Օմար Շարիֆն ու Կլաուդիա Կարդինալեն «Մայրիկ» ֆիլմում անվճար են խաղացել

verneuil-henri-01-g«Մայրիկ» ֆիլմում հոր դերը մարմնավորած Օմար Շարիֆին ֆիլմի ցուցադրումից անմիջապես հետո արգելվեց մուտքը Թուրքիա։ Կինոռեժիսոր Անրի Վերնոյի նկարահանման խումբը աշխատում էր գրեթե անվճար։ Եվ երբ Անրի Վերնոյը նկարահանումներից առաջ ասաց, որ չի կարող վճարել Օմար Շարիֆին եւ Կլաուդիա Կարդինալեին, վերջիններս միայն ծիծաղեցին։ Նրանց համար պատվի հարց էր խաղալ նման անմոռանալի դերեր։

Պատմում է Անրի Վերնոյը

Թուրքիայից մենք հասանք Հունաստան, ապրեցինք այնտեղ երկու տարի, այնուհետեւ տեղափոխվեցինք Մարսել։ Ես զրկված էի հասակակիցներիս հետ շփման հնարավորությունից, մեր կողքին հայեր չկային։ Իսկ ֆրանսիացիների համար ես ոչինչ էի։ Հիշում եմ ինձ միայնակ ֆուտբոլ խաղալիս պատի հետ։ Միայնակության զգացողությունը երբեք չէր լքում ինձ։ Հինգ տարեկանից մոմ էի բռնում հայկական եկեղեցում, իսկ եկեղեցին ոչ միայն հավատ է, այլեւ՝ մշակույթ։ Երգում էի մեծն Կոմիտասի երգացանկից, եւ եթե ես եկեղեցու զավակն էի՝ հետևաբար նաեւ հայկական մշակույթի զավակն էի։

Բացեմ ձեզ իմ գաղտնիքը՝ ատում եմ բոլոր նրանց, ովքեր առանց հոգնելու կրկնում են՝ «Մենք փոքր ժողովուրդ ենք»։ Նման ձևակերպումից անգամ մեծ ժողովուրդը փոքր կդառնա։

«Մայրիկ» ֆիլմը իմ հարգանքի տուրքն է մորս։ Այն ուղղված է իմ հայրենակից երիտասարդներին, ովքեր ապրում են խառնակ աշխարհում եւ լավ պաշտպանված չեն։ Բայց ես հուսով եմ, որ կինոնկարը հոգեհարազատ կլինի բոլոր նրանց, ովքեր երազում տեսնում են իրենց մորը եւ մանկությունը։ Մարդկանց, ում հոգին բաց է խղճի առաջ, ովքեր մերձավորի հանդեպ անտարբեր չեն։

hqdefaultՄոր դերում ես ընտրեցի Կլաուդիային, քանի որ նա պահել է մայրական եւ կանացի քաղցրությունն իր մեջ։ Իսկ տղային մենք ընտրեցինք 600 երեխայից։ Ֆիլմի երաժշտությունը գրեց Ժան-Կլոդ Պտին, «Սիրանո դը Բերժերակ» ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հոր դերում խաղաց Օմար Շարիֆը։ Սա իր երկրորդ հայի դերն էր։ Առաջին անգամ նա հայ արքայի էր մարմնավորել իտալական մի ֆիլմում։ Այս ֆիլմն իմ կյանքի մասին էր, որը պետք է տեղավորվեր 2 ժամ 40 րոպեների մեջ։ Մոնտաժն այս դեպքում ինձ համար կարծես կենդանի օրգանիզմի անդամահատում լիներ։ Ինչպե՞ս պատմել մորս 80 տարիների կյանքը մոտ 3 ժամում․․․ յուրաքանչյուր կադրում կա մորս հարազատ ստվերը։

Կլաուդիա Կարդինալեն՝ «Մայրիկ» ֆիլմում իր դերի մասին

Դերում ես վերապրեցի հայ մայրիկի մեծ եւ դժվարին ճակատագիրը՝ 20-ամյա երիտասարդ կնոջից, մինչեւ ճերմակահեր 80-ամյա ծեր կնոջ։ Բազում դժվարությունների ապրած կնոջ մի ամբողջ կյանք։ Օգնեց նաեւ այն, որ շատ էի լսել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Հուսով եմ այս ֆիլմով ես կգամ մի օր դեպի Արարատ։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 869 անգամ