«Գտնված երազի» գտնված հեղինակները

դիլՉկա մեկը, որն անտարբեր լինի «Հայֆիլմ» կինոստուդիայի «Գտնված երազ» մուլտֆիլմի նկատմամբ: Բոլորս կհաստատենք, որ խոշոր, երազկոտ աչքերով աղջնակը, իր անփոփոխ առօրյայից հոգնած ծերուկը, քունը կորցրած պապիկն ու գունեղ թիթեռներն ամեն անգամ գերում են մեզ, եթե անգամ «Գտնված երազը» դիտենք հազարերոդ անգամ: Ժամանակը ցույց տվեց, որ այդ մուլտֆիլմը չի մաշեցնի անգամ ինքը՝ ժամանակը:
Սիրում ենք մուլտը, ամեն անգամ այն էկրանին տեսնելիս ժպտում, հերոսների յուրքանչյուր բառը նրանց հետ անգիր կրկնում: Բայց ովքե՞ր են «Գտնված երազի» հեղինակները. երկար ժամանակ անհայտ էր: Պարզվում է՝ նրանք Դիլաքյան եղբայրնեն են՝ Հովիկ և Գագիկ, արդեն 30-40 տարի ապրում են ԱՄՆ-ում, այսինքն՝ Հայաստանից Ամերիկա են տեղափոխվել մուլտֆիլմը նկարելուց մեկ-երկու տարի անց՝ 1978-ին ու այլևս երբեք մուլտֆիլմ չեն նկարել: «Գտնված երազը» նրանց միակ հեղինակային աշխատանքն է: Հովիկ և Գագիկ Դիլաքյանները տարբեր առիթներով հաճախ են այցելում Հայաստան: Այս անգամ պատճառը երկու նոր գրքերի հրատարակումն էր: The LOFT զարգացման կենտրոնը հյուրընկալել էր եղբայրներին ու կազմակերպել նրանց հետ հանդիպում, ինչպես նաև «Գտնված երազ» և «Հորս արև, մորս արև» պատկերազարդ գրքերի շնորհանդեսը: 

Դիլաքյան եղբայրների հետ Kinoashkharh.am-ի զրույցն անդրադարձ է «Գտնված երազի» գտնված հեղինակներին ու նրանց երկատված՝ հայաստանյան կարճ ու ամերիկյան երկարատև գործունեությանը:

-Ավանդական հարց. ինչպե՞ս նախաձեռնեցիք ու ստեղծեցիք «Գտնված երազը»: 

-Մտածում էիքն ինչ-որ արտասովոր մուլտ նկարել, որտեղ չեն լինի խոսող կենդանիներ, որտեղ մարդկային զգացումներ կլինեն, մարդկային պարզ պատմություն: Նստած էինք եղբայրներով, մեր ընկերներից մեկն էլ էր մեզ հետ: Պապիկը կորցրել է քունը, իսկ ինչ որ մեկը փորձում է օգնել նրան ու այդ ընթացքում օգնում է նաև կյանքից ձանձրացած, չփոփոխվող միջավայրից հոգնած ծերուկին: «Տար ինձ այնտեղ…Ես երբեք չեմ տեսել գիշեր», – ասում է ծերուկն աղջկան: Այստեղ թաքնված ենթատեքստ կա:

դիլ2

-Թվում է՝ պարզ պատմություն է, բայց սովետական ժամանակների համար՝ փիլիսոփայական ու քննադատական. Շուրջը ոչինչ չի փոխվում, իսկ մարդը մի ումպ թարմ օդի, ազատության կարիք ունի, այդպե՞ս է, պրն. Հովիկ:

-Այո, գիտեինք, որ աշխարհն առաջ է գնում, որ այլ վայրերում մարդիկ ազատ են ապրում ու մտածում, իսկ մեզ մոտ կաղապարներն ուղղակի խեղդում են: «Տար ինձ այնտեղ…Ես երբեք չեմ տեսել գիշեր», -ասում է ծերուկն աղջկան: Այստեղ թաքնված ենթատեքստ կա. Սովետական մարդը ձգտում էր թարմության, նոր շունչ ու գույներ էր ուզում տեսնել: Ի դեպ, այս մուլտֆիլմի ծերուկի նախատիպը ես եմ: Այդ տարիներին, երբ ուղղակի խեղդվում էի սովետական միջավայրում, մուլտի աղջնակի նման մի ամերիկուհի դուս քաշեց ինձ այնտեղից ու իր հետ տարավ Ամերիկա. Այնտեղ էլ ես զգացի ու ապրեցի երանելի ազատությունը: Իսկ 10 տարի հետո Ամերիկա տեղափոխվեց նաև Գագիկը: Այսպես սկսվեց մեր կյանքն Ամերիկայում:

դիլ1

-Ուրեմն, այն ինչ կատարվեց ծերուկի հետ, իրականում կատարվել է նաև ձեզ հետ:

-Այո, հիմա մեզ շատերն են ասում, որ նմանվել ենք մեր մուլտֆիլմի ծերուկին:

- «Հայֆիլմը» հե՞շտ հաստատեց սցենարը:

-Ո՛չ «Հայֆիլմը», ո՛չ «Սոյուզմուլտֆիլմը»: Այն ժամանակ ոչ մի բանը հեշտ չէր հաստատվում:

-«Հայֆիլմի» յուրաքանչյուր արտադրանք հատուկ ցուցադրվում էր, մասնագիտական քննարկման ու եզակացությունների ենթարկվում: Այն տարիներին «Գտնված երազն» ինչպե՞ս է ընդունվել:

-Պատկերացրեք՝ ոչ լավ: Դահլիճում փակ դիտում կազմակերպվեց, որին ներկա էին կինոստուդիայի անդամները: Մեղմ ասած՝ մեր վիճակն անմխիթար էր: Ես սցենարի հեղինակն էի, բեմադրող ռեժիսորն ու նկարիչը, Գագիկն՝ իմ ասիստենտը: Սա մեր հեղինակային մուլտֆիլմն էր, ու բոլոր քննադատական խոսքերը հենց մեզ էին ուղղված: Դե այնտեղ չկային խոսող աղվեսներ, երգող ագռավներ, պիոներներ, չկա սովետական գաղափարախոսություն, խրատական-դաստիարակչական գիծ. կարճ ասած՝ մուլտֆիլմը չէր համապատասխանում սովետական գաղափարախոսությանը: Այդ պատճառով էլ սառն ընդունվեց. «Գտնված երազը» չհավանեցին:

դիլ6

-Իսկ Մոսկվայո՞ւմ. չէ՞որ բացի հայաստանյան կինոմիջավայրից, յուրաքանչյուր արտադրանք պետք է քննություն անցներ նաև Մոսկվայում:

-Պատկերացրեք, «Գտնված երազն» այնտեղ հավանեցին: Մուլտֆիլմը թարգմանվեց ռուսերեն և հնչյունավորվեց: Ծերուկին կրկնօրինակեց Եվգենի Լեոնովը: Հիշում եմ՝ նա հիվանդանոցում էր. կոնյակ խմեցրինք ու տարանք ձայնագրվելու: Լավ ստացվեց, բայց կրկնօրինակը կորավ. Մինչև հիմա չեն գտնում, թեև ռուսները շատ են ուզում ունենալ այն, չէ՞ որ Լեոնովի ձայնն է հնչում:

-Իսկ «Գտնված երազի» բնօրինակում լսում ենք Մհեր Մկրտչյանի ձայնը, նաև պապիկ-Էդգար Էլբակյանի: Լսում ենք նաև Ռուբեն Հախվերդյանի «Ձյունը»: Մի խոսքով՝ ներդաշնակ, համահունչ, միմյանց լրացնող ձայներ ու հնչյուններ են ու շատ կարևոր է՝ հայտնի ու սիրված արտիստների: Միայն թե գլխի չենք ընկնում՝ ո՞վ է հնչյունավորել աղջնակին:

-Դերսանուհի Հռիփսիմե Կիրակոսյանը: Տարիներ առաջ նա Ամերիկա տեղափոխվեց: Մհեր Մկրտչյանի հետ ընտանիքներով էինք շատ մոտ: Նա հաճախ էր մեր տանը լինում. հորս ընկերն էր:

-Իսկ ո՞վ է ձեր հայրը:

-Թաթուլ Դիլաքյանը, որ կինոյում առավել հայտնի է իր կոմիկական դերերով: Հիշո՞ւմ եք «Շրթներկ համար 4-ը»… լո-գի-կա՝ Սարգիս Լևոնիչը, կամ հիշեք «01-99»-ը. Այդ ֆիլմում հայրս երկրորդական դեր է խաղում՝ ոստիկանության աշխատող, որը ևս փորձում է պարզել Գարսևանի ավտովթարի առեղծվածը:

GE10

-Ուրեմն կինոն ձեր երակներում է՝ արյան հետ:

-Այո, բայց մենք դերասան չդարձանք: Աշխատում էինք «Հայֆիլմի» մուլտարտադրության բաժնում: Եղբայրս՝ Հովիկը, Ռոբերտ Սահակյանցի հետ նկարել է «Ուրբաթագիրքը», մի-երկու մոռացված մուլտֆիլմերում էլ է աշխատել:

-Վերադառնանք Ֆրունզին: Ինչպե՞ս եղավ, որ հենց նա կարդաց Ծերուկի խոսքերը:

-Այնպես է ստացվել, որ ով կարդացել է ծերուկի խոսքերը, լավ խմած է եղել՝ Լեոնովն էլ, Ֆրունզն էլ: Նախապատմություն չկա. Ուղղակկի գիտեինք, որ Ծերուկը կենտրոնական կերպար է և ուզում էինք, որ ճանաչված արտիստ կարդար նրա խոսքերը: Այդ օրը Ֆրունզիկը մեր տաննէր: Հայրիկիս հետ պոկեր էին խաղում: Մենք ասացինք Ֆրունզին, որ փորձի ծերուկի դերը: Ինչպես ասացի՝ քեֆը լավ էր: Էդպես փորձեց, մի ժամվա մեջ իմպրովիզացիաներ արեց, դերն անմիջապես իրենը դարձրեց, իր կերպարին հարմարեցրեց, իսկ մենք՝ ջահել տղաներ՝ 24-25 տարեկան, թողեցինք, որ Ֆրունզը ստեղծագործի, իհարկե, սցենարին հավատարիմ մնալով: Նկարները մի քիչ փոփոխեցինք, որ կերպարի բերանի շարժումները համապատասխանեն Ֆրունզի կարդացածին. էդպես էլ ունեցանք Ծերուկ-Ֆրունզին: Էդգար Էլբակյանն էլ սիրով կարդաց Պապիկի խոսքերը: Դե իսկ Ռուբեն Հախվերդյանի երգը կար մինչև մուլտֆիլմը: Մենք նրան դիմեցինք հարցրինք՝ արդյոք դեմ չէ՞, որ երգն օգտագործենք «Գտնված երազում»: Ասաց՝ ոչ, դեմ չեմ: Ռուբենը դեմ չէր, բայց նրան ձայնակցող 16 տարեկան երգչուհու՝ Ջինա Վանյանի ծնողները դեմ էին, որ իրենց աղջկա ձայնը հնչի մուլտֆիլմում: Ասում էին, թե դա կվնասի իրենց աղջկա կարիերային, իսկ Ջինան ուզում էր օպերային երգչուհի դառնալ…ու հանկարծ ոչ ավել, ոչ պակաս՝ երգում է մուլտում: Բայց դե երգն, ի վերջո, օգտագործվեց ֆիլմում: Ռուբիկը մի անգամ ասաց. «Էդքան երգեր եմ գրել, ամբողջ աշխարհում շրջել, բայց «Գտնված երազով» են ինձ ճանաչում»:

դիլ7

-42 տարի է անցել մուլտֆիլմի ստեղծումից: Երբևէ չե՞ք մտածել այլ ֆիլմ նկարել:

-Մեզ հաճախ են հարցնում՝ չե՞ք ուզում մուլտի շարունակությունը նկարել: Չգիտենք, արժե՞: Ֆրունզը չկա, Էդգար Էլբակյանը՝ նույնպես: Չգիտենք՝ արդյո՞ք պետք է Ծերուկին արթնացնել քնից: Կարծում եմ՝ ոչ: Թող այս մուլտֆիլմը մնա այդպիսին՝ մաքուր, պարզ. Նրան պետք չէ ձեռք տալ: Իսկ ուրիշ ծրագրեր ունենք, մտածում ենք: Կուզեինք Հայաստանում բեմադրություն անել, որի և՛ ռեժիսորը, և՛ բեմադրող նկարիչը մենք կլինենք:

-«Գտնված երազը» բուռն ընդունելություն չգտավ այն ժամանակ: Մուլտֆիլմը հետո սիրվեց, ու համաժողովրդական այդ սերը գնալով աճեց: Ի՞նչը փոխվեց մարդկանց մեջ, որ նաև այդ մուլտի նկատմամբ վերաբերմունքը փոխեց:

-Ոչինչ չի փոխվել: Պարզապես ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց: Երբ Փարաջանովը ցուցադրեց «Մոռացված նախնիների ստվերները», ֆիլմի կեսերից դահլիճում համարյա մարդ չէր մնացել: Իսկ մենք՝ եղբայրներով, ֆիլմը երկրորդ անգամ էլ նայեցինք, որովհետև չէինք հագեցել: Բայց ժամանակը ցույց տվց Փարաջանովի ու նրա ֆիլմերի իրական արժեքը: «Գտնված երազից» 42 տարի է անցել. արդեն 2-3 սերունդն է դիտում այս ֆիլմն, ու դեռ վատ արձագանք չենք լսել: Երեկ 98 տարեկան մի մարդու հետ էինք խոսում, ասում էր՝ սա իմ մանկության մուլտֆիլմն է: Մեկն էլ ասաց՝ մինչև երեխաս այս մուլտը չի նայում, չի քնում: Շատ հաճելի է, որ մեր աշխատանքը 40 տարի անց դեռ ապրում է ու շարունակում է սիրված մնալ: Թեև մենք Ամերիկայում ենք, բայց գիտենք, որ մուլտֆիլմի կերպարները տարբեր ոլորտներում շատ են կիրառվում՝ շապիկների ու այլ զգեսների վրա, նկարչական դիզայնում, անգամ սպասքի, պայուսակների, տորթերի վրա:

-Հեղինակային իրավունքները չե՞ն խախտվում, օգտագործողները ձեզնից երբևէ թույլտվություն վերցրե՞լ են:

-Այսքան ժամանակ միայն մեկն է զանգել-հարցրել: Իսկ մի անգամ էլ, երբ մեր կերպարներն օգտագործող մեկին ասացինք, որ հեղինակային իրավունք գոյություն ունի, պատասխանեց. «Դեռ պիտի ուրախ լինեք, որ օգտագործում եմ ձեր հերոսներին»:
Փաստորեն, «Գտնված երազը» Դիլաքյան եղբարների առաջին ու առայժմ վերջին մուլտֆիլմն է: Նկարիչ եղբայրներն Ամերիկայում ստեղծագործում են, բեմեր, տարածքներ, կորպորոտիվ սրահներ ձևավորում, հեղինակային գործեր ներկայացնում տարբեր ոլորտներում: Նրանք գոհ ու ինքնաբավ են: Ի դեպ, Դիլաքյան եղբայներն են Փարաջանովի տուն-թանգարանին 5 տարի առաջ նվիրել Փարաջանովի շապիկը, որ Վարպետը տարիներ առաջ նվիրել էր իրենց:

Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ

Դիտվել է 194 անգամ