«Կինոյի բեռը ծանր է, շատ ծանր»

արմենԿինո-գրականություն  բարդ փոխհարաբերությունների մասին «Կինոաշխարհը » զրույցի է հրավիրել   բանաստեղծ,մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանին:Մեր զրուցակիցը գրական մամուլում վերջին տարիներին ամենաընթերցված  հեղինակներից  է:Նրա  «Չկարդացած  գրքերի փոխարեն »  բանաստեղծական ժողովածուն արժանացել է հանրապետության նախագահի 2016թվականի մրցանակին գրականության ասպարեզում: 

Ն.Ա.-Մեր զրույցը սկսենք Ձեր սիրելի՝ «Կեսգիշերային Փարիզը» ֆիլմից: Ինչու՞ Վուդի Ալեն և հատկապես այս ֆիլմը: Թեև ինքս էլ Վուդի Ալենին համարում եմ կախարդական հնամենի մի սնդուկ, որից անվերջ կինոհրաշքներ են դուրս հորդում:

Ա.Ս.- Վուդի Ալենը ցնցող է։ Ինտելեկտուալ կոմեդիայի հայրը տեսնում և նկարում է երևույթներ, զգացողություններ, որոնք կան մեր մեջ, բայց երբեմն դրանց մասին չենք էլ մտածել, ուր էր թե գրի առնեինք։ Իսկ նա գրի է առնում։ Ընդհանրապես, Ալենը գեղարվեստական խառնվածք է. գրում է, նվագում, ֆիլմ նկարում։ Նա մի անբացատրելի հանճար է։ «Կեսգիշերային Փարիզը» հենց այն պարզությունն է, որ փնտրում ենք, այն Փարիզն է, որ հիմա չկա։ Եվ հետո, երբ ֆիլմի հերոսը միջին տարիքի տղամարդ է, ինքդ քեզ առավել հեշտ է պատկերացնել նրա դերում։ Միջին տարիքը և երիտասարդ է, և հասուն։ Հիմա չկան Հեմինգուեյը, Ֆիցջերալդը, Դալին։ Գերտրուդ Սթայնն էլ չկա, նրա կերպարն էլ չկա, ում տուն կհասցնեիր թաց ձեռագրերդ։

Ն.Ա.-Քանի որ խոսում ենք կինո և գրականություն կապի մասին, ուզում եմ Ձեր գնահատականը լսել երկարամյա այն բանավեճի մասին, թե այդ կապն ավելի շատ  մեծ հակասություն է, թե` ներդաշնակություն:

Ա.Ս.-Ես անգամ հետևում եմ այն վեճին, թե որն է սկզբնապես երևան եկել. կինո՞ն, թե՞ գրականությունը։ Եթե նախկինում կարծում էի, թե ժայռապատկերները, որսի, աշխատանքային տեսարանները գրականություն են եղել, երբ դեռ չկային գրերը, ապա վերջերս, լսելով Փելեշյանի մի դիտարկում, թե այդ ամենը կինո է եղել՝ կարծես միտքս փոխեցի։ Բայցևայնպես, պետք է հիշել, որ երբ դեռ կինոն չկար, մենք կարդում էինք եվրոպացի դասականներին, որոնց բոլոր գործերն ասես կինոսցենարներ լինեին։ Ի վերջո, գրականությունն ու կինոն նույն վերաբերմունքն ունեն աշխարհին։

Գրողի և բեմադրիչի գործակցությունն  անձնական նկրտումների ասպարեզում անհաշտ իրականություն է, որովհետև գրողները շարունակելու են դժգոհել, թե չկա գրականությանը համարժեք կինո, ռեժիսորներն էլ շարունակելու են դատափետել հեղինակներին կինոյի ստեղծման համար անհրաժեշտ ատաղձի բացակայության կամ անկիրառելիության մեղադրանքով։ Լավ օրինակներն էլ քիչ չեն։ Գեղարվեստական առանձնակի արժեք չունեցող շատուշատ գործեր անասելի հաջողություն են բերել ռեժիսորներին։ Իհարկե, եղել է, երբ լավ գրականությունը պարզապես ոչնչացվել է բեմադրիչի ձեռքով։ Կարծում եմ՝ մեր իրականությունում Մալյան-Գրականություն անքակտելի կապը հենց ներդաշնակության արտահայտություն է։

Ն.Ա.-Լավ կինոն միշտ սնվել է մեծ գրականութունից, բայց մանավանդ նոր հազարամյակում ակնհայտորեն խզվել է կինո-գրականություն կապը: Ինչու՞ կինոն հեռացավ գրականությունից:

Ա.Ս.-«Ձյունամրրիկը» պատմվածքում Փարաջանովն ասում է. «Կինոշնիկները թատրոն չեն սիրում…», ի՞նչ արած, հավանաբար՝ գրականություն էլ։ Հիմա կինոարտադրության մեջ մեծ դրամաների և պատմությունների շրջան չէ։ Իսկ ամենը, ինչ նկարում են այսօր, մեծ մասամբ վեպի կարիք չունի։ Մեկ-մեկ էլ մտածում եմ, որ մարդիկ մեծ վեպեր կարդալ չեն ցանկանում։

Ընթերցողը ժամանակ չունի «ծանր» գիրք կարդալու, որովհետև լավ գրականություն կարդալու համար պետք է ոչ թե պարզապես ազատ ժամանակ ունենալ, այլ լրջորեն մտավոր աշխատանք անել։

Սա գիրքը։ Իսկ կինո՞ն։ Որպես կինոդիտող, երբեմն էլ շփվելով կինոսիրող ընկերներիս հետ՝ հասկանում եմ, որ եթե աշխատանքային օրվա ավարտ է, հոգնած ես, օգնության ձեռք են մեկնում «արևածաղիկ-ֆիլմերը»։ Իսկ այդ «թեթև» ֆիլմերը գրականության հենարանի կարիք չունեն։ Մի բան էլ կա, լավ սցենարը նույնպես գրականություն է։ Վատ է, երբ այսօր թատրոնի ու կինոյի համար գրված սցենարները ոչ թե լավն են, այլ՝ հարմարեցված։ Այո, հենց հարմարեցված։ Չեն փորձում ջանք թափել լավը հարմարեցնել-բեմադրելու ուղղությամբ։ Դրա համար էլ այսօր դրամատուրգիա կարդացող չկա։ Ասում են, դե բա դրամատուրգիան թատրոնի համար է։ Ո՞վ ասաց։ Սարոյանը, Ադամովն ու Բեքեթը չլսեին։

Ն.Ա.-Հայտնի է, որ տապալման վտանգն ավելի մեծ է, երբ էկրանավորում են դասականներին, ինչու՞ այս դեպքում ավելի շատ ձախողվում են, քան՝ հաջողում:

Ա.Ս.-Տապալման վտանգը միշտ  էլ մեծ է։ Եթե դասական գործ է էկրանավորվում, ապա հանրության «հակահարվածին» պետք է պատրաստ լինել։ Մարդիկ կարծում են, որ երբ դասականին ես անդրադառնում, ուրեմն ուզում ես վերարժևորել։ Իսկ վերարժևորումն  այդքան էլ լավ բան չեն ընկալում։ Գուցե կարծում են, թե դա տանում է մշակութային ժառանգության ոչնչացման։ Իսկ գրականությունը ժառանգություն է։

Ժամանակակից գործ ընտրել-էկրանավորելն էլ դյուրին չէ. գրողը ի վերջո դժգոհ է մնալու ռեժիսորից։ Անդրադարձը մի բանի, երևույթի, իրադարձության, որի հանդեպ կա ձևավորված վերաբերմունք և «հոգատարություն», միշտ էլ վախեցնող է։ Ի՞նչ է ստացվում. ռեժիսորը վախենում է իրեն ժամանակակից գրողից, գրողն էլ վախենում անդրադառնալ իր ժամանակի մարդուն կամ իրադարձությանը։ Այդպես էր դեռ նեոռոմանտիզմի դարաշրջանում։ Այդ վախով ստեղծվեցին Շանթի «Հին աստվածները», Թումանյանի «Սասունցի Դավիթը», Իսահակյանի «Աբու-Լալա Մահարին»։

Գրողը միշտ ունի օրախնդիր՝ գրել իր ժամանակակցի մասին, բայց, ահա, հապաղում է։ Մենք էլ Լևոն Խեչոյանի կենդանության օրոք վախենում էինք ազատորեն փաստել, որ «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը Արցախյան պատերազմի մասին լավագույն գրական ստեղծագործությունն է. բա որ քարկոծե՞ն, չհամաձայնե՞ն, ախր տեսնող-ապրողները դեռ մեր կողքին են։

Ն.Ա.-Հայկական կինոն այս իմաստով հատուկ թեմա է, ինչու չունենք մեր մեծ գրականությանը համարժեք կինո։

Ա.Ս.-Կինոն երբեք չի կարող համարժեք լինել գրականությանը։ Կինոն գրքի ընկալման արտահայտումն է ռեժիսորի հայացքով, թեմայի հասկացման իր կերպով։ Այն շատ հաճախ չի համընկնում ընթերցողի անհատական ընկալմանը։ Եվ սա բնական է։ Կինոն և գրականությունը արվեստի տարբեր տեսակներ են։ Լավ գրքի ընթերցանությունը մտավոր և ստեղծագործական լուրջ աշխատանք է պահանջում։ Դու պիտի հայտնվես գործողությունների նկարագրման ժամանակահատվածում, ինքդ պիտի կերպավորես հերոսներին, մտքում բեմադրես նրանց, հագցնես, դուրս բերես փողոց, տրամաբանական անցումներ ստեղծես դիպաշարերի միջև։

Ընթերցված գրքի էկրանավորումը նայելիս մենք փորձում ենք գնահատել ռեժիսորի աշխատանքը՝ վերանալով բովանդակությունից։ Ֆիլմը նայելիս մենք զրկված ենք մտապատկեր ստեղծելու ազատությունից, ընդունում ենք այն, ինչ մատուցում են մեզ։ Եվ երբ գրքի մեր ընկալումը չի համապատասխանում ֆիլմի պատկերածին, «զայրանում ենք»։ Սա վերաբերում է նաև հակառակ գործընթացին։ Երբ սկզբում ֆիլմն ես նայում, հետո կարդում գիրքը։ Այստեղ էլ շահում է ֆիլմը։

Ն.Ա.-Ազգային կինոյի ամենասիրված ֆիլմերից են Հրանտ Մաթևոսյանի գործերի էկրանավորումները: Բայց ինքը` Մաթևոսյանը, լուռ, երբեմն էլ բարձրաձայնված դժգոհություն ուներ: Ի՞նչ եք կարծում, ինչու՞:

Ա.Ս.-Մաթևոսյանը փաստում էր, որ կինոդիտողը նվազ տեղեկություն ունի հայի կերպարի մասին։ Այդ կերպարը աշխարհին ճանաչելի դարձնելու գործը դրված է գրողի և կինոգործչի ուսերին։ Այն մի սայլ է, որ պիտի առաջ տանեն երկուսն էլ։ Բայց ահա, գրողի «լուծընկերը»՝ կինոգործիչը, կարծես թերանում է իր պարտականություններում։ Կարծում էր, որ մեր ռեժիսորները փորձում են ստանալ ազգային կինո՝ համաշխարհայինին ինչ-ինչ երանգներ հաղորդելով, այնինչ պետք է մտածել պարզապես լավ արվեստ ստեղծելու մասին, որովհետև «արվեստ՝ նշանակում է ազգային»։ Ընդ որում, Վարպետն այս պատկերացումն ուներ և կինոյի, և գրականության վերաբերյալ, որովհետև ըստ նրա գրականությունը հայրենիք չունի, բայց առանց հայրենիք գրականություն ստեղծել չես կարող։ Գուցե պատճառը համարում էր կինոգործիչների անտեղյակությունը մեր գրականությանն ու մշակույթի պատմությանը, ավանդույթներին։

Կինոյի բեռը ծանր է, շատ ծանր։ Կինոյի լծակների և ազդեցության հետ գրականությունը ոտք մեկնել չի կարող, ուրեմն կինոն ավելի մեծ առաքելություն ունի մեզ աշխարհին ներկայացնելու գործում։

Ն.Ա.-Ինչքանո՞վ այսօր ազգային կինոն ունի գրականությունից սնվելու պահանջը:

Ա.Ս.-Ազգային կինոն մեր կյանքի և իրականության, կերպի, բնավորության այն արտահայտման միջոցն է, որ թարգմանություններ պիտի անի գրականությունից։ Բայց այն գրականությունից, որը ճանաչում է կյանքը, մարդուն, որը չի տանջվում հերոսներ ու իրադարձություններ ստեղծել, բաներ, որոնք չկան։ Եվ երբ հետ ես նայում… որքան դժվարությամբ կարողացան մեզնում ազգային կինո ստեղծել։ Մալյանը կարևոր հերոս է այս թեմայով դատողություններում։ Մենք հաճախ խառնում ենք հայկական կինոն ազգայինին, եթե ֆիլմը հայկական է, դա դեռ շատ հեռու կարող է լինել ազգայինից։ «Պեպո»,«Եռանկյունի»… ֆիլմեր, որ դարձան ազգային կինոյի հիմնաքարերը։ Ֆիլմեր, որ դժվարությամբ ստեղծվեցին, ծանոթ ենք այն պատմություններին, թե ինչպես էին դրանց սցենարները հաստատվում Մոսկվայում, ինչպիսի խմբագրումներ էին անում, որ սցենարիստն ու ռեժիսորը երբեմն հրաժարվում էին այն նկարելու մտքից, իսկ նկարելիս էլ գոհ չէին, չէին էլ թաքցնում. դա իրենց ֆիլմը չէր։

Այսօր ու՞ր է, կա՞ ազգային կինո։ Մեզնում ստեղծվող ժամանակակից գրականությունն էլ կինոյի համար չէ։

Ն.Ա.-Գուցե էս մեծ խզման հիմքը չկարդացող հանդիսատեսն է։

Ա.Ս.-Չէ, կարդում են։ Շատ են կարդում։ Գրադարանների, գրախանութների հետ երբ զրուցում եմ, պարզ է դառնում, որ կարդում են։ Այլ բան է, որ հայերեն են քիչ կարդում, ժամանակակից հայ գրականություն են քիչ կարդում, բայց կարդում են։ Համացանցով են կարդում, էլեկտրոնային գրական մամուլ են կարդում։ Հանդիսատեսը տեղյակ է, կիրթ, զարգացած։ Դրսի աշխարհի հետ շփումը արգելքներ չունի։ Մենք պատրաստ ենք լավ ֆիլմեր տեսնել-գնահատել։

Ծեծված բան է, բայց սխալ, երբ ասում են, թե պահանջարկն է ձևավորում առաջարկ։ Ընդհակառակը։ Առաջարկն է ձևավորում պահանջարկ։ Մեր թիրախը՞ որ որակի լսարանն է, ո՞ր հանդիսատեսը։ Այսօր ոչ ոքի չես խաբի։

Ն.Ա.-Կինոն նաև հզոր քարոզչամիջոց է, ինչ պետք է անել որ կինոյի միջոցով հանդիսատեսը կրկին մոտենա գրականությանը:

Ա.Ս.-Շատերը կարծում են, որ եթե ֆիլմը նկարահանված է գրքի հիման վրա, ապա այն կստիպի կինոդիտողին գնալ գրքի հետևից, կարդալ այն։ Բայց հիմա այնքան է սեղմվել ժամանակը, որ մարդկանց թվում է, եթե արդեն գրքի մասին պատկերացում ունեն ֆիլմից, պետք չէ այլևս ժամանակ ծախսել այն կարդալու համար։ Կարծում եմ, եթե ֆիլմը այնքան խորն է, որ ստիպում է իր մասին մտածել ավարտից հետո և ավելի հետո, ուրեմն գիրքը գտնել-կարդալու ցանկությունը կրկնակի է լինելու։ Ուզում ես առավել մանրամասն ծանոթանալ իրադարձություններին ու կերպարներին, դուրս չգալ այն իրականությունից, որում հայտնվել էիր ֆիլմը դիտելիս։

 

Հարցազրույցը՝ Նունե  Ալեքսանյանի

Դիտվել է 444 անգամ