք, կինոարվեստ, թե կինոյի տեսություն: Ինձ ապշեցնում է ժամանակը զգալու և չափելու նրա մոտեցումը»:

Ֆիլմերն ապացույց՝ Փելեշյանը ժամանակը չափում է կադրերով, 1 մ ժապավենի վրա կա 52 կադր և վերջ: Տարածության մեջ նա ժամանակն է տեղավորում, ժամանակը  բաժանում է հատվածների, այն է՝ կադրերի: Փելեշյանի կինոն արվեստ լինելուց բացի, նաև գիտություն է՝ հիմնված կոնկրետ հաշվարկների ու ապացուցված փաստերի վրա: Դա է պատճառը, որ նրա ֆիլմերը նույնիսկ առաջին անգամ նայելով՝ բոլոր կադրերը հատ-հատ մեխվում են մեր հիշողության մեջ: Իսկ երաժշտությունը, ձայնն օգնում են, որպեսզի այդ կադրերն ավելի ազդեցիկ դառնան:

Արտավազդ Փելեշյանին ռուսական կինոգիտությունը համարում է կինոյի Լեոնարդո դա Վինչի, Փարաջանովը նրան անվանել է կինոհանճար, Ալեքսանդր Սոկուրովը՝ նույնպես, ու նրանք միակը չեն, որ այդ համոզմունքին են: Բազմիցս խոսվել է, որ նա կինոյի գյուտարար է. տարածական մոնտաժի գյուտը նրան է պատկանում: Եվ այն չի կարելի համարել միայն արվեստի գյուտ, այստեղ հիմնարար տեղ ունի գիտությունը, ճիշտ հաշվարկը: Պատկերները ոչ թե մոտեցնել իրար, ինչպես ընդունված է կինոմոնտաժում,  այլ հեռացնել իրարից մեկ այլ պատկերով: Սա արվեստագիտական գյուտ է ՝ կիոյի հեղափոխության վերջնարդյուքով: Արտավազդ Փելեշյանը նաև գիրք է գրել այդ գյուտի մասին, որտեղ մանրամասն ներկայացնում, բացատրում է, թե ինչն ինչպես է արվում և արդյունքում ինչ կարելի է ակնկալել: Մի առիթով նա ասաց.

«Տարածական մոնտաժը ոչ մի գաղտնիք կամ խորհրդավոր կողմ չունի. յուրաքանչյուր ռեժիսոր կարող է այն օգտագործել իր ֆիլմում և օգտագործողներ եղել են: Բայց կարո՞ղ եք նշել նրանցից թեկուզ մեկի անունը, ում ֆիլմը տարածական մոնտաժի հնարքով ավելի լավը դարձած լինի: Նրանք տիրապետում են կադրերն իրար միացնելու և իրարից բաժանելու իմ նշած մեթոդի տեխնիկական կողմին և կարող են դա տեխնիկապես շատ ճիշտ կատարել, բայց չեն ստանա այն կինոարվեստը, ինչին ես եմ հասել տարածական մոնտաժի կանոններով: Ինչո՞ւ. որովհետև տեխնիկական մեթոդին տիրապետուց բացի, կինոմոնտաժում կա անբացատրելի, աներևույթ մի բան, որը սովորեցնովի չի, ոչ էլ այն բացատրել կարելի է: Դա պետք է զգալ, դա մի պահ է, երբ սրտիդ զարկերը համընկնում են կադրի սրտի զարկերի հետ, նրանք դառնում են համընթաց, մեկ ամբողջություն… ու կատարվում է հրաշքը»:

Շատ տեսաբաններ են փորձել հնարավորինս բացել ու բացահայտել փելեշյանական կինոարվեստի խորքային շերտերը, մեկնաբանել նրա կինոյի առանձնահատկությունները, ոճային, թեմատիկ, գաղափարական, արվեստաբանական ու գիտական ուղղությունները: Համապարփակ, ամբողջական վերլուծություն չկա, քանի որ կինոգիտական լեզուն իր ամբողջ բառապաշարով ու արտահայտչամիջոցներով ի զորու չէ արտահայտելու փելեշյանական  կինոարվեստի ու գեղարվեստի բովանդակությունն ու հմայքը:

Նրանը -իզմ չէ, ոչ էլ ճյուղ է, ոճ չէ, ոչ էլ ազդեցություն է, նրանը հավատամք է, գեղարվեստավավերագրական կինոարվեստի դասական հավատամք:

Տարածական մոնտաժ, պատկերի ու երաժշտության զգացմունքների համադրություն, խոսքի բացակայություն, փոխարենը՝ առավել քան խոսուն պատկերներ, վավերագրական նյութի գեղարվեստական արտահայտություն, ռեժիսորի բացակա ներկայություն, ու ամենուր անբեկանելի լռություն. փելեշյանական արվեստի բնորոշումներն են, որոնց մենք հանդիպում ենք միջազգային ու տեղական կինոգիտական հրապարակախոսություններում: Այդ արվեստի հետևում կանգնած անհատին որքանո՞վ ենք ճանաչում: Ֆելինիի, Անտոնիոնիի, Գոդարի, Տարկովսկու, Փարաջանովի, անգամ ամենախորհորհրդավոր արվեստագետների կյանքից այնպիսի՜ մանրամասներ են հայտնի հանրությանը:

Փելեշյանը եղել և մնում է ամենախորհրդավորն ու անհասը՝ ապրելով մեր ժամանակներում, մեր կողքին: Ապրելու այս կերպը նա ինքն է ընտրել՝ չհանրայնացվել, չքննարկվել, չհայտնվել որևէ մեկի լեզվի վրա: Իր ֆիլմերի լռությունը պատահական չէ, այդ լռության սկզբնաղբյուրն իր կյանքն ու վարքագիծն է, իր խառնվածքն ու սկզբունքը: 

 

Պատրաստեց՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ

 

Դիտվել է 205 անգամ