Ժամագործի աշակերտը, աշխարհահռչակ երգիչն ու կինոդերասանը

Adriano_Celentano_4Մի քանի սերունդների կուռք, իտալացի դերասան, երգիչ, կինոռեժիսոր եւ կոմպոզիտոր Ադրիանո Չելենտանոն դարձավ 80 տարեկան (1938-ի հունվարի 6)։ Մարդ, որի ձայնը հնարավոր չէ չճանաչել, և որն ունի շատ յուրօրինակ շարժ ու ձև։  

Նա հինգերորդ երեխան էր ընտանիքում։ Չելենտանոն  ծվել էր աղքատ ընտանիքում, եւ  ստիպված 12 տարեկանում թողնում է դպրոցն ու աշխատանքի անցնում ժամագործի արհեստանոցում։ Հետագայում էլ շարունակել է ժամացույցներ վերանորոգել, անգամ այն ժամանակ, երբ արդեն հայտնի դերասան եւ երգիչ էր ողջ աշխարհում։

Արհեստը նրա համար հոբբի դարձավ։ 

20 տարեկանում նա մեծ հաջողություն ունեցավ՝ առաջին հաղթանակները տոնելով Միլանի եւ Սան Ռեմոյի փառատոններում։ Դրան հաջորդեցին հիթ-շքերթների առաջին հորիզոնականները, սկավառակները եւ համաշխարհային ճանաչումը։  Ու դարձավ կուռք, երգիչ, որն իտալական երաժշտությունը նոր մակարդակի բարձրացրեց։

Նրա «Il ragazzo della via Gluck» («Գլյուկի փողոցի տղան») երգը, որով նա հանդես եկավ 1966-ի Սան Ռեմոյում, թարգմանվել է 20 լեզուներով, իսկ երկու տարի անց կատարված «Azzurro»-ն դարձել է երգչի այցեքարտը։ Նա այն կատարում է ամեն տեղ, 2006-ին այն անգամ դարձել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության ոչ պաշտոնական հիմնը։

Շատ հարցերում նա իր երկրում առաջամարտիկ էր։ Առաջինն էր, որ սկսեց իտալերենով կատարել ռոքնռոլ եւ ռեփ, ելույթ ունենալ մարզադահլիճներում եւ ստեղծեց իր ձայնագրման անկախ ստուդիան։ Նա ելույթ ունեցավ Սեզարիա Էվորայի, Մինա Մացցինիի, Նադայի, Բյաջո Անտոնաչիի, Պոլ Անկայի, Ֆրանկո Բատտիատոյի եւ ուրիշների հետ։

Այս ամենի հետ միաժամանակ նա հաջողեց ստեղծել երգի իր լեզուն՝ «չելենտանոերենը», որով 1970-ին կատարեց «Prisencolinensinainciusol»-ին՝ ամբողջությամբ հորինված եւ ոչինչ չնշանակող բառերով։

Ճանաչումը եւ պահանջվածությունը չխոչընդոտեցին նրան ժամանակ առ ժամանակ դադար առնել մի քանի տարի եւ հետո նորից վերդառնալ մեծ բեմ։

Իր 70- ամյակին Չելենտանոն ձայնագրեց 40-րդ «Dormi amore, la situazione non è buona» ալբոմը, իսկ իր ողջ կարիերայի ընթացքում նա կատարել է շուրջ 600 երգ, թողարկել 150 մլն նմուշ սկավառակ։

Կինոդերասանի կարիերան պակաս հաջողված չէր, քան երգչինը։ Չնայած ոչ ստանդարտ տեսքին, հայացքին, Ադրիանոն մշտապես գրավում էր հանդիսատեսին իր հումորով, պլաստիկայով եւ խարիզմայով։

Խաղացել է ավելի քանի 40 ֆիլմերում։ Նա անգամ նկարահանվել է Ֆելինիի «Քաղցր կյանք»-ում՝ իհարկե էպիզոդային դերում։ Ավելի ուշ, նա նաեւ ինքն էր նկարահանում ֆիլմեր։ Հայտնի «Բլեֆում» (1976)  իր դերակատարման համար Չելենտանոն արժանացել է «Դավիթ  դի Դոնաթելլո» իտալական կինոմրցանակին։ «Դոնաթելլո» նա եւս մեկ անգամ ստացավ 1980-ին՝ «Թավշյա ձեռքեր» ֆիլմի համար։  1989-ին դերասան եւ երգիչ Չելենտանոն ստացավ իր ծննդավայր Միլանի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro։

Նրա խաղացած ամենահայտնի ֆիլմերից են «Խելահեղ սիրահարվածը» (1981), «Բինգո-Բոնգոն» (1982)։  Եվ իհարկե՝ «Կամակորի սանձահարումը», շեքսպիրյան սյուժեի հիման վրա նկարահանված այս ֆիլմը դարձավ բացարձակ հիթային ինչպես Չելենտանոյի, այնպես էլ Օրնելլա Մուտիի անդիմադրելի հմայքի շնորհիվ։

Այժմ Ադրիանոն ապրում է կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ իտալական Լեկկո նահանգում գտնվող իրենց շքեղ առանձնատանը։ Վարում է ակտիվ ստեղծագործական կյանք, աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս համերգներով։ Նոր սկավառակը «Le migliori»-ին ձայնագրվել է 2016-ին եւ վերաթողարկվել՝ 2017-ի դեկտեմբերին նորացված տարբերակով՝ «Tutte le migliori» («Իմ ամբողջ լավագույնը») խորագրով։

Դիտվել է 141 անգամ